Ուզում ենք հանգստանալ Սևանի ափին, բայց ստացվող տեղեկություններն անհանգստացնող են, ի՞նչ անել
Արդեն մեկ շաբաթ է, ինչ մասնագետներն ու հասարակությունն ահազանգում են Սևանա լճում ստեղծված աղետալի իրավիճակի մասին։ Օգտատերերը սոցիալական ցանցերում հրապարակում են լճի կանաչավուն պատկերով լուսանկարներ՝ ահազանգելով լճի փոփոխված վիճակի մասին։ Արբանյակից արված լուսանկարներից նույնպես երևում է, որ Սևանի որոշ ափերում ջուրը կանաչավուն գույն է ստացել։
Ականատեսները վստահեցնում են, որ Սևանից փչող հոտը գլխացավ է առաջացնում:
Լճի էկոհամակարգի խաթարման մասին լուրերին միացան նաև անասունների անկման դեպքերը։ Ափամերձ համայնքների բնակիչների մոտ նույնպես խուճապային տրամադրություններ են, գործի են անցել անասնաբույժները:
Իրարամերժ մեկնաբանություններից ոչ մեկը, թերևս, չի ստանում գերակշռություն, որով և չի նվազում անհանգստությունը։
Ի՞նչ է կատարվում Սևանում
Հայաստանի կապուտաչյա գեղեցկուհին վերածվում է կանաչ, կեղտոտ ու ջրիմուռներով լի ջրային ավազանի։ Մասնագետները մտահոգություններ են հնչեցնում, բարձրաձայնում պատճառների ու անելիքների անհրաժեշտության մասին, տնտեսվարողները փորձում են հանգստացնել՝ իրենց օբյեկտների հարակից տարածքների մաքուր ափերի լուսանկարներ հրապարակելով։
ՀՀ Շրջակա միջավայրի նախարարությունը ստեղծված իրադրության կապակցությամբ հայտարարել է, որ Սևանա լճում արձանագրվել է Անաբենա (լատ.՝ Anabaena) ցեղի կապտականաչ ջրիմուռների աճ։ Այս ջրիմուռները Սևանա լճում առաջին անգամ նկատվել են նախորդ դարի 40-ականներին, իսկ ծաղկման առաջին դեպքն արձանագրվել է 1964 թվականին և տարբեր ծավալներով պարբերաբար կրկնվել նաև այլ տարիներին։ Լայնածավալ ծաղկում է դիտարկվել նաև 2018 թվականին։
Եթե նախորդ տարի առողջապահության նախարարն ու Գեղարքունիքի մարզպետն ուղիղ եթերում լողացին լճում, Սևան ազգային պարկի տնօրենն ավելի հեռուն գնաց՝ խմելով լճի ջուրը։ Այս տարի դեռ նման համարձակ պաշտոնյաներ չեն եղել։
«ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի նախագահ Ինգա Զարաֆյանի հաղորդմամբ, ըստ ԳԱԱ կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի, ջրիմուռները լուրջ վտանգ են ներկայացնում, քանի որ ծաղկման հետևանքով արտադրում են տոքսիկ նյութեր, որոնք վտանգավոր են մարդկանց առողջության, ինչպես նաև ոռոգման համար:
Միաժամանակ, Գեղարքունիքի մարզի անասնապահներն ահազանգեցին կենդանիների անկման դեպքերի մասին։ Կարճաղբյուր գյուղում արդեն 6 կով են մորթել: Եվս 20 կովի էլ հազիվ են փրկել: Անասնապահների համար անհասկանալի վիճակ է ստեղծվել. կենդանիներն անսպասելի սատկում են: Կարմիր գյուղում 2 կով է սատկել, իսկ 15-ի վիճակը վատ է: Արտանիշում անկել է 7 կով, դարձյալ Սևանա լճից ջուր խմելուց հետո, իսկ Ծովինարում անկած կովերը 9-ն են: Գավառի Հացառատ թաղամասից էլ են ահազանգում են, որ կովեր են սատկում, թեև տեղանքն էլ բավականին հեռու է Սևանա լճից, և անասունները ջրվում են այլ աղբյուրներից:
Անասնապահները վստահեցնում են, որ Սեւանի ափին կովերը անկել են լճից ջուր խմելուց հետո։ Ըստ նրանց, Սեւանա լիճը երբեք այսպես մամռակալած չի եղել, իրենց կովերը միշտ էլ լճից ջուր խմել են։
Նախարարությունը պարզաբանում է
ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը ջրիմուռների աճը պայմանավորում է հետևյալ գործոններով․
