Շեշտ.am (shesht.am) - Feed

Ad Astra. Իլոն Մասկի մասնավոր դպրոցի յուրահատկությունների մասին
Ad Astra-ն հիմնադրվել է Հոթորնում՝ SpaceX-ի կամպուսում, 2014թ.: Հենց այդ ժամանակ Իլոն Մասկն իր հինգ երեխաներին հանեց Mirman դպրոցից: Նույն դպրոցի ուսուցիչներից Ջոշուա Դանը հրավիրվեց այնտեղ դասավանդելու: Առաջին տարում Ad Astra-յի սովորողների մեծ մասը Մասկի երեխաներն էին՝ 2004թ. ծնված երկվորյակները և 2006թ. ծնված եռյակը: Մյուս երեխաները SpaceX-ի աշխատակիցներինն էին:

Ուսումնական գործընթացը

2018թ. արդեն Մասկի դպրոցում սովորում էր ավելի քան 30 աշակերտ՝ 7-14 տարեկան: Ներկայումս նրանց թիվը, հայտնի տվյալներով, 40 է: Այնտեղ դասավանդում են բնական գիտություններ, մաթեմատիկա, ռոբոտատեխնիկա և արհեստական բանականություն: Գործնականում Ad Astra-յում ամեն ինչ արտասովոր է. գնահատականների բացակայությունից մինչև ընդունելության գաղտնիություն:

Դպրոցում չեն դասավանդվում երաժշտություն և լեզուներ: Մասկի համոզմամբ՝ շուտով ամբողջ աշխարհում բոլորը կօգտվեն վայրկյանական թարգմանություններից: Դպրոցի երեխաները նույնիսկ սեփական արժույթով են վաճառում իրենց արտադրանքը և կարող են հրաժարվել այն պարագաներից, որոնք նրանց հարմար չեն: Կատարվում են նաև խմբային աշխատանքներ:

Ad Astra-յի աշակերտներն օգտվում են SpaceX-ի լաբորատորիաներից ու լսարաններից: Յուրաքանչյուր երեխա ուսուցման համար ստանում է MacBook: Ad Astra դպրոցի գլխավոր նպատակը կրթության հեղափոխականացումն է, ինչպես Tesla-ն է փոխել տրանսպորտային արդյունաբերության, իսկ SpaceX-ը՝ հրթիռաշինության ոլորտներում խաղի կանոնները:

Դպրոցի գաղափարախոսությունը

Գնահատականների համակարգն անարդյունավետ է. Մասկի համոզմամբ՝ գնահատականներն աղավաղում են արժեքային համակարգը: Դպրոցն ունի իր արժույթը՝ «աստրան», որը ստանում են ոչ թե խնդիրը լուծելու համար, այլ՝ գաղափարների իրագործման համար (հավելվածներ, թխվածքներ և այլն):

Բարձրագույն դպրոցը չպետք է լինի աշակերտի նպատակը. Մասկի կարծիքով՝ բոլոր առարկաների ուսումնասիրումը ոչ թե առավելություն է, այլ՝ թերություն: Այդ դեպքում, ըստ նրա, մարդն իրեն ավելի բարձր է դասում՝ չլսելով այլոց խորհուրդներն ու չվերլուծելով սխալները: Նա բերել է դիպլոմ չունեցող Սթիվ Ջոբսի և Բիլ Գեյթսի օրինակները:

Թեստերը, խնդիրներն ու հավասարումներն առանց գործնական աշխատանքի անօգուտ են. Մասկի խոսքով՝ թեստերը կործանել են ամերիկյան կրթությունը. շրջանավարտները կարողանում են միայն ընդգծել ճիշտ պատասխանի տակ, նրանք մտածել չգիտեն:

Էթիկայի և բարոյագիտության ուսուցումն անհրաժեշտ է. Ad Astra-յում համարում են, որ երեխաներին բարոյագիտություն և էթիկայի նորմեր դասավանդելն ավելի կարևոր է, քան մաթեմատիկական խնդիրների լուծումը:

Դասարանների բաժանելն անարդյունավետ է. Ad Astra-յում բոլորը միասին են լուծում խնդիրները. դասարանային բաժանումներ չկան:

Ֆիզիկան պետք է ուսումնասիրել գործնականում. Իլոն Մասկի դպրոցում համարում են, որ ֆիզիկայի տեսական դասընթացն անարդյունավետ է. առավել կարևոր են գործնական աշխատանքները: Գործնականում ֆիզիկային ծանոթանալը կարևոր է նույնիսկ այն պարագայում, եթե այդ առարկան նախընտրելի հիմնական ուղղությունը չէ:

Պարտադիր ծրագիրն ատելություն է առաջացնում աշակերտների մոտ. Մասկի խոսքով՝ մեկը սիրում է մաթեմատիկա, մեկը՝ երաժշտություն ու լեզուներ: Ուստի ավելի կարևոր է, որ ուսումնական ծրագիրը կազմվի՝ հիմնվելով երեխայի հետաքրքրությունների վրա:

Ընդունելությունն Ad Astra դպրոցում

Եթե սկզբում դպրոց ընդունվելը շատերի համար հասանելի հնարավորություն չէր, ապա այժմ իրավիճակը փոխվել է. որոշակի թափանցիկություն է հայտնվել դպրոցի կայքում: Հայտնի է, որ Ad Astra կարող են ընդունվել 8-13 տարեկանները: Նախապատվությունը տրվում է Լոս Անջելեսի բնակիչներին, սակայն այլ երկրներից նույնպես հնարավոր է հայտ ներկայացնել: Սակայն վերջիններիս ուսուցման ձևի մասին տեղեկություններ չկան:

Ընդունելության դիմումում լրացվում է տեղեկություն Մասկի երեք ընկերություններում՝ SpaceX-ում, Tesla-յում կամ Boring Company-ում աշխատող հարազատ ունենալու մասին: Ծնողների անունից դիմում ներկայացնելու կարիք չկա, սակայն պարտադիր է ներկայացնել նախագիծ, որը ցույց է տալիս «հետաքրքրվածությունը, ամբիցիաները և յուրահատկությունը», ինչպես նաև երեխայի կարծիքը ներկայացված թեմաներից մեկի վերաբերյալ:

Լավագույն պատասխանները ներկայացրած դիմումատուները մասնակցում են զրույցների հաջորդ փուլ: Բացի այդ՝ նրանց համար էքսկուրսիա են կազմակերպում դպրոցում:

Չընտրված թեկնածուները հնարավորություն են ստանում Ad Astra-յի ուսումնական գործընթացին մասնակցել տանից. տնօրեն Դանի խոսքով՝ դպրոցն անվճար առցանց դասընթացներ է կազմակերպում տնային ուսուցումը նախընտրած ծնողների երեխաների համար:

Ad Astra-ն գործնականում լիովին գործում է Իլոն Մասկի միջոցներով: Հաղորդվում է, որ նա 2014թ. և 2015թ. 475 հազարական դոլար է հատկացրել դպրոցին: Ներկայումս դպրոցի շուրջ ընթացող քննարկումների շարքում նաև այն հարցն է, թե արդյո՞ք Ad Astra-ն կշարունակի գոյություն ունենալ, երբ Մասկի երեխաներն ավարտեն դպրոցը: