Հայաստանում ստորագրահավաք է սկսվել հանդիպակաց վարելը քրեականացնելու պահանջով. ինչո՞ւ չի ընդունվի

Օրենքն ի՞նչ օգուտ կտա, եթե բոլոր ճանապարհները չեն տեսանկարահանվում ու խիստ վերահսկվում, բարվոք չեն, վկաներ չկան և այլն:

Վերջերս տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային ողբերգական պատահարներից հետո հասարակությունը պահանջում է խստացնել տրանսպորտային միջոցների շահագործման և ճանապարհային երթևեկության կանոնները:

Ինչի՞ց սկսվեց

Հասարակական տրամադրություններն առավել բորբոքվեցին Արարատի մարզում` Զոդի կամրջի վրա հանդիպակաց գոտի դուրս գալու հետևանքով 6 մարդու կյանք խլած և տասնյակից ավելի վիրավորների պատճառ դարձած ավտովթարից հետո:

Նախնական վարկածի համաձայն, ՃՏՊ-ի մեղավորը երթևեկել է հանդիպակաց գոտում: Վարորդն արդեն ձերբակալված է, բայց շարունակում ենք ականատես լինել, որ, այսպես ասած, շատերը դեռ չեն խրատվել:

Այսպիսի դաժան դեպքերը նվազեցնելուն նպաստող միջոցներից մեկը հասարակությունը դիտում է հանդիպակաց գոտում վարելը քրեականացնելը: ՀՀ Ազգային Ժողովին ուղղված այդպիսի պահանջով ստորագրահավաք է սկսվել Change.org կայքում:

Քրեականացումը պահանջողները նշում են, որ դիտավորյալ կերպով հանդիպակաց երթևեկելի գոտի մտնող վարորդը վտանգում է թե իր, թե դիմացից եկող մեքենայում գտնվողների կյանքը: Պահանջում են Քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարել` հանդիպակաց գոտում վարելը նույնականացնելով ապրելու սահմանադրական իրավունքի խախտման հետ:

Այդպիսի քայլը պետք է դիտվի որպես մարդասպանության փորձ ,– նշում են ստորագրահավաքի կազմակերպիչները: Կայքում պահանջը ներառում է հստակ օրենսդրական լուծումներ` նույնացում մարդասպանության փորձի հետ, տուգանքի չափի բարձրացում և այլն: Մեր դիտարկման պահին ստորագրահավաքին միացել է 1360 մարդ:

©Change.org

Ներկայումս ՀՀ օրենսդրությամբ ճանապարհի բաժանարար գիծը հատելու, ինչպես նաև հանդիպակաց երթևեկության գոտի դուրս գալու համար, եթե դա կապված չէ վազանցը թույլատրված տեղերում վազանց կատարելու հետ` նախատեսված է 30 հազար դրամ, իսկ հանդիպակաց երթևեկության գոտի դուրս գալու համար` 50 հազար դրամ տուգանք:

Այլ երկրներում

Մենք դիտարկեցինք Եվրոպական երկրներում, Ռուսաստանում, Վրաստանում, ԱՄՆ-ում սահմանված պատիժները նման դեպքերում: Ուսումնասիրված երկրներից ոչ մեկում հոծ գիծը հատելու, հանդիպակաց երթևեկելու համար ուղղակի քրեական պատիժ սահմանված չէ:

Նման պատասխանատվություն նախատեսվում է միայն հետևանքների` վնաս հասցնելու դեպքում: Օրինակ ԱՄՆ-ում քրեական պատասխանատվություն նախատեսված է միայն երկրորդ անգամ հանդիպակաց գոտի դուրս գալու խախտման համար` համարելով ագրեսիվ դրսևորում:

Գերմանիայում ևս քրեական պատասխանատվությունն առաջանում է հետևանքներ ունենալու դեպքում, իսկ հանդիպակաց գոտում ուղղակի երթևեկելու համար սահմանված է տուգանք` հոծ գիծը տրորելիս` 75 եվրո, ճափեզրով վարելիս` 130, իսկ հիմնական ճանապարհի վրա` 200 եվրո տուգանք:

Հարևան Վրաստանում հոծ գիծը հատելու համար սահմանված է 16 եվրո տուգանք, իսկ հանդիպակաց գոտում երթևեկելու համար` 200 եվրո:

Իսկ Ռուսաստանում ճանապարհի բաժանարար գիծը հատելու համար սահմանված է 2500 ռուբլի տուգանք: Քրեական պատասխանատվություն ՃԵ կանոնները խախտելիս կիրառվում է երկրորդ անգամ ոչ սթափ վիճակում վարելու դեպքում, մինչդեռ ուղղակի հանդիպակաց գոտում երթևեկելու համար քրեական պատիժ սահմանված չէ:

Ինչո՞ւ է ապարդյուն

Մեկնարկած ստորագրահավաքը, թեև ունի արդեն բավականաչափ մասնակիցներ, բայց մեր կարծիքով չի հաստատվի օրենսդիր մարմնի կողմից: Պատճառները, թերևս, դատական համակարգում առկա խնդիրները կարող են լինել` գերբեռնվածություն, քաշքշուքներ և այլն, ապացուցման մեխանիզմների թերի բաշխվածությունը, քանի որ ոչ բոլոր ճանապարհներն են տեսանկարահանվում:

Եվ ինչպես արագաչափերի դեպքում, այստեղ էլ նկարահանող սարքի մոտ ամեն ինչ կարգին կլինի, իսկ, օրինակ, Զոդի կամրջի վրա վերահսկողություն այդպես էլ չի լինի: Ճանապարհների ոչ բարվող վիճակը նույնպես շատ տեղերում բազմաթիվ քրեական գործերի պատճառ կդառնա. հոծ գիծը հատում են նաև հարկադրված:

Մեզանում խնդիր է նաև վկաների ինստիտուտը. ոչ բոլորն են ցանկանում վկայություն տալ` նախ` որպեսզի քաշքշուքների մեջ չընկնեն, ինչպես նաև կարծրատիպերի պատճառով:

Այստեղ, ամենայն հավանականությամբ, պետք է գործի բարեվարքության կանոնը, երբ վարորդն ինքը մտածի այլ կերպ, ուղևորները բացասական վերաբերմունք արտահայտեն ՃԵ կանոնները խախտող վարորդի նկատմամբ:

Պետք է ունենալ ավելի խիստ վերահսկողություն, բարվոք ճանապարհներ, հասարակական գիտակցություն: Գուցե հենց այս ուղղությամբ պայքարն ու պահանջն առավել արդյունավետ լինեն ու ավելի մեծ դեր խաղան մեր հայրենակիցների անվտանգության հարցում. ի վերջո հարցը միայն հանդիպակաց երթևեկելը չէ. արագություն, ոչ սթափ վիճակ, ամրագոտի և այլն: Յուրաքանչյուր խախտում քաղաքացու անվտանգությանն անմիջական սպառնալիք է:

Զարգացած օրենսդրություն ունեցող բազմաթիվ երկրներում հետևանք չառաջացնող խախտումների համար քրեական պատասխանատվություն սահմանված չէ: Այդ դեպքում ինչո՞ւ պիտի Հայաստանում լինի, երբ ավելի կարևոր հարցեր կան լուծելու:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021