Պարզապես պետք է հնարավորություն տալ մեր օդաչուներին՝ ցույց տալ իրենց բոլոր կարողությունները. հարցազրույց փորձառու մասնագետի հետ

Պահեստազորի փոխգնդապետ Մ. Մարտիրոսյանի հետ զրուցել ենք Սու-30ՍՄ-ների, ռազմական ավիացիայի ներկայիս խնդիրների, փոփոխությունների և նոր մասնագետների ներգրավման անհրաժեշտության մասին:

Պահեստազորի փոխգնդապետ Մ. Ռ. Մարտիրոսյանը 1988թ. ավարտել է Սարատովի ավիացիոն ռազմական օդաչուների բարձրագույն ուսումնարանը: Մեր զրուցակիցը կանգնած է եղել ՀՀ ռազմաօդային ուժերի ստեղծման ակունքներում և ԽՍՀՄ փլուզումից հետո անմիջապես ծառայության է անցել ՀՀ զինված ուժերում: Արցախյան առաջին պատերազմում, 26 տարեկանում, նշանակվել է զորամասի հրամանատարի՝ թռիչքների գծով տեղակալ:

Իրականացրել է բազմաթիվ մարտական թռիչքներ՝ մարտական կիրառությամբ, տեղափոխել է վիրավորների, ռազմական նշանակության բեռներ, կատարել է նաև հատուկ նշանակության թռիչքներ: 1997թ.-ից տարածաշրջանում միակ ավիավերանորոգման զորամասի (ձեռնարկության) հրամանատարն է եղել և 17 տարի ղեկավարել է այն: Այդ ընթացքում նշված ձեռնարկության ջանքերով վերանորոգվել և թռիչքային ռեսուրսի երկարաձգմամբ շարք է վերադարձվել Հայաստանի գրեթե ամբողջ ավիապարկը: Զորացրվել է սեփական կամքով՝ 2014թ.:

Եթե Արցախյան առաջին պատերազմի ժամանակ 26 տարեկան էիք, նշանակում է՝ զորացրման ժամանակ 50 տարեկան չկայիք: Հայաստանում Ձեր մակարդակի մասնագետներն այդքան շա՞տ են, որ Ձեզ թույլատրեցին հեռանալ: Ի՞նչն էր պատճառը, ինչո՞ւ 2014-ին հեռացաք:

— Պատճառները մի քանիսն էին: Թույլ տվեք՝ մանրամասները չներկայացնեմ. ես հարցազրույցին չեմ համաձայնել, որպեսզի սկսեմ քննադատել իմ նախկին ղեկավարությանը: Առավել ևս՝ չեմ ցանկանում դա անել մեզ համար այս ծանր օրերին, երբ մեր մարտական ընկերների գերեզմանները դեռ թարմ են: Եթե կարճ՝ մենք ունեինք սկզբունքային տարբեր դիրքորոշումներ որոշ հարցերի վերաբերյալ: Կնախընտրեի ավելի շատ խոսել անելիքների մասին, քան՝ նախկին սխալների:

Ամեն դեպքում՝ որոշ մանրամասների ծանոթանալու անհրաժեշտություն մեր ընթերցողն ունի: Կասե՞ք՝ Հայաստանի ԶՈւ-ում ներկայումս քանի՞ գործող օդաչու կա, ովքեր Արցախյան առաջին պատերազմից իրական մարտական փորձառություն ունեն: Մեր տեղեկություններով՝ այդպիսիք պարզապես չկան: Կհաստատե՞ք այս տեղեկությունը:

— Շատերը զորացրվեցին, մի քանիսը մինչ օրս թռիչքներ են իրականացնում քաղաքացիական ավիացիայի տարբեր ավիաընկերություններում: Ավելին մեկնաբանել չեմ կարող:

Շատ լավ: Այդ դեպքում՝ հարց Սու-30-ների մասին. շատերն են քննադատում դրանց ձեռքբերումը: Հարցնում են՝ ինչո՞ւ դրանք այդպես էլ չեն կիրառվել ըստ նշանակության: Ի՞նչ եք կարծում:

— Ժամանակակից նոր տեխնիկայի ձեռքբերումը ոլորտի անհրաժեշտ և անքակտելի գործընթաց է: Սակայն, իմ անձնական կարծիքով, նշված տեխնիկայի ձեռքբերումը ժամանակավրեպ էր, քանի որ անհրաժեշտ էր նախ և առաջ իրականացնել ավիացիոն պարկի հիմնական մասի կապիտալ վերանորոգման և մոդեռնիզացման աշխատանքները և դրան զուգահեռ՝ ավիապարկի թարմացումը: 4+ սերնդի ինքնաթիռների ձեռքբերումը պետք է կատարվի մյուս զորատեսակների զարգացմանը և համալրմանը համաչափ:

Այս պատերազմում դրանց՝ ըստ նշանակության լիարժեք չկիրառելը մի քանի պատճառներ կարող է ունենալ. ամենաէականը, կարծում եմ, այդ տեխնիկայի յուրացման և մյուս զորատեսակների ու համակարգերի հետ ներդաշնակեցման կարճ ժամանակահատվածն էր: Հավելեմ, որ թանկարժեք տեխնիկան նաև թանկ սպասարկում է պահանջում: Հուսով եմ՝ այդ ամենը գնահատվել է գնումն իրականացնելիս՝ հաշվի առնելով նաև պետության տնտեսական բաղադրիչը:

Փոխգնդապետ Մ. Ռ. Մարտիրոսյան

Ընդհանուր առմամբ՝ ինչպե՞ս եք գնահատում ռազմական ավիացիայի ներկայիս վիճակը:

— Պատերազմը, ցավոք, ցույց տվեց բանակի բոլոր թույլ և ուժեղ կողմերը: Կատարված աշխատանքը գնահատվում է արդյունքով. չկա՞ արդյունք, ուրեմն վիճակն այնքան էլ լավ չէ: Հարցին առավել մանրամասն անդրադառնալու համար անհրաժեշտ եմ համարում ավելի լավ ծանոթանալ ոլորտի ներկայիս իրավիճակին. «բազմոցային փորձագետ» լինելը, քննադատելը շատ հեշտ է: Մինչդեռ ոլորտն այսօր աջակցության կարիք ունի, ոչ թե՝ պախարակման:

Այս պահին ի՞նչ բարեփոխումների անհրաժեշտություն ունի ավիացիան:

— Ընդհանրապես, ոչ միայն ավիացիայում, այլև ամբողջ բանակում անհրաժեշտ բարեփոխումների մասին խոսելիս, ինչպես նշեցի, պետք է քաջածանոթ լինել առկա իրավիճակին: Բանակը շատ նուրբ ու զգայուն մարմին է, այստեղ փորձարկումներն անթույլատրելի են, իսկ ձախողումները՝ կործանարար: Ուստի ցանկացած փոփոխություն պետք է լինի բազմակի կշռադատված, հիմնված մասնագիտական պնդումների և փորձի վրա:

Որոշ էական խնդիրներ կարող եմ նշել, որոնք գոյություն են ունեցել իշխանության բոլոր կառույցներում և որոնք, ըստ իս, չեն վերացել: Դրանք են՝ ծանոթ-բարեկամների միջոցով ծառայության մեջ առաջընթացը, համընդհանուր անարդարությունը, կադրերի ընտրության անհասկանալի սկզբունքը, ինչը վերջնարդյունքում, իմ կարծիքով, բացասական դերակատարություն ունեցավ այս ռազմական գործողություններում:

Կցանկանայի նաև հատուկ շեշտել ապագա ավիացիոն մասնագետների պատրաստման գործընթացում առկա խնդիրները: Որպես մեկ օրինակ՝ գիշերային թռիչքների և բարդ օդերևութաբանական պայմաններում թռիչքների իրականացմանը հատկացվող ոչ բավարար ուշադրությունը մեր օդաչուներին հնարավորություն չի տալիս լիովին բացահայտել իրենց հմտություններն ու կարողությունները՝ բարձրակարգ մասնագետներ դառնալու համար: Նրանց պետք է ավելին տրամադրել՝ հետագայում, անհրաժեշտության դեպքում, ավելին պահանջելու համար:

Փոխգնդապետ Մ. Ռ. Մարտիրոսյան

Համապատասխան առաջարկի դեպքում՝ պատրա՞ստ եք աջակցություն ցուցաբերել պաշտպանական գերատեսչությանը՝ Ձեր մատնանշած խնդիրների վերացման աշխատանքներում: Ունե՞ք մարտական ընկերներ, ովքեր Ձեզ հետ միասին ցանկություն կունենան ներգրավվել այդ աշխատանքներին:

— Համապատասխան առաջարկի դեպքում, իհարկե, ես առանց վարանելու իմ աջակցությունը կցուցաբերեմ ոլորտի խնդիրների լուծման աշխատանքներում: Թեև երիտասարդ տարիներս նվիրել եմ հայրենիքի պաշտպանությանը, ավիացիայի զարգացմանը, սակայն մեր պաշտպանունակության բարձրացման հարցում տարիքն էական չէ, հատկապես, երբ կա բավարար պոտենցիալ, առկա են բավական ուժ ու եռանդ: Ունենք բավարար մասնագետներ, որոնք ևս, առաջարկի դեպքում, ինձ պես, մեծ սիրով կլծվեն հայրենիքին ծառայելու գործին: Ինչպես արդեն նշեցի՝ քննադատելու փոխարեն պետք է կանգնել ոլորտի կողքին ու ամեն կերպ աջակցել նրա կարգավորմանը:

Ըստ Ձեզ՝ Արցախյան առաջին պատերազմի և այս պատերազմի պայմաններում փոխվե՞լ է արդյոք ավիացիայի դերակատարումը:

— Ավիացիան, որպես զորատեսակ, ցանկացած պատերազմի ժամանակ ունեցել է իր ուրույն դերակատարումը: Խնդիրը, սակայն, և՛ Արցախյան առաջին, և, հատկապես, այս պատերազմի ժամանակ նրա ճիշտ և արդյունավետ օգտագործման մեջ է:

Հիմնական տարբերությունը, թերևս, այն է, որ այսօր մեր հակառակորդն ավելի շատ առավելություն ունի օդուժի ոլորտում: Ուստի մենք պետք է ձգտենք վերականգնել հավասարակշռությունը: Դրա անհնարինության դեպքում առնվազն պետք է ունեցած հնարավորությունները՝ ինչպես՝ տեխնիկայի, այնպես էլ՝ մասնագետների առումով, ամենաարդյունավետ կերպով օգտագործել:

Ի՞նչ ուղերձ կհղեիք ավիացիայի երիտասարդ մասնագետներին, կա՞ն առանձնահատուկ խորհուրդներ:

— Օդաչուի մասնագիտությունը շատ բարդ, պատասխանատու, բայց և՝ պատվաբեր մասնագիտություն է: Սա ֆանատների և ընտրյալների մասնագիտություն է, և այստեղ պատահական մարդիկ չպետք է հայտնվեն:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021