Categories: Գիտություն

Մոլորակային պաշտպանություն. ի՞նչ անել, եթե Երկրի ուղղությամբ աստղակերպ թռչի

Տիեզերական պաշտպանության առաջին մանրամասն մշակված նախագիծը կազմվել է Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի ուսանողների և ասպիրանտների կողմից՝ 1967թ.՝ մեր մոլորակն Իկարուս աստղակերպից պաշտպանելու նպատակով:

Իր գոյության ողջ ընթացքում մեր մոլորակն անհամար անգամներ բախվել է աստղակերպերի ու գիսաստղերի հետ: Նրա երիտասարդության շրջանում դա հաճախ է տեղի ունեցել և բազմիցս աղետալի հետևանքներ կրել: Ավելի ուշ այդպիսի երևույթները նվազել են, բայց ժամանակ առ ժամանակ տեղի են ունենում: 65 մլն տարի առաջ Երկրի վրա ընկած 10 կիլոմետրանոց երկնային մարմինը վերջ է դրել դինոզավրերի դարաշրջանին, իսկ 1908թ. գիսաստղային միջուկը պայթել է Պոդկամեննայա Տունգուսկայի վրա:

Տիեզերքից սպառնացող վտանգի մասին խոսվում է արդեն մի քանի հարյուրամյակ: 17-րդ դարի վերջին այդ վտանգի մասին մտածել է անգլիացի աստղագետ Էդմոնդ Հալլեյը, ում անունով էլ կոչվել է ամենահայտնի գիսաստղը: 1694թ. նա Լոնդոնի արքայական համայնքում նշել է, որ հսկայական գիսաստղի անկումը կարող է ոչնչացնել կյանքը Երկրի վրա: 130 տարի անց Ջորջ Գորդոն Բայրոնը հանգել է այն մտքին, որ մարդկությունը գիսաստղից կարող է պաշտպանվել գոլորշու օգնությամբ: Մեր օրերում առաջարկվում են առավել լուրջ մեթոդներ՝ ջերմամիջուկային և կինետիկ զենքերից մինչև երկնային «ագրեսորի» հետագծի փոփոխություն՝ քարշակային շարժիչների և նույնիսկ արևի լույսի օգնությամբ:

Որքան էլ տարօրինակ թվա՝ տիեզերական պաշտպանության առաջին մանրամասն մշակված նախագծերը կազմվել են ոչ թե զինվորականների, այլ Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի ուսանողների և ասպիրանտների կողմից՝ պրոֆեսոր Պոլ Սենդորֆի ղեկավարությամբ: 1967թ. գարնանը Սենդորֆը լսարանին առաջարկել է Երկիրն Իկարուս աստղակերպի հետ ենթադրյալ հանդիպումից փրկելու միջոց փնտրել: Սպասվում էր, որ աստղակերպը հաջորդ տարի մոտենալու է Երկրին (մոտ 6,5 մլն կմ): Խնդիրն այնպես էր դրված, որ Իկարուսը, իբր, 1968թ. հունիսի 19-ին ընկնելու է Ատլանտյան օվկիանոսում՝ Ֆլորիդայից 3 հազար կմ հեռավորության վրա: Ուսանողները պետք է մտածեին աղետի կանխման ծրագիր՝ մինչև սահմանված ժամկետը:

Ահեղ Իկարուսը

Ներկայումս հայտնի է, որ Իկարուսը (Իկարուս 1566) շուրջ 1,5 կմ երկարություն ունի և 2,9 մլրդ տոննա քաշ: 1967թ. այդպիսի տվյալներ դեռ չկային, իսկ աստղակերպի չափերը գնահատվել են մոտավորապես (օրինակ՝ քաշը համարել են 380 մլն-ից մինչև 17 մլրդ տոննա): «Փրկության ծառայությունը» հաշվարկել է, որ Իկարուսի ոչնչացման համար անհրաժեշտ է ջերմամիջուկային պայթյուն՝ 1000 մեգատոննա THT հզորությամբ: Նման հզորությամբ ջրածնային մարտագլխիկների և նրանց տեղափոխման համար անհրաժեշտ հրթիռ-հսկաների բացակայության պատճառով այս տարբերակը համարվել է ոչ իրատեսական: Որպես այլընտրանք՝ Սենդորֆի ուսանողները որոշել են Իկարուսին հարվածել 6 հատ 100 մեգատոննայանոց մարտագլխիկներով, որոնք կարող էին հասցնել պատրաստել անհրաժեշտ ժամկետում:

1566 Իկարուս աստղակերպը՝ 2015թ. ապրիլի 17-ի դրությամբ, կապույտով՝ Իկարուսի հետագիծը / © NASA/JPL

Դրանց տեղափոխման համար ընտրվել է ամերիկյան հզոր տիեզերանավը՝ Saturn V-ն, որը մշակվել էր Apollo ծրագրի համար: Ենթադրվել է, որ տիեզերքից անկասելի վտանգի դեպքում ամերիկյան օդատիեզերական կորպորացիաները կկարողանան մոբիլիզացնել արտադրական ռեսուրսները և մեկ տարվա ընթացքում կառուցել այդպիսի 9 հրթիռ: 3 հատ «Սատուրն» նախատեսվել են փորձնական արձակումների, մյուս 6-ը՝ Իկարուսին հարվածելու համար:

Բաժանել մասերի

Աստղակերպի չեզոքացումը նախատեսվել է անցկացնել 2 փուլով: 1968թ. ապրիլի 7-ից մինչև մայիսի 17-ը երկշաբաթյա պարբերականությամբ պետք է տիեզերք ուղարկվեին 4 հրթիռներ՝ Երկրից 32-12 մլն կմ հեռավորության վրա Իկարուսին հարվածելու համար: Մարտագլխիկները նախատեսվել են պայթեցնել աստղակերպի՝ 30 մ խորության վրա: Հաշվարկը կատարվել է այնպես, որ հզոր ջերմամիջուկային պայթյուններն աստղակերպից կառանձնացնեն հսկայական զանգվածը՝ տարածելով այլ ուղղություններով: Հաջողելու դեպքում հնարավոր կլինի փոխել Իկարուսի հետագիծը: Նույնիսկ ակնկալվել է, որ պայթյունները կարող են Իկարուսը մասնատել առանձին մասերի, սակայն այդ ամենը մոտավոր է գնահատվել՝ հաշվի առնելով, որ աստղակերպի զանգվածի, կառուցվածքի մասին տեղեկությունները շատ չեն:

Աստերոիդի մասնատման կոնցեպտ / © NASA/Reuters

Հաշվարկները, սակայն, ցույց են տվել, որ արձակումների առաջին փուլի հաջողությունը երաշխավորված չէ: Ուստի Սենդորֆի խումբն առաջարկել է հունիսի 14-ին ևս 2 հրթիռ արձակել՝ Երկրից մի քանի միլիոն կմ հեռավորության վրա դիմավորելու համար: Սպասումների համաձայն՝ այդ պայթյունները պետք է աստղակերպը բեկորների բաժանեն, որոնք Երկրին նվազագույն վնաս հասցնեն, քան ամբողջականը:

90% կամ ավելի քիչ

«Իկարուս» ծրագիրն ավարտվել է շուրջ կես դար առաջ: Այդ ժամանակից ի վեր նմանատիպ խնդիրներ լուծել են նաև այլ կոլեկտիվներ, ընդհուպ մինչև կատարելագորված սարքավորումներով՝ մանրակրկիտ համակարգչային մոդելավորմամբ: Սակայն Մասաչուսեթսի ուսանողների աշխատանքը պատմության մեջ մնացել է որպես այդպիսի առաջին հետազոտություն: Նրանց ղեկավարը համարել է, որ ծրագրի իրականացման դեպքում հաջողության հավանականությունն առնվազն 90% կկազմի: Ժամանակակից փորձագետները հակված են մտածելու, որ այդ գնահատականն էականորեն գերազանցված է. խոսքն, ամեն դեպքում, վերաբերում է կես դար առաջվա տիեզերական տեխնոլոգիաներին: Սակայն կարևոր է, որ այն գործնականում կիրառելու անհրաժեշտություն չի առաջացել:

Հավելենք, որ սույն թվականի մայիսի 27-ի երեկոյան, ժամը 23:00-ի մոտակայքում, Հայաստանի երկնքում՝ Հրազդան-Հանքավան հատվածում, շատ վառ երկնաքար է պայթել ու ընկել անտառային տարածքում: Հազվադեպ երևույթն արձանագրվել է տեսախցիկով:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021