Հայաստանի քաղաքական գործիչները Թուրքիայի հետ տնտեսական կապերի հարցում կեղծում ու մոլորեցնում են — Շեշտ.am (shesht.am)
7 րոպե
Խմբագրություն

Հայաստանի քաղաքական գործիչները Թուրքիայի հետ տնտեսական կապերի հարցում կեղծում ու մոլորեցնում են

Հաշվարկները ցույց են տալիս, որ Հայաստանն արդեն 30 տարի ենթարկվում է թուրքական զավթողական քաղաքականությանը: Նոր ուղիները հնարավոր կլինի շահագործել միլիոնավոր դոլարների ներդրումների գնով` դրա դիմաց տարեկան մի քանի տասնյակ մլն դոլարների շահույթ ստանալով, սակայն քաղաքականապես ու ընդհանրապես` կտուժի:

Մեղրու փակ կայարանը / © urbanista

Տնտեսական բնույթի հրապարակումներով հայտնի աղբյուրը Հայաստանի իշխանությունների կողմից թմբկահարվող կեղծիքների շարքում նշում է ենթակառուցվածքների ապաշրջափակման դեպքում հնարավոր տնտեսական արդյունքը: Ուղիները բացելու համար Հայաստանը պետք է տասնյակ կամ, գուցե, հարյուրավոր մլն դոլարներ ներդնի, որպեսզի գոնե դրանք սկսեն աշխատել, սակայն առկախված կմնա տնտեսական շահն ու անվտանգությունը: Հայ գործարարները ներդրումներ չեն անի վտանգավոր նախագծերում. դա կանեն թուրք, ադրբեջանցի և ռուս գործարարները:

Ընդդիմությունը, աղբյուրի հաղորդմամբ, նույնպես կեղծում է` նշելով, թե Հայաստանը կենթարկվի թուրքական զավթողականությանը: Ներկայումս 6 ամսով արգելված է թուրքական ապրանքների ներմուծումը Հայաստան, նախատեսվում է, որ այդ ժամկետը կերկարացվի: Աղբյուրն այստեղ հիշեցնում է հետևյալ թվերը.

— Լևոն Տեր-Պետրոսյանի կառավարման տարիներին (1991-1998թթ.) Թուրքիայից Հայաստան ներմուծումը կազմել է 46 մլն դոլար, հակառակ ուղղությամբ` 16 մլն դոլար:

— Ռոբերտ Քոչարյան (1998-2008թթ.). ապրանքաշրջանառությունը Հայաստանի և Թուրքիայի միջև կազմել է 618 մլն դոլար, որից 600 մլն-ը` դեպի Հայաստան, 18 մլն-ը` Թուրքիա:

— Սերժ Սարգսյանի նախագահության տարիներին (2008-2018թթ.) Թուրքիայից Հայաստան է ներմուծվել 2,1 մլրդ դոլարի ապրանք, հակառակ ուղղությամբ` 15 մլն դոլարի:

— Նիկոլ Փաշինյան. 2019թ. Թուրքիայից Հայաստան ներմուծումը կազմել է 268 մլն դոլար, 2020թ.` 100 մլն դոլար:

Աղբյուրն ընդդիմադիրներին ու իշխանությանը հորդորում է խելամիտ տեղեկատվություն ներկայացնել և հիշեցնում է, որ մեծ թվով ապրանքներ ներմուծման փոխարեն կարող էին տեղում արտադրվել: Ընդ որում` վերոնշյալ թվերը միայն պաշտոնականն են. նշվում է, որ իրական պատկերն այլ է` հաշվի առնելով, որ մեծ քանակությամբ ապրանքներ Վրաստանի տարածքով այլ եղանակներով են ներմուծվում` փոխադրողների, անձնական մեքենաների, անձնական իրերի և այլն: Եզրահանգում է. Հայաստանն արդեն 30 տարի ենթարկվում է թուրքական զավթողական քաղաքականությանը:

Հաշվարկներ

Դեռևս 2014թ. International Alert-ը զեկույց էր հրապարակել Կարս-Գյումրի-Նախիջևան-Մեղրի-Բաքու երկաթգծի բացման վերաբերյալ (զեկույցի պատրաստմանն աջակցել են Եվրամիությունը, ԵՄ կազմակերպություններ, Նիդեռլանդների ԱԳՆ-ն, Իռլանդիայի ԱԳ և առևտրի նախարարությունը):

Զեկույցում հաշվարկվել է, որ նախագծի համար Հայաստանը պետք է ծախսի 104,6 մլն դոլար, Ադրբեջանը` 278,6 մլն դոլար, Թուրքիան` 52 մլն դոլար: Տարեկան 10 մլն տոննա ծավալով բեռնափոխադրումների դեպքում նախագծի հետգնումը Հայաստանի և Ադբեջանի համար 12 տարի կկազմեր, սակայն ընդգծվում է, որ նախնական շրջանում տարեկան ծավալը 1,5 մլն տոննա էր լինելու:

Հաշվի առնելով այդ տվյալները` հասկանալի է, որ 100 մլն դոլարի հետգնումը հնարավոր է 15 տարի անց, իսկ տարածաշրջանի առանձնահատկությունները ներառյալ` 20-30 տարի: Սակայն մեկ այլ հանգամանք ևս կա.

Այսպես, կառուցվել է Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին: Ծրագրի արժեքը նախապես գնահատվել է 422 մլն դոլար, այն պետք է ունենար տարեկան 10 մլն տոննա թողունակություն, որը կհասներ 20 մլն տոննայի: Դեռևս շինարարության սկզբում նախագծի արժեքը գերազանցեց 600 մլն դոլարը, իսկ վերջում այն արդեն արժեցավ 1,5 մլրդ դոլար, որն ամբողջությամբ վճարեց Ադրբեջանը: Գործարկումից հետո, սակայն, թողունակությունը տարեկան ընդամենը 150 հազար տոննա է:

Նշվում է, որ երկաթուղու վերաբացումը ձեռնտու է նախ Ադրբեջանին, քանի որ ուղիղ կապ կունենա Նախիջևանի հետ, ապա և` Թուրքիային, որի դեպքում Վրաստանի տարածքով Հայաստան ներկրման փոխարեն արդեն ավելի քիչ ծախսատարությամբ ավելի շատ ապրանքներ կներմուծվեն անմիջապես: Հայկական ընկերություններն այս մրցակցությանը չեն կարող դիմանալ:

Տնտեսական աղբյուրը շեշտում է, որ Հայաստանն արդյունքում տարեկան մի քանի տասնյակ մլն դոլարների շահույթ կունենա, սակայն քաղաքականապես ու ընդհանրապես` կտուժի: Տնտեսությունը կախման մեջ կհայտնվի թուրքական ապրանքից, արտահանումը կախված կլինի թշնամու տրամադրությունից: Նախիջևանը կդառնա ավելի զարգացած տարածք, իսկ Ադրբեջանի ու Թուրքիայի «ախորժակն ավելի կբացվի»:

Ամենաընթերցվածը

[miniorange_social_login]

Մեկնաբանությունները

Գրել մեկնաբանություն
Հաստատեք
Մուտք գործեք
Մուտք գործելով Դուք համաձայնվում եք կայքի օգտագործման օրենքների հետ.