Categories: Գիտություն

4 հայտնի դեղամիջոցների արդյունավետությունը ստուգելու համար մեկնարկել են «Համերաշխություն» անվամբ փորձարկումները

Covid-19 կորոնավիրուսի բուժման նպատակով փորձարկվում են մի շարք դեղամիջոցներ, որոնց կլինիկական հետազոտության արդյունքներն առաջիկայում հայտնի կդառնան: Մինչ այդ՝ ներկայացվում են տեղեկություններ փորձարկվող դեղամիջոցների վերաբերյալ:

Covid-19-ի պանդեմիան շարունակում է խլել հազարավոր կյանքեր մոլորակի տարբեր հատվածներում: Ներկայումս պալիատիվ թերապիայից բացի վարակի բուժման այլ մեթոդ առկա չէ: Սակայն այլ հիվանդությունների համար նախատեսված մի շարք դեղամիջոցներ մինչկլինիկական փորձարկումներում արդյունավետություն են դրսևորել կորոնավիրուսի բուժման համար: Եվ այժմ դրանք կլինիկական հետազոտություններ են անցնում:

Կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է մոտ 2,7 միլիոնի, մահացել է ավելի քան 192 հազար մարդ: Պատվաստանյութի ստեղծման վրա կարող են տարիներ պահանջվել, սակայն Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մեկնարկել է «Համերաշխություն» (Solidarity) անվամբ փորձարկումները՝ ստուգելու 4 հայտնի դեղամիջոցների արդյունավետությունը:

Ստորև ներկայացվում են փորձարկվող դեղամիջոցների վերաբերյալ տեղեկությունները:

Քլորոքին և հիդրոքսիքլորոքին

Դոնալդ Թրամփը մի քանի անգամ որպես կորոնավիրուսի բուժման միջոց է նշել հակամալարիական քլորոքին և հիդրոքլորոքին դեղամիջոցները՝ չնայած կլինիկական ապացույցներին: Ուտոիմունային հիվանդությունների, օրինակ՝ ռևմատոիդ արթրիտի կամ գայլախտի բուժման ժամանակ օգտագործվող այդ դեղամիջոցը խնդրո առարկա դարձել բժիշկների ու պացիենտների միջև՝ կիրառման իրավունքի պատճառով:

Ներկայումս ԱՄՆ-ում դրանց քանակն անբավարար է: Բացի այդ, դրանք կարող են նաև վնասակար լինել: Այդ կապակցությամբ մասնագիտական շրջանակներում բանավեճերը շարունակվում են: Որոշ մասնագետներ նշում են դրա նվազ արդյունավետության մասին՝ կոչ անելով պատահական սկզբունքով հետազոտությունները շարունակել:

Մինչկլինիկական փորձարկումների ժամանակ հիդրոքսիքլորոքինն իր արդյունավետությունը կորոնավիրուսի հարցում հաստատել է, սակայն կլինիկական հետազոտությունների ժամանակ այն չի ապացուցվել: Ֆրանսիայում դեղամիջոցն օգտագործվել է ազիթրոմիցին հակաբիոտիկի հետ. ոչ մեծ ընտրությամբ փորձարկումների արդյունքում վիրուսային մասնիկների քանակն օրգանիզմում նվազել է՝ ի տարբերություն դրանցից հրաժարվածների կամ այլ հիվանդանոցներում բուժվողների:

Վերջին հանգամանքը, սակայն, փորձագետների կողմից կասկածի է առնվել: Կրկնակի հետազոտություն է իրականացվել Չինաստանում: Նշվել է, որ հիդրոքսիքլորոքինը պետք է օգնի Covid-19-ով վարակվածներին, սակայն բուժում ստացողները միաժամանակ այլ հակաբիոտիկներ ու հակավիրուսներ են ընդունել, ուստի միանշանակ պնդել հնարավոր չէ:

Գիտնականները քլորոքինի արդյունավետության գնահատման հարցում հիմնվում նրա՝ մինչկլինիկական փուլում ցուցաբերած արդյունավետության ապացույցների վրա: Սակայն նշում են, որ քլորոքինն ու հիդրոքսիքլորոքինը փոխում են pH գործոնները, որոնք անհրաժեշտ են SARS-CoV-2 վիրուսի կրկնապատկման համար: Երկուսն էլ կարող են դերակատարում ունենալ վիրուսի նկատմամբ իմունային պատասխանի թուլացման գործում և դրանով ազդեցություն ունենալ որոշ պացիենտների մահացության հարցում:

Վերջին պարագայում մասնագետները նշում են, որ իմունային համակարգի թուլացումը կարող է մարդուն խոցելի դարձնել նաև այլ հիվանդությունների համար: Ուստի նրանք խորհուրդ են տալիս իմունային համակարգը ճնշող դեղամիջոցների հարցում զգուշավորություն ցուցաբերել:

Ռեմդիսիվիր

Այս դեղամիջոցը ստեղծվել է Էբոլայի տենդի բուժման համար: Ապացուցվել է, որ մարդու համար այն անվնաս է: Մկների և բջջային մշակումներում արված լաբորատոր փորձարկումները ցույց են տվել, որ այն արգելափակում է մի շարք այլ տեսակների կորոնավիրուսների բազմացումը: Ներկայումս ռեմդիսիվիրը կլինիկական փորձարկումներ է անցնում ԱՄՆ-ում և Չինաստանում: Վերջինում արվող հետազոտությունների արդյունքները հայտնի պիտի լինեն մոտ օրերս:

Ամերիկյան մասնագետները նշել են, որ որոշ դեպքերում դրա կիրառումից հետո պացիենտների մոտ դրական փոփոխություն նկատվել է, սակայն վերջնական արդյունավետության ապացույցներ չունեն: Այս դեպքում փորձարկումների արդյունքների մասին տեղեկություններ կհրապարակվեն 6-7 շաբաթ անց:

Ավելի վաղ հաղորդվել է, որ ռեմդիսիվիրը գործում է ՌՆԹ-կախյալ ՌՆԹ պոլիմերազների զսպման (ինհիբացման) միջոցով. SARS-CoV-2 վիրուսը բազմացման համար օգտագործում է հենց այդ ֆերմենտը: Հյուսիսային Կարոլինայի համալսարանում, օրինակ, ցույց է տրվել, որ ռեմդիսիվիրն արդյունավետ է ոչ միայն սովորական մրսածության, այլև SARS կորոնավիրուսի և MERS-ի դեմ: Այժմ ուսումնասիրվում է SARS-CoV-2-ի դեպքում:

Վերջերս 53 պացիենտի մասնակցությամբ փորձարկում է կատարվել, որի արդյունքներով՝ 63%-ի մոտ դրական փոփոխություն է արձանագրվել, չնայած այդ փորձարկումը չի կարելի համարել պատահական ընտրությամբ և վերահսկվող:

Ռեմդիսիվիրը ներերակային մեթոդով է ներարկվում, ուստի այն հնարավոր է ստանալ միայն հիվանդանոցում: Էմորիի համալսարանից Թիմոթի Շիհենը և նրա գործընկերները EIDD-2801 դեղամիջոցն են ստեղծել՝ հաբի տեսքով: Այն նույնպես արգելափակում է վիրուսի բազմացումը:

Ռիտոնավիր և Լոպինավիր

Կլինիկական փորձարկումների ընթացքում Covid-19-ի դեմ արդյունավետությունը ստուգելու համար օգտագործվել են նաև ռիտոնավիր և լոպինավիր դեղամիջոցները (նախատեսված են ՄԻԱՎ-ի դեմ): Առաջին արդյունքները չեն հաստատել դրանց արդյունավետությունը: Դրանք ունեցել են միայն սովորական թերապևտիկ արդյունք: Այն նույնպես զսպում է պրոթեազները, սակայն, ինչպես նշել են մասնագետները, կորոնավիրուսի դեպքում դժվար թե գործի:

Այդուհանդերձ՝ ԱՀԿ-ում իրականացված հետազոտության շրջանակներում պացիենտների մի մասը ստանում է այդ դեղամիջոցը, իսկ մի մասն էլ այն ստանում է ինտերֆերոն բետայի հետ միաժամանակ: Վերջինս իմունային պատասխանի հզոր կազմակերպիչ է, ուստի այն պետք է զգուշությամբ օգտագործել:

SARS-ով և MERS-ով վարակված մկների դեպքում այն վարակվածությունը դադարեցրել է: Սակայն ավելի բարդ դեպքերում անօգուտ է գտնվել: Այսպիսով՝ նմանատիպ դեղամիջոցն արդյունավետ կարող է լինել վարակվածության միայն նախնական շրջանում:

Իմունային համակարգի զսպիչներ (ինհիբիտորներ)

Գիտնականները դիտարկում են նաև մի շարք այլ դեղամիջոցներ, որոնք ուղղված են Covid-19-ի ծանր դեպքերում առաջացող իմունային հզոր պատասխանի թուլացմանը: Խնդիրն այն է, որ թոքերում իմունային համակարգի կողմից ստեղծված բջիջների մեծ քանակությունը հանգեցնում է մահվան («ցիտոկինային փոթորիկ»): Վարակվածության ծանր դեպքերում բազմաթիվ պացիենտների մոտ դիտվել է բորբոքային սպիտակուցի (ինտերլեյկին 6 կամ IL-6) բարձրացած մակարդակ:

Չինաստանում իրականացված փորձարկումները ցույց են տվել, որ Ակտեմրա դեղամիջոցը կարող է ոչ վատ արդյունք ցույց տալ: Արտադրող Roche ընկերությունը սկսել է կլինիկական վերահսկվող երրորդ ֆազի փորձարկումները:

ԱՄՆ-ում գիտնականների խումբը ներկայումս այսպես կոչված կույր պլացեբո-վերահսկվող կլինիկական փորձարկումներ են իրականացնում նմանատիպ մեկ այլ դեղամիջոցի՝ սարիլումաբի արդյունավետության ստուգման համար: Այն նշանակվելու է միայն ծանր դեպքերում:

Առողջացած պացիենտների արյան պլազմա

Բուժման հարցում սա մեկ այլ մոտեցում է: Կորոնավիրուսով վարակված և առողջացած պացիենտների արյան պլազման այդ վիրուսի դեմ հակամարմիններ է պարունակում: Կլինիկական փորձարկումներն արդեն ընթանում են:

Այս կամ այն հիվանդությունից առողջացածների արյամբ մյուսներին բուժելու գործընթացը վաղուց է կիրառվում: 1930-ականներին արյուն էին վերցնում պոլիոմիելիտով վարակված ձիերից, 2014թ.՝ Էբոլա տարած պացիենտներից: Սակայն SARS-CoV-2-ի դեպքում այդ առանձնահատկությունը դեռևս հիմնավորված չէ: Մասնագետները նշում են, որ բավարար չափով հակամարմիններ պարունակող արյան պլազմա վերցնելը դյուրին գործ չէ, բայց այդ՝ խնդիր է դոնորների քանակը: Որոշ կազմակերպություններ դիտարկում են պլազման արհեստական ճանապարհով ստանալու հարցը: Մի շարք հիվանդանոցներ փնտրում են կամավորների:

Նշենք, որ վերոնշյալ դեղամիջոցներից ոչ մեկը Covid-19-ի բուժման հարցում արդյունավետությունը դեռ վերջնական չի ապացուցել: Սակայն սպասվում է, որ առաջիկա շաբաթների ընթացքում կստացվեն շատ հարցերի պատասխաններ, երբ հայտնի կլինեն կլինիկական փորձարկումների արդյունքները:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021