• Տասնյակ բնակավայրից կեղտաջրերի մուտքը լիճ,
• Սպասարկման և ժամանցի օբյեկտներից կեղտաջրերի մուտքը լիճ,
• Գյուղատնտեսությունը և անասնապահությունը,
• Ֆոսֆորի և ազոտի մուտքը լիճ,
• Ջրածածկ և ափամերձ անտառաշերտից օրգանական նյութերի մուտքը լիճ,
• Բարձր ջերմաստիճանը և կլիմայական փոփոխությունները,
• Տեղումների սակավությունը,
• Քամիների ինտենսիվությունը և դրա պատճառով բարձր գոլորշիացումը:
Ի՞նչ են ասում մասնագետները
Շրջակա միջավայրի նախկին փոխնախարար, անտառագետ Այսեր Ղազարյանը Սևանի ափամերձ հատվածների կանաչելու գործընթացը պայմանավորում է մի քանի գործոններով, այդ թվում՝ օրգանացմամբ և ակտիվ ջրամբարային էֆեկտով, որով ամեն տարի լճից մեծ ծավալով ջուր է դուրս բերվել։
Ասում է՝ մեկ օր շուտ պետք է դադարեցնել նյութեր արտանետել Սևան, լճի ափամերձ տարածքների ջրածածկ անտառները պետք է մաքրվեն, ափամերձ օբյեկտների կոյուղու և այլ աղտոտված ջրերը չլցվեն լիճ։ Լճում առկա օրգանիկան պետք է ի վերջո դառնա ձկան կեր և ֆոսֆորի որոշակի քանակություն ձկան միջոցով դուրս բերվի, այնինչ այն չի կատարվում, որովհետև մասսայական ապօրինի ձկնագողություն է։
«Առնվազն մի քանի տարի Սևանին ընդհանրապես չպետք է ձեռք տալ և փորձել վերոնշյալ խնդիրները դադարեցնել, որպեսզի կայունացնենք լիճը, բերել այն վիճակի, որ ինքն իրեն կարգավորի»,- նշել է Այսեր Ղազարյանը։
Շրջակա միջավայրի նախարարի խորհրդական Կարեն Ճենտերեճյանը լճի ափերի կանաչելու պատճառ չի համարում Սևանից լրացուցիչ ջրառի ավելացումը, ասում է՝ այն անմիջական բացասական ազդեցություն կունենա լճի համար այն դեպքում, եթե լճի ջրի ընդհանուր բալանսը բացասական լինի։
Նրա փոխանցմամբ՝ մաքրման կայանների վերաբերյալ խնդիրներ կան, քանի որ դրանք միայն մեխանիկական մաքրում են կատարում, կենսաբանական մաքրում իրականացնելու հնարավորություն չունեն, այսինքն՝ լիճ թափվող նյութերը չեն կարողանում անվտանգ ձևով լիճ ուղարկել։
Ըստ Կարեն Ճենտերեճյանի՝ Նախարարությունը դեռևս նախորդ տարվանից մեծ աշխատանք է իրականացնում, որպեսզի ափամերձ յուրաքանչյուր օբյեկտ ունենա իր մաքրման կայանը։
Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները ստեղծել են «SOS Սևան» նախաձեռնությունը և բոլոր հետաքրքված քաղաքացիներին հրավիրում են քննարկման՝ Սևանի փրկության առաջակությունների մշակման և Կառավարությանը ներկայացնելու համար:
«Գիտնականներն ու հասարակությունն ահազանգում են Սևանա լճի ներկայիս աղետալի վիճակի մասին և կոչ անում շտապ միջոցներ ձեռնարկել լճի փրկության համար, որպեսզի Սևանա լճի համար անդառնալի հետևանքներ չունենանք: Ցավոք, պատկան մարմինները, ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը նսեմացնում են առկա վտանգները և չեն առաջարկում առաջնահերթ քայլեր Սևանի փրկության համար»,- հայտարարել են նախաձեռնության անդամները։
ՀՀ ԿԵ ՍԱՏՄ ղեկավար Գեւորգի Ավետիսյանը Ֆեյսբուքի իր էջում անդրադարձել է աղմուկ հանած միջադեպին,երբ համացանցում տեղեկություններ էին տարածվել, որ Սեւանից ջուր խմելուց հետո կենդանիներ են սատկել։
ՍԱՊՏ-ն փորձանմուշներ է վերցրել սատկած կովերից և լաբորատոր փորձաքննությունների արդյունքները պատրաստ կլինեն երեքշաբթի։
Ի՞նչ միջոցառումներ են ձեռնարկվել
Լճի էկոլոգիական վիճակի կայունացման նպատակով Շրջակա միջավայրի նախարարությունը իրականացրել և իրականացնում է մի շարք գործողություններ.
