Գիտնականները պնդում են՝ մարդը կարողացել է կրակ վառել դեռևս 1,6 մլն տարի առաջ — Շեշտ.am (shesht.am)
5 րոպե
Խմբագրություն

Գիտնականները պնդում են՝ մարդը կարողացել է կրակ վառել դեռևս 1,6 մլն տարի առաջ

Այն հարցը, թե երբ են մարդիկ սովորել կրակ վառել, հնագիտության ոլորտում թեժ վեճերի առարկա է: Կրակը և նրա կառավարումն էականորեն փոխել են մարդկային էվոլյուցիան՝ մեր նախնիներին թույլ տալով սնունդ պատրաստել, պայքարել գիշատիչների դեմ և դիմանալ ցուրտ եղանակին:

Հնարավոր է՝ մարդը կրակն օգտագործել է 1,6 մլն տարի առաջ / © Pinterest, Story of humans

Նյու Յորքի Բնագիտական պատմության ամերիկյան թանգարանի պալեոանթրոպոլոգ և մարդու ծագման ուսումնասիրության վաստակավոր համակարգող, պրոֆեսոր Յան Տաթերսոլը նշել է, որ կրակի հնագույն ապացույցները լավ չեն պահպանվել, նրանց տարիքը որոշելը շատ բարդ է: Այդուհանդերձ, այժմ նա կասկածելու հիմքեր ունի, որ կրակ վառելու հմտությունը մարդու նախնիներն ունեցել են դեռևս 1,6 մլն տարի առաջ:

Խարույկ վառելու ամենահին ապացույցները գտնվել են Իսրայելի Քեսեմ անձավում (300-400 հազար տարեկան), սակայն հնագետների միջազգային խումբը, որը պեղումներ է իրականացրել 2012թ. Հարավային Աֆրիկայի Վոնդերվերք քարանձավում, հայտնաբերել է խարույկի հետքեր, որոնք շուրջ 1 մլն տարեկան են:

Քարանձավում գտնվել են այրված խարույկի մնացորդներ, բուսականություն, ինչպես նաև «հնագույն օջախ»: Այն հանգամանքը, որ օջախը գտնվել է քարանձավի խորքերում, խոսում է այն մասին, որ կրակը պատահական հրդեհ չի եղել, այլ՝ կառավարվող:

Սակայն Տաթերսոլը ենթադրել է, որ մարդիկ կրակն ավելի վաղ են սկսել օգտագործել: Շուրջ 2 մլն տարի առաջ մարդու նախնու՝ Homo erectus-ի ստամոքսը սկսել է փոքրանալ: Դա խոսում է այն մասին, որ ուտելիք պատրաստելը կարող էր ավելի հեշտացնել մարսողությունը: Ավելին՝ այդ նույն շրջանում ուղեղը մեծացել է, ինչը կալորիաների ու ածխաջրերի ավելի մեծ քանակ է պահանջել: Այդ բացահայտումները գիտնականի առաջ հարց են դրել. ինչպե՞ս կարող էր առաջանալ այդ էներգիան առանց կրակի:

Աստղաֆիզիկոս և գիտությունը հանրայնացնող Կառլ Սագանի կողմից առաջ քաշված սկզբունքի համաձայն՝ արտասովոր պնդումներն արտասովոր ապացույցներ են պահանջում: Այդ սկզբունքն իմանալով՝ Տաթերսոլը և Ջորջ Վաշինգտոնի համալսարանի գիտությունների դոկտոր, պալեոանթրոպոլոգ Սառա Գլուբիկը սկսել են իրենց արտասովոր փաստարկի ապացույցների որոնումները: Ներկայումս նրանք աշխատանքներ են իրականացնում Քենիայի հյուսիսում՝ Քոոբի Ֆորայում, որտեղ 1,6 մլն տարվա հնագիտական շերտ կա:

Հետազոտության ընթացքում գիտնականները դիտարկել են այրված ոսկորների ու արտեֆակտների կույտերը: Նրանք արդեն նշմարել են, որ ածխացած և այրված մնացորդներն առանձին են խմբավորված, ինչը վկայում է, որ կրակ վառելու և ուտելիք պատրաստելու վայրը քնելու տեղից առանձնացված են եղել: Գլուբիկը վստահ է, որ հենց այդ շրջանում են կրակ օգտագործել մեր նախնիները:

Հետազոտությունների հաջորդ փուլը լինելու է տարածաշրջանում այլ օբյեկտների ուսումնասիրությունը, որպես կառավարվող կրակի օգտագործման ապացույց: Եվ, թեև հետազոտության եզրակացություն կատարելու համար դեռևս վաղ է, սակայն գիտնականները համոզված են, որ կգտնեն իրենց տեսության հավաստի ապացույցներ և մարդու կողմից կրակի օգտագործման ժամանակագրությունը ևս 600 հազար տարով հետ տանել:

Ամենաընթերցվածը

[miniorange_social_login]

Մեկնաբանությունները

Գրել մեկնաբանություն
Հաստատեք
Մուտք գործեք
Մուտք գործելով Դուք համաձայնվում եք կայքի օգտագործման օրենքների հետ.