Categories: FAQ

Լսել եմ` Սոչիում աշխատանքից հեռացնում են հայկական ազգանունով աշխատակիցներին. ճի՞շտ է

Աշխատակիցները հայտարարել են, որ հայերից 100-ը հեռացվել են աշխատանքից, ևս 100 հոգի կարող են հեռացվել: Մինչդեռ օդանավակայանից հաղորդում են, որ կրճատվածների մեջ հայերն ընդամենը 3% են կազմում:

Ի՞նչ է պատահել

Սոչիի միջազգային օդանավակայանի մի խումբ աշխատակիցներ օրերս հայտարարություն էին տարածել՝ ահազանգելով հայկական ազգանունով աշխատակիցների նկատմամբ խտրական վերաբերմունքի մասին: Նրանք նշել էին, որ հայերին մասսայաբար ազատում են աշխատանքից՝ միայն նրա համար, որ հայ են:

Ի՞նչ են հայտարարել հեռացված աշխատակիցները

Սոչիի միջազգային օդանավակայանի աշխատակիցները հայտարարել էին, որ հայկական ազգանուն կրողներին հեռացնում են աշխատանքից: Տարածած հայտարարությունում նշում էին, որ արդեն երկրորդ տարին է, ինչ ազգային հողի վրա զտումներ են իրականացվում օդանավակայանի աշխատակազմում: Բոլոր հնարավոր միջոցներով հեռացվում են հատկապես հայկական ազգանուն ունեցողները:

Աշխատակիցները բարձրաձայնել են, որ առաջին «զտումներն» իրականացվել են 2018թ.՝ փոխադրումների կազմակերպման և ավիացիոն անվտանգության ծառայություններում՝ ահաբեկման, հարկադրանքի և կրճատումների միջոցով: Այդ երկու ծառայություններից հեռացվել են հայկական ազգանունով 70-ից ավել աշխատակիցներ, նրանց թվում և՝ միայնակ մայրեր, վետերաններ, հաշմանդամներ:

Հաղորդում էին նաև, որ հեռացումների ալիքն արդեն հասել է օդանավակայանի բոլոր ծառայություններին, հեռացվածների թիվն անցել է 100-ից: Հեռացվել է նույնիսկ Վլադիմիր Բեգիյանի եղբայրը: Հայկական արմատներ ունեցող մյուս աշխատակիցներին, այդ թվում և՝ ռուսական ազգանուն կրող հայերին ղեկավարությունը տեղեկացրել է 2019թ. սեպտեմբերի 1-ից կամավոր կերպով հեռանալու անհրաժեշտության մասին:

Հաղորդվում էր, որ հայկական ազգանուններով պրոֆեսիոնալներին փոխարինում են փորձ և մասնագիտական հմտություններ չունեցողներով: Աշխատակիցները նշում էին, որ իրենք ՌԴ քաղաքացիներ և Սոչիի բնակիչներ են՝ խնդրելով դադարեցնել գործընթացը:

Ի՞նչ մանրամասներ են հաղորդում աշխատակիցները

Օդանավակայանի կարգավար Սուրեն Ադամյանը պատմել է, որ կրճատումների առաջին ալիքը եղել է Նոր տարուց առաջ. կրճատել են հայկական ազգանուններ ունեցողներին ու այն ռուսներին, որոնք հայերի հետ են ամուսնացած։ Ադամյանի խոսքով՝ իրենց տեղեկացրել են, որ վերակազմավորում են ծառայությունները և նոր ծառայություններում իրենց կարիքը չկա։

Հայտարարությունը ստորագրած աշխատակից Սարգիս Մարգարյանը պատմել է, որ իրեն ներքին կարգով ասել են, թե կա հրահանգ վերևից՝ աշխատանքից ազատել բոլոր հայերին, և առաջարկել են դիմում գրել, որովհետև հայ է:

Աշոտ Կարագեչյանը դժվարացել է ստեղծված իրավիճակի պատճառը նշել, բայց հաստատել է հայտարարությունում գրվածը: Ալբերտ Մինասյանն էլ իր հերթին պատմել է, որ իր անմիջական ղեկավարը մոտեցել և ցածրաձայն ասել է, թե վերևից հրամայել են հայերին գործից հանել և խորհուրդ է տվել դիմում գրել: Մինասյանը նշել է, որ չի պատրաստվում գրել դիմումը:

Ի՞նչ են ասում հայկական համայնքի ներկայացուցիչները

Սոչիի հայկական համայնքի ղեկավարի տեղակալ Մելիք Կիվիրյանը տեղեկացրել է, որ տեսել է հայտարարությունը: Նա նաև նշել է, որ մոտ չորս ամիս առաջ լսել է, որ օդանավակայանի հայ աշխատակիցները բողոքում են աշխատանքից ազատվելու թեմայով, բայց հետո կարծես այս թեման մարել էր։

Կիվիրյանը մտադրություն է հայտնել առաջիկա օրերին համայնքի ներկայացուցիչների հետ քննարկել հարցը։ Նա հայտարարել է, որ խնդիրն անպայման կլուծվի, եթե այն իսկապես կա, քանի որ դա ազգային հարց է։

Ռուսաստանի հայերի միության Սոչիի բաժնի ղեկավարի տեղական Թումաս Վարդանյանն ասել է, թե երբեք չի լսել ազգային պատկանելության պատճառով կրճատումների մասին՝ վստահեցնելով, որ Ռուսաստանում նման բանն անհնար է։

Ինչպե՞ս են արձագանքել Հայաստանում

Ազգային ժողովի Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանը նշել է, որ լուրը չպետք է անտեսվի, եւ համապատասխան մարմինները պետք է հետամուտ լինեն՝ պարզելու իրականությանը և ազատումների պատճառը:

Պատգամավորը կապ է հաստատել Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոս Վարդան Ասոյանի հետ՝ խնդրելով պարզել համապատասխանությունն իրականությանը: Մելքումյանը մտադրություն է հայտնել նաև հարցը բարձրացնել ՌԴ Պետդումայի իր գործընկերների մոտ:

Ի՞նչ է պատասխանել օդանավակայանը

Սոչիի միջազգային օդանավակայանի մամուլի ծառայությունը հայտարարություն է տարածել՝ հերքելով հայկական ազգանուններով աշխատակիցների՝ աշխատանքից ազատման մասին հայտարարությունը:

Հաղորդագրության մեջ նշվում է, որ օդանավակայանի կադրային քաղաքականությունն իրականացվում է ՌԴ օրենսդրությանը համապատասխան, իսկ ապատեղեկատվությունն իրականացությանը չի համապատասխանում և վնասում է Սոչիի օդանավակայանի հեղինակությանը: Մամուլի ծառայությունը հաղորդում է, որ աշխատակազմը բազմազգ է, իսկ կադրերի հետ հարաբերություններում կազմակերպությունն առաջնորդվում է կորպորատիվ չափորոշիչների, էթիկայի նորմերի և իրադրության հիման վրա:

Միջազգային օդանավակայանի հաղորդագրությունում հաստատվում է, որ աշխատանքից հեռացվածների մեջ կան հայեր, սակայն նշվում է, որ ոչ մեծ խումբը փորձ է անում շահարկել ազգային պատկանելիությունը՝ պահանջելով արտոնյալ պայմաններ: Հաղորդվում է նաև, որ ազգությամբ հայերի թիվն աշխատանքից ազատվածների մեջ կազմում է ընդամենը 3%:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021