«Սրտումս Երևան». մայրաքաղաքը դարձավ 2801 տարեկան

Առաջին անգամ Երևանի տոնը նշվել է 1968թ.: 2750-ամյակից հետո քաղաքի տոնն այսպիսի շուքով չեն նշվել 1991-1998 թվականներին:

Հայաստանի մայրաքաղաքն այսօր նշում է հիմնադրման 2801-ամյակը, իսկ տոնի կարգախոսն է «Սրտումս Երևան»: Երևանի տոնին նվիրված հիմնական միջոցառումները մեկնարկելու են երեկոյան ժամը 19:00-ից և կտևեն մինչև 22:00-ն:

Այս տարի որոշվել է Հանրապետության Հրապարակում մեկ բեմով միջոցառում անցկացնելու փոխարեն տոնական տրամադրություն հաղորդել ամբողջ քաղաքին: Այսպիսով՝ Երևանի 12 վարչական շրջաններից յուրաքանչյուրում ամբողջ երեկոյի ընթացքում հնչելու է տարբեր ոճերի երաժշտություն՝ ռոք, փոփ, դասական, էլեկտրոնային, մանկական, ժողովրդական, ազգագրական և այլն:

Պաշտոնական միջոցառում կլինի Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում, որտեղ մեկ տարվա կատարված աշխատանքների մասին հաշվետվություն է ներկայացվելու։

Ինչո՞ւ հոկտեմբերի 19-ին

Սովորաբար Երևանի տոնը նշվել է հոկտեմբեր ամսին: ՀՀ կառավարության 2005թ. հունիսի 23-ի 822-Ն որոշմամբ սահմանված է, որ Երևանի օրը պետք է նշվի հոկտեմբեր ամսվա երկրորդ շաբաթ օրը: Սակայն երբեմն անհրաժեշտ է լինում փոփոխել այդ որոշումը:

Այս տարի, որոշման համաձայն, տոնակատարությունը պետք է տեղի ունենար հոկտեմբերի 12-ին, սակայն Երևանն այլ միջոցառումներ էր հյուրընկալել ամսվա սկզբին, ուստի ավելի նպատակահարմար է համարվել ավելի ուշ անցկացնել: Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի առաջարկությամբ է Երևանի օրը նշվում հոկտեմբերի 19-ին:

Նախարարի խոսքով` այսօրվա միջոցառումներին մասնակցում են օտարերկրյա բազմաթիվ հյուրեր, քույր քաղաքների ներկայացուցիչներ, հայրենակիցներ, ուստի առաջարկվում է տոնական միջոցառումների համար ավելի ճկուն օր սահմանել:

Այս տարվա միջոցառումների կազմակերպման համար հատկացված ծախսերը կազմում են մոտ 150 մլն դրամ՝ ի տարբերություն նախորդ տարվա 500 մլն-ից ավելի ծախսված գումարի: Ընդ որում` 2018թ. Երևանի տոնը նշվել է սեպտեմբերի 29-30-ին՝ պայմանավորված հոկտեմբերին ՀՀ-ում կայանալիք Ֆրանկոֆոն պետությունների և կառավարությունների ղեկավարների գագաթնաժողովի անցկացմամբ:

Ե՞րբ է նշվել առաջին անգամ

Էրեբունի-Երևան տոնակատարությունն առաջին անգամ նշվել է 1968թ.՝ Էրեբունի ամրոցի հիմնադրման 2750-ամյակի կապակցությամբ: Հատուկ այդ միջոցառման համար գրվել է «Էրեբունի-Երևան» երգը (խոսքը՝ Պարույր Սևակի, երաժշտությունը՝ Էդգար Հովհաննիսյանի): Այն հետագայում դարձել է մայրաքաղաքի օրհներգը:

Երգն առաջին անգամ կատարվել է 2750 հոգուց բաղկացած երգչախմբով: Այդ օրը նաև Հանրապետության հրապարակի մերձակա զբոսայգում բացվել է նույն քանակությամբ ցայտաղբյուրներից բաղկացած շատրվանների համալիրը:

«Երևան-2750» շատրվաններ / ©champord.am

1968թ.-ից հետո Երևանի տոնի չի նշվել միայն 1991-1998թթ.:

Երևան դարձած իմ Էրեբունի,
Դու մեր նոր Դվին, մեր նոր Անի:
Մեր փոքրիկ հողի դու մեծ երազանք,
Մեր դարե կարոտ, մեր քարե նազանք:

Երևան դարձա՜ծ իմ Էրեբունի,
Դարեր ես անցել, բայց մնացել ես պատանի:
Քո Մասիս հորով, քո Արաքս մորով,
Մեծանաս դարով, Երևա՜ն:

Մենք արյան կանչեր ունենք մեր սրտում,
Անկատար տենչեր ունենք դեռ շատ:
Մեր կանչն առանց քեզ իզուր կկորչի,
Առանց քեզ մեր տաք տենչն էլ կսառչի:

Երևան դարձա՜ծ իմ Էրեբունի…

Կյանքում ամեն սեր լինում է տարբեր,
Իսկ մենք բոլորս էլ քեզնով արբել:
Տաք է սերը մեր շեկ քարերիդ պես,
Հին է սերը մեր ձիգ դարերիդ պես:

Երևան դարձա՜ծ իմ Էրեբունի…

Էրեբունի-Երևան երգը / ©KOHAR Symphony Orchestra & Choir

Էրեբունի-Երևանը հիմնադրվել է մ.թ.ա. 782թ.՝ Արգիշթի Առաջինի կողմից: Այդ մասին է վկայում 1950թ. Արին Բերդի տարածքում կատարված պեղումների ժամանակ հայտնաբերված արձանագրությունը: Երևանը Հայաստանի 12-րդ մայրաքաղաքն է:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021