Հայաստանն առաջին անգամ կունենա «Տիեզերական գործունեության մասին» օրենք. (upd.)

Օրենքը կարգավորելու է տիեզերական գործունեության ոլորտը, սահմանվում են հիմնական սկզբունքները: Ակնկալվում է, որ Հայաստանը կդառնա տիեզերքի բնագավառում գործունեություն ծավալելու համար ամենագրավիչ երկրներից մեկը:

ՀՀ կառավարությունն Ազգային ժողով է ներկայացրել «Տիեզերական գործունեության մասին» օրենքի նախագիծ: Քննարկումը նախատեսված է ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի օրակարգում: Մինչ օրս Հայաստանում այս ոլորտը կարգավորվել է բացառապես միջազգային պայմանագրերով:

Օրենքի հիմնական նպատակներն են տիեզերական գործունեության ոլորտում Հայաստանի Հանրապետության տնտեսության, գիտության, տեխնոլոգիայի զարգացումը, անվտանգության ամրապնդումը, Հայաստանի միջազգային համագործակցության ընդլայնումը: Օրենքը պետք է կարգավորի տիեզերական գործունեության կազմակերպման և իրականացման հետ կապված հարաբերությունները Հայաստանում:

Տիեզերական գործունեության ոլորտում լիազոր մարմինը Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունն է: Այն իրականացնում է պետական քաղաքականությունը, միջազգային համագործակցությունը և այլն: Օրենքի նախագծով տիեզերական գործունեության իրականացման սկզբունքներ են ամրագրվում՝

— տիեզերական գիտության ձեռքբերումների և տեխնիկայի օգտագործման միջոցով միջազգային անվտանգության և խաղաղության պահպանման աջակցում.
— տիեզերական գործունեության անվտանգության և շրջակա միջավայրի պահպանման ապահովում.
— տիեզերական գործունեության բնագավառում Հայաստանի Հանրապետության համար հավասար և փոխշահավետ համագործակցության ապահովում.
— տիեզերական գործունեության ոլորտում Հայաստանի Հանրապետության միջազգային պատասխանատվության ապահովում.
— գիտական, սոցիալ-տնտեսական նպատակներով կիրառվող տիեզերական տեխնիկայի ռացիոնալ համադրության և հավասարակշռված զարգացման ապահովում:

Տիեզերական գործունեության համար անհրաժեշտ է լիցենզավորում, որի կարգը սահմանում է Կառավարությունը: Վերջինս, օրենքի նախագծի համաձայն, հաստատում է տիեզերական գործունեության բնագավառի զարգացման և ֆինանսավորման ծրագրեր, տիեզերական տեխնիկայի և օբյեկտների գրանցման, շահագործման, մշակման, ստեղծման, փորձարկման կարգերը:

Նախագծով կարգավորման ոլորտի ենթակառուցվածքներ են համարվում՝

— Տիեզերանավակայաններ,
— Մեկնարկային համալիրներ և արձակման կայաններ,
— Կառավարման և չափումների համալիրներ,
— Տիեզերական օբյեկտների թռիչքների կառավարման կենտրոններ և կետեր,
— Տեղեկատվության ընդունման, պահպանման և մշակման կետեր,
— Տիեզերական տեխնիկայի պահպանման բազաներ,
— Տիեզերական օբյեկտների մասնատվող թափոնների անկման վայրեր,
— Տիեզերական օբյեկտների վայրէջքի համար նախատեսված տարածքներ (պոլիգոններ) և թռիչքային-վայրէջքային գծեր,
— Տիեզերական տեխնիկայի մշակման համար փորձարարական բազայի օբյեկտներ,
— Տիեզերագնացների նախապատրաստման համար կենտրոններ և սարքավորումներ,
— Տիեզերական գործունեության իրականացման համար օգտագործվող այլ կառուցվածքներ և տեխնիկա:

Կառավարությունն ակնկալում է, որ Հայաստանը կդառնա տիեզերքի բնագավառում գործունեություն ծավալելու համար ամենագրավիչ երկրներից մեկը: Նախագծով նախատեսվում է սահմանել հարկային արտոնություններ՝ մինչև 2030թ. տիեզերքի բնագավառում գործունեություն ծավալելու համար, որպեսզի այդ ոլորտում գործող ընկերությունները շահագրգռված լինեն Հայաստանում այդ գործունեությունը ծավալելու:

UPD. ՀՀ Ազգային ժողովի Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել օրենքի նախագծին: Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանն իր հերթին կոչ է արել բոլորին՝ աջակցել տիեզերական գործունեության ոլորտում Հայաստանի համար հաջողությունների նախադրյալների ստեղծման գործընթացին:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021