Հայաստանը «կոնյակ» անվանումից հրաժարվելու համար 3 մլն եվրո կստանա

Կառավարությունը հավանություն է տվել Հայաստանի և ԵՄ-ի միջև ֆինանսավորման համաձայնագրին, որը նպատակ ունի խթանել Հայաստանում արտադրվող ապրանքների համար «Կոնյակ» նշումի օգտագործման «սահուն և արդյունավետ դադարեցումը»: Տնտեսվարողներն աջակցություն են ստանալու հայկական կոնյակի համար նոր անվանում մշակելու և տարածելու համար։

Կառավարությունը հունիսի 10-ին հավանություն է տվել Հայաստանի և Եվրոպական Միության միջև ֆինանսավորման համաձայնագրին, որը նպատակ ունի խթանել Հայաստանում արտադրվող ապրանքների համար Եվրամիության «Կոնյակ» աշխարհագրական նշումի օգտագործման «սահուն և արդյունավետ դադարեցումը»:

Համաձայնագրով նախատեսվում է աջակցություն Հայաստանի արդյունաբերությանը՝ արտահանման շուկաներում իր մրցունակ դիրքը պահպանելու համար: Մասնավորապես, տնտեսվարողներն աջակցություն են ստանալու հայկական կոնյակի համար նոր անվանում մշակելու և ներքին ու արտահանման ավանդական շուկաներում նոր անվանումը խթանելու, գովազդելու և շուկայահանելու հարցերում։

Կառավարության հիմնավորման համաձայն` ծրագրի շրջանակներում հայկական կոնյակի անվանման օգտագործումը դադարեցնելու և նոր անվանումը խթանելու համար լիազորված համապատասխան մարմինների համար կարողություններ են զարգացվելու:

Նշվում է, որ նոր ապրանքանիշ է մշակվելու` «հիմնված ընթացիկ նախաձեռնությունների ուսումնասիրության և գնահատման, տեղական ու արտահանման ավանդական շուկաների համար նախատեսված շուկայահանման պլանի հիման վրա՝ ներառելով ապրանքանիշի դիրքավորումը, գաղափարախոսությունը, պատմության ներկայացումը, անվանումը, կարգախոսը, տարբեր թիրախային շուկաների համար գովազդային արշավի ճանապարհային քարտեզը և այլն»։

Համաձայնագրով նախատեսվող ծրագիրը ֆինանսավորվում է Եվրամիության բյուջեից` Եվրոպական հարևանության գործիքի շրջանակներում: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 3 մլն եվրո:

Ինչպես հաղորդվում է, ծրագրի ընդհանուր ուղղվածությունը վերահսկելու համար ստեղծվելու և գործելու է ղեկավար կոմիտե: Այն կազմված կլինի Հայաստանում Եվրամիության պատվիրակության, Հայաստանի էկոնոմիկայի նախարարության և այլ շահառու մարմինների ներկայացուցիչներից։

Կառավարության հիմնավորմամբ` Համաձայնագրի իրականացումը հնարավորություն կտա ներքին և արտահանման ավանդական շուկաներում հասնելու հայկական կոնյակի նոր անվանման ճանաչելիությանը:

Հիշեցնենք, որ «կոնյակ» անվանումից հրաժարումը նախատեսված է դեռևս 2017թ. ստորագրված Համապարփակ և ընդլայնված համագործակցության մասին համաձայնագրով, որն ուժի մեջ է մտել ս.թ. հունվարի 1-ից: Այն նախատեսում է հրաժարում նաև «շամպայն» անվանումից:

Հայաստանի Գինու ազգային կենտրոնի ղեկավար Ավագ Հարությունյանի խոսքով` «հայկական կոնյակն» այդ անվանումով ներկայումս արտահանվում է միայն հետխորհրդային երկրներ: Եվրոպական երկրներում այն ներկայացվում է որպես բրենդի:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021