ԵԱԶԲ-ում նշում են, որ Հայաստանի և Ռուսաստանի տնտեսությունները կվերականգնվեն 2022թ. — Շեշտ.am (shesht.am)
5 րոպե
Խմբագրություն

ԵԱԶԲ-ում նշում են, որ Հայաստանի և Ռուսաստանի տնտեսությունները կվերականգնվեն 2022թ.

Եվրասիական զարգացման բանկի վերլուծաբանների գնահատմամբ՝ 2021թ. Հայաստանում տնտեսական աճը կկազմի 4,9%, Ղազախստանում՝ 4,4, Ղրղզստանում՝ 3,7, Ռուսաստանում՝ 3,2, իսկ Տաջիկստանում՝ 6,9%: Նրանց համոզմամբ՝ 2022թ. առաջին կեսին արդեն Հայաստանի, Ղրղզստանի և Ռուսաստանի տնտեսությունները կվերադառնան մինչև ճգնաժամը գրանցված ցուցանիշներին:

Հանքավայր / © Verelq

Եվրասիական զարգացման բանկի (ԵԱԶԲ) վերլուծաբանների կանխատեսմամբ՝ Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ-պետությունների և Տաջիկստանի տնտեսական աճի տեմպը 2020թ. կկրճատվի, բայց արդեն 2021-ից կսկսի աճել: ԵԱԶԲ-ին անդամակցում են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը և Տաջիկստանը:

Կազմակերպության վերլուծաբանները ներկայացրել են 2021թ. մակրոտնտեսական համալիր կանխատեսումը: Նշվում է, որ Covid-19 համավարակի համաշխարհային տարածումն ազդել է բացառապես բոլոր պետությունների վրա՝ հանգեցնելով տնտեսական ակտիվության և անդրսահմանային առևտրի նվազմանը: Սա արտահայտվել է քաղաքացիների եկամուտների անկմամբ և ոչ լիարժեք զբաղվածության ու անգործության աճով: Արդյունքում՝ ԵԱԶԲ-ի կանխատեսմամբ, բանկի անդամ-պետությունների ագրեգացված ՀՆԱ-ն 2020թ. կկրճատվի 3,8%-ով՝ 2019թ. 1,7% աճից հետո: Մասնավորապես՝ սպասվում է, որ Հայաստանում տնտեսական աճի տեմպը կնվազի մինչև 6,4%-ով, Բելառուսում՝ 1,5, Ղազախստանում՝ 3, Ղրղզստանում՝ 7,5, Ռուսաստանում՝ 4, Տաջիկստանում՝ 5,1%-ով:

ԵԱԶԲ-ում համարում են, որ 2021թ. համավարակի տարածումը կդանդաղի, իսկ կարանտինային միջոցառումների մեղմացումը առիթ կդառնա տնտեսական ակտիվության ծրագրային վերականգնման համար: Նշվում է, որ սոցիալական մեկուսացման սահմանափակումների վերացումը կբերի սպառողական և ներդրումային ակտիվության մակարդակի բարձրացմանը: Վերլուծաբանները կանխատեսում են, որ արտահանմանը կնպաստեն աստիճանաբար աճող արտաքին պահանջարկը և հումքային ապրանքների գնաճը: Դրամավարկային մեղմ քաղաքականության պահպանումը բանկի անդամ-երկրների մեծ մասում առաջին հերթին թույլ կտա ապահովել ֆինանսական նպաստավոր պայմաններ՝ արտաքին պահանջարկի ընդլայնման, ինչպես նաև՝ ինֆլյացիայի աճի դանդաղեցման համար:

Բանկի մասնագետների գնահատմամբ՝ 2021թ. Հայաստանում տնտեսական աճը կկազմի 4,9%, Ղազախստանում՝ 4,4, Ղրղզստանում՝ 3,7, Ռուսաստանում՝ 3,2, իսկ Տաջիկստանում՝ 6,9%: Նրանց համոզմամբ՝ 2022թ. առաջին կեսին արդեն Հայաստանի, Ղրղզստանի և Ռուսաստանի տնտեսությունները կվերադառնան մինչև համաշխարհային ճգնաժամը գրանցված արտադրական ցուցանիշներին:

ԵԱԶԲ-ի գլխավոր տնտեսագետ Եվգենի Վինոկուրովի խոսքով՝ վերջին հարյուր տարվա համաշխարհային տնտեսական ճգնաժամերի տասնյակ փորձերը ցույց են տալիս, որ մարդիկ գտնում են բարդագույն խնդիրները լուծելու միջոցը, և անկմանը հաջորդում է վերականգնման փուլը: Նրա գնահատմամբ՝ Բանկի գործողությունների տարածքի մեծ մասի տնտեսությունները աճի և կայուն վերականգնման փուլ կմտնեն արդեն 2021թ.:

Ռիսկերի շարքում ԵԱԶԲ-ի վերլուծաբանները նշում են կորոնավիրուսի տարածման անկանխատեսելիությունը և աշխարհաքաղաքական հակամարտությունների ծագման ու սրման հավանականությունը:

Ամենաընթերցվածը

[miniorange_social_login]

Մեկնաբանությունները

Գրել մեկնաբանություն
Հաստատեք
Մուտք գործեք
Մուտք գործելով Դուք համաձայնվում եք կայքի օգտագործման օրենքների հետ.