Ռոսկաչեստվոն խորհուրդ է տալիս սկոչել նոթբուքի միկրոֆոնն ու տեսախցիկը
Այս դեպքում, եթե նույնիսկ հաքերները մուտք գործեն ձեր համակարգիչ, ապա նրանք ոչ կլսեն, ոչ էլ կտեսնեն ձեզ:
Որակի ռուսական համակարգը` «Ռոսկաչեստվո»-ն, ծավալուն ուսումնասիրություն է կատարել` դիտարկելով կիբերհանցագործություններից պաշտպանվելու տարբերակներից մեկը: Խոսքը վերաբերում է միկրոֆոնի և տեսախցիկի միջոցով տվյալների արտահոսքից հատուկ պիտակների, սոսնձման, կպչուն ժապավենի կամ այլ միջոցներով խուսափելուն:
Փակեք միկրոֆոնն ու տեսախցիկը
«Եթե չեք ցանկանում դառնալ կիբերհանցագործների զոհ, ապա հակավիրուս ու թարմացված օպերացիոն համակարգ ունենալուց բացի՝ պետք է նաև փակել համակարգչի տեսախցիկն ու միկրոֆոնը: Դա կմեծացնի սարքավորման անվտանգությունը: Կարող եք հանգիստ լինել. եթե նույնիսկ հաքերը մուտք գործի ձեր համակարգիչ, նա ոչ կլսի, և ոչ էլ կտեսնի ձեզ» ,- նշում է Ռոսկաչեստվոն:
Կազմակերպությունն ընդգծում է, որ ոմանց կարող է այս խորհուրդը խենթություն թվալ, սակայն շատերը տան դռան փականը մի քանի անգամ են պտտում, նույնիսկ երբ տանն են: Եթե կա անցանկալի երևույթներից խուսափելու այսպիսի տարբերակ, ուրեմն արժե կիրառել այն: Անվտանգությունն ապահովեք՝ փակելով համակարգչի աչքերն ու ականջները:
Group-IB-ի համակարգային որոշումների դեպարտամենտի ղեկավար Անտոն Ֆիշմանը նշում է, որ եթե ինչ-որ մեկը սոսնձել է դյուրակիր համակարգչի կամ հեռախոսի տեսախցիկը, ապա նա ոչ թե խելագար է, այլ պարզապես տիրապետում է վիրուսների աշխատանքի սկզբունքներին:
Հայտնվելով համակարգչում կամ սմարթֆոնում՝ վնասակար ծրագիր-հետախույզը կարող է կրկնօրինակել փաստաթղթերը, կարդալ նամակները, ակտիվացնել միկոֆոնն ու տեսախցիկը: Այդպես է, օրինակ, աշխատում Pegasus ծրագիրը, որը WhatsApp մեսսենջերի հին տարբերակների խոցելիության պատճառով հարձակում էր գործել Android և iOS օպերացիոն համակարգերի վրա:
Պահպանեք «թվային հիգիենան»
Որակի ռուսական ստանդարտը նշում է, որ պետք է հասկանալ. տեսախցիկի վրա մեկ պիտակ ամրացնելով խնդիրը չի լուծվի: Անհրաժեշտ է պահպանել «թվային հիգիենան»՝ ծրագրեր չներբեռնել անվստահելի աղբյուրներից կամ սահմանափակել ծրագրերի հասանելիությունը ձայնագրման համակարգին կամ տեսախցիկին:
Տեսախցիկը կարելի է փակել փոքր, անթափանց սկոչով կամ էլեկտրամեկուսիչ կպչուն ժապավենով: Ներկայումս արտադրվում են նաև այդ նպատակին ծառայող «վարագույրիկներ», որոնք ամրանում են նոթբուքի տեսախցիկին և հեշտ կարգավորվում:
Info Watch ընկերությունների խմբի փոխնախագահ Ռուստեմ Հայրետդինովը նշել է, որ ինքն օգտագործում է սովորական կպչուն ժապավեն՝ ավելի շատ վստահելով, քան վարագույրիկին: Վերջիններս, նրա խոսքով, զգայուն տեսախցիկի համար բավականաչափ լույսի անցում են թույլատրում:
Տեսականորեն կարող Է տեսախցիկն ընկնել «հանցագործների ձեռքը», սակայն ռիսկերը փոքր են: Հայրետդինովը, այնուամենայնիվ, խորհուրդ է տվել պարզապես պահպանել «թվային հիգիենան»` խուսափելու տհաճ միջադեպերից: Կարևոր է ոչ թե տեսախցիկի արձանագրած դեմքը, արտաքին տեսքը, այլ այն, թե ինչի մասին և ում հետ եք խոսում:
Նույնը վերաբերում է նաև սմարթֆոններին. եթե նույնիսկ ջնջվեն ծրագրերի անպետք թույլտվությունները, ապա հավելվածները մշտապես հետևում են տիրոջը: Դրանք հավաքում են տեղանքի կամ ձայնային անհրաժեշտ տվյալները: Դրանք հետագայում կիրառվում են, օրինակ, գովազդային առաջարկների համար: Մեզ կարող են հետևել առաջին հայացքից «անմեղ» ծրագրեր, օրինակ` messenger-ը, լամպը (фонарик): Դրանցից խուսափել չի լինի, պարզապես անհրաժեշտ է կարևոր զրույցների ժամանակ անջատել սմարթֆոնը:
Իր հետազոտություններում Որակի ռուսական համակարգը` «Ռոսկաչեստվո»-ն, հիմնվում է այն ստանդարտի վրա, որում բջջային հեռախոսների ծրագրերին ներկայացվող պահանջներից մեկը միայն արդարացված թույլտվությունների հարցումն է: Կառույցը խորհուրդ է տալիս սահմանափակել ծրագրերի հասանելիությունը միկրոֆոնին, տեսախցիկին, նկարներին, տեղորոշմանը և այլն, եթե դա իհարկե չի խոչընդոտում անհրաժեշտ ծրագրերի աշխատունակությունը:
«Ռոսկաչեստվո»-յի փոխտնօրեն Իլյա Լոևսկին արձանագրել է, որ միկրոֆոնի և տեսախցիկի պիտակների կիրառումն արդեն խելագարություն չէ, այլ թվային հիգիենայի կարևոր նորմերից մեկը, որին պետք է հետևել: Դրա չիմացությունը, օրենքի նման, պատասխանատվությունից չի ազատում:
Մեկնաբանությունները