Գիտաշխատողների նվազագույն վարձատրության չափը կբարձրանա. ի՞նչ է որոշել Կառավարությունը — Շեշտ.am (shesht.am)
9 րոպե
Խմբագրություն

Գիտաշխատողների նվազագույն վարձատրության չափը կբարձրանա. ի՞նչ է որոշել Կառավարությունը

Եթե ներկայումս գիտաշխատողի ամսական միջին աշխատավարձը 90,400 դրամ է, փոփոխությունից հետո վարձատրությունը 2025թ. կհասնի 276,000 դրամի։ Գիտական ստորաբաժանման ղեկավարի աշխատավարձը ներկայումս 141,400 դրամ է, իսկ 2025 թ. կկազմի 477,200 դրամ։

Գիտաշխատողների վարձատրության չափը կբարձրանա / © EU Neighbours

Կառավարության մայիսի 13-ի նիստում ընդունված որոշմամբ նախատեսվում է, որ 2022թ.-ից սկսած մինչև 2025թ.-ը գիտաշխատողների նվազագույն վարձատրության չափն աստիճանաբար կբարձրանա:

Այսպես, եթե ներկայումս գիտաշխատողի ամսական միջին աշխատավարձը 90,400 դրամ է, փոփոխությունից հետո վարձատրությունը 2025թ. կհասնի 276,000 դրամի։ Գիտական ստորաբաժանման ղեկավարի աշխատավարձը ներկայումս 141,400 դրամ է, իսկ 2025 թ. կկազմի 477,200 դրամ։

Ի՞նչ է որոշվել

Որոշման համաձայն` պետբյուջեից ֆինանսավորվող գիտական կազմակերպություններում հիմնարար և կարևորագույն նշանակություն ունեցող կիրառական հետազոտությունների իրականացման, գիտական և գիտատեխնիկական գործունեության ենթակառուցվածքի պահպանման ու զարգացման, ազգային արժեք ներկայացնող գիտական օբյեկտների պահպանման գծով պետական ծրագրերում ներգրավված գիտական կադրերի պաշտոնային դրույքաչափի նվազագույն չափի հաշվարկի համար բազային աշխատավարձը 2022թ. հունվարի 1-ից սահմանվում է 66 140 դրամ:

Նշվում է, որ յուրաքանչյուր տարակարգի պաշտոնային աշխատավարձի նվազագույն չափը, ՀՀ օրենսդրությամբ նախատեսված աշխատաժամանակի նորմալ տևողությամբ աշխատողների համար, հաշվարկվում է տվյալ տարվա համար սահմանված գործակցի և բազային աշխատավարձի արտադրյալով:

Աշխատաժամանակի ոչ լրիվ կամ կրճատ տևողությամբ աշխատողների համար որպես պաշտոնային աշխատավարձի նվազագույն չափի հաշվարկի գործակից է ընդունվում տվյալ տարվա համար սահմանված գործակցի նորմավորված արժեքը՝ ըստ աշխատանքային պայմանագրով սահմանված աշխատաժամանակի:

Աշխատավարձի հաշվարկման գործակիցները / © ՀՀ կառավարություն

Նախատեսված կարգավորումները գործելու են 2022թ. հունվարի 1-ից` այն գիտական կազմակերպությունների համար, որոնք գիտական կադրերի որակավորում են իրականացրել նշված ամսաթվից առավելագույնը մեկ տարի առաջ:

2022թ. կամ դրանից հետո գիտական կադրերի որակավորում իրականացրած գիտական կազմակերպությունների համար նախատեսված կարգավորումները գործելու են որակավորմանը հաջորդող տարվանից` համապատասխան գործակիցներով: 2025թ. հետո գործելու է 2025թ. համար սահմանված գործակիցը:

Բացի այդ` նախատեսվում է ստեղծել համապատասխան իրավական հիմքեր 2021 թվականին գիտական անձնակազմի կամավոր արտահերթ ատեստավորում իրականացնելու համար, որը հնարավորություն կտա արտահերթ ատեստավորումն անցած գիտական կադրերին վարձատրվելու այս նախագծով առաջարկվող բազային նվազագույն աշխատավարձի համապատասխան դրույքաչափերով:

