Վթար` էներգետիկ համակարգում. պարզաբանում (upd.)

«Վտանգավոր բան չկա, ուղղակի խոշոր վթար է եղել»: Էլեկտրաէներգիայի մատակարարումն աստիճանաբար վերականգնվում է:

Ստեղծված իրադրության վերաբերյալ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը պարզաբանել է, որ խնդիրը կապված է էներգետիկ համակարգում վթարի հետ, անջատվել են Երևանի ՋԷԿ-ը և Հրազդանի 5-րդ բլոկը: Փոխվարչապետ նշել է, որ աշխատանքներ են տարվում մինչև 19:00-ն խնդիրը կարգավորելու ուղղությամբ:

Էլեկտրաէներգիայի անջատումների հետ կապված տարհանում է իրականացվել Երևանի Մետրոպոլիտենում:

Հաղորդվում է նաև, որ որոշ հատվածներում խափանված է ջրամատակարարումը, չեն աշխատում վճարային տերմինալները:

UPD. Ստացված տեղեկության համաձայն, թունելների մեջ գնացքներ չկան, բոլոր ուղեւորները տարհանվել են։

Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը տեղեկացնում է, որ մետրոպոլիտենի ամբողջ երկայնքով էլեկտրաէներգիայի մատակարարումը ընդհատվել է: Թունելներում մնացած գնացքները հոսանքը մասամբ վերականգնումից հետո դուրս են բերվել:

Հաղորդվում է, որ Մետրոպոլիտենի աշխատանքը կվերսկսվի միայն էլեկտրաէներգիայի վերջնական կարգավորումից հետո:

UPD 2. ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Հակոբ Վարդանյանը հայտնել է, որ հնարավոր է` մեկ ժամից վերականգնվի 5-րդ էներգաբլոկի աշխատանքը: Դրանով կվերականգնվի ամբողջ էներգամատակարարումը:

Փոխնախարարը նաև տեղեկացրել է, որ Երևանի մետրոպոլիտենում էլեկտրաէներգիայի մատակարարումն արդեն վերականգնված է:

UPD 3. «Վտանգավոր բան չկա, ուղղակի խոշոր վթար է եղել»,- նշել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարարը: Հակոբ Վարդանյանը նաև տեղեկացրել է, որ Տավուշի և Լոռու մարզերի մի մասն այս պահին էլեկտրաէներգիայի մատակարարում է ստանում Վրաստանից, իսկ հարավում Իրանից ներմուծման ռեժիմով են աշխատում:

Նախարարությունը նաև պարզաբանում էր տարածել` կապված վթարի վայրի և պատճառների մասին: Հայտարարության մեջ մասնավորապես նշված է, որ տեղի են ունեցել հաճախականության տատանումներ, որը գործի է դրել կայանների պաշտպանական համակարգերը: Անջատվել է նախ Հրազդան ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկը, ապա` Երևանի ՋԷԿ-ը և մյուս փոքր արտադրողները:

Նախարարությունը տեղեկացնում է, որ ներկայումս տատանումներ չկան, վերականգնվել է կայունությունը: Էլեկտրաէներգիայի մատակարարումն աստիճանաբար վերականգնվում է:

UPD 4. Իրանական կողմում տեղի են ունեցել վթարներ: Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալը նշել է, որ Հայաստանի էներգահամակարգը սինխրոն կապ ունի իրանականի հետ, և տատանումը երկրներից մեկում զգացվում է նաև մյուսում:

Փոխնախարարը տեղեկացրել է, որ հաճախականության ուժեղ տատանումները հնարավոր է տեղի ունեցած լինեն Իրանի էներգահամակարգում նույն ժամանակահատվածում տեղի ունեցած վթարից:

Նրա խոսքով՝ վարկածներից մեկն այն է, որ հաճախականության հզոր տատանումները եկել են իրանական էներգահամակարգում տեղի ունեցած վթարից։

UPD 5. Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը րոպեներ առաջ հայտարարեց, որ Երևանի ՋԷԿ-ը վերագործարկվել է:

UPD 6. Երեւանի մետրոպոլիտենը ժամը 18:55-ից վերսկսել է աշխատանքը։ Այս մասին հաղորդում է Երեւանի քաղաքապետի մամուլի քարտուղարը։

Հրազդան ՋԷԿ-ի 5-րդ բլոկը նույնպես վերագործարկվել է։

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021