Categories: Գիտություն

Կորոնավիրուսի խրոնիկա

Մարտի 12-ի դրությամբ Covid-19 կորոնավիրուսով վարակվածների թիվն աշխարհում հասել է 126344-ի: Մահացել է 4639 մարդ, առողջացել են 68289-ը: Հայաստանում կարանտինում է գտնվում 41 մարդ, որոնց թիվը կարող է օրվա ընթացքում մեծանալ:

Դեկտեմբերի 31-ին չինական իշխանությունները հայտարարել են երկրում նոր տեսակի` Covid-19 կորոնավիրուսի տարածման մասին: Ամբողջ հունվար ամսվա ընթացքում վարակը վերածվեց համաճարակի՝ տարածվելով նաև Չինաստանից շատ հեռու գտնվող երկրներում:

Ստորև ներկայացնում ենք Covid-19 կորոնավիրուսին առնչվող տեղեկությունների խրոնիկան.

Մարտի 12

  • Մարտի 12-ի դրությամբ Covid-19 կորոնավիրուսով վարակվածների թիվն աշխարհում հասել է 126344-ի: Մահացել է 4639 մարդ, առողջացել են 68289-ը:
  • Հայաստանում կորոնավիրուսով վարակվածները 4-ն են: 41 մարդ գտնվում է Ծաղկաձորում՝ մեկուսացված ռեժիմում. նրանցից 31-ը մարտի 14-ին դուրս են գրվելու, սակայն նախօրեին ի հայտ եկած նոր դեպքերի կապակցությամբ հնարավոր է այլ քաղաքացիներ ևս մեկուսացվեն:
  • Հայաստանում գտնվող կորոնավիրուսով վարակվածներից 3-ը գանգատներ չունեն, բուժում չեն ստանում, իսկ 1-ը թոքաբորբ ունի, ստանում է համապատասխան բուժում:
  • Իտալիայում 12 հազարից ավելի մարդ վարակված է Covid-19-ով: Մահացածների թիվը հասել է 827-ի, առողջացել են 1045-ը: Իտալական իշխանությունները կարանտինի ռեժիմն ավելի են խստացրել. փակվել են առևտրային օբյեկտները՝ բացառությամբ մթերային և դեղատնային, բոլոր բարերն ու սրճարանները:
  • Իրանում վարակվածների թիվն 9 հազար է: Մահացել է 354 մարդ, առողջացել են 2959-ը:
  • Դերասան Թոմ Հենքսն ու նրա կինը վարակվել են կորոնավիրուսով: Այդ մասին դերասանը գրառում է կատարել թվիթերյան իր էջում.

Վրաստանում նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվը 24 է:

Մարտի 11

Covid-19 կորոնավիրուսով վարակվածների թիվը մոտեցել է 120 հազարի: Համաճարակից մահացել է 4290 մարդ, առողջացել և հիվանդանոցից դուրս են գրվել 65,9 հազարը:

Թուրքիայում կորոնավիրուսով վարակվածության առաջին դեպքն է գրանցվել. այդ երկրի քաղաքացին վերջին օրերին է վերադարձել Եվրոպայից:

Վրաստանում առաջին անգամ անչափահաս երեխա է վարակվել կորոնավիրուսով: Ընդհանուր վարակվածների թիվը Վրաստանում ներկայումս 23 է:

Կորոնավիրուսով է վարակվել Մեծ Բրիտանիայի Առողջապահության փոխնախարար Նադին Դորիսը:

Իրանում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 8 հազարը, մահացել է 291 մարդ, առողջացել են 2731-ը: ԱՀԿ-ն հիացմունք է հայտնել ԻԻՀ առողջապահական գերատեսչության ձեռնարկած միջոցառումների առթիվ:

Իտալիայում վարակվել է ավելի քան 10 հազար մարդ: Մահացել են 631-ը, առողջացել՝ 724-ը:

Մարտի 10

  • Մարտի 10-ի դրությամբ Covid-19 կորոնավիրուսով վարակվածների թիվ աշխարհում հասել է 114544-ի: Համաճարակից մահացել է 4026 մարդ, առողջացել և հիվանդանոցներից դուրս են գրվել 64034-ը:
  • Իտալիայում կորոնավիրուսով վարակվածների թիվն անցել է 9 հազարից, մահացել է 463 մարդ, առողջացել են 724-ը: Ամբողջ Իտալիայում մինչև ապրիլի 3-ը հայտարարվել է կարանտին:
  • Չինաստանի Յուհան քաղաքում կառուցված 14 ժամանակավոր հիվանդանոցները փակվել են: Նշված հաստատությունների բոլոր պացիենտներն առողջացել և դուրս են գրվել:
  • ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շփվել է Ներկայացուցիչների պալատի 2 անդամի հետ, որոնք ինքնամեկուսացվել են կորոնավիրուսի պատճառով: Հաղորդվում է, որ հանդիպումից հետո նախագահի մոտ ախտանշաններ չկան, և նա չի մեկուսացվելու:
  • Իսրայել ժամանող բոլոր ուղևորները երկու շաբաթով կարանտինի ներքո են գտնվելու՝ անկախ նրանից, թե որ երկրից են ժամանել:

Մարտի 9

  • Նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվն ամբողջ աշխարհում հասել է 110297-ի: Covid-19-ը խլել է 3840 մարդու կյանք, առողջացել և հիվանդանոցներից դուրս են գրվել 62097-ը:
  • Իրանում 7 մարդ մահացել է մեթիլային սպիրտի թունավորումից: Հաղորդվում է, որ մահացածները զոհ են գնացել համացանցային խորհուրդներին, որտեղ Covid-19-ի դեմ արդյունավետ պայքարի միջոց է վկայակոչվել մեթիլային սպիրտը:
  • Հնդկաստանում 3 տարեկան երեխայի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել: Նա ընտանիքի հետ Իտալիայից է վերադարձել և ունեցել է բարձր ջերմություն: Հիշեցնենք, որ վարակվածների թվում նախկինում մանկահասակ երեխաներ չեն եղել:
  • Ֆրանսիական խորհրդարանի 4 պատգամավոր վարակվել է կորոնավիրուսով:
  • Պորտուգալիայի նախագահ Մարսելու Ռեբելու դե Սոուզան ինքնամեկուսացվել է: Վերջերս նախագահը հանդիպել էր դպրոցականների հետ, որոնցից մեկի մոտ ավելի ուշ կորոնավիրուս է հայտնաբերվել: Դե Սոուզան ինքնակամ 14 կմնա կարանտինում:
  • Apple ընկերության ղեկավար Թիմ Կուկն իր աշխատակիցներին թույլատրել է աշխատել տանից: Թույլտվությունը վերաբերում է այն շրջաններում գտնվող գրասենյակներին, որտեղ կորոնավիրուսով վարակվածության դեպքեր են գրանցվել:

Մարտի 8

  • Մարտի 8-ի դրությամբ Covid-19-ով վարակվածների թիվն աշխարհում հասել է 109571-ի: Կորոնավիրուսից մահացել է 3799 մարդ, առողջացել և հիվանդանոցից դուրս են գրվել 60693-ը:
  • Իտալիան վարակվածների թվով հաջորդում է Չինաստանին՝ առաջ անցնելով Հարավային Կորեայից. վերջինում վարակվածները 7314-ն են, իսկ Իտալիայում՝ 7375-ը: Մահացածները` համապատասխանաբար՝ 50 և 366:
  • Վարակվածների թվով չորրորդ տեղում Իրանն է` 6566: Մահացել է 194 մարդ, առողջացել են 2134-ը: Իրանում մի շարք արտադրամասեր ավելացրել են աշխատաժամանակը՝ դիմակների անհրաժեշտ քանակն արտադրելու համար:
  • Հայաստան ժամանող ուղևորների նկատմամբ հսկողությունն ուժեղացվել է նաև Ֆրանսիա, Գերմանիա և Իսպանիա ուղղություններով:

Մարտի 7

  • Կորոնավիրուսով վարակվածների թիվը մարտի 7-ի դրությամբ հասել է 105559-ի: Մահացել է 3555 մարդ, առողջացել և հիվանդանոցից դուրս են գրվել 58354-ը:
  • Հարևան Իրանում Covid-19-ով վարակվածների թիվը հասել է 5823-ի, մահացել են 145-ը, առողջացել է 1669 մարդ: Մարտի 7-ին հայտնի է դարձել, որ մահացել է կին պատգամավոր: Նորընտիր պատգամավորներից մեկը մահացել էր փետրվարի 29-ին: Ընդհանուր առմամբ մոտ 3 տասնյակ պատգամավորներ Իրանում վարակված են կորոնավիրուսով:

Մարտի 6

  • Covid-19 կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 100 հազարը. ամբողջ աշխարհում վարակվածների ընդհանուր թիվը՝ 100645: Մահացածների թիվը 3411 է, առողջացածները և հիվանդանոցից դուրս գրվածները 55743-ն են:
  • Չինաստանում վարակվածները 89552-ն են, մահացել է 3042 մարդ: Հարավային Կորեայում համապատասխանաբար հետևյալ թվերն են՝ 6593 և 92, Իրանում՝ 4747 և 124, Իտալիայում՝ 3858 և 145, Գերմանիայում՝ 534 , մահվան դեպք չի գրանցվել, Ֆրանսիայում՝ 423 և 7, Ճապոնիայում՝ 348 և 6, Իսպանիայում՝ 261 և 3, ԱՄՆ-ում՝ 145 և 10 մահ:
  • Վրաստանը դադարեցրել է օդային հաղորդակցությունն Իտալիայի հետ: Ավելի վաղ հաղորդել էինք, որ կորոնավիրուսով վարակվածների թիվը Վրաստանում հասել է 9-ի. մեծ մասն Իտալիայից վերադարձածերն են:
  • Կորոնավիրուսի տարածման շուրջ մեղադրանքներ են հասունանում. Իրանում համոզված են, որ նոր տեսակի կորոնավիրուսն ԱՄՆ-ի կողմից կիրառվող կենսաբանական զենք է՝ ընդդեմ ԻԻՀ-ի, Սաուդյան Արաբիան Իրանին է մեղադրում տարածման համար, իսկ ԱՄՆ-ը՝ Չինաստանին՝ վիրուսի բռնկման մասին ժամանակին չտեղեկացնելու համար:
  • Հետաձգվել են մի շարք սպորտային, մշակութային միջոցառումներ բազմաթիվ երկրներում, քննարկվում է առաջիկա միջոցառումներն, այդ թվում՝ Տոկիոյի Օլիմպիական խաղերը, Եվրատեսիլը, ֆուտբոլային առաջնությունները, առանց հանդիսատեսի անցկացնելու հարցը:
  • Ծաղկաձորի Գոլդեն Փելես հյուրանոցում կարանտինում գտնվող ՀՀ 31 քաղաքացիների վիճակն, ըստ Առողջապահության նախարարի, լավ է. նրանք ապահովված են անհրաժեշտ պայմաններով:

Մարտի 5

  • Նոր տեսակի կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է 3286-ի: Վարակվածների ընդհանուր թիվն 95748 է, առողջացածները և հիվանդանոցներից դուրս գրվածները 53405-ն են:
  • Իրանում վարակվածների թիվը պաշտոնական տվյալներով 2922 է: Իսլամական Հանրապետությունում մահացել է 92 մարդ, առողջացել են 552-ը:
  • Իտալիայում թվերը համապատասխանաբար հետևյալն են՝ 3089, 92 և 276:
  • Վրաստանում կորոնավիրուսով վարակվածության չորրորդ դեպքն է գրանցվել: Իտալիայից վերադառնալուց մեկ շաբաթ անց Վրաստանի քաղաքացու մոտ ախտանշաններ են հայտնվել, թեստի արդյունքում Covid-19-ը հաստատվել է:
  • Թուրքիայից (Ստամբուլից) Սինգապուր ուղևորված քաղաքացու մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել, թեև պաշտոնական տվյալներով Թուրքիայում Covid-19-ով վարակվածության դեպքեր չեն գրանցվել:
  • ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտնել է, որ Ինֆեկցիոն հիվանդանոցում գտնվող պացիենտի և Ծաղկաձորում մեկուսացման մեջ գտնվող քաղաքացիների վիճակը լավ է, գանգատներ չունեն: Նախարարի խոսքով՝ 162 թեստավորում է կատարվել, որոնցից առայժմ մեկ դեպքն է դրական եղել:

Մարտի 4

  • Մարտի 4-ի դրությամբ նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվն աշխարհում հասել է 93160-ի: Մահացել է 3198 մարդ, իսկ առողջացածներն ու հիվանդանոցից դուրս գրվածները 50690-ն են:
  • Չինաստանից հետո վարակվածների թվով առաջին տեղում են Հարավային Կորեան (5328), Իտալիան (2502), Իրանը (2336) և Diamond Princess զբոսանավը (706):
  • Իրանում այս պահի դրությամբ պաշտոնական տվյալներով մահացածների թիվը 77 է, վարակել է ընդհանուր առմամբ 2336 մարդ, որոնցից 291-ն արդեն առողջացել են:
  • Ռուսաստանում կառավարությունը որոշել է ժամանակավորապես արգելել դիմակների և բժշկական մի շարք պարագաների արտահանումը: Հաղորդվում է, որ արգելքը չի վերաբերում անհատական միջոցներին և հումանիտար օգնությանը: Որոշումն ուժի մեջ կլինի մինչև հունիսի 1-ը:
  • Վարակվածության նոր դեպքեր են գրանցվել Բելառուսում. նրանցից երկուսը Վիտեբսկում են, չորսը՝ Մինսկում: Ավելի վաղ հաղորդվել էր Իտալիայից վերադարձած քաղաքացու մոտ Covid-19-ի հայտնաբերման մասին:
  • ՀՀ Առողջապահության նախարարությունը դիմակներ կրելու վերաբերյալ հոլովակ է հրապարակել, որտեղ նշվում են, թե որ դեպքում պետք է դիմակ կրել.
  • Նախարար Արսեն Թորոսյանը հայտնել է, որ ևս 12 հոգի թեստավորում են անցել. կորոնավիրուս չի հայտնաբերվել: Նախարարը զրուցել է Վրաստանի իր գործընկերոջ հետ. մեր և այնտեղի պացիենտներն իրենց լավ են զգում.

Մարտի 3

  • Covid-19 կորոնավիրուսով վարակվածների թիվն աշխարհում հասել է 90936-ի: Մահացածների թիվը 3117 է, առողջացած և հիվանդանոցից դուրս գրվածները 47995-ն են: Առողջացածներից 47203-ը Չինաստանում են:
  • Հայաստանում նոր տեսակի կորոնավիրուս է հայտնաբերվել առայժմ միայն 1 քաղաքացու մոտ: Նախորդ օրերին անցկացված թեստավորումը բոլորի, այդ թվում՝ վերջին 8 հոգու դեպքում բացասական արդյունք է գրանցել:
  • Իրանում վարակվածների թիվը պաշտոնական տվյալներով 1501 է, մահացածներինը՝ 66: Առողջացածներն Իրանում 291-ն են:
  • Իտալիայում 2036 մարդ է վարակվել կորոնավիրուսով: Մահացածները 52-ն են, առողջացածները՝ 149-ը:
  • Ռուսաստանում Covid-19 կորոնավիրուսով վարակվածներն այս պահին 6-ն են. 2-ը Չինաստանի քաղաքացիներ էին, ովքեր արդեն առողջացել են, 3-ը՝ Diamond Princess զբոսանավի ուղևորներն են, ևս մեկը Իտալիայից Մոսկվա մեկնած ռուսաստանցի է:
  • Եվրոպայի Կենտրոնական բանկի ղեկավար Քրիստին Լագարդը հայտարարել է, որ կորոնավիրուսի տարածումը վտանգներ է ստեղծում տնտեսական հեռանկարների և ֆինանսական շուկաների աշխատանքի համար: Կազմակերպությունը պատրաստականություն է հայտնել ձեռնարկելու անհրաժեշտ միջոցառումներ:

Մարտի 2

  • Նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվն աշխարհում հասել է 89073-ի: Մահացել է 3048 մարդ, առողջացել և հիվանդանոցից դուրս են գրվել 45095-ը՝ վարակվածների շուրջ կեսը:
  • Իրանում վարակվածների թիվը գրառման պահին ըստ պաշտոնական տեղեկությունների 978 է, մահացածներինը՝ 54: Առողջացածները 175-ն են: Հաղորդվում է բարձրաստիճան պաշտոնյայի մահվան մասին:
  • Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Կորոնավիրուսի կանխարգելման հանձնաժողովի նիստ: Փաշինյանը հայտնել է, որ Հայաստանում վարակվածության նոր դեպքեր չեն գրանցվել, սակայն ներկայումս սպասում են 9 անձի թեստի արդյունքներին:
  • Վարչապետը նաև նշել է, որ առաջիկայում Իրանի հետ վիզային ռեժիմը կվերականգնվի: Կառավարությունը խորհուրդ է տվել չմեկնել Իտալիա և Թուրքիա:
  • Իտալիայից Չեխիա վերադարձած քաղաքացիների մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել: Իտալիայում մահացածների թիվը հասել է 34-ի: Վարակվածների թիվը 1694 է: Առողջացել են 84-ը:
  • Չինաստանը փորձագետների խումբ է ուղարկել Իրան՝ կորոնավիրուսի դեմ պայքարի հարցում աջակցելու համար: Իրանն առաջին երկիրն է, որին կորոնավիրուսի «հայրենիքը» բարձր մակարդակի աջակցություն է տրամադրում:

Մարտի 1

  • Գարնան առաջին օրվա դրությամբ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 86986-ի: Մահացել է 2979 մարդ, առողջացել և հիվանդանոցից դուրս են գրվել 42294-ը: Չինաստանում վարակվածների գրեթե կեսն առողջացել են:
  • Հայաստանում, Լյուքսեմբուրգում և Իռլանդիայում գրանցվել են վարակվածության առաջին դեպքերը:
  • Թայլանդում, Ավստրալիյում և ԱՄՆ-ում կորոնավիրուսից մահվան առաջին դեպքերն են գրանցվել:
  • Վաշինգտոն նահանգում նոր տեսակի կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված՝ հայտարարվել է արտակարգ դրություն:
  • Իրանում վարակվածների թիվը հասել է 593-ի: Մահացել է 43 մարդ, առողջացել են 123-ը:

Փետրվարի 29

  • Covid-19 կորոնավիրուսով վարակվածների թիվն աշխարհում հասել է 85182-ի: Մահացածների թիվը 2924 է, իսկ առողջացած և դուրս գրվածները 39534-ն են:
  • Իրանում վարակվածությունը հաստատվել է 388 մարդու մոտ: Մահացածների թիվը հարևան երկրում հասել է 34-ի: 73 մարդ Իրանում առողջացել է:
  • Պաշտոնական տվյալներով վարակվածության 1-ական հաստատված դեպքեր են գրանցվել Ադրբեջանում և Վրաստանում: Վերջինում 2-րդ վարակվածի մասին դեռ պաշտոնական հաստատում չկա. ավելի վաղ հաղորդվել էր, Իտալիայից ժամանած քաղաքացու մոտ նույնպես կարող է կորոնավիրուս լինել:
  • Blomberg գործակալության հաղորդմամբ՝ աշխարհի 500 հարուստ մարդկանց կարողությունները կորոնավիրուսի տարածման պատճառով ընդհանուր առմամբ նվազել են 444 մլրդ ամերիկյան դոլարով: Ամենամեծ կորուստները կրել են Ջեֆ Բեզոսը (Amazon), Բիլ Գեյթսը (Microsoft), Բեռնար Առնոն (LVMH):
  • Թեհրանից Հայաստանի 82 քաղաքացիների տեղափոխող ինքնաթիռը ժամանել է Երևան: Նախարար Արսեն Թորոսյանը հայտնել է, որ նրանցից ոչ ոքի մոտ բարձր ջերմություն կամ այլ ախտանիշներ չեն գրանցվել: Նրանք նույնպես գտնվելու են տնային հսկողության ներքո:

Փետրվարի 28

  • Նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվն աշխարհում հասել է 83391-ի, մահացել է 2858 մարդ, առողջացել և հիվանդանոցներից դուրս են գրվել 36581-ը:
  • Իրանում վարակվածների թիվը 270 է, մահացածներինը՝ 26: Իրանում առողջացածներն այս պահի դրությամբ 49-ն են: Մահացել է Վատիկանում Իրանի նախկին դեսպանը, վարակվել է երկրի փոխնախագահը: Ռուսաստանը սահմանափակել է Իրանի հետ օդային հաղորդակցությունը:
  • Վարակվածության նոր դեպքեր են գրանցվել Բելառուսում, Լիտվայում, Նիգերիայում, Շվեդիայում, Նոր Զելանդիայում:
  • Բելառուսում հետազոտության արդյունքում կորոնավիրուս է հայտնաբերվել իրանցի ուսանողի մոտ, ով փետրվարի 22-ին Բաքվից ուղևորվել է Մինսկ: Նրա հետ շփում ունեցած քաղաքացիները մեկուսացված են Մինսկի ինֆեկցիոն հիվանդանոցում:
  • Հաղորդվում է, որ Չինաստանում Covid-19-ից առաջին մահածացի դիակի պաթոլոգաանատոմիական հետազոտությունը ցույց է տվել, որ վիրուսը վնասում է հիմնականում թոքերը: Այլ օրգանները վնասելու վերաբերյալ ապացույցներ դեռևս չկան:
  • Հայաստանում կորոնավիրուսով վարակվածներ չկան: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է վիրուսից պաշտպանվելու ուղեցույց՝ կոչ անելով պահպանել բոլոր կանոնները:

Փետրվարի 27

  • Փետրվարի 27-ի դրությամբ Covid-19 կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 82168-ի: Մահացել է 2801 մարդ, առողջացել և հիվանդանոցներից դուրս են գրվել 32897-ը:
  • Իրանում իրավիճակը նախորդ օրվա համեմատ նույնն է. 139 վարակված, որոնցից 19-ը՝ մահվան ելքով: Նոր տեղեկություններով՝ առողջացել է 49 իրանցի: Վրաստանում 1 հաստատված դեպք կա, նրա հետ շփված քաղաքացիները ստուգվել են, կորոնավիրուս չի հայտնաբերվել, երկու շաբաթ գտնվելու են կարանտինում:
  • ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը զարմանք է հայտնել, երբ տեղեկացել է, որ Միացյալ Նահանգներում գրիպից տարեկան մահանում է 25-65 հազար մարդ: Նրա խոսքով՝ պատվաստանյութի ստեղծման ուղղությամբ աշխատանքներն արագորեն ընթանում են, մինչդեռ մասնագետը նշել է, որ այն դեռևս ամիսներ կտևի:
  • Ինդոնեզիայի իշխանությունները 188 քաղաքացիների ուղարկել են անմարդաբնակ կղզի՝ կարանտինն այնտեղ անցկացնելու: Քաղաքացիները Ջակարտայի մոտ գտնվող Սեբարու կղզի են տեղափոխվել լողացող հոսպիտալով՝ ռազմանավերի ուղեկցությամբ:
  • Նորվեգիայում, Էստոնիայում, Ռումինիայում և Դանիայում գրանցվել են կորոնավիրուսով վարակվածության առաջին դեպքերը:

Փետրվարի 26

  • Covid-19 կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 81245-ի: Փետրվարի 26-ի դրությամբ նոր տեսակի կորոնավիրուսից մահացել է 2770 մարդ, բուժվել և հիվանդանոցից դուրս են գրվել 30311-ը:
  • Իրանում մահացել է արդեն 19 մարդ, վարակվածների թիվը հասել է 139-ի: Իրանական աղբյուրները հաղորդել են, որ երկրի տարբեր նահանգներում ընդհանուր առմամբ 39 հիվանդ արդեն բուժվել է. նրանցից 30-ը՝ Ղոմ քաղաքում են, որտեղ ամենաշատ մահացություններն են գրանցվել:
  • Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ կորոնավիրուսի վարակի տարածումը Չինաստանում նվազել է, մինչդեռ նրանից դուրս ավելի է արագացել. մեկ օրվա ընթացքում այդ երկրում վարակվել է 411 մարդ, իսկ այլ երկրներում՝ 427:
  • Վրաստանում կորոնավիրուսով վարակվածության առաջին դեպքն է գրանցվել. Առողջապահության նախարարը հայտարարել է, որ վարակվածը Վրաստանի քաղաքացի է, ով նախօրեին է Իրանից Ադրբեջանով վերադարձել Վրաստան:

Փետրվարի 25

  • Փետրվարի 25-ի դրությամբ Covid-19 կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 80350-ի: Մահացածների թիվն այս գրառման պահին 2705 է, իսկ առողջացածները և հիվանդանոցից դուրս գրվածները 27878-ն են:
  • Չինաստանից հետո վարակվածների թվով ամենամեծը Հարավային Կորեան է՝ 977 մարդ (մահվան դեպքերը՝ 10), իսկ մահացությունների քանակով՝ Իրանը՝ 16 մարդ (վարակվածների թիվը՝ 95):
  • Իրանի առողջապահության փոխնախարարը, ով երեկ հայտարարել էր, որ չի հավատում Իրանում կորոնավիրուսի համաճարակին, նույնպես վարակվել է: Խորհրդարանի պատգամավորի մոտ նույնպես կորոնավիրուսի թեստը դրական է եղել:
  • Շվեյցարիայում, Կատալոնիայում, Խորվաթիայում, Ավստրայում կորոնավիրուսով վարակվածության առաջին դեպքերն են գրանցվել:
  • Ադրբեջանում 23 մարդ գտնվում է կարանտինում: Նրանց շարքում կան նաև Իրանից այդ երկիր ժամանածներ:
  • Առողջապահության համաշխարհային կազմակերպության գործադիր կոմիտեի անդամ Վալտեր Ռիչարդին նշել է, որ կորոնավիրուսի պատվաստանյութը կարող է ստացվել երկու տարի անց, իսկ վարակվածության նվազեցմանը կարող է նպաստել եղանակի տաքացումը:

Փետրվարի 24

  • Փետրվարի 24-ի դրությամբ Covid-19 կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 77150-ի: Մահացել է 2592 մարդ, առողջացել և հիվանդանոցից դուրս են գրվել 24,7 հազարը:
  • Չինաստանից դուրս կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է 32-ի, որոնցից ամենամեծ թիվն Իրանում է՝ 12 մահվան ելքով, 7-ը՝ Հարավային Կորեայում, 4-ական՝ Ճապոնիայում և Իտալիայում, Հոնկոնգում՝ 2, Ֆիլիպիններում, Ֆրանսիայում և Թայվանում:
  • Իրանում վարակվածների թիվն, ըստ Առողջապահության փոխնախարար Իրաջ Հարիրչիի, կարող է գերազանցել 60-ը, իսկ մահացածների թիվն, ամենայն հավանականությամբ, արդեն 12 է (տվյալները դեռ ճշտվում են):
  • ՀՀ կառավարությունը Կորոնավիրուսի կանխարգելման հանձնաժողովի նիստ է հրավիրել: Քննարկվել են Իրանի հետ սահմանը փակելու և անհրաժեշտ միջոցառումներ ձեռնարկելու մասին հարցերը: Վարչապետը վստահեցրել է, որ կորոնավիրուսին դիմակայելու հնարավորություններն առկա են, Հայաստանում հիվանդության դեպք չի գրանցվել:
Նիկոլ Փաշինյանի եզրափակիչ խոսքը ԿԿՀ նիստում / ©ARMGOV
  • Տեղեկություններ են հաղորդվում, որ Բաքվում 22 մարդ է հոսպիտալացվել՝ կորոնավիրուսի կասկածանքով:

Փետրվարի 23

  • Covid-19 կորոնավիրուսով վարակվածների թիվը փետրվարի 23-ի դրությամբ հասել է 76936-ի, մահացել է 2442 մարդ, առողջացել և հիվանդանոցից դուրս են գրվել ավելի քան 22,8 հազարը:
  • Նոր վարակվածների մեծ մասը՝ 648-ից 630-ը, Հուբեյ նահանգում են: Չինաստանի 21 նահանգներում մեկ օրվա ընթացքում վարակվածության նոր դեպքեր չեն գրանցվել: Բազմաթիվ նահանգներում հիվանդացության դեպք չի գրանցվել արդեն մի քանի օր:
  • Իտալիայի Կոդոնյո քաղաքը, որտեղ նախօրեին տարեց կին էր մահացել կորոնավիրուսից, վերածվել է ուրվական քաղաքի. դատարկ փողոցներ, փակ խանութներ ու հաստատություններ: Աշխատում է հացաբուլկեղենի 1 վաճառակետ և 1 դեղատուն:
Իտալիա, Կոդոնյո / ©EuroNews
  • Իրանում Covid-19-ից մահվան 6-րդ դեպքն է գրանցվել: Փակվել են Ղոմ, Արաք քաղաքների ուսումնական հաստատությունները, դադարեցվել են կրոնական արարողությունները:

Փետրվարի 22

  • Covid-19 կորոնավիրուսով վարակվածների թիվն ամբողջ աշխարհում հասել է 77815-ի: Փետրվարի 22-ի դրությամբ նոր տեսակի հիվանդությունից մահացել է 2345 մարդ, առողջացել և հիվանդանոցից դուրս են գրվել 20847-ը: Մահացածներից մեկը 29-ամյա բժիշկ է:
  • Կորոնավիրուսից առաջին մահն է գրանցվել Իտալիայում. 78 ամյա իտալացին Եվրամիության առաջին քաղաքացին էր, որ մահացել է Covid-19-ից:
  • Տեղեկություններ կան, որ կորոնավիրուսով հնարավոր է կրկնակի վարակվել. Չինաստանի Սիչուան նահանգում վերջերս առողջացած և դուրս գրված քաղաքացուն երկրորդ անգամ են հոսպիտալացրել:
  • Վարակվածության առաջին դեպքն է գրանցվել Իսրայելում. ախտորոշումը հայտնաբերվել է երկու օր առաջ Ճապոնիայի ափերի մոտ գտնվող Diamond Princess զբոսանավից տարհանված իսրայելցու մոտ:
  • Մերձավոր Արևելքում կորոնավիրուսն աստիճանաբար տարածում է ստանում. մեկական դեպքեր են գրանցվել Եգիպտոսում, Լիբանանում, ԱՄԷ-ում՝ 11: Լիբանանցու մոտ վարակը հայտնաբերվել է Իրանից վերադառնալուց հետո:
  • Իրանում կորոնավիրուսի հետևանքով մահացածների թիվն առնվազն 4-ն (ըստ որոշ տեղեկությունների՝ 5-ը): Հաղորդվում է, որ վարակվել է նաև Թեհրանի վարչական շրջաններից մեկի ղեկավարը: Իրաքը փակել է Իրանի հետ սահմանը, իսկ Քուվեյթը դադարեցրել է օդային հաղորդակցությունը: Այլ մանրամասներ Իրանից փետրվարի 23-ի համար դեռևս չեն հաղորդվում:
  • Իրանում ՀՀ դեսպանությունը Հայաստանի քաղաքացիներին հորդորել է անվտանգության նկատառումներից ելնելով կապ հաստատել դեսպանության հետ` նշելով գտնվելու վայրը:

Փետրվարի 21

  • Փետրվարի 21-ի դրությամբ նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 76723-ի: Covid-19-ից մահացել է 2247 մարդ, բուժվել և առողջացել են 18515-ը:
  • Չինաստանի գիտության և տեխնոլոգիաների նախարար Սյույ Նանպինը հայտնել է, որ նոր տեսակի կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի կլինիկական փորձարկումները կարող են մեկնարկել ապրիլի վերջից ոչ շուտ: Ներկայումս կենդանիների վրա են իրականացվում փորձարկումներ:
  • Ուկրաինայում Յուհանից տարհանվածներին Պոլտավայի Նովիյե Սանժարիի առողջարան՝ կարանտինի տեղափոխող ավտոբուսները հարձակման են ենթարկվել: Առողջարանի մոտ տեղի բնակիչները փորձել են փակել փողոցը, թույլ չտալ ավտոբուսների մուտքը: Ոստիկանության միջամտությունից հետո բնակիչները քարեր են նետել ավտոբուսների և ոստիկանների վրա։

Փետրվարի 20

  • Չինաստանում նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 74,57 հազար, ևս 1,1 հազար մարդ այլ երկրներում են տառապում այդ հիվանդությամբ: Փետրվարի 20-ի դրությամբ COVID-19-ից մահացել է 2126 մարդ, շուրջ 16 հազարն առողջացել և դուրս են գրվել հիվանդանոցներից:
  • Իրանի Առողջապահության նախարարությունը հաստատել է երկրում կորոնավիրուսից երկու հոգում մահվան հանգամանքը: Կում քաղաքում մահացածները, ինչպես հաղորդվում է, տարեց մարդիկ են եղել և ունեցել են թույլ իմունիտետ:
  • Ճապոնիայի ափերի մոտ կայանած Diamond Princess զբոսանավի 3700 ուղևորներից 621-ը վարակված են կորոնավիրուսով: Երկու շաբաթ առաջ տարհանված ճապոնացի ուղևորներից երկուսը մահացել են: Մահացածներն 80 ամյա տղամարդ և կին են:
  • Այսօրվանից փակվում է Ռուսաստանի և Չինաստանի միջև պետական սահմանը՝ Չինաստանի քաղաքացիների համար: Չինացի ուսանողների ուսուցումը ռուսական ԲՈւՀ-երում առաջարկվել է իրականացնել առցանց տարբերակով:
  • Չինաստանն արտաքսել է ամերիկյան The Wall Street Journal-ի լրագրողներին՝ «Չինաստանն իսկապես Ասիայի հիվանդ մարդ է» վերտառությամբ հոդվածի պատճառով: «Ասիայի հիվանդ մարդ» արտահայտությունն օգտագործվել է նախկինում՝ Չինաստանի գաղութացման ժամանակ: Հոդվածը որակվել է նաև «ռասիստական մղումներ» ունեցող:

Փետրվարի 19

  • Փետրվարի 19-ի դրությամբ COVID-19 կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է 2004-ի: Վարակվածների թիվն ամբողջ աշխարհում 74,1 հազար է, իսկ առողջացածները և հիվանդանոցից դուրս գրվածները 14,3 հազարն են:
  • Կորոնավիրուսով վարակված բժիշկների և բուժաշխատողների թիվը հասել է 3 հազարի: Նրանց մեծ մասը Հուբեյ նահանգների հիվանդանոցներում աշխատողներն են:
  • Չինաստանի Հիվանդությունների վերահսկման և պրոֆիլակտիկայի կենտրոնն (ՀՎՊԿ) ուսումնասիրել է կորոնավիրուսով վարակվածներից 44 հազարի հետազոտության տվյալները: Պարզվել է, որ հիվանդությունը հիմնականում թեթև բնույթ է կրում. ծանր հետևանքներ է ունենում խրոնիկ հիվանդների և տարեցների մոտ: Պարզվել է, որ ուսումնասիրվածների շրջանում մանկահասակ երեխաներ (մինչև 9 տարեկան) չկան:
Հիվանդների տոկոսային հարաբերակցությունն՝ ըստ տարիքի / © ՀՎՊԿ / BBC russian
  • Ֆրանսիական դեղագործական Sanofi ընկերությունը հայտարարել է, որ մշակում է նոր կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ, որը մարդկանց վրա կփորձարկվի 1-1,5 տարի հետո, իսկ զանգվածային կիրառություն կստանա 3-4 տարուց: Ընկերությունը նոր պատվաստանյութը ստեղծելու է ատիպիկ թոքաբորբի՝ SARS-ի համար կատարված մշակումների կիրառմամբ:

Փետրվարի 18

  • COVID-19 կորոնավիրուսով վարակվել է արդեն 72436 մարդ: Մահացածների թիվը 1868 է, իսկ առողջացած և դուրս գրվածներինը՝ 12552:
  • Յուհանում կորոնավիրուսից մահացել է «Ուչան» հիվանդանոցի գլխավոր բժիշկ Լյու Չժինմինը: 51 ամյա բժիշկը բուժհաստատության առաջին ղեկավարն էր, որ նոր հիվանդության զոհ դարձավ: «Ուչանն» առաջին հիվանդանոցներից էր, որտեղ ընդունվել են կորոնավիրուսով հիվանդները:
  • Կորոնավիրուսից մահվան առաջին դեպքն է գրանցվել Թայվանում. 60 ամյա տղամարդ է մահացել, ով վերջին շրջանում երկրից դուրս չի եկել:
  • Չինաստանում արդյունաբերական ձեռնարկություններն աստիճանաբար վերսկսում են գործունեությունը: Ներկայումս արտադրության 80%-ն արդեն վերականգված է: 4 գործարաններից 3-ն արդեն վերաբացել է նաև Toyota ընկերությունը, սակայն դեռ մատակարարման սահմանափակումները կշարունակվեն: 4-րդի վերաբացումը նախատեսված է փետրվարի 24-ին:
  • Ամերիկյան Apple ընկերությունը նվազեցրել է 2020թ. առաջին քառորդի համար իր եկամուտների կանխատեսումը: Գլխավոր պատճառներն ընկերությունը համարել է կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված առաքման սահմանափակումները և Չինաստանում պահանջարկի նվազումը:

Փետրվարի 17

  • Փետրվարի 17-ի դրությամբ COVID-19 կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 70548-ի, մահացել է 1770 մարդ, առողջացել և հիվանդանոցից դուրս են գրվել 10844-ը:
  • Չինաստանի Նանկայի համալսարանը հայտարարել է կորոնավիրուսի հայտնաբերման նոր էքսպրես-թեստի ստեղծման մասին: Հաղորդվում է, որ հետազոտության համար կիրառվող նոր թեստի շնորհիվ կորոնավիրուսի շտամը հնարավոր է հայտնաբերել 15 րոպեում:
  • Հուբեյ նահանգի իշխանությունները բնակիչներին, այդ թվում՝ գյուղաբնակներին, արգելել են դուրս գալ տներից: Փողոցներում երթևեկել թույլատրվում է միայն ոստիկանական և շտապօգնության մեքենաներին:
  • Շանհայի համալսարանի գիտնականները հայտարարել են, որ մոտ են կորոնավիրուսը բուժող դեղամիջոցի ստեղծմանը: 100 հազարավոր պատվաստանյութերից համակարգչային մոդելավորման արդյունքում մշակվել է միջոց, որը ներկայումս փորձարվում է մկների վրա: Վերջնական ժամկետներ չեն նշվել:
  • Առողջապահության համաշխարհային կազմակերպության միջազգային խումբը մեկնել է Պեկին: Չինացիներից և օտարերկրացիներից բաղկացած 24 հոգանոց խումբն ուսումնասիրելու է նոր տեսակի կորոնավիրուսի բռնկման հանգամանքներն: Ավելի վաղ ԱՀԿ-ն փորձագետների նախնական խումբ էր գործուղել Չինաստան:

Փետրվարի 16

  • COVID-19 կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 68,5 հազարի: Փետրվարի 16-ի դրությամբ մահացել է 1665 մարդ, բուժվել և հիվանդանոցից դուրս են գրվել 9149-ը:
  • Մասնագետներն ուշադրություն է հրավիրել այն բանի վրա, որ աշխարհում վիրուսին զուգահեռ բռնկվել և մեծ տարածում է ստանում ռասիզմը: Հաղորդվում է, որ տարբեր երկրներում և սոցցանցերում ընդգծված բացասական վերաբերմունք է ձևավորվել չինացիների և ընդհանրապես՝ ասիացիների նկատմամբ:
Գրառում. «Կորոնավիրուս. դրանից ավելի շատ մարդ է ռասիստ դարձել, քան՝ հիվանդ»: Ֆրանսիա, Նանտ / ©Getty Images
  • Համացանցում նաև ծաղրի առարկա են դարձնում չինական ավանդույթները, սննդակարգն ու հիգիենան: Ռուսաստանում, Ուկրաինայում, Բրիտանիայում, ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Կանադայում և այլ երկրներում բնակվող շատ չինացիներ ահազանգել են իրենց նկատմամբ վերաբերմունքի փոփոխության մասին:
Երբ նստած ես քո սիրելի չինական ռեստորանում, իսկ խոհանոցից հազի ձայն ես լսում:
  • Ֆրանսիայում Չինաստանից ժամանած 80 ամյա զբոսաշրջիկ է մահացել: Սա Եվրոպայում կորոնավիրուսից մահացության առաջին դեպքն էր:
  • Չինաստանում որոշել են խստացնել պատիժը վարակվածների թիվը և սեփական առողջական ծանր վիճակը թաքցնելու համար: Հաղորդվում է, որ նմանատիպ իրավախախտումներ կատարածներին սպառնում է 10 տարվա կամ ցմահ ազատազրկում կամ կախաղան՝ հասարակական վտանգավորության արարքի համար:
  • ԱՀԿ ղեկավարը հայտարարել է, Կազմակերպությունն այլևս ի վիճակի չէ կանխատեսել համաճարակի տարածման հետագա ընթացքը: Գեբրեյեսուսն անհանգստություն է հայտնել, որ կորոնավիրուսը կարող է հայտնվել առողջապահական ոչ զարգացած համակարգ ունեցող երկրներում:

Փետրվարի 15

  • Փետրվարի 15-ի դրությամբ COVID-19 կորոնավիրուսով վարակվածների թիվն ամբողջ աշխարհում հաշվվում է շուրջ 67 հազար, որոնցից 600-ը` Չինաստանից դուրս: Մահացածների թիվը 1523 է, իսկ առողջացածների և հիվանդանոցից դուրս գրվածներինը՝ 8000-ից ավելի:
  • Կորոնավիրուսը հասել է Աֆրիկա. Եգիպտոսի Առողջապահության նախարարությունն Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը տեղեկացրել է արտերկրից Եգիպտոս ժամանած օտարերկրյա քաղաքացու մոտ նոր վիրուսի հայտնաբերման մասին: Հիվանդի քաղաքացիության և ազգային պատկանելիության մասին չի հաղորդվել:
  • AFP տեղեկատվական գործակալությունն անհանգստություն է հայտնել, որ մահացու վիրուսի ներթափանցումն աֆրիկյան երկրներ կարող է լուրջ հետևանքներ առաջացնել: Նշվում է, որ Աֆրիկայում առողջապահական պայմանների ցածր մակարդակը և Չինաստանի հետ առևտրային սերտ հարաբերությունները հաշվի առնելով՝ կասկածի տակ է դրվում համաճարակին դիմակայելու ընդունակությունն այդ մայրցամաքում:
  • Արտաքին աշխարհից մեկուսացված Յուհան քաղաքում արգելափակվել են նաև շփումները քաղաքի վարչական շրջանների միջև: Որոշվել է վարչական շրջանների միջև տեղադրել անցակետեր` տեղաշարժը թույլատրելով միայն խիստ անհրաժեշտության դեպքում:
  • Չինաստանի մյուս շրջաններից Հուբեյ նահանգ է տեղափոխվել շուրջ 25 հազար բժիշկ և բուժաշխատող, քանի որ տեղի բուժանձնակազմի քանակը չէր բավարարում հիվանդներին սպասարկելու համար:

Փետրվարի 14

  • COVID-19 կորոնավիրուսի հետևանքով մահացել է 1380 մարդ: Հիվանդների թիվը փետրվարի 14-ի դրությամբ հասել է 63851-ի, առողջացել և հիվանդանոցներից դուրս է գրվել 6723 մարդ:
  • Չինաստանի Հիգիենայի և առողջապահության հարցերի պետական կոմիտեի ղեկավարի տեղակալ Ցզեն Իսինը հայտնել է, որ նոր տեսակի կորոնավիրուսով վարակվել է ընդհանուր առմամբ ավելի քան 1700 բուժաշխատող, որոնցից 6-ը մահացել են:
Ավելի քան 1,7 հազար բուժաշխատող վարակվել է կորոնավիրուսով / ©EPA-EFE/YUAN ZHENG CHINA OUT
  • Առողջապահության համաշխարհային կազմակերպության պաշտոնական ներկայացուցիչ Թարիկ Յազարևիչը հայտարարել է, որ ալկոհոլի օգտագործումը ոչ մի կերպ չի նպաստում COVID-19-ի դեմ պայքարին: Հիվանդությանը դիմակայելու կարևոր նախապայման է համարել հիգիենան: Նրա խոսքով՝ ալկոհոլի չարաշահումն, ընդհակառակը, կարող է ալկոհոլային թունավորում առաջացնել:
  • Յուհանի հիվանդանոցի գլխավոր բժիշկը հայտարարել է, որ պլազմայի փոխներարկման արդյունքում հնարավոր է եղել առողջացնել COVID-19 կորոնավիրուսի առաջացրած թոքաբորբով հիվանդներին: Հաղորդվում է, որ այդ մեթոդով արդեն 10 հոգի բուժվել է, մինչդեռ դեղամիջոցներն արդյունք չէին տվել:

Փետրվարի 13

  • COVID-19 անունը ստացած նոր կորոնավիրուսը փետրվարի 13-ի դրությամբ խլել է 1367 մարդու կյանք: Առողջացել և հիվանդանոցից դուրս են գրվել 5911-ը: Հիվանդների ընդհանուր թիվն արդեն մոտ 60 հազար է:
  • Նախորդ օրվա համեմատ հիվանդների թվի կտրուկ աճը պայմանավորված է հիվանդության հայտնաբերման նոր մեթոդի կիրառմամբ. մեկ օրվա ընթացքում վիրուս է հայտնաբերվել ավելի քան 15 հազար մարդու մոտ: Չինաստանի Առողջապահության ազգային հանձնաժողովը նշել է, որ այսուհետ հիվանդների թիվը նշվելու է համակարգչային տոմոգրաֆիայի տվյալների համաձայն՝ չսպասելով մյուս հետազոտությունների պատասխաններին:
  • Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտարարել է, որ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի առաջին փորձարկումները մարդկանց վրա կարող են մեկնարկել 4-5 ամսից:
  • ԱՄՆ-ի Ֆինանսների նախարար Ստիվեն Մնուչինը հայտարարել է, որ Միացյալ Նահանգների և Չինաստանի միջև կայացած համաձայնությունների առաջին փուլի իրականացման տեմպերը կորոնավիրուսի տարածման պատճառով նվազել են:

Փետրվարի 12

  • Չինաստանում բռնկված կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 44,6 հազարի, մահացել է 1113 մարդ, առողջացել և հիվանդանոցներից դուրս են գրվել 4740-ը:
  • Ավտոարշավի աշխարհի առաջնության՝ «Ֆորմուլա-1»-ի չինական փուլը, որը պետք է կայանար Շանհայում՝ ապրիլի 17-19-ը, կորոնավիրուսի պատճառով սահմանված ժամկետում չի կայանա: Նախնական տարբերակով հնարավոր է համարվում միջոցառումն անցկացնելու օգոստոս-նոյեմբեր ամիսներին:
  • Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը նոր տեսակի կորոնավիրուսին պաշտոնական անվանում է տվել. այսուհետ այն կկոչվի COVID-19: Ժնևում կայացած ֆորումի շրջանակներում ընդունված որոշմամբ նոր անվան մեջ CO-ն կորոնավիրուսն է, VI-ն՝ վիրուսը, իսկ D-ն՝ հիվանդությունը:

Փետրվարի 11

  • Փետրվարի 11-ի դրությամբ նոր տեսակի կորոնավիրուսով հիվանդների թիվն անցել է 42,7 հազարից: Մահացել է 1017 հիվանդ: Բուժումը ստացել և հիվանդանոցներից դուրս են գրվել 4046-ը:
  • Չինաստանի և Հոնկոնգի հայ համայնքը հուզիչ տեսանյութ է հրապարակել՝ աջակցություն հայտնելով Չինաստանին՝ կորոնավիրուսի դեմ պայքարում: Հոլովակում չինական իշխանություններին իրենց աջակցությունն են հայտնում ինչպես Չինաստանի տարբեր քաղաքներում բնակվող հայերը, այդ թվում՝ երեխաները, այլև Հայաստանում չինարեն սովորող ուսանողները:
Չինաստանի և Հոնկոնգի հայ համայնքի ուղերձը / ©ChinaHay Armenian Community of Hong Kong and China
  • Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը փետրվարի 11-12-ը Ժնևում հրավիրել է հետազոտությունների և նորարարությունների համաշխարհային ֆորում՝ 2019-nCoV կորոնավիրուսի դեմ պայքարի համար միջազգային ուժերը մոբիլիզացնելու նպատակով: Ֆորումին մասնակցելու են առաջատար գիտնականներ, առողջապահական կազմակերպությունների ներկայացուցիչներ և ոլորտային պաշտոնյաներ: Քննարկվելու են ախտորոշման մեթոդներին, պրոֆիլակտիկային և վիրուսի բուժմանը, ինչպես նաև պատվաստանյութի ստեղծմանը վերաբերող հարցեր:
  • Չինաստանում բռնկված համաճարակի դեմ պայքարում թերացումների համար Հուբեյ նահանգում գիգիենայի և առողջապահական գերատեսչության երկու պաշտոնյաների լիազորությունները դադարեցվել են:
  • Սանկտ Պետերբուրգում գտնվող Nissan-ի գործարանն արտադրությանն անհրաժեշտ բավարար քանակությամբ պարագաները Չինաստանից չստանալու պատճառով կարող է դադարեցնել իր աշխատանքները:
  • 2019-nCoV կորոնավիրուսի բռնկման հետևանքով Չինաստանի շուրջ 300 ընկերություններ, որոնց թվում և՝ Xiaomi-ն, հարկադրված դիմել են բանկերին՝ աշխատանքների խաթարման պատճառով կրած վնասները փոխհատուցելու համար վարկեր ստանալու խնդրանքով: Պարտադրված վարկերի ծավալը գերազանցում է 8 մլրդ դոլարը:
  • Համաճարակի տարածումը հանգեցրել է նավթի գնի միջազգային գնի անկմանը՝ 17%-ով: Նման հետևանքներ չեն առաջացրել ոչ թռչնի գրիպը, ոչ խոզի գրիպը՝ 2009թ.: Նավթի շուկայի վրա բացասաբար էր անդրադարձել միայն 2003թ. ատիպիկ թոքաբորբը: Նվազում են նաև արդյունաբերական մետաղի և էներգիայի գները:

Փետրվարի 10

Չինաստանի Առողջապահական պետական կոմիտեի տվյալներով՝ 2019-nCoV կորոնավիրուսով հիվանդների թիվը փետրվարի 10-ի դրությամբ հասել է 40171-ի: Հիվանդությունից մահացել է ընդհանուր առմամբ 910 մարդ, որոնցից երկուսը՝ Հոնկոնգում և Ֆիլիպիններում: Չինաստանից դուրս մահվան նոր դեպքեր չեն գրանցվել:

Առողջացել և հիվանդանոցներից դուրս են գրվել 3281-ը: Բուժվածների թիվն աստիճանաբար աճում է: Եթե հունվարի 27-ին Չինաստանում հիվանդների 1,3%-ն էր բուժվել, ապա այսօր արդեն այդ ցուցանիշը 8,2% է: Առողջապահության պետական կոմիտեի ղեկավարի հաղորդմամբ՝ ցուցաբերվող բժշկական օգնությունն սկսել է իր արդյունքները տալ:

Չինաստանի բնակիչները դիմում են ծայրահեղ միջոցների՝ վիրուսից պաշտպանվելու համար / ©REUTERS

Ամերիկյան խոշոր ավտոարտադրող General Motors-ը փետրվարի 15-ից կվերսկսի իր գործունեությունը: Չինաստանի տարածքում ընկերությունն ունի մի շարք գործարաններ, որտեղ արտադրում են Buick, Chevrolet և Cadillac մակնիշի ավտոմեքենաներ:

Ռուս քաղաքագետ Դմիտրի Աբզալովի կարծիքով՝ կորոնավիրուսի հետևանքով մի շարք ապրանքների գներ կբարձրանան: Նրա խոսքով՝ աշխարհում մատուցվող ծառայությունների շուրջ 60%-ն այս կամ այն կերպ կապված է Չինաստանի հետ: Միաժամանակ, Չինաստանը ոչ միայն սպառման մեծ շուկա է, այլև՝ խոշորագույն արտադրող: Քաղաքագետը նշել է, որ նավթի, գազի և մետաղի ամենամեծ սպառողը ներկայումս դրանց պահանջարկը չունի. հեղուկ գազով բեռնված 5 տանկեր ուղևորվում են դեպի Չինաստան: Դրանցից մեկը գնելուց Պեկինն արդեն հրաժարվել է. այն ուղարկվել է Սինգապուր: Մյուս չորսը դանդաղեցրել են իրենց ընթացքը՝ հույն ունենալով, որ մինչև հասնելն իրադրությունը կկարգավորվի: Աբզալովի համոզմամբ՝ այս ամենը մեծ գնաճի կհանգեցնեն:

Փետրվարի 9

  • 2019-nCoV կորոնավիրուսով վարակվածների թիվն անցել է 37,1 հազարից: Համաճարակը փետրվարի 9-ի դրությամբ խլել է 811 մարդու կյանք: Առողջացել և հիվանդանոցից դուրս է գրվել 2600 մարդ: Հիվանդանոցներում բուժում ստացողների թիվը 33 հազար է, որոնցից 6,2 հազարի վիճակը գնահատվում է ծանր:
  • ՉԺՀ-ի Առողջապահության գլխավոր կոմիտեի ներկայացուցիչ Մի Ֆենը հայտնել է, որ կորոնավիրուսով վարակվողների թիվը շարունակում է մեծ լինել Հուբեյ նահանգում, մինչդեռ Չինաստանի մյուս շրջաններում վարակվածության ցուցանիշներն անցնող շաբաթվա ընթացքում նվազել են շուրջ 43%-ով: Տարբեր նահանգներից մոտ 12 հազար բժիշկ ուղարկվել է Հուբեյ:
  • Հիվանդանոցներից մեկի աշխատակիցը պատմել է, որ աշխատում են 10 ժամ, որի ընթացքում չի թույլատրվում ուտել, խմել, գնալ զուգարան կամ պարզապես հանգստանալ: Նրա խոսքով` բժիշկներից ոմանք այնքան են հոգնում, որ աշխատանքն ավարտելուց հետո քնում են աթոռներին, քանի որ տուն գնալու ուժ չեն ունենում:
  • Ռուսաստանի ԱԻՆ ԻԼ-76 ինքնաթիռը Չինաստան է առաքել ընդհանուր 183 խմ բեռ՝ բժշկական պարագաներ և անհատական պաշտպանության միջոցներ:
  • Հայտնի դերասան Ջեկի Չանը 1 մլն յուան (մոտ 142 հազար դոլար) է խոստացել տրամադրել 2019-nCoV կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ ստեղծողին: Նրա խոսքով՝ գիտությունն ու տեխնոլոգիաները վիրուսի դեմ պայքարի բանալին են: Ջեկի Չանը հույս է հայտնել, որ դեղամիջոցը հնարավորինս շուտ կստեղծվի և փողոցները կրկին կլցվեն կյանքը վայելող մարդկանցով:

Փետրվարի 8

  • Չինաստանի Առողջապահության ազգային հանձնաժողովի հաղորդմամբ՝ կորոնավիրուսով վարակվածների թիվը երկրում փետրվարի 8-ի դրությամբ 34546 է, ԱՀԿ տվյալներով՝ ևս 270 վարակվածներ արտասահմանում են: Մահացածների թիվը հասել է 724-ի: Բուժվել և հիվանդանոցներից դուրս է գրվել մոտ 2200 մարդ: Մահացածության ցուցանիշներով 2019-nCoV-ը գերազանցել է 17 տարի առաջ գրանցված ատիպիկ թոքաբորբին:
2019-nCoV կորոնավիրուսի տարածումը հունվարի 25-փետրվարի 8-ը / ©rbc.ru
  • Յուհան քաղաքում առաջին անգամ օտարերկրացիների մահվան դեպքեր են գրանցվել: Մահացել են ԱՄՆ-ի և Ճապոնիայի 60-ամյա քաղաքացիներ: Չինաստանի սահմաններից դուրս մահվան նոր դեպքեր չեն գրանցվել:
  • Միացյալ Նահանգները հայտարարել է Չինաստանին և կորոնավիրուսից տուժած մյուս երկրներին 100 մլն դոլարի աջակցություն տրամադրելու պատրաստականության մասին:
  • Նովոսիբիրսկի գիտնականները ստեղծել են բժշկական նոր դիմակներ, որոնցով 10 հազար անգամ ավելի քիչ վիրուս կարող է անցնել, քան սովորականների: Նոր տեխնոլոգիայով դիմակը պատրաստված է մելտբլաունից և նանոարծաթից, գործածվում է 10 ժամ: Ինքնամաքրման շնորհիվ դիմակը հնարավոր է կրկնակի կիրառել: Կորոնավիրուսի նկատմամբ դեռ չի փորձարկվել, սակայն սովորական A գրիպի և ստաֆիլակոկի հարցում արդարացրել է իրեն: Չինաստանն արդեն հետաքրքրված է նոր տեխնոլոգիայով:

Փետրվարի 7

  • 2019-nCoV կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 31161-ի, մահացել է 636 մարդ՝ Չինաստանում, ևս 2-ը՝ արտասահմանում: Փետրվարի 7-ի դրությամբ հիվանդանոցներից դուրս գրվածների թիվը 1553 է: Մեկ օրվա ընթացքում մահացել է 69 մարդ. ԱՀԿ-ի կարծիքով՝ մահացությունների թիվը նվազման միտում ունի, քանի որ նախորդ օրը մահերն ավելի շատ էին:
  • Համաճարակի օջախ համարվող Յուհան քաղաքում 10-օրյա շինաշխատանքներից հետո շահագործման է հանձնվել երկրորդ հիվանդանոցը՝ կառուցված հատուկ կորոնավիրուսով հիվանդների համար: Այստեղ աշխատելու է շուրջ 2 հազար բժիշկ:
10 օր անց հիվանդանոցը հանձնվել է շահագործման / ©NEWS.CN
  • Չինաստանի Հուբեյ նահանգում աշխատանքի են կանչել թոշակի անցած բժիշկներին ու բուժքույրերին. թեև 29 նահանգներից բժշկական 107 բրիգադ է ժամանել (10596 բուժաշխատող), այնուամենայնիվ, բժիշկների քանակը չի բավականացնում: Հիվանդներին բուժօգնություն է ցույց տալիս նաև Ազգային ազատագրական բանակի բուժանձնակազմը: Ներկայումս առկա է ևս 2250 բժշկի կարիք:
  • Չինաստանի գիտնականները նոր կորոնավիրուսի հնարավոր միջնաժամկետ տերեր են համարել թեփամորթներին (պանգոլին): Նրանք հաստատել են, որ կենդանիների մոտ հայտնաբերված նոր տեսակի կորոնավիրուսի գենոմային հերթականությունը 99%-ով համընկնում է մարդկանց մոտ հայտնաբերված կորոնավիրուսի հետ: Գիտնականների կարծիքով՝ թեփամորթները կարող են վիրուսի միջնաժամկետ միակ տերերը չլինել, ուստի կոչ են արել հեռու մնալ վայրի կենդանիներից:
Թեփամորթ (պանգոլին) / ©Zuma/TASS
  • Տարածվող համաճարակը խաթարել է նաև մի շարք ընկերությունների գործունեությունը: Դրանց թվում է հայտնվել նաև Apple-ը. երկու շաբաթով կդադարեն ընկերության համար աքսեսուարներ արտադրող արտադրամասերի աշխատանքները: Կտուժեն հատկապես AirPods Pro ականջակալները՝ նախատեսվածից առնվազն մեկ ամիս ուշ հասնելով խանութներին: Ընկերությանն անհանգստացնում նաև այն, որ սովորական AirPods-ները նույնպես սպառման եզրին են և կարող են չբավարարել առկա պահանջարկը:
  • Ճապոնական Toyota ընկերությունն իր հերթին հայտարարել է, որ Չինաստանի տարածքում գտնվող գործարանները փետրվարի 10-ից կփակվեն: Վերաբացումը նախատեսվում է փետրվարի 17-ին: Մինչ այդ ընկերությունը միանալու է աջակցության տրամադրմանը համաճարակից տուժած շրջանների բնակիչներին՝ հատկացնելով բժշկական դիմակներ, բիոհագուստ, ախտահանող նյութեր:

Փետրվարի 6

  • Չինաստանի արտաքին գործերի նախարար Խուա Չունյինը հայտարարել է, որ Չինաստանը թափանցիկ և պատասխանատու մոտեցում է ցուցաբերում կորոնավիրուսի տարածմանը, օպերատիվ կերպով կիսվում է տեղեկատվությամբ, ուստի կոչ է անում չվստահել շշուկներին, որոնք ավելի վատն են, քան հենց կորոնավիրուսը:
  • Փետրվարի 6-ի դրությամբ 2019-nCoV կորոնավիրուսով հիվանդների քանակը հասել է 28018-ի, մահացել է 563 մարդ: Մեկ գիշերվա ընթացքում մահացել է 73, վարակվել՝ 3694 մարդ: ԱՀԿ արտակարգ դրության ծրագրի գործադիր տնօրեն Մայք Ռայանը հայտարարել է, որ կորոնավիրուսը բուժող ստուգված, արդյունավետ դեղամիջոց դեռևս առկա չէ:
  • Չինաստանի Առողջապահության ազգային հանձնաժողովի տվյալներով՝ բուժվածների թիվը հասել է 1198-ի: Նախորդ օրվա համեմատ բուժվածների թվի աճը կազմել է շուրջ 24%: Ընդհանուր առմամբ՝ հիվանդությունը հաղթահարածների թիվը գրեթե կրկնակի գերազանցում է մահացածների թվին:
  • Յուհան քաղաքի հիվանդանոցում մեկնարկել են ամերիկյան Gilead Sciences ընկերության էքսպերիմենտային դեղամիջոցի կլինիկական փորձարկումներն ընդդեմ կորոնավիրուսի: Հետազոտությունների ղեկավար Ցաո Բինը նշել է, որ ոչ կենդանի օրգանիզմում (in vitro) Remdesivir դեղամիջոցը դրական արդյունք է ցուցաբերել նոր տեսակի կորոնավիրուսի տարածումը դադարեցնելու գործում:
Ստուգվում են Յուհանի բոլոր բնակիչները / ©REUTERS / China Daily
  • Չինաստանի Յուհան քաղաքում այսօր առավոտյան բժիշկները սկսել են ստուգել քաղաքի բոլոր բնակիչների անխտիր ստուգմանը: Հիշեցնենք՝ քաղաքում հաշշվում է շուրջ 12 միլիոն բնակիչ: Վարակվածների մոտ 75%-ը հենց այս քաղաքում են, որտեղ և բռնկվել էր վիրուսը:
  • ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն անդրադարձել է տարածված այն լուրերին, ըստ որոնց՝ բանանը կամ այլ մրգեր, Չինաստանից առաքված ծանրոցներ կարող են կորոնավիրուս տարածել: Նախարարի խոսքով՝ հարուցիչը մրգերի կամ ծանրոցների մակերեսների վրա չի կարող երկար գոյատևել և դառնալ վարակի տարածման աղբյուր:

Փետրվարի 5

  • Ռուսական օդատիեզերական ուժերի 2 ինքնաթիռ չինական Յուհան քաղաքից տարհանել է ՌԴ քաղաքացիների խմբին, ինչպես նաև ՀՀ քաղաքացի Լյուդմիլա Բաղդասարյանին: 144 տարհանվածների մոտ կորոնավիրուս չի հայտնաբերվել: Հայաստանի արտգործնախարարությունը շնորհակալություն է հայտնել ռուսական կողմին:
Ռուսական օդուժը տարհանել է 144 մարդու / ©TASS
  • Փետրվարի 5-ի դրությամբ 2019-nCoV կորոնավիրուսով հիվանդների թիվը 24 503 է, մահացածներինը՝ 492: Վերջին 24 ժամում գրանցվել է մահացության 65 դեպք: Չինաստանի բուժհաստատություններում հսկողության ներքո գտնվում է 152,7 հազար մարդ: Հիվանդանոցների դուրս է գրվել 892 մարդ:
  • Ավստրիական Զալցբուրգում 2019-nCoV կորոնավիրուսով վարակված լինելու մեջ կասկածվող կինը հիվանդանոցից փախուստի է դիմել: Թայվանում և Նոր Զելանդիայում շրջագայելուց հետո նա վերադարձել էր Ավստրիա և դիմել բժշկի՝ հազի և շնչառական խնդիրների գանգատով: 31-ամյա կնոջը ոստիկանները հայտնաբերել են իր տանը: Հետազոտությունների արդյունքները հայտնի կլինեն այսօր երեկոյան:
  • Չինաստանի Չժեցզյանի համալսարանի հետազոտողների խումբը պատվաստանյութ է գտել կորոնավիրուսով վարակվածներին բուժելու համար: Նման հայտարարությամբ է հանդես եկել նաև չինացի գիտնական, համաճարակաբան Լի Լանցզյունանի հետազոտական խումբը: Պատվաստանյութ ստեղծելու մասին է հայտնել նաև մեծբրիտանական հետազոտական խումբը` նշելով, սակայն, որ, չնայած հաջողությանը, տարածման ներկայիս տեմպերի դեմ պայքարը կարող է և չհաջողվել:
  • 2019-nCoV կորոնավիրուսը բուժող դեղամիջոցի ստացման մասին վերոնշյալ լուրերի տարածումից անմիջապես հետո Brent տեսակի նավթի գինն աճել է 3%-ով, իսկ WTI-ն՝ 2,4 %-ով:

Փետրվարի 4

  • Չինական իշխանությունների հաղորդմամբ՝ փետրվարի 4-ի դրությամբ երկրի տարածքում նոր կորոնավիրուսով վարակվածների թիվը 20 438 է, իսկ մահացածներինը՝ 427: Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տվյալներով՝ Չինաստանի սահմաններից դուրս 20 երկրում վարակվածների թիվը 176 է: Արտերկրում մահացության 2-րդ դեպքն է գրանցվել:
  • ԱՀԿ գլխավոր տնօրեն Տեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը չի բացառել, որ համաճարակը կարող է ավելի վատթարանալ, սակայն կոչ է արել խուճապի չմատնվել:
  • Գիտնականները եկել են եզրակացության, որ 17 տարի առաջ բռնկված համաճարակը և 2019-nCoV կորոնավիրուսն 80%-ով համընկնում են: Նրանց կարծիքով՝ հնարավոր է, որ նախորդ համաճարակի բուժման մեթոդներն ու պատվաստանյութերն օգտակար լինեն նաև այս նոր կորոնավիրուսի հաղթահարման համար: Մինչ մասնագետները փորձարկում են նոր պատվաստանյութերը, չինական հիվանդանոցներում արդեն բուժվել է 725 մարդ:
  • ՀՀ Առողջապահության նախարարությունը հրապարակել է կորոնավիրուսի և դրանից պաշտպանվելու մասին տեղեկատվական հոլովակ:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021