Կներդրվի բալային համակարգ. նոր մոտեցում ՃԵ կանոնների խախտումներին

Բալային համակարգի ներդրմանը զուգահեռ՝ նվազեցվելու են տուգանքները: Նախագծի նպատակը ոչ թե բյուջեն լցնելն է, այլ կյանքեր փրկելը:

ՀՀ Ազգային ժողովն այսօր առաջին ընթերցմամբ քննարկել է Ճանապարհային երթևեկության կանոններին վերաբերող օրենքներում մի շարք փոփոխություններ կատարելու վերաբերյալ օրենսդրական փաթեթը: Այն մշակվել է Կառավարության կողմից, և Ազգային ժողովում բուռն քննարկումների տեղիք է տվել:

Մի շարք փոփոխությունների շարքում ուշագրավ է Բալային համակարգի ներդրման առաջարկը: Այն նախատեսում է որոշակի կանոնների խախտումների դեպքում տուգանքների չափերի նվազեցում, փոխարենը՝ բալային համակարգով վարորդներից միավորների պակասեցում:

Ինչպե՞ս է գործելու միավորների համակարգը

Այսպես, վարորդական իրավունքի վկայական ստանալու պահից վարորդին տրամադրվում է 9 միավոր: ՃԵԿ խախտում կատարելու դեպքում միավորներից պակասեցվում են համապատասխան միավորներ: Օրենքով նախատեսվում է որպես վարչական պատասխանատվության միջոց կիրառել 0,5, 1, 2, 3 և առավելագույն 4 տուգանային միավոր:

Միավորները սպառելու դեպքում նախատեսվում է վարորդի՝ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը կասեցնել 6 ամիս ժամկետով: Այդ ժամկետի կեսից ավելին լրանալու դեպքում, տարվա մեջ մեկ անգամ, վարորդը կարող է վերահանձնել վարորդական իրավունքի ստացման տեսական քննությունը և վերականգնել իրավունքը: Նույն տարում երկրորդ անգամ միավորները սպառելու դեպքում վարորդը կզրկվի վարելու իրավունքից 1 տարի ժամկետով:

Նշվում է, որ 6 և ավել միավորներ սպառած վարորդները նույնպես կարող են հանձնել քննություն և վերականգնել 2 միավոր: Միավորները վերաբերելու են մոտ 20 խախտումներին, որոնցից են արագության գերազանցումը, ալկոհոլի ազդեցության տակ վարելը, հոծ գիծը հատելը և այլն. առավել ծանր հետևանքներ առաջացնող խախտումները:

Նախագծով առաջարկվող բալային համակարգը չի կիրառվելու օտարերկրյա պետհամարանիշով մեքենաների նկատմամբ. վերջիններիս դեպքում կգործեն ներկայիս կարգավորումները:

Նոր մոտեցման ազդեցությունը

Կառավարության նախագիծն ԱԺ-ում ներկայացրել է փոխոստիկանապետ Հովհաննես Քոչարյանը: Նրա խոսքով՝ բալային համակարգի ներդրումը նպատակ ունի երթևեկությունից հեռացնել անբարեխիղճ վարորդներին:

Պատգամավորների այն հարցադրումներին, թե ինչո՞ւ են բալային համակարգի ներդրմանը զուգահեռ նվազեցվում տուգանքի չափերը, փոխոստիկանապետը տեղեկացրել է, որ Կառավարության մոտեցումը ենթադրում է ոչ թե վարորդներին տուգանում և դրա միջոցով բյուջեի համալրում, այլ երթևեկության կարգավորում, խախտումների և դրանց հետևանքով վթարների ու մահացությունների էական նվազեցում:

Հովհաննես Քոչարյանը նշել է, որ ներկայիս գործող կարգավորումները վարորդների մոտ միայն ֆինանսական պարտավորություններ են առաջացնում, մինչդեռ նոր նախագծով ակնկալվում է երթևեկության կարգավորում: Պատգամավորների հարցադրմանը, թե արդյո՞ք ճանապարհների վիճակը և գծանշումների մակարդակը համապատասխանում են ներկայացվող պահանջներին, ոստիկանապետի տեղակալը հայտնել է, որ օրենքն ուժի մեջ է մտնելու ընդունումից 6 ամիս հետո: Այդ ընթացքում նախատեսվում է կատարել ճանապարհների գույքագրում, առկա խնդիրների կարգավորման ուղղությամբ աշխատանքների իրականացում:

Հիշեցնենք, