Շատ է խոսվում ԱՄՆ կողմից ցեղասպանության ճանաչման մասին. որքանո՞վ է դա ճիշտ, և ի՞նչ կտա ճանաչումը — Շեշտ.am (shesht.am)
9 րոպե
Խմբագրություն

Շատ է խոսվում ԱՄՆ կողմից ցեղասպանության ճանաչման մասին. որքանո՞վ է դա ճիշտ, և ի՞նչ կտա ճանաչումը

FAQ
Խմբագրի ընտրությունը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփ / ©usnews.com

Օրերս անդրադարձել էինք Թուրքիայի Մեջլիսի պատգամավորի այն հայտարարությանը, որով առաջարկվել էր Ս-400 ԶՀ համալիրները շահագործման հանձնել ավելի շուտ, քան նախանշել էր նախագահ Էրդողանը:

Ինչի՞ մասին է խոսքը

Թուրքիայի նախագահը նշել էր, որ համալիրները 2020թ. ապրիլին կսկսեն մարտական հերթապահություն իրականացնել: Մինչդեռ պատգամավորի առաջարկությունը պայմանավորված էր ապրիլքսանչորսյան օրակարգի շրջանակներում ԱՄՆ-ի համար առիթ չստեղծելու անհանգստությամբ:

Ապրիլի 24-ին ընդառաջ արդիական են դառնում ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման շուրջ քննարկումները: Մասնավորապես, հայ ժողովուրդը սպասում է ամերիկյան նախագահների ցավակցական ուղերձին, որտեղ կնշվի «ցեղասպանություն»՝ «genocide» եզրույթը: Բայց այն դեռ չի հնչել:

Մեջլիսի պատգամավոր Օզթյուրք Յըլմազը ենթադրում է, որ եթե Թուրքիան Ս-400-ները 2020թ. ապրիլին հանձնի շահագործման, ապա Վաշինգտոնն այս անգամ Անկարայի վրա ճնշում գործադրելու համար կարող է ամբողջությամբ ճանաչել ցեղասպանությունը՝ ունենալով «բարկանալու» շարժառիթը:

Ինչո՞ւ է հիմա խոսվում ճանաչման մասին

Թեև շատ մասնագետների կարծիքով` ԱՄՆ վերջին` Միսիսիպի նահանգի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը կհանգեցնի գործադիր մարմնի կողմից ընդունման, բայց կան նաև կարծիքներ, որ 49 նահանգների կողմից ճանաչումը Թուրքիայի նկատմամբ քաղաքական հարցերի շրջանակներում հանդիսանում է միայն ճնշում ԱՄՆ-ի կողմից:

Իսկ Ս-400-ների ձեռքբերման շրջանակներում ամերիկյան կողմը բազմիցս հայտարարել է, որ այդ գործարքն անհանգստացնում է Նահանգներին: Վերջինս կասեցրել է Թուրքիայի համար Ֆ-35 կործանիչների արտադրման գործընթացը, սպառնացել նաև այլ պատժամիջոցներով (CAATSA): Եվ քանի որ ցեղասպանության ճանաչումը քաղաքական գործընթաց է, ապա ԱՄՆ-ը պատժամիջոցների շարքում անդրադառնում է նաև այս հարցին:

Մասնավորապես, Հայոց ցեղասպանության ընդունման բանաձևի համահեղինակ, 2020թ. ԱՄՆ նախագահի ընտրությունների դեմոկրատ թեկնածու Բերնի Սանդերսը հայտարարել է, որ բանավեճն ավարտված է` խոստանալով ճանաչել ցեղասպանությունը:

Ի՞նչ մասնակցություն ունի ԱՄՆ-ը Հայկական հարցի լուծման գործընթացում

Նախ` դեռևս 1920թ. ապրիլի 25-26-ին Սան-Ռեմոյի կոնֆերանսին, ապա օգոստոսիի 10-ի՝ Սևրի պայմանագրի ստորագրմանը պետք է հաջորդեր ԱՄՆ իրավարար (արբիտր) նախագահի կողմից միացյալ ու դեպի ծով ելք ունեցող Հայաստանի մանդատի ստանձնումը:

Սևրի պայմանագրի 89-րդ հոդվածի համաձայն՝ Էրզրումի, Տրապիզոնի, Վանի և Բիթլիսի վիլայեթներում Թուրքիայի և Հայաստանի միջև սահմանատումը թողնվում էր ԱՄՆ-ի որոշմանը և ընդունվում էին ինչպես նրա որոշումը, այնպես էլ այն բոլոր միջոցառումները, որոնք նա կարող էր առաջարկել Հայաստանին դեպի ծով ելք տալու և նշված սահմանագծին հարող օսմանյան բոլոր  տարածքների ապառազմականացման վերաբերյալ:

