Անտարկտիդայում առաջին անգամ գորտի մնացորդներ են հայտնաբերել — Շեշտ.am (shesht.am)
4 րոպե
Խմբագրություն

Անտարկտիդայում առաջին անգամ գորտի մնացորդներ են հայտնաբերել

Հնագույն գտածոն, պարզվել է, ժամանակակից սաղավարտագլուխ սուլորդների ընտանիքից է, որոնք բնակվում են Հարավային Ամերիկայի լեռնային տաք ու խոնավ հովիտներում:

Գտածոն 40 մլն տարեկան է / © Jonas Hagström, The Swedish Museum of Natural History

Անտարկտիկայի թերակղզու հյուսիսային եզերքում գտնվող Սիմոր կղզում հետազոտություն իրականացնող գիտնականներն այնտեղ հայտնաբերել են գորտի կոնքազդրային հոդերի և գանգի նմուշներ: Այս գտածոն կարող է էականորեն փոխել Անտարկտիդայի հնագույն կլիմայի վերաբերյալ:

Նախկինում գիտնականներն այս մայրցամաքում բազմիցս են հայտնաբերել հսկա երկկենցաղների գոյության ապացույցներ. կենդանիներն այստեղ թագավորել են շուրջ 200 միլիոն տարի առաջ՝ Տրիասային դարաշրջանում: Սակայն ներկայումս գոյություն ունեցող երկկենցաղներին հիշեցնող մնացորդներ հետազոտողները մինչև վերջերս չեն հայտնաբերել:

Գտածոները շուրջ 40 միլիոն տարեկան են: Սիմոր կղզում հայտնաբերված ոսկորների կառուցվածքը ցույց է տալիս, որ այս գորտը պատկանել է Calyptocephalellidae ընտանիքին: Դրա ժամանակակից ներկայացուցիչները՝ սաղավարտագլուխ սուլորդները, ներկայումս բնակվում են Հարավային Ամերիկայում՝ Կենտրոնական Անդերի տաք ու խոնավ հովիտներում: Այս հանգամանքը փաստում է, որ ընդամենը 40 միլիոն տարի առաջ նմանատիպ բնակլիմայական պայմաններ են եղել նաև Անտարկտիդայում:

Հնագույն գորտի անթատակի ոսկորների մնացորդները / © Mors, Reguero & Vasilyan, Scientific Reports, 2020

Գտածոն փոխում է գիտնականների պատկերացումներն այն մասին, թե ինչ շեշտակիորեն է փոխվել կլիման այդ մայրցամաքում: Գիտնականների մեծ մասի խոսքով՝ Անտարկտիդան բավականին արագորեն է ծածկվել սառույցով՝ շուրջ 40 միլիոն տարի առաջ, Ավստրալիայից առանձնանալուց հետո (վերջինիս հետ մինչ այդ կազմել է Գոնդվանա գերմայրցամաքի մասը): Սակայն մի շարք տվյալներ մատնանշում են, որ Անտարկտիդայում սառցաշերտերի ձևավորումը մեկնարկել է դեռ մինչև Երկրի հարավային կիսագնդի ժամանակակից մայրցամաքներից լիովին անջատվելը:

Հետազոտության հեղինակներից հնէաբան Թոմաս Մերսը նշել է, որ հարցն այն է, թե ինչքանով է մայրցամաքում ցուրտ եղել և ինչեր են այնտեղ բնակվել, երբ սկսել է ձևավորվել սառցաշերտը: Նրա խոսքով՝ գորտը ևս մեկ ապացույց է այն բանի, որ այն ժամանակ առնվազն Անտարկտիկայի թերակղզում բնական միջավայրը դեռևս նպաստավոր է եղել սառնարյուն կենդանիների համար, ինչպիսիք են ռեպտիլիաները (սողուններ) և ամֆիբիաները (երկկենցաղներ):

Ավելի վաղ հաղորդվել է, որ Հարավային Ավստրալիայում հայտնաբերվել են ժամանակակից բազմաբջիջ կենդանիների հնարավոր նախնու մնացորդները, իսկ Մյանմայի տարածքում հնէաբանները գտել են «անցումային օղակը» իշամեղուների և մեղուների միջև:

Ամենաընթերցվածը

[miniorange_social_login]

Մեկնաբանությունները

Գրել մեկնաբանություն
Հաստատեք
Մուտք գործեք
Մուտք գործելով Դուք համաձայնվում եք կայքի օգտագործման օրենքների հետ.