Ադրբեջանցի բարձրաստիճան հրամանատարները մաքուր հայերեն էին խոսում. Հայկ Խանումյան — Շեշտ.am (shesht.am)
4 րոպե
Խմբագրություն

Ադրբեջանցի բարձրաստիճան հրամանատարները մաքուր հայերեն էին խոսում. Հայկ Խանումյան

Խանումյանի գնահատմամբ՝ այս պատերազմում հնարավոր էր չպարտվել, եթե կազմակերպվածությունն ավելի բարձր մակարդակի վրա գտնվեր: Նա բերել է Հադրութի և Մարտունու շրջանների համեմատությունը՝ նշելով, որ թեև Մարտունին ամենաշատն է ռմբակոծվել, սակայն մինչև վերջ պահել է դիրքերը:

Խծաբերդ-Խանձաձոր հատվածի տղաները / © Հայկ Խանումյանի ֆբ էջից

Արցախի Ազգային ժողովի պատգամավոր (Ազգային վերածնունդ կուսակցություն) Հայկ Խանումյանը Թաթուլ Հակոբյանի հետ հարցազրույցի ժամանակ ուշագրավ դրվագներ է պատմել՝ նշելով պարտության հիմնական պատճառները, գոյություն ունեցած խնդիրները:

Խանումյանի խոսքով՝ ադրբեջանական զինուժը բավականին պատրաստված է եղել, իսկ հայկական կողմի մոտ բազմաթիվ թերացումներ են եղել: Նրա գնահատմամբ՝ այս պատերազմում հնարավոր էր չպարտվել, եթե կազմակերպվածությունն ավելի բարձր մակարդակի վրա գտնվեր: Մասնավորապես՝ առավել անկազմակերպ է եղել Հադրութի շրջանի ղեկավարությունը՝ ի տարբերություն Մարտունու, ինչի հետևանքով էլ Մարտունին, որն ամենաշատ հրթիռակոծության ու ավիահարվածների ենթարկված հատվածն է, կանգուն է մնացել, մինչդեռ Հադրութը ճեղքվել է՝ բացելով դեպի Շուշի տանող ճանապարհը:

Խանումյանն ընդգծել է, որ թշնամին ունեցել է ոչ միայն տեխնոլոգիական և ռազմական առավելություն, այլև՝ գաղափարական և կրթական. սպանված ադրբեջանցիներից մեկի պայուսակում կրոնաքաղաքական գիրք են հայտնաբերել, իսկ բարձրաստիճան հրամկազմը խոսել է մաքուր հայերենով: Պարզվել է, որ ադրբեջանցիները ոչ թե Հայաստանում, հայերի հետ ապրելով են լեզուն սովորել, այլև նպատակադրված քաղաքականություն է տարվել՝ պատրաստվելով պատերազմին:

Հիմնական խնդիրներից Խանումյանը նշել է նաև անկազմակերպ նահանջը, որն ըստ նրա, արագ փախուստ է եղել՝ թշնամուն հնարավորություն տալով առանց մարտերի հանգիստ առաջ շարժվել հարավային ուղղությամբ:

Խանումյանն անդրադարձել է նաև հակառակորդի կիրառած մարտավարությանը՝ ընդգծելով, որ Սիրիայի Աֆրինում կիրառված հնարքը՝ ճեղքում, թիկունքի կազմաքանդում, մեծապես նպաստել է թշնամու հաջողությանը: Արցախի Պաշտպանության բանակը, ինչպես նշում է, իրենից ենթադրել է առաջնագծում կանգնած զինվորներ, որոնց մեծ մասը մինչև վերջ շարունակել են պահել իրենց դիրքերը, սակայն թիկունքն արդեն կազմալուծված է եղել: Պատգամավորը մատնանշել է թիկունքում՝ աշխարհազորային ջոկատների կազմավորման գործընթացի հապաղումը, որը, նրա խոսքով, կկարողանար ամուր պահել նաև թիկունքը:

Հիշեցնենք, որ Խանումյանի ջոկատը մարտեր է մղել Հադրութի գյուղերում և մինչև վերջ պահել Խծաբերդ և Հին Թաղեր գյուղերի դիրքերը (ըստ քարտեզի՝ դրանք ադրբեջանական վերահսկողության ներքո են, սակայն, իրականում հայ դիրքապահները թույլ չեն տվել գրավել դրանք. հարցը մնում է չլուծված, խմբ.):

Ամենաընթերցվածը

[miniorange_social_login]

Մեկնաբանությունները

Գրել մեկնաբանություն
Հաստատեք
Մուտք գործեք
Մուտք գործելով Դուք համաձայնվում եք կայքի օգտագործման օրենքների հետ.