Հեռավոր Դագոն մոլորակի դիտարկումները ցույց են տվել, որ այն գոյություն չունի — Շեշտ.am (shesht.am)
6 րոպե
Խմբագրություն

Հեռավոր Դագոն մոլորակի դիտարկումները ցույց են տվել, որ այն գոյություն չունի

Hubble աստղադիտակի ամենավառ գտածոներից մեկը՝ Դագոնը, կարող է պարզվել, որ մոլորակ չէ, այլ հեռավոր աստղի ուղեծրում զանգվածեղ աստղակերպերի զույգի բախման արձագանք:

Ֆոմալհաուտ աստղի համակարգի անսովոր տեսքի համար այն անվանում են «Սաուրոնի աչք» / © NASA, ESA, Kalas, Graham, UCB, Clampin, NASA, GSFC

2004 և 2006 թվականներին Hubble տիեզերական աստղադիտակը դիտարկել է իր բազմամյա գործունեության ընթացքում ամենաուշագրավ մարմինները: Ամենապայծառ ու մոտ աստղերից մեկի՝ Ֆոմալհաուտի շրջապատի փոշու և բեկորների հարթ սկավառակի ծայրամասում նշմարվել է զանգվածեղ էկզոմոլորակի (արտաարեգակնային մոլորակ) վառ կետ: Հեռավոր մոլորակն անմիջականորեն տեսնելը հազվադեպ երևույթ է, և այն արագորեն մեծ ճանաչում ձեռք բերեց: Որոշ տատանումներից հետո դրան շնորհեցին Դագոն անվանումը (Ֆոմալհաուտ b): Աստղագետների գնահատմամբ՝ այն գազային հսկա է՝ հեռավոր և խիստ ձգված ուղեծրով:

Hubble-ի 2004 և 2006 թվականների լուսանկարները հետազոտվել և հրապարակվել են 2008թ., իսկ վերջերս գիտնականները ձեռք են բերել ավելի ուշ՝ 2014թ. աստղադիտակի կողմից ստացված տվյալները: Ի զարմանս նրանց՝ Դագոնի տեղում ոչ մի մոլորակ չեն գտել: Հնարավոր է՝ այն չի էլ եղել, իսկ մեզ բախտ է վիճակվել տեսնելու ավելի հազվադեպ երևույթ՝ մոլորակների խոշոր «սաղմերի» աղետալի բախումը: Նման վարկած է առաջ քաշվել նոր հետազոտությամբ:

Չնայած պայծառ լուսանկարներին՝ Դագոնի բնույթը միշտ կասկածներ է առաջացրել. թեև այն պատճառով, որ Ֆոմալհաուտն ինքը շատ երիտասարդ է: Նրա տարիքը չի գերազանցում մի քանի միլիոն տարին, և այն մինչ օրս շրջապատված է գազի, սառույցի ու փոշու մերձաստղային խիտ սկավառակով: Եթե այստեղ նույնիսկ հասցրել են լիարժեք մոլորակներ ձևավորվել, ապա դրանք պետք է դեռ շիկացած լինեին և ակտիվորեն ճառագայթեին ինֆրակարմիր տիրույթում: Սակայն սովորական ճառագայթներում լավ տարբերվող Դագոնն ինֆրակարմիրում անտեսանելի է (թեև արձակում է անսովոր շատ ուլտրամանուշակագույն ճառագայթներ):

Ֆոմալհաուտի համակարգի և արդեն նախկին Դագոն մոլորակի լուսանկարները / ©NASA, ESA, Gaspar and Rieke (University of Arizona)

Բացատրության համար առաջ են քաշվել բազմաթիվ ենթադրություններ: Օրինակ, որ Դրագոնը շրջապատված է օղակների ընդարձակ համակարգով, որը կարող է խեղաթյուրել նրա «իրական տեսքը»: Բայց նրանք բոլորն էլ չեն լուծել հեռավոր մոլորակի մյուս խնդիրները. օրինակ` այն, որ, դատելով մերձաստղային ճոխ սկավառակից, որի միջով այն թռչում է, այդ հսկայի ձգողականությունը ոչ մի կերպ չի ազդում նրա կառուցվածքի վրա:

Այդ պատճառով Արիզոնայի համալսարանից Անդրաս Գասպարը և Ջորջ Ռիքեն որոշել են հավաքել և վերլուծել Hubble-ի դիտարկումների բոլոր հասանելի տվյալները Ֆոմալհաուտի համակարգի վերաբերյալ: Պարզվել է, որ 2014թ.-ի լուսանկարներում անհետացած Դագոնն աստիճանաբար սկսել է մարել դեռ 2012-ից: Գիտնականները նշել են, որ իրենց աշխատանքը ցույց է տալիս հատկանիշների մի ամբողջ խումբ, որոնք խոսում են այն մասին, որ մոլորակի չափեր ունեցող մարմինը երբեք գոյություն չի ունեցել:

Զանգվածեղ քարասառույցային պլանետեզեմալների զույգի բախումը Ֆոմալհաուտի ուղեծրում՝ ըստ նկարչի / ©NASA, ESA, Martin Kornmesser

Աստղագետները համարում են, որ Hubble-ի գործիքներով հաջողվել է Ֆոմալհաուտի մոտ արձանագրել էլ ավելի հետաքրքրական երևույթ. երկու զանգվածեղ պլանետեզեմալների՝ ապագա մոլորակների «սաղմի» բախումը: Նրանց հաշվարկներով՝ երիտասարդ աստղի համակարգում նման երևույթ տեղի է ունենում 200 հազար տարին մեկ և դրան ականատես լինելը խոշոր շահումի է նման:

Երկու մարմինների չափերը հեղինակները գնահատում են 200 կիլոմետր: Քարասառույցային մարմինները բախվել են միմյանց 2004թ. առաջին դիտարկումներից շատ չանցած, և այդ պայթյունը որոշ ժամանակ տեսանելի էր նաև երկրային ուղեծրից: Սակայն ներկայումս բեկորների մեծ մասը ցրվել են, իսկ Դագոնը, եթե այն ընդհանրապես բախումից հետո պահպանվել է որպես առանձին մարմին, շեղվել է ուղեծրից և այժմ լքում է Ֆոմալհաուտի համակարգը՝ արդեն մեր կողմից չտարբերվելով:

Ամենաընթերցվածը

[miniorange_social_login]

Մեկնաբանությունները

Գրել մեկնաբանություն
Հաստատեք
Մուտք գործեք
Մուտք գործելով Դուք համաձայնվում եք կայքի օգտագործման օրենքների հետ.