• Ամենօրյա աշխատանքներ են տարվում ոռոգման ջրի պահանջարկի ճշգրտման և Սևանից ջրառի նվազեցման ուղղությամբ,
• Շարունակական մոնիթորինգ է իրականացվում՝ լճի առկա վիճակի վերաբերյալ տեղեկատվություն ստանալու նպատակով և աշխատանքներ մոնիթորինգի համակարգի հզորացման համար,
• Շրջակա միջավայրի նախարարությունը դիմել է նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ին՝ Սևանա լճին և հարակից տարածքին Կենսոլորտային պահպանավայրի կարգավիճակ տալու նպատակով։ ՅՈՒՆԵՍԿՕ-ից ստացված պաշտոնական գրության համաձայն, այդ ուղղությամբ աշխատանքներն արդեն մեկնարկել են։
Գերմանիայի Հելմհոլցի կենտրոնի և ԳԱԱ Հիդրոէկոլոգիայի և ձկնաբանության ինստիտուտի ներգրավմամբ իրականացվել է Սևանա լճի ջրի որակի մոնիթորինգի և հատակային նստվածքների 1D մոդելավորում։
Նախարարությունը պաշտոնական նամակով դիմել է ԳԴՀ կրթության և գիտության նախարարությանը՝ լայնածավալ մոնիթորինգային աշխատանքներ իրականացման նպատակով, ներառյալ՝ լճի համար սնուցող նյութերի հաշվեկշռի գնահատում և սնուցող նյութերի կառավարման նպատակների սահմանում, էֆտրոֆացման գնահատման 1D մոդելի մշակում (սնուցող նյութեր, պլանկտոն, ջրում լուծված թթվածին), հիդրոդինամիկական 3D մոդելի մշակում, արբանյակային հեռահար զոնդավորման միջոցով ջրի որակի գնահատում, կառավարման տարբեր սցենարների գնահատում և ջրի որակի վրա ազդեցության հիմնական խնդիրների բացահայտում, և այլն։
Նախարարության հաղորդման համաձայն.
• 5 միլիոն եվրո դրամաշնորհ է նախահամաձայնեցվել ԵՄ կողմից Սևանա լճին վերաբերող բնապահպանական խնդիրների լուծման համար։
• Կառավարությունում քննարկվել է լիճ թափվող գետերի հուների մաքրման հարցը։
• Հստակեցվել են մինչև 1901.5մ մաքրման ենթակա ջրածածկ տարածքները (770հա), հայտարարվել է մրցույթ և նախատեսվում է ամբողջությամբ մաքրել 2019-22թթ։
• Նախարարությունը մշակում է օրենսդրական նախագծեր, որոնք նպատակաուղղված են կոմունալ-կենցաղային կեղտաջրերով աղտոտման նվազեցմանը։
• Սևանա լճի ափամերձ տարածքներում գործունեություն ծավալող 14 խոշոր տնտեսավարող նախարարության պահանջով իրենց սպասարկման և ժամանցի կետերում տեղադրել են կեղտաջրերի մաքրման կայաններ։
• Մշակվել է կողակի վերականգնման ծրագիր, որը հանդիսանում էր Սևանա լճի մաքրման հիմնական գործոններից մեկը:
Սևանա լճի տարածքում ստեղծված իրավիճակի վերաբերյալ հայտարարություն է տարածել նաև ՀՀ առողջապահության նախարարությունը՝ նշելով, որ
իր լիազորությունների շրջանակներում իրականացնում է լճի ափամերձ տարածքների և ջրի սանիտարահամաճարակային վիճակի մոնիտորինգ։
Նախարար Արսեն Թորոսյանի հանձնարարությամբ ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մասնագետները կատարելու են ափամերձ տարածքների ջրի նմուշառում և լաբորատոր հետազոտություն։
Ի վերջո՝ լողա՞լ ջրում, թե՞՝ ոչ
«ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի նախագահ Ինգա Զարաֆյանի հաղորդմամբ, ծաղկման հետևանքով ջրիմուռներն արտադրում են տոքսիկ նյութեր, որոնք վտանգավոր են մարդկանց առողջության, ինչպես նաև ոռոգման համար: «Իհարկե դա չի նշանակում, որ մարդիկ, մտնելով ջուրը, թունավորվելու են»,- ընդգծեց բնապահպանը:
Նա միաժամանակ նշեց, որ Սևանում ջրիմուռների ծաղկումից 2-3 շաբաթ հետո այդ ջրիմուռները կնստեն լճի հատակին, բայց դրանով ջրի աղտոտումը շարունակվելու է, իսկ երկու-երեք ամիս հետո նորից կարող է լիճը ծաղկել։ Սա լուրջ վտանգ է և պետք է դրանից ազատվել։
Կարեն Ճենտերեճյանը լճի վիճակը համարում է անհանգստացնող, սակայն ընդգծում է՝ դա չի նշանակում, որ քաղաքացիները չպետք է գնան Սևան, նրանք միայն չպետք է լողան լճի ծաղկած ափերում։
Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանն իր հերթին Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում վստահեցրել էր, որ 7-10 օրվա ընթացքում լճում առաջացած կանաչ զանգվածը կքայքայվի ու կվերանա։
Ստեղծված իրադրության և իրարամերժ հայտարարությունների պայմաններում մնում է սպասել հետազոտությունների արդյունքներին՝ հասկանալու, թե ի վերջո վտանգավորության ի՞նչ աստիճան է Սևանա լճում։
Մեկնաբանությունները