Categories: Գիտություն

NASA-ն 10 տարվա մեջ առաջին անգամ տիեզերագնացներին ՄՏԿ կուղարկի ԱՄՆ-ի տարածքից՝ SpaceX-ի հրթիռով ու տիեզերանավով (upd.)

Չնայած կորոնավիրուսի համավարակին՝ 2 հոգանոց անձնակազմով տիեզերանավի արձակումը նախատեսվում է այս գիշեր: Ինչպե՞ս են մինչ այդ կազմակերպվել թռիչքները, ինչո՞վ է սա կարևոր և ինչպե՞ս հետևել արձակմանը:

NASA-ն 2011թ.-ից հետո առաջին անգամ ԱՄՆ-ի տարածքից դեպի Միջազգային տիեզերակայան (ՄՏԿ) է գործուղելու ամերիկացի տիեզերագնացների: Առաքելությունն առաջինը կլինի նաև SpaceX-ի Crew Dragon տիեզերանավով թռիչքի առումով:

Տիեզերանավի արձակումը տեղի կունենա այս գիշեր՝ Երևանի ժամանակով 00:33-ին՝ Քենեդիի անվան տիեզերական կենտրոնի մեկնարկային հրապարակից: Falcon 9 հրթիռը ՄՏԿ կհասցնի SpaceX-ի Crew Dragon տիեզերանավը: Անձնակազմը բաղկացած է երկու տիեզերագնացներից՝ Դագ Հերլիից և Բոբ Բենքենից:

Գործակալությունը որոշել է չչեղարկել և չհետաձգել մեկնարկը՝ ՄՏԿ-ի աշխատանքային կարգավիճակին աջակցելու անհրաժեշտությամբ պայմանավորված: Սակայն կորոնավիրուսի համավարակի պատճառով NASA-ն չի թույլատրելու ազատորեն դիտել արձակումը համապատասխան հարթակներից: Արձակմանը, միաժամանակ, մասնակցելու են լրագրողները, սակայն՝ սահմանափակ քանակով:

Ռուսաստանի մենաշնորհի ավարտը և անձնակազմով առաջին թռիչքը SpaceX-ի համար. ինչո՞վ է կարևոր այս թռիչքը

Crew Dragon-ի արձակումն ամերիկյան տիեզերագնացության համար նշանակալից է երկու պատճառով. ԱՄՆ-ը «Շաթլ» ծրագրի փակումից հետո առաջին անգամ սեփական տարածքից տիեզերք կուղարկի տիեզերագնացներին, իսկ 18 տարի առաջ հիմնված SpaceX-ի համար սա առաջին թռիչքային առաքելությունը կլինի: Բացի այդ՝ արձակումը նշանակալից է մասնավոր տիեզերագնացության համար. մինչ օրս ոչ մի մասնավոր ընկերություն մարդկանց չի ուղարկել տիեզերք:

Դագ Հերլի և Բոբ Բենքեն / © NASA

2011թ.-ից սկսած տիեզերագնացները ՄՏԿ են հասել ռուսական «Союз»-ների օգնությամբ. ԱՄՆ-ը չի ունեցել սեփական թռիչքային տիեզերանավերը: Ռուսական տիեզերանավում մեկ տեղի համար NASA-ն Ռոսկոսմոսին վճարել է միջինում 55,4 մլն դոլար, ընդ որում՝ գինը մշտապես բարձրացվել է՝ հասնելով ընդհուպ մինչև 86 մլն դոլարի:

Ամերիկացիների կողմից «Союз»-ներից հրաժարվելու պատճառով Ռոսկոսմոսն էական կորուստներ կարող է կրել: Մինչ օրս Ռոսկոսմոսն այդ ծառայության համար գերշահույթ է ստացել, քանի որ մեկ տեղի ինքնարժեքը չի գերազանցել 5 մլն դոլարը: Ապրիլի 10-ին ռուսական ընկերության ղեկավար Դմիտրի Ռոգոզինը NASA-յին ու SpaceX-ին մեղադրել է դեմպինգի մեջ, ինչի պատճառով Ռոսկոսմոսը ստիպված է արձակումների գինը նվազեցնել 30%-ով:

Որտեղի՞ց ԱՄՆ-ին նոր տիեզերանավեր

«Շաթլ» ծրագրի դադարեցումից հետո NASA-ն սկսել է մասնավոր ընկերությունների կողմից նոր սերնդի թռիչքային տիեզերանավերի արտադրության ծրագիրը: 2014թ. SpaceX-ը և Boeing-ը շահել են մրցույթը՝ ստանալով 2,6 և 4,2 մլրդ դոլար՝ 2017թ. անձնակազմի արձակումն իրականացնելու համար:

Արդյունքում ընկերություններից ոչ մեկն էլ չի հասցրել, սակայն SpaceX-ին հաջողվել է թեստային հաջողված թռիչքներով շրջանցել է Boeing-ին: Հունվարին ընկերությունն ավարտել է վթարային փրկության համակարգի թեստավորումը, իսկ դրանից մի ամսից էլ քիչ ժամանակ առաջ Boeing-ի տիեզերանավը չի կարողացել անցնել ուղեծիր դուրսբերման փորձարկումը:

Crew Dragon-ի մայիսյան արձակումը SpaceX-ի տիեզերանավի համար վերջին թեստն է լինելու, որից հետո միայն NASA-ն կհաստատի նրան ՄՏԿ տիեզերագնացներին պարբերաբար ուղարկելու համար: Հերլին և Բենքենը Crew Dragon-ի անձնակազմի առաջին անդամներն են, նախկինում երկուսն էլ աշխատել են որպես ռազմական օդաչու-փորձարկողներ, ինչպես նաև համարվում են ԱՄՆ տիեզերական առաքելության վետերաններ, թռչել են «Շաթլներով»:

Տիեզերագնացները տիեզերքում կմնան մինչև 110 օր, առաքելության տևողությունը կախված կլինի նրանից, թե երբ պատրաստ կլինի հաջորդ առևտրային արձակումը: Վերադարձի համար կիրառվելու է Crew Dragon-ի պատիճը, որը վայրէջք կկատարի Ֆլորիդայի ափերի մոտ:

Չնայած նրան, որ Crew Dragon-ի և Starliner-ի առաքելությունների համար NASA-ն է վճարում, դրանք մասնավոր ընկերությունների սեփականությունն են: Ի տարբերություն գործակալության նախորդ ծրագրերի՝ այս անգամ նա ընկերությունների հաճախորդի կարգավիճ ունի:

Ինչպե՞ս է անցկացվելու արձակումը և ինչպե՞ս հետևել

Եթե արձակումը եղանակային պայմանների պատճառով չհետաձգվի, այն կկայանա Երևանի ժամանակով 00:33-ին: NASA-յի հեռարձակումը մեկնարկելու է ժամը 20:15-ից: Հեռարձակմանը կարող եք հետևել մեր կայքում:

Մեկնարկից հետո Crew Dragon-ի անձնակազմ անձամբ թռիչքային թեստ կանցնացնի և կապի դուրս կգա Երկրի հետ, իսկ Falcon 9-ի առաջին աստիճանը պետք է վայրէջք կատարի բեռնանավի վրա:

Հինգշաբթի օրը ժամը 19:39-ին տիեզերանավը կմիանա ՄՏԿ-ի ամերիկյան հատվածին: Այնտեղ տիեզերագնացները մեկից մի քանի ամիս կանցկացնեն, ապա Երկիր կվերադառնան նույն Crew Dragon-ով:

UPD. SpaceX-ի Crew Dragon տիեզերանավի առաջին թռիչքը մարդկանց մասնակցությամբ եղանակային վատ պայմանների պատճառով հետաձգվել է:

Արձակման հետաձգման մասին որոշումը կայացվել է վերջին պահին՝ մեկնարկից 17 րոպե առաջ, երբ Falcon 9 հրթիռի մեջ արդեն վառելիք էր լցվում, իսկ մասնագետները վերջին ստուգումներն էին անում: Տիեզերագնացները Crew Dragon-ի ներսում էին:

Հաջորդ փորձը նախատեսված է մայիսի 30-ին, Երևանի ժամանակով 23:22-ին: NASA-ն և տիեզերագնացները նույն պատրաստությունը կանցնեն, ինչ առաջին փորձի ժամանակ:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021