Տուգանային միավորները կիրառվելու են սեփականատիրոջ կամ տվյալ մեքենայի շահագործման իրավունքն ունեցող վարորդի նկատմամբ: Առանց շահագործողի մեքենան չի հաշվառվի:
ՀՀ Ազգային ժողովը դեկտեմբերի 9-ի նիստում 60 կողմ, 36 դեմ և 3 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ ընդունեց Կառավարության կողմից ներկայացված օրենսդրական նախաձեռնությունների փաթեթը, որոնցով ճանապարհային երթևեկությունում ներդրվում է այսպես կոչված «բալային համակարգը»:
Այն ենթադրում է դրամական տուգանքներից բացի նաև տուգանային միավորների կիրառում: Նախագիծը դրական եզրակացություն էր ստացել դեռևս սեպտեմբերին: Բարգավաճ Հայաստան և Լուսավոր Հայաստան կուսակցությունները դեմ են քվեարկել փոփոխություններին:
Նախագծի հեղինակի հիմնավորմամբ՝ այս փոփոխությունների արդյունքում կարգազանց վարորդները դուրս կմղվեն երթևեկությունից: Նախատեսվում է, որ հաճախակի խախտումներ կատարող վարորդների նվազեցումը կբերի ՃՏՊ-ների և դրանց հետ նաև զոհերի ու վիրավորների թվի նվազմանը: Միաժամանակ՝ կբեռնաթափվեն նաև փողոցները:
Վարորդական իրավունքի վկայականը ստանալու պահին վարորդին տրամադրվում է 9 միավոր: Դրանից 1 տարվա ընթացքում նվազեցվում են 0,5, 1, 2, 3 և 4 միավորներ՝ համապատասխան խախտումների դեպքում: Վկայական ունեցող վարորդներին ևս ամեն տարի տրվում է 9 միավոր: Նախորդ տարվա չմարված միավորները չեն գումարվում հաջորդ տարվա միավորներին:
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքում կատարվող փոփոխության համաձայն՝ տուգանային միավորի չափը սահմանվում է՝ ելնելով վարչական իրավախախտման հանրային վնասակարության աստիճանից, քանակից, զոհերով և վիրավորներով ՃՏՊ-ների պատճառ կամ նպաստող պայման հանդիսանալու հանգամանքից: Դրանցից են, օրինակ, արագությունը գերազանցելը, ալկոհոլի ազդեցության տակ վարելը, հոծ գիծը հատելը:
Տուգանային միավորները սպառելու դեպքում վարորդը 6 ամսով զրկվում է վարորդական իրավունքի վկայականից (ապաակտիվանում է): 6 ամիս հետո 9 միավորը վերականգնվում է: 1 տարվա ընթացքում կրկնվելու դեպքում 1 տարով է ապաակտիվանում վկայականը: Տուգանային միավորների ներդրմանը զուգահեռ՝ մի շարք խախտումների համար դրամային տուգանքի չափը նվազել է, քանի որ խնդիրը «բյուջեն լցնելը չէ, այլ՝ կյանքեր փրկելը»:
Եթե տուգանային միավորների վերաբերյալ ամբողջական տեղեկատվությունը կարող եք գտնել «Վարչական իրավախախտումների մասին» օրենսգրքում, ապա դրանով նախատեսվող տուգանային միավորների կիրառման որոշ մանրամասներ կարգավորվում են «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքով:
Մասնավորապես, հարց է առաջանում, թե ինչպե՞ս են կիրառվելու տուգանային միավորների մեքենայի վարորդի նկատմամբ: Օրինակ՝ մեքենայի սեփականատերը վարորդը չէ. այս դեպքում, համաձայն կատարված փոփոխության, սահմանվում է տրանսպորտային միջոցի հստակ շահագործող, ում նկատմամբ էլ կիրառվելու է տույժը:
Այսպես, եթե մեքենայի սեփականատերը չունի այն վարելու իրավունքը, ապա հաշվառելիս ներկայացնում է շահագործողի մասին տվյալներ: Տույժերն ու տուգանային միավորները կատարվում են վերջինիս նկատմամբ: Սեփականատերը պարտավոր է ներկայացնել 1 շահագործողի: Վերջինի փոփոխության դեպքում ներկայացվում է նոր շահագործող: Եթե նա չկա, ապա մեքենան չի հաշվառվում:
Ստացվում է, որ անկախ նրանից, թե ով կլինի մեքենայի ղեկին, տուգանային միավորները կիրառվելու են սեփականատիրոջ, իսկ նրա՝ վարելու իրավունք չունենալու դեպքում հաշվառված շահագործողի նկատմամբ:
Կատարված փոփոխությամբ սահմանվում է, որ տվյալ տարում տրված միավորների մնացորդը 3 և պակաս լինելու դեպքում վարորդն իր ցանկությամբ կարող է հանձնել վարորդական վկայական ստանալու տեսական քննություն: Այն դրական հանձնելու դեպքում 2 միավորը վերականգնվում է: Նման քննություն հնարավոր է հանձնել տվյալ տարում միայն մեկ անգամ:
Տուգանային միավորները սպառելուց հետո մեքենան վարելու իրավունքի կասեցման ժամկետի առնվազն կեսն անցնելուց հետո անձն իր ցանկությամբ կարող է հանձնել վարորդական վկայական ստանալու տեսական քննություն: Այն դրական հանձնելու դեպքում կասեցված իրավունքը վերականգնվում է:
Մեկ տարվա ընթացքում երկրորդ անգամ տուգանային միավորները սպառելու դեպքում վարորդը կարող է ժամկետից շուտ վերականգնել կասեցված իրավունքը՝ դրական հանձնելով արդեն ոչ միայն տեսական, այլև գործնական քննությունները:
Հավելենք, որ օրենսդրական փոփոխություններն ուժի մեջ են մտնելու պաշտոնական հրապարակումից 6 ամիս հետո: Հենց այդ ժամանակ էլ տվյալ պահին վարորդական վկայական ունեցողները կստանան 9 միավոր՝ մեկ տարի ժամկետով:
Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…
Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…
Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…
Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…
Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…
Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…