Նախատեսվում է նաև գիտական ղեկավար պաշտոնների, այդ թվում՝ գիտական խմբի ղեկավարի և գիտական ստորաբաժանման ղեկավար պաշտոնների (լաբորատորիայի վարիչ, բաժնի վարիչ, սեկտորի վարիչ, բաժանմունքի ղեկավար/վարիչ, կենտրոնի ղեկավար և այլն) աշխատավարձերի նորմավորում:

Այսպիսով, 2021 թվականին պետական ծրագրերում ներգրավված գիտական կադրերի բազային աշխատավարձի ֆոնդը նախնական հաշվարկով կազմում է 4,072,898.4 հազ. դրամ, իսկ նախագծի ընդունումից հետո 2022-2025 թվականների համար այն կկազմի համապատասխանաբար՝ 7,698,513.6, 9,970,200.0, 12,409,440.0 և 14,419,518.0 հազ. դրամ:

Գիտությունն արագ «ծերանում է» և այլ խնդիրներ

Նախարար Վահրամ Դումանյանի ներկայացրած նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ ներկայումս գիտության ոլորտի առջև ծառացած կարևորագույն հիմնախնդիրներից մեկը գիտական կադրերի արդյունավետ վերարտադրության հարցն է:

Նշվում է, որ գիտական կադրերի, առաջին հերթին՝ երիտասարդների զգալի արտահոսք կա գիտության ոլորտից, այդ թվում նաև` դեպի արտերկիր, ինչի հետևանքով գիտությունն արագ «ծերանում է», գիտական հետազոտությունների մասնագիտական մակարդակը որակական փոփոխության է ենթարկվում, խախտվում է սերնդափոխության սահուն ընթացքը:

Գերատեսչությունն ընդգծում է, որ մի շարք համաշխարհային առաջատար ոլորտներում Հայաստանն ունի մասնագիտական ներուժի բացակայություն կամ ծայրահեղ ցածր թվաքանակ:

Ակնկալվող արդյունքը

Գիտաշխատողների աշխատավարձի ֆոնդի վերանայում չէր իրականացվել սկսած 2010թ.-ից, ինչի հետևանքով, հաշվի առնելով գնաճը և դրամի արժեզրկումը` գիտաշխատողների բազային պետական աշխատավարձը գտնվում է շատ ցածր մակարդակի վրա` միջինում կազմելով 100 000 ՀՀ դրամ (ներառյալ հարկերը), ինչը գիտության ոլորտը երիտասարդ կադրերի համար դարձնում է ոչ գրավիչ և միևնույն ժամանակ չի մոտիվացնում գիտաշխատողներին` պատրաստել նոր կադրեր:

Հիմնավորման համաձայն` որոշումը նպատակ ունի գիտական կադրերին ապահովել աշխատանքային և սոցիալ-տնտեսական բավարար պայմաններով, ներդնել աշխատանքային կարիերայի շարունակական զարգացման արդարացի մեխանիզմներ և հասարակության մեջ բարձրացնել գիտության գրավչությունն ու հեղինակությունը:

Բացի այդ` բազային աշխատավարձերի նորմավորումն ըստ գիտական կադրերի տարակարգի կփոխի գիտական ներուժի կադրային կառուցվածքը և կապահովի գիտության ոլորտում կադրերի բնականոն արտահոսքն ու ներհոսքը, կնպաստի գիտության ոլորտը երիտասարդ կադրերով համալրելու խնդրի լուծմանը, գիտական կադրերի սոցիալ-տնտեսական և աշխատանքային պայմանների բարելավմանը, գիտության և տեխնիկայի բնագավառի բարձր որակավորում ունեցող կադրերի թվաքանակի կայուն աճին և գիտական ներուժի արդյունավետ նպատակային վերարտադրության ապահովմանը:

Ամենաընթերցվածը

[miniorange_social_login]

Մեկնաբանությունները

Գրել մեկնաբանություն
Հաստատեք
Մուտք գործեք
Մուտք գործելով Դուք համաձայնվում եք կայքի օգտագործման օրենքների հետ.