Վթարների նվազեցման ի՞նչ լուծումներ ունի Կառավարությունը
Տուգանելու քաղաքականությունը ոչ մի էֆեկտի չի բերում. Վարչապետը հանձնարարել է ուժեղացնել վերահսկողությունը:
Կառավարությունն այսօրվա նիստում քննարկել է վերջին օրերին տեղի ունեցած ՃՏ ողբերգական պատահարները։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Ոստիկանությունում կարգազանց վարորդներին երթեւեկությունից հեռացնելու վերաբերյալ օրենքի նախագիծ է մշակվել։ Այն արդեն Ազգային ժողովում է։
Կառավարության ղեկավարը հրահանգել է հնարավորինս շուտ քննարկել նախագիծը, իսկ Ոստիկանությունից պահանջել է անհանդուրժողականութուն դրսեւորել եւ կոշտ միջոցներ ձեռնարկել անբարեխիղճ վարորդների նկատմամբ։
Ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանն արձանագրել է, որ վթարների եւ դրանց հետեւանքով տուժածների թիվը շարունակում է աճել։
Օսիպյանը նշել է, որ 2018 թվականի ապրիլի 10-ի դրությամբ գրանցվել է 1861 ՃՏՊ, 150 զոհ 2736 վիրավոր, իսկ 2019 թվականի նույն ժամանակահատվածում գրանցվել է 2203 ՃՏՊ, 169 զոհ, 3212 վիրավոր։
Ոստիկանապետը, չբացառելով իրենց գործողություններում թերացումները, ընդգծել է, որ մեքենաների աննախադեպ ներմուծում է իրականացվում.
2017-ին ներկրվել է 38 հազար տրանսպորտային միջոց, 2018-ին՝ 73 հազար 562, իսկ 2019 թվականի վեց ամիսներին արդեն՝ 54 հազար 216։
«Տուգանելու քաղաքականությունը ոչ մի էֆեկտի չի բերում» ,- տարածված մամուլի հաղորդագրության համաձայն՝ նշել է Վարչապետը՝ հանձնարարելով շարունակել ուժեղացված ծառայությունը, հայտնաբերել ոչ սթափ վարորդներին եւ գերբեռնված մեքենաները։
Միաժամանակ, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը կարծիք է հայտնել, որ պետք է ներդաշնակեցնել տեխզննման եւ ԱՊՊԱ գործընթացները: Այդ դեպքում տեխնիկական խնդիր ունեցող մեքենան չի ապահովագրվի։
Վարչապետը հավանել է առաջարկը, իսկ Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը տեղեկացրել է, որ Կառավարության ծրագրում այդ մասին նշված է, պարզապես պետք է ուսումնասիրել ռիսկերը, մասնավորապես՝ կոռուպցիոն։
Մեկնաբանությունները