Հարցում. չնայած տնտեսական մտահոգություններին՝ մեծ մասը լավատես է ապագայի նկատմամբ

Հայաստանի բնակչությունը ցանկանում է, որ կառավարությունը տնտեսական և քաղաքական բարեփոխումներն իրականացնի արագ կերպով։

Միջազգային հանրապետական ինստիտուտի (ՄՀԻ) Հասարակական հարցումների կենտրոնը Հայաստանի բնակչության շրջանում ներկայացուցչական հարցում է կատարել։ Արդյունքները ցույց են տալիս, որ կառավարությունը շարունակում է վայելել բնակչության մեծամասնության վստահությունը։

Բնակչության մեծ մասը լավատես է նաև երկրի ապագայի նկատմամբ՝ չնայած տնտեսական ոլորտի վերաբերյալ հայտնած մտահոգություններին։

Հարցման արդյունքների համաձայն, կառավարությունը շարունակում է վայելել հասարակական լայն շրջանակների դրական տրամադրվածությունը՝ շարունակելու երկրում իրականացվող արմատական բարեփոխումները։ Հարցվածների ավելի քան 60 տոկոսը ցանկանում է, որ կառավարությունը տնտեսական և քաղաքական բարեփոխումներն իրականացնի ոչ թե աստիճանաբար, այլ արագ կերպով։

ՄՀԻ Եվրասիա տարածաշրջանի տնօրեն Սթիվեն Նիքսի խոսքով, հայության արտահայտած բարի կամքը և տրամադրվածությունը կառավարությանն արմատական բարեփոխումներ իրականացնելու և մարդկանց տնտեսական բարեկեցությունը բարելավելու աննախադեպ հնարավորություն են ընձեռնում։

Հարցվածների 72 տոկոսը վստահություն է հայտնել վարչապետի ինստիտուտին, իսկ 60 տոկոսը կարծում է, որ երկիրն ընթանում է ճիշտ ուղիով։ Թեև այս ցուցանիշն անցած տարվա հոկտեմբերի համեմատ 12 կետով անկում է ապրել, այնուամենայնիվ, կառավարության նկատմամբ վստահության արտահայտման նշանակալի ցուցանիշ է։

Հարցվածների 59 տոկոսը բավարար է գնահատել կառավարության վարած քաղաքականությունը կոռուպցիայի դեմ պայքարում։

Չնայած լավատեսության այս դրսևորումներին` կան նաև մի շարք հանրային մտահոգություններ։ Կառավարության ամենամեծ ձախողումների վերաբերյալ հարցին պատասխանելիս հարցվածներն առավել հաճախ նշում են վատ կառավարումը (22 տոկոս): Անցած վեց ամիսների ընթացքում այն մարդկանց տոկոսն, ովքեր հավատում են, որ կարող են ազդել երկրում ընդունվող որոշումների վրա, նվազել է՝ 72 տոկոսից հասնելով 53 տոկոսի։

Միջազգային հանրապետական ինստիտուտ / ©iri.org

Այն հարցին, թե որոնք են այն երեք խնդիրները, որոնց կառավարությունը պետք է լուծում տա առաջիկա վեց ամիսների ընթացքում, հարցվածները նշում են աշխատատեղերը (30 տոկոս), սոցիալ-տնտեսական խնդիրները (18 տոկոս), աշխատավարձերը (14 տոկոս) և թոշակները (12 տոկոս)՝ կրկնելով նախորդ տարվա արդյունքները։

Չնայած հարցվածների 42 տոկոսը կարծում է, որ անցած վեց ամիսների ընթացքում տնտեսությունն ընդհանուր առմամբ զարգացում է ապրել, նույն ժամանակաշրջանում հարցվածների միայն 24 տոկոսն է բարելավում նկատել սեփական տնտեսությունում։

Մեթոդաբանություն

ՄՀԻ հարցումն իրականացրել է Դոկտոր Ռասա Ալիշաուսկենեն Բալթիկ Սըրվեյ/Դը Գելլափ կազմակերպությունից։ Տվյալների հավաքագրումը Հայաստանում իրականացրել է Հայկական սոցիոլոգիական ասոցիացիան։ Տվյալները հավաքագրվել են ողջ երկրում 2019 թվականի մայիսի 6-ից մայիսի 31- ն ընկած ժամանակահատվածում՝ հարցվողների տներում դեմ առ դեմ հարցազրույցների միջոցով։ Հարցվել են Հայաստանի 18 տարեկան և բարձր, ընտրելու իրավունք ունեցող 1200 մշտական բնակիչներ։ Ընտրանքը ներկայացուցչական է ըստ ընդհանուր բնակչության տարիքի, սեռի և բնակության վայրի։ Ընտրանքի սխալը նշանակալիորեն չի գերազանցում ողջ ընտրանքի 2․5 տոկոսը։ Հարցումը ֆինանսավորվել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կողմից։

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021