Հունվարի 1-ից ԵԱՏՄ տարածք ներկրվող անձնական իրերի վերաբերյալ փոփոխություններ են լինելու

Մինչև 200 եվրո արժեքով և (կամ) 31 կգ անձնական օգտագործման պարագաների դեպքում սահմանված է 0 հարկ, իսկ գերազանցող մասը կհարկվի 15%-ով: Կվերացվի նաև հաճախականության սահմանափակումը. նախկին 1 ամսվա սահմանափակումը չի լինի:

ՀՀ Պետական եկամուտների կոմիտեն հայտարարություն է տարածել՝ տեղեկացնելով, որ 2020թ. հունվարի 1-ից փոփոխություններ են տեղի ունենալու անձնական օգտագործման ապրանքները փոխադրողի կողմից կամ միջազգային փոստային առաքանիներով Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) մաքսային տարածք ներմուծելու կարգում:

0 հարկ, 0 մաքսատուրք, եթե իսկապես «անձնական» է

Փոփոխությունը ենթադրում է, որ հարկման չափը կլինի 0, եթե ընդհանուր արժեքը չի գերազանցում 200 եվրոն և (կամ) քաշը չի գերազանցում 31 կգ-ը: Այստեղ պետք է ուշադրություն հրավիրել այն հանգամանքի վրա, որ խոսքը բացառապես անձնական օգտագործման ապրանքների մասին է:

2014թ. դեկտեմբերի 17-ի «Մաքսային կարգավորման մասին» թիվ 241-Ն ՀՀ օրենքի 249-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն`ՀՀ-ում օրենքով սահմանված կարգով անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց կողմից ապրանքների ներմուծումը դիտարկվում է որպես ձեռնարկատիրական գործունեության նպատակով իրականացվող ներմուծում, եթե ֆիզանձանց կողմից ՀՀ ներմուծվող ապրանքների չափաքանակները (այդ թվում` ըստ Միության անդամ հանդիսացող կամ չհանդիսացող երկրների) գերազանցում են ՀՀ կառավարության սահմանած` ներմուծվող ապրանքների ակնհայտ առևտրային չափաքանակները:

Այդ չափաքանակների ամբողջական ցանկին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով: Բայց առանձնացնենք դրանցից մի քանիսը.

Կենդանի կենդանիներ՝ 3 հատ.
Ուտելի մրգեր և ընկույզներ, ցիտրուսային մշակաբույսերի և սեխի կեղևներ և կճեպներ՝ 50 կգ յուրաքանչյուր տեսակից.
Շաքար՝ 50 կգ.
Ծխախոտ և ծխախոտի արդյունաբերական փոխարինողներ՝ 1 կգ.
Բենզին և դիզվառելիք՝ 10 լիտր.
Հագուստի իրեր և պարագաներ, բացի մեքենայագործ կամ ձեռագործ տրիկոտաժեղենից՝ 12 հատ` յուրաքանչյուրից, բայց 24 հատից ոչ ավելի:

15%՝ գերազանցող մասի համար

Եթե ընդհանուր քաշը գերազանցում է 31 կիլոգրամը կամ արժեքը 200 եվրոյից բարձր է, ապա գերազանցող մասի համար պետք է վճարվի մաքսատուրք և հարկ՝ 15% միասնական դրույքաչափով, բայց ոչ պակաս, քան 31 կիլոգրամը գերազանցող յուրաքանչյուր կգ-ի համար 2 եվրոյին համարժեք ՀՀ դրամը:

ՊԵԿ-ը հայտնում է, որ փոփոխությամբ պայմանավորված` մաքսային մարմինները կուժեղացնեն ապրանքների իրական արժեքը պարզելուն ուղղված հսկողությունը: Հավելենք, որ հունվարի 1-ից կատարվող փոփոխությունները նախատեսված են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2017թ. դեկտեմբերի 20-ի թիվ 107 որոշմամբ:

Ժամկետների մասին

Կատարվող փոփոխության համաձայն՝ 2020թ. հունվարի 1-ից կվերացվեն նաև առանց մաքսատուրքերի և հարկերի վճարման ֆիզիկական անձանց կողմից փոխադրողի միջոցով կամ միջազգային փոստային առաքումներով ՀՀ ներմուծվող անձնական օգտագործման ապրանքների հաճախականության սահմանափակումները:

Մինչև հունվարի 1-ը մեկ ֆիզիկական անձի հասցեով 1 օրացույցային ամսվա ընթացքում 500 եվրոյին համարժեք գումարը և 31 կգ-ը գերազանցելու դեպքում էին սահմանվում վճարներ: Հունվարի 1-ից հաճախականության այդ սահմանափակումը վերացվում է: Խոսքն ինչպես փոխադրողի կողմից, այնպես էլ փոստային առաքանիներով ուղարկվող անձնական օգտագործման ապրանքներին է վերաբերում:

ԱԺ պատգամավոր, Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Վահե Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում նույնպես անդրադարձել է սահմանափակման վերաբերյալ փոփոխությանը՝ նշելով, որ քաղաքացին կարող է նույնիսկ ամեն օր օգտվել կարգից՝ նախկին մեկ ամսվա սահմանափակման փոխարեն: Պարզապես դա չպետք է կրի խախտման բնույթ, հակառակ դեպքում ՊԵԿ-ի կողմից կարող է իրականացվել անձնական օգտագործման ապրանքի իսկությունը պարզելուն ուղղված միջոցառում:

Նշենք նաև, որ անհրաժեշտ է պահպանել վերը նշված՝ ակնհայտ առևտրային չափաքանակների մասին կարգավորման դրույթները:

Իսկ ի՞նչ կարգ է գործում մինչև հունվարի 1-ը

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2017թ. դեկտեմբերի 20-ի թիվ 107 որոշման համաձայն՝ մինչև 2019թ. դեկտեմբերի 31-ը ներառյալ անձնական օգտագործման ապրանքները (բացառությամբ էթիլ սպիրտի, ալկոհոլային խմիչքների, գարեջրի, անձնական օգտագործման չմասնատվող ապրանքների) փոխադրողի կողմից ԵԱՏՄ մաքսային տարածք առաքելու դեպքում, եթե արժեքը գերազանցում է 500 եվրոյին համարժեք գումարը, և (կամ) քաշը 1 օրացուցային ամսվա ընթացքում գերազանցում է 31 կգ-ը, ապա մաքսատուրքերի և հարկերի միասնական դրույթաչափը կազմում է արժեքի 30%-ը, բայց 4 եվրոյից ոչ պակաս՝ 1 կգ քաշի համար՝ արժեքային և (կամ) քաշային նորմերի գերազանցման մասով:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021