ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է «Լեռնային Ղարաբաղի հակամարտության» հումանիտար հետևանքների վերաբերյալ ԵԽԽՎ բանաձևը։

Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի հաղորդմամբ՝ Ստրասբուրգում Լեռնային Ղարաբաղի հակամարտության հումանիտար հետևանքների վերաբերյալ ԵԽԽՎ բանաձև է ընդունվել:

Ռուբինյանի խոսքով՝ հայկական կողմին հաջողվել է փոխել բանաձևի վերնագիրը և բանաձևի տեքստը՝ դրանցում ընդգրկելով «Լեռնային Ղարաբաղի հակամարտություն» բառակապակցությունը: Հիշեցնենք, որ Ադրբեջանի նախագահը միջազգային հանրությունից պահանջել էր չօգտագործել «Լեռնային Ղարաբաղ» անվանումը, քանի որ «այդպիսի տեղանուն և հակամարտություն այլևս չկա»:

Ադրբեջանի և Թուրքիայի պատվիրակությունները, ինչպես նշվում է, դեմ են քվեարկել բանաձևին։ Ռուբինյանն առանձնացրել է բանաձևի՝ հայկական կողմի համար կարևոր արձանագրումները, որոնք ներկայացնում ենք ստորև.

— Վեհաժողովը նշում է, որ և՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանը, 2001թ. հունվարին անդամակցելով Եվրոպայի խորհրդին, պարտավորվել են հակամարտությունը կարգավորել բացառապես խաղաղ միջոցներով: Հետևաբար, 2020թ. վեցշաբաթյա պատերազմն այդ պարտավորությունների խախտում է և պետք է պատշաճ արձագանք ստանա Եվրոպայի խորհրդի կողմից:

— Վեհաժողովն, այնուամենայնիվ, նշում է Նախարարների կոմիտեին 2021թ. մարտի 16-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանի փոխանցած մտահոգությունները՝` կապված Ադրբեջանի կողմից գերեվարված 188 հայերի հետ: Այս կապակցությամբ Վեհաժողովը.

— գտնում է, որ Եռակողմ հայտարարության 8-րդ հոդվածի հստակ նպատակը բոլոր կալանավորված անձանց փոխանակումն է՝ անկախ կողմերից մեկի կամ մյուսի կողմից վերագրվող կարգավիճակի տարբերության,

— խորապես մտահոգված է շուրջ 30 հայերի ճակատագրով, որոնց ենթադրաբար տեսել, նկարահանել կամ լուսանկարել են գերության մեջ և նրանց ներկայիս գտնվելու վայրի մասին որևէ տեղեկատվության բացակայությամբ: Վեհաժողովն անհանգստացած է այն պնդումներից, որ այս անձինք ենթարկվել են հարկադիր անհետացման և, հնարավոր է, սպանվել,

— Ադրբեջանի իշխանություններին կոչ է անում արագացնել հետաքննությունն այս հարցի շուրջ և համապատասխան տեղեկատվություն տրամադրել Մարդու իրավունքների եվրոպական դատարանին և Հայաստանին,

— շարունակում է մտահոգվել Եռակողմ հայտարարությունից հետո գերեվարված շուրջ 45 հայերի կալանավորման պայմանների կապակցությամբ, ովքեր դեռ գերության մեջ են, որոնցից շատերը ենթարկվել կամ ենթարկվում են արագացված քրեական դատավարությունների, ինչը վեր է հանում Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի արդար դատավարության անհրաժեշտության խնդիրները,

— Ադրբեջանի իշխանություններին կոչ է անում ազատ արձակել մնացած բոլոր գերիներին և առանց հետաձգման նրանց վերադարձնել Հայաստան,

— Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեին (ECRI, ԽԿԿ) խրախուսում է կատարել արտահերթ այց՝ չնայած այն բանի, որ ԿԽՄԿ-ն ունի կանոնավոր մուտքի իրավունք,

— վկայակոչում է մտահոգիչ ապացույցներ այն մասին, որ Ադրբեջանը, Թուրքիայի օգնությամբ, օգտագործել է սիրիացի վարձկանների,

Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում մնացածների կամ վերադարձածների վերաբերյալ Վեհաժողովը՝

— խորապես ափսոսում է, միջազգային հանրության բացակայության կապակցությամբ, մուտքի խնդրի շուրջ Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա անհամաձայնության համար՝ այս առումով նկատի ունենալով իր 2240 (2018) բանաձևը՝ «Անսահմանափակ մուտք դեպի անդամ պետություններ, ներառյալ՝ «գորշ գոտիները», Եվրոպայի խորհրդի և ՄԱԿ -ի մարդու իրավունքների մոնիտորինգային մարմինների կողմից» և հիշեցնում է Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների իրավական պարտավորությունները՝ լիարժեք և բարեխղճորեն համագործակցել մարդու իրավունքների մոնիտորինգի միջազգային մեխանիզմների հետ, ներառյալ Եվրոպայի խորհրդի և ՄԱԿ-ի մեխանիզմները,

— հիշեցնում է, որ Եվրոպայի խորհրդի տարածքում գտնվող բոլոր անձինք, այդ թվում՝ հակամարտությունների գոտիներում բնակվող, Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով ունեն լիարժեք պաշտպանության հավասար իրավունք, այդ թվում՝ մոնիտորինգի համապատասխան մեխանիզմների միջոցով,

— կիսում է նրանց լքվածության զգացումը և ընդգծում նրանց մտահոգությունը սահմանային միջադեպերի, ադրբեջանական զորքերի մոտ գտնվելու և կանոնավոր կրակոցներ հնչելու կապակցությամբ,

— նշում է այն դժվարությունները, որոնց նրանք բախվում են ապրուստի միջոցների, պատերազմի հետևանքով հասցված վնասի վերականգնման և վերացման, նոր բնակարանների տրամադրման, ինչպես նաև մարդու հիմնարար իրավունքների պաշտպանության առումով,

— ներգրավված բոլոր պետություններին կոչ է անում ապահովել միջազգային անկախ մարդասիրական կազմակերպությունների և զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների անարգել մուտքը Լեռնային Ղարաբաղի տարածաշրջան: Վեհաժողովը լրջորեն մտահոգված է 2021թ. մայիսից սահմանի տարբեր կետերում միջադեպերի թվի ավելացմամբ։ Եղել են սպանվածներ և վիրավորներ, գերի են վերցվել հայ զինվորներ,

— դատապարտում է վերջին 30 տարիների ընթացքում Ադրբեջանում, մասնավորապես՝ Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունում, հայկական մշակութային ժառանգության ոչնչացումը և դատապարտում է վեցշաբաթյա պատերազմի ժամանակ մշակութային ժառանգությանը միտումնավոր հասցված վնասը, Սուրբ Փրկիչ եկեղեցու, Շուշիում Ղազանչեցոց եկեղեցու կանխամտածված գնդակոծությունը, ինչպես նաև հակամարտության ընթացքում և դրանից հետո այլ եկեղեցիների ու գերեզմանների ավիրումը կամ վնասումը,

— նախկին ավերածությունների լույսի ներքո՝ շարունակում է մտահոգվել բազմաթիվ հայկական եկեղեցիների, վանքերի ապագայի շուրջ՝ այդ թվում Խութավանքի/Դադիվանքի, խաչքարերի և մշակութային ժառանգության այլ տեսակների մասին, որոնք վերադարձել են Ադրբեջանի վերահսկողության տակ,

— իր մտահոգությունն է հայտնում Ադրբեջանում զարգացող «Կովկաս-Ալբանական» ժառանգությունը քարոզող հորինվածքի վերաբերյալ՝ փոխարինելու համար այն, ինչ համարվում է «հայկական» մշակութային ժառանգություն,

— ՅՈՒՆԵՍԿՕ-ին առաջարկում է ուսումնասիրել զարգացող հորինվածքը, որը քարոզում է «կովկասյան ալբանացիների» ժառանգությունը՝ համոզվելու, որ այն չի շահարկվում կողմերից մեկի կողմից,

— ատելության խոսքը վաղեմի խնդիր է երկու երկրներում, ինչպես նշում է Ռասիզմի և անհանդուրժողականության դեմ պայքարի Եվրոպական հանձնաժողովն իր զեկույցներում, մասնավորապես Ադրբեջանի վերաբերյալ, որը քննադատության է ենթարկվել նաև Ազգային փոքրամասնությունների պաշտպանության շրջանակային կոնվենցիայի հարցերով Խորհրդատվական կոմիտեի կողմից,

— Ադրբեջանում ամենաբարձր մակարդակով արվում են հայտարարություններ, որոնք շարունակում են անընդունելի ձևով ներկայացնել հայերին։ Այսպես կոչված՝ «Ռազմավարի պուրակը» Բաքվում լուրջ անհանգստություն է հարուցում, և Վեհաժողովը համարում է, որ ծաղրանկարված և կարծրատիպային մանեկենների օգտագործումը սաստկացնում է անհանդուրժողականության մակարդակը և տեղ չպետք է ունենա հասարակությունում կամ թանգարանում,

— Վեհաժողովը շարունակում է մնալ անհանգստացած և ազդված տարածաշրջան միջազգային կազմակերպությունների Լեռնային Ղարաբաղ այցելելու շարունակական խափանմամբ և կոչ է անում երկու կողմերին նպաստել նրանց մուտք գործելուն,

— Վեհաժողովը Նախարարների կոմիտեին առաջարկում է հետևել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի 2021թ. մարտի 16-ի Նախարարների կոմիտեին արված ծանուցմանը՝ հայ գերիների վերաբերյալ և նպաստել այս ընթացիկ հարցի լուծմանը։

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

Բաքվում 125 հայ գերի է պահվում. Սիրանուշ Սահակյան

Հայ ռազմագերիների շահերի պաշտպանի խոսքով՝ Բաքուն հաստատել է 45 հայերի գերության փաստը, սակայն նրանից բացի…

27.09.2021