Նույն թվականի նոյեմբերի 22-ին նախագահ Վիլսոնը ներկայացնում է իր վճիռը, որով Հայաստանն ունենալու էր շուրջ 103 հազ.քմ տարածք և ելք դեպի Սև ծով: Սակայն հայ-թուրքական պատերազմն ու Հայաստանի խորհրդայնացումն ընդհատեցին այդ գործընթացը:

Այդուամենայնիվ, Վիլսոնի իրավարար վճիռը չունի ժամանակային սահմանափակում: Այն կախված չէ հետագա ճակատագրից, ինչպես նաև ենթակա չէ չեղարկման: Ուստի այսօր էլ ԱՄՆ-ի նախագահը, որի պաշտոնական դիրքորոշումը հանդիսանում է երկրի դիրքորոշում, իրավասու է կայացնելու շուրջ 100 տարի առաջ սահմանված իրավարարությունը:

Ցեղասպանության ճանաչումն ԱՄՆ-ի կողմից նշանակություն ունի՞

Բազմաթիվ հասարակական ու քաղաքական գործիչներ վստահ են, որ եթե ԱՄՆ-ը ճանաչի ցեղասպանությունը, ապա Թուրքիան ևս կճանաչի, ինչու չէ՝ նաև կվերադարձնի մեր հողերը:

Այս մոտեցումը պայմանավորված է նրանով, որ այդ երկու երկրները ՆԱՏՕ դաշնակիցներ են, և մեկի քաղաքական որոշումը չի կարող չանդրադառնալ մյուսի վրա: Բացի այդ, ԱՄՆ-ը համարվում է գերտերություն, որն ի վիճակի է իր կամքը թելադրելու Անկարային:

Սակայն վերջինս Ս-400-ների շրջանակներում ցույց տվեց, որ կարող է վարել ինքնուրույն արտաքին քաղաքականություն և չի պատրաստվում իր շահը ստորադասել դաշնակից երկրների շահերին:

Մյուս հանգամանքը ԱՄՆ-ում ցեղասպանությունից փրկվածների ու նրանց սերունդների մեծ համայնք կա, որը ճանաչումից հետո Վաշինգտոնից կպահանջի իր իրավունքների վերականգնում և փոխհատուցում:

ԱՄՆ-ի ճանաչմամբ հողերը կվերադարձվե՞ն

Վերոնշյալ իրավարարության հարցերին բազմիցս անդրադարձել է «Մոդուս Վիվենդի» կենտրոնի հիմնադիր Արա Պապյանը: Նրա համոզմամբ` ԱՄՆ-ը եղել է աշխարհի առաջին պետությունը, որը կառավարության հատուկ որոշմամբ 1953թ-ին գրավոր միջազգային դատարանին տեղյակ է պահել այն մասին, որ հայերի հանդեպ 1915թ-ին իրականացրածը ցեղասպանություն է և նշել «genocide» բառը:

Մինչդեռ, Արա Պապյանը մատնանշում է, որ մեր իրավունքները խարսխված չեն Ցեղասպանության ճանաչման փաստի վրա: Նա կասկածում է, թե ԱՄՆ-ի նախագահի կողմից այդ բառն արտասանելը կհանգեցնի նաև Թուրքիայի կողմից ճանաչման, կամ վերջինս ընդունելուց հետո կվերադարձնի տարածքները:

Պապյանը հիշեցնում է, որ Ցեղասպանության ճանաչումն ու տարածքների վերադարձը մեկը մյուսից չեն բխում: Ըստ նրա՝ այս հարցում հենքը պետք է դնել փաստաթղթերի վրա: Առաջարկվող տարբերակներից մեկը Հաագայի և ՄԱԿ-ի միջազգային դատարանների միջոցով հարցի իրական լուծումը` տարածքների վերադարձը և փոխհատուցումն ապահովելն է, և ոչ թե աշխարհաքաղաքական շահարկումների գործոն դառնալը:

FAQ
Խմբագրի ընտրությունը

Ամենաընթերցվածը

[miniorange_social_login]

Մեկնաբանությունները

Գրել մեկնաբանություն
Հաստատեք
Մուտք գործեք
Մուտք գործելով Դուք համաձայնվում եք կայքի օգտագործման օրենքների հետ.