29 տարեկանում մահացել է DeviantArt-ի աստղը. համացանցային նկարիչները նրա հիշատակը հարգել են նկարներով

Հնարավոր է դուք նկատած լինեք Qinni-ի աշխատանքները՝ չգիտակցելով դա: Սրտի 4 վիրահատությունից ու քաղցկեղի դեմ պայքարից հետո մահացած աղջիկը նկարել էր սեփական արցունքների մեջ պառկած մարդու մեմ-նկար:

Փետրվարի 9-ին մահացել է չինական ծագմամբ կանադացի նկարչուհի Ցին Հանը: Համացանցում նա առավել հայտնի է Qinni անվամբ. դրա ներքո աղջիկը սկզբում դարձել էր DeviantArt-ի աստղ, ապա իր աշխատանքներով հռչակ էր ձեռք բերել Instagram-ում և այլ սոցցանցերում:

Հանը մահացել է 29 տարեկան հասակում՝ սրտի 4 վիրահատությունից և քաղցկեղի դեմ պայքարից հետո: Համացանցային նկարիչները նրա հիշատակը հարգել են աղջկա ոճով՝ դրանով ցույց տալով, թե Qinni-ն ինչքանով է ազդել ժամանակակից հեղինակների հանրության վրա:

Qinni-ի պատմությունը սերտորեն կապ ունի DeviantArt-ի հետ: Այն համացանցային նկարիչների, իլյուստրատորների և դիզայներների համար հայտնի հարթակ է: Աղջիկը կայքի մասին տեղեկացել էր ընկերներից, ովքեր նրան հրավիրել էին հանրություն: 2006-2007թթ. նա դարձել էր առաջին համացանցային նկարիչներից մեկը, ում աշխատանքները հայտնի էին դարձել DeviantArt-ում և նրանից դուրս: Այդ ժամանակ աղջիկը դեռ սովորում էր գեղարվեստի դպրոցում:

Qinni-ի աշխատանքները ճանաչում են ստացել նկարիչների հանրությունում: 12 տարվա ընթացքում նրա իլյուստրացիաները դիտվել են ավելի քան երեք միլիոն անգամ: DeviantArt-ին հետևել են հաջողություններն Instagram-ում և Twitter-ում, բայց աղջիկն ընդգծել է իր առաջին կայքի կարևորությունը: Նրա խոսքով՝ DeviantArt-ը նրա համար վայր էր, որտեղ ստացել է աջակցություն և վստահություն: Հանրության շնորհիվ նա ուժերը հավաքել է և ծնողներին վստահեցրել, որ ցանկանում է պրոֆեսիոնալ նկարչուհի դառնալ:

Qinni-ն իրականացրել է իր երազանքը. բացի իր սեփական էջերից, նա իլյուստրատոր է աշխատել ամերիկյան Titmouse ընկերությունում: 2017թ. փետրվարին DeviantArt-ի ղեկավարությունը նրան հատուկ պարգև է շնորհել՝ «հետևողականություն և օգնության մեկնելու պատրաստամություն»: Դրա համար նրան գնահատել են նկարիչների հանրությունում:

Ցին Հանի աշխատանքներին հնարավոր էր նաև պատահաբար հանդիպել: Օրինակ՝ մեմերի միջոցով: Մի անգամ աղջիկն իր առաջ խնդիր է դրել՝ օրական մեկ իլյուստրացիա տեղադրել: Բայց դրա վրա ծախսվել է այնքան ժամանակ, որ նկարչուհին այդ մասին բողոքել է՝ սեփական արցունքների մեջ պառկած մարդու կատակ-նկարով: Այդ նկարին դեռ կարելի է հանդիպել սոցցանցերում:

Qinni-ն բացահայտ պատմել է իր առողջական խնդիրների մասին, ինչն արտահայտվել է նրա աշխատանքներում: 2015թ. նա հետևորդների հետ կիսվել է լուրով, որ իր մոտ սրտի գենետիկ հիվանդություն են հայտնաբերել: Հաջորդ երեք տարիներին նա բաց սրտի չորս վիրահատություն է տարել, ինչից հետո ուժ է գտել կատակելու սոցցանցերում իր վերքերի վերաբերյալ և խորհուրդ է տվել Google-ում բժշկական տեղեկություններ չփնտրել:

2019թ. դեկտեմբերին Ցին Հանը հայտարարել է, որ, բացի սրտի հիվանդությունից, նրա մոտ ախտորոշվել է նաև չորրորդ կարգի ֆիբրոզային սարկոմա: Բժիշկների գնահատմամբ՝ նկարչուհին մեկ-մեկուկես տարվա կյանք ունի: Qinni-ն, ինչպես սովորաբար, փորձել է այդ մասին կատակել սոցցանցերում՝ ծաղրելով սեփական մահվան արագությունը:

Սակայն ուժերը բավականին արագ են դավաճանել աղջկան. մեկ ամիս անց նա գրել է. «Զգում եմ, որ մարմինս հանձնվում է»:

Այսօր ծանոթացա ախտորոշմանը: Քաղցկեղ, չորրորդ կարգ, բժիշկն ասել է, որ ինձ մնացել է մեկ-մեկուկես տարի: Հեյ, ընկերներ, ինչպե՞ս դադարեմ պատահական ճչալ, լոլ:
Մեկնաբանություն. «RIP»: Qinni. «Ես դեռ չեմ մահացել»:
Դե, կարևոր չէ, թե ինչ տեղի կունենա, առնվազն իմ սքեչ-մեմը հավերժ կապրի համացանցում:
Քիմիաթերապիայից առաջ մազերս կտրել եմ: Կարծում եմ՝ մեծ մասը փրկել եմ:
Թվում է՝ հանձնվում եմ, բայց մարմինս այնքան է թուլացել, որ մայրս չի կարող օգնել՝ մեքենայից տուն հասնեմ: Հատկապես մեկշաբաթյա քիմիաթերապիայից հետո: Անկեղծ ասած՝ տխրել եմ, որ ոտքերս այդքան շուտ են հրաժարվել: Ամեն ինչ կարգին է, ես կվերադարձնեմ ուժերս: Ես պարտավոր եմ:

Վերջին օրերին Հանը շարունակել է նկարել: Նրա ախտորոշումը կրկին արտահայտվել է նկարներում: Փետրվարի 6-ին լացող աղջկա նկար է հրապարակել՝ «Փխրունը» գրառմամբ:

Վերջին նկարի հրապարակումից երեք օր անց նկարչուհու ընկերները հաղորդել են, որ Qinni-ն մահացել է: Այդ մասին հայտարարվել է նաև DeviantArt-ի պաշտոնական հաշիվներում: Համացանցային նկարիչները նրա հիշատակը հարգել են սեփական նկարներով: Շատերը խոստովանել են, որ մեծացել են Հանի նկարներով կամ օգտվել են նրա խորհուրդներից. աղջիկը 12 տարվա ընթացքում երիտասարդ իլյուստրատորների համար կողմնորոշիչ էր:

Աշխատանքները հրապարակվել են #galaxiesforqinni հեշթեգով: Բազմաթիվ նկարներում նկատելի են Qinni-ի աշխատանքների որոշակի կրկնություններ՝ աստղեր և ոսկե ձկներ:

Նկար՝ Qinni-ի պատվին: Դա այնքան անարդար է, որ նման տաղանդով և մեծ ապագայով մարդն այլևս մեզ հետ չէ: Կցանկանայի ավելի շատ ծանոթանալու հնարավորություն ունենալ: Հանգչիր խաղաղությամբ, առանձնահատուկ, նուրբ, տաղանդավոր և հրաշալի Qinni:
Qinni, շնորհակալություն, որ շատերի համար ոգեշնչող ես եղել և մինչև վերջ մնացել ես ուժեղ: Հանգչիր խաղաղությամբ աստղերի շարքում և ավելի պայծառ շողա:
Հույս ունեմ՝ աստղերի մեջ կգտնես հանգստությունդ, Qinni, շնորհակալություն ամեն ինչի համար:
Շնորհակալություն, որ ոգեշնչել ես գնալ երազների հետևից, երբեք չհանձնվել և ժպտալ, չնայած ամեն ինչի: Դու միշտ մեզ հետ կլինես:
Խոսքեր չունեմ, Qinni-ն հրաշալի մարդ էր և նկարչուհի: Տխրում եմ, որ նա այլևս մեզ հետ չէ: Իմ սիրտը նրա ընտանիքի ու հարազատների հետ է: Նա կապրի մեր սրտերում այնպես, ինչպես նրա աշխատանքները կոգեշնչել ապագա սերունդներին:
Ահաբեկված եմ Qinni-ի մասին լուրերից: Նա ավելի քան տասը տարի ոգեշնչող էր:
Հանգչիր խաղաղությամբ, Qinni, շնորհակալություն ամեն ինչի համար:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021