Շեշտ.am (shesht.am) - Feed

«Հերա» տիեզերական սարքը մոտիկից լուսանկարել է Դիդիմոս աստերոիդը
Եվրոպական տիեզերական գործակալությունը (ESA) նոյեմբերի 5-ին հրապարակել է «Հերայի» սևասպիտակ տեսախցիկով արված լուսանկարը։ Կադրում հստակ երևում է մոտ 780 մետր տրամագծով Դիդիմոսը։ Նրա շուրջ պտտվող, մոտ 150 մետր տրամագծով Դիմորֆոսը գրեթե ամբողջությամբ ստվերում է։

Դիդիմոսի հասարակածով ձգվող լեռնաշղթան երևում էր նաև ավելի վաղ արված կադրերում։ Նոր լուսանկարում առաքելության գիտական ղեկավար Պատրիկ Միշելը տեսնում է նաև խոշոր ժայռաբեկորներ, խառնարաններ և ակոսների կամ կատարների նմանվող գծեր։

NASA-ն 2022 թվականի սեպտեմբերի 26-ին դիտմամբ բախեցրել է DART սարքը Դիմորֆոսին՝ ստուգելու, թե հնարավոր է արդյոք հարվածով փոխել աստերոիդի շարժումը։ Դրանից հետո Դիմորֆոսը Դիդիմոսի շուրջ մեկ պտույտն ավարտում էր մոտ 33 րոպե ավելի շուտ։ Զույգը Երկրի համար վտանգ չէր ներկայացնում։

«Հերայի» գիտնական Միխայել Կյուպերսի խոսքով՝ բախումից արտանետված նյութի մի մասը կարող էր հաղթահարել երկու մարմինների միջև եղած մոտ մեկ կիլոմետրը և հասնել Դիդիմոսին։ Նոր կադրում երևացող որոշ գոյացություններ կարող են այդ տեղաշարժի հետևանք լինել, սակայն դրանց ծագումը դեռ պարզված չէ։

«Հերան» մոտ տարածությունից կուսումնասիրի երկու մարմիններն ու բախման հետևանքները։ Դիտարկումները կօգնեն հասկանալ, թե ինչից է կախված հարվածով աստերոիդի ուղեծիրը փոխելու արդյունքը։ ESA-ն երկու աստերոիդների մանրամասն պատկերները նախատեսում է հրապարակել նոյեմբերի 25-ին։

Swift աստղադիտարանն ավարտել է գրեթե 22 տարի տևած առաքելությունը
NASA-ն հոկտեմբերի 23-ին հայտնել է, որ Նիլ Գերելսի անվան Swift տիեզերական աստղադիտարանի գիտական աշխատանքն ավարտվել է։ Երկրի մակերևույթից մոտ 275 կիլոմետր բարձրության վրա մթնոլորտի դիմադրությունն արդեն խանգարում է աստղադիտակներին կայուն պահել ուղղությունը դեպի դիտարկվող օբյեկտները։

Առաքելության վերջին դիտարկումը կատարվել է հոկտեմբերի 20-ին։ Նույն օրը սարքն անցել է անվտանգ ռեժիմի, երբ այլևս չի կարողացել փոխհատուցել մթնոլորտի ուժեղացած դիմադրության ազդեցությունը։ Փենսիլվանիայի պետական համալսարանում գործող կառավարման թիմն այնուհետև հրաման է ուղարկել՝ դադարեցնելու աշխատանքն ու սարքը մթնոլորտ վերադարձին նախապատրաստելու համար։ NASA-ի գնահատմամբ՝ վերադարձը սպասվում է առաջիկա մի քանի շաբաթների ընթացքում։

Ցածր ուղեծրով շարժվող արբանյակները մթնոլորտի դիմադրության պատճառով աստիճանաբար կորցնում են բարձրությունը։ Արեգակնային վերջին ակտիվությունն արագացրել էր այդ գործընթացը Swift-ի համար։ Դրա ուղեծիրը բարձրացնելու նպատակով կազմակերպված սպասարկման առաքելությունն օգոստոսին ավարտվել էր՝ առանց աստղադիտարանը բարձրացնելու փորձի։

Այդուհետև Swift-ը վերսկսել էր գիտական դիտարկումները, որոնք ավելի վաղ սահմանափակվել էին՝ դիմադրությունը նվազեցնելու և սպասարկման համար ժամանակ շահելու նպատակով։ Վերագործարկումից հետո այն ուսումնասիրել էր հարյուրավոր թիրախներ՝ աստղային պայթյունների մնացորդներից մինչև գիսաստղեր և հեռավոր գալակտիկաների ակտիվ սև խոռոչներ։ Առաքելության թիմը հոկտեմբերի 23-ին պարզաբանել է, որ դիտարկումների վերսկսումը կրկին մեծացրել էր դիմադրությունն ու արագացրել ուղեծրի իջեցումը։

Swift-ը մեկնարկել էր 2004 թվականի նոյեմբերի 20-ին՝ սկզբում երկու տարվա հիմնական առաքելության համար։ Այն ստեղծվել էր գամմա բռնկումները հայտնաբերելու, դրանց դիրքը մյուս աստղադիտարաններին հաղորդելու և սեփական ռենտգենյան ու ուլտրամանուշակագույն/օպտիկական աստղադիտակները դեպի բռնկումը շրջելու համար։ Սովորաբար այս ամենը տևում էր մոտ մեկ րոպե՝ թույլ տալով որսալ պայթյունից հետո արագ մարող լուսարձակումը։

Գրեթե 22 տարվա ընթացքում աստղադիտարանը դիտարկել է ավելի քան 2000 գամմա բռնկում և ավելի քան 1400 գերնոր աստղի պայթյուն։ Այն նաև ուսումնասիրել է սև խոռոչների կողմից քայքայվող աստղեր, ակտիվ գալակտիկաներ, աստերոիդներ ու գիսաստղեր։ NASA-ի տվյալներով՝ Swift-ի դիտարկումներն օգտագործվել են շուրջ 7000 գիտական հոդվածներում։

Առաքելության ավարտից հետո հետազոտողների տրամադրության տակ կմնա մոտ 12 տերաբայթ բաց արխիվ։ Այն ներառում է տարբեր ալիքային տիրույթներում չափումներ և միայն ուլտրամանուշակագույն/օպտիկական աստղադիտակից՝ ավելի քան 1,5 միլիոն պատկեր։ NASA-ն նախատեսում է շարունակել արագ արձագանք պահանջող տիեզերական դիտարկումների հնարավորությունների որոնումը՝ բացը ժամանակավորապես լրացնելով գործող առաքելություններով։