Դրամն արժեզրկվում է, անշարժ գույքի շուկայում գնանկում է. ի՞նչ վիճակ է ՀՀ ֆինանսական շուկայում — Շեշտ.am (shesht.am)
8 րոպե
Խմբագրություն

Դրամն արժեզրկվում է, անշարժ գույքի շուկայում գնանկում է. ի՞նչ վիճակ է ՀՀ ֆինանսական շուկայում

Ուսումնասիրել ենք պատերազմի հետևանքով Հայաստանի ֆինանսական շուկայում, մասնավորապես՝ փոխարժեքի և անշարժ գույքի ոլորտներում ստեղծված իրավիճակը, փոփոխությունները վերջին ամիսների համեմատությամբ:

Անշարժ գույքի շուկայում գնանկում է / © Կադաստրի կոմիտե

Դրամը շարունակում է արժեզրկվել

Հայկական դրամը ԱՄՆ դոլարի համեմատ շարունակում է արժեզրկվել: Եթե, օրինակ, սեպտեմբերի 18-ին Հայաստանում ԱՄՆ դոլարի փոխարժեքը կազմել է 485 դրամ, ապա նոյեմբերի 6-ին արդեն 494 էր, նոյեմբերի 18-ին՝ 498,8: Նոյեմբերի 23-ի դրությամբ ԱՄՆ դոլարի փոխարժեքը 505 դրամ է:

Եվրոն նույնպես արժեվորվում է. սեպտեմբերի 18-ին 1 եվրոն 575 դրամ էր, հոկտեմբերի 18-ին՝ 576,2, նոյեմբերի 18-ին՝ 593, իսկ արդեն նոյեմբերի 23-ին հատեց 600 դրամի շեմը: Ռուբլին՝ սեպտեմբերի 18-ին 6,46 դրամ էր, հոկտեմբերի 18-ին փոքր-ինչ նվազել էր՝ դառնալով 6,29 դրամ, նոյեմբերի 18-ին՝ 6,59, իսկ նոյեմբերի 23-ի դրությամբ 6,66 է:

ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն օրերս Ազգային ժողովում հայտարարեց, որ դրամի փոխարժեքի տատանումը վերահսկելի մակարդակում է: Նախարարը հույս է հայտնել, որ հայկական դրամի փոխարժեքի ներկայիս տատանումը ժամանակավոր երևույթ է, և որ դրա ազդեցությունը կլինի կառավարելի:

Անշարժ գույքի շուկան

Հայաստանում անշարժ գույքի շուկայում այս տարի իրավիճակն անկայուն էր: Բանն այն է, որ շուրջ երկու տարվա անընդմեջ գնաճից հետո 2020թ. կեսերից անշարժ գույքի շուկայական գները, ինչպես նաև՝ գործարքների թիվը, նվազման միտում ցուցաբերեցին, ինչը պայմանավորված էր երկրում առկա կորոնավիրուսային իրավիճակով: Օրինակ՝ Կենտրոն վարչական շրջանում բնակարանների 1 քմ-ի շուկայական միջին գինը մայիս ամսին 668 հազար դրամ էր, հունիսին՝ 662 հազար դրամ: Իսկ արդեն սեպտեմբերին՝ 625 հազար դրամ:

Համավարակի հասցրած վնասները բազմապատկվեցին Արցախի դեմ սեպտեմբերի 27-ին թուրք-ադրբեջաահաբեկչական ագրեսիայի պայմաններում: Առայժմ ունենք մինչև հոկտեմբերի վերջերի ցուցանիշները, սակայն ակնհայտ է, որ հաջորդող ժամանակահատվածում խնդիրներն այս ոլորտում ավելի են խորանալու:

Այսպես, հոկտեմբեր ամսին Կենտրոն վարչական շրջանում բնակարանների 1 քմ-ի շուկայական միջին արժեքն արդեն 620,5 հազար դրամ էր՝ նախորդ տարվա նույն ամսվա 630 հազարի և ս.թ. սեպտեմբերի 625 հազարի դիմաց: Ինչպես երևում է ստորև ներկայացվող տվյալներից՝ սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին գնանկումը մայրաքաղաքի բոլոր շրջաններում շարունակվել է՝ մինչև 2,5%-ի չափով:

Բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների շուկայական միջինացված գները՝ 1 քմ մակերեսի հաշվարկով. Երևան / © Կադաստրի կոմիտե

Մարզերում գրեթե նույն վիճակն է: Սեպտեմբեր ամսվա համեմատ որոշակի աճ նկատվում է միայն Կոտայքի մարզում՝ մինչև 1,4% (Հրազդան): Մյուս մարզերից միայն Շիրակի և Արարատի մարզկենտրոններում փոքր-ինչ աճ կա (Գյումրի՝ 0,5%, Արտաշատ՝ 0,4%):

Բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների շուկայական միջինացված գները՝ 1 քմ մակերեսի հաշվարկով. մարզեր / © Կադաստրի կոմիտե

Մեծապես նվազել է անշարժ գույքի շուկայում կատարված գործարքների թիվը, ինչն էլ սովորաբար ազդում է գնային տատանումների վրա:

Գործարքները / © Կադաստրի կոմիտե

Գործարքների տոկոսային բաշխվածությունն ըստ մարզերի հետևյալ պատկերն ունի.

Գործարքների տոկոսային բաշխվածությունն ըստ մարզերի / © Կադաստրի կոմիտե

Ինչպես տեսնում ենք՝ գործարքների առումով ամենապասիվը Վայոձ Ձորի մարզն է՝ 1,2%:

Ավտոմեքենաների շուկան

Տրանսպորտային միջոցների շուկայում առկա իրավիճակի վերաբերյալ պետական մարմինները, մասնավորապես՝ Վիճակագրական կոմիտեն, դեռևս տվյալները չի թարմացրել, սակայն տեսանելի որոշ դրվագներ կարող ենք ներկայացնել:

Այսպես, տարին անբարենպաստ էր նաև այս ապրանքատեսակի վաճառքի ոլորտում, ինչն ի սկզբանե ուներ այլ խնդիր: Մասնավորապես, նախորդ տարի ներմուծված մեծ քանակի և հունվարի 1-ից գործող ԵԱՏՄ նոր սահմանաչափերի, իսկ հետո նաև՝ Ղազախստանից գնորդների նվազմամբ պայմանավորված՝ ավտոներկրողների սպասելիքները չարդարացան. առաջարկը մեծ էր, պահանջարկը՝ փոքր:

Կորոնավիրուսային իրավիճակի ազդեցությունը, թերևս, ավտոմեքենաների շուկայի վրա չնկատվեց, քանի որ նշված նախորդ խնդիրն արդեն ունեցել էր իր հետևանքները: Հունվար-օգոստոս ամիսներին նույն վիճակը պահպանվեց՝ չնչին գնանկմամբ: Սեպտեմբերի կեսերին ավտոմեքենաների ամենամեծ շուկան նույնպես մարդաշատ չէր, բայց սոցցանցերի՝ ավտոմեքենաների առևտրի հարթակ հանդիսացող խմբերում արդեն որոշակի աշխուժություն էր նկատվում:

Իրավիճակն ավելի բարդացավ պատերազմի օրերին. սոցցանցերի վերոնշյալ խմբերը աստիճանաբար վերածվեցին աջակցության կազմակերպման միջավայրի, որտեղ մեքենաների որոշակի մոդելներ ունեցողներն ու դրանց կարիքն ունեցողները կապ էին հաստատում կամ կազմակերպում ՊՆ կարիքների ապահովմանն ուղղված միջոցառումներ:

Ամենաընթերցվածը

[miniorange_social_login]

Մեկնաբանությունները

Գրել մեկնաբանություն
Հաստատեք
Մուտք գործեք
Մուտք գործելով Դուք համաձայնվում եք կայքի օգտագործման օրենքների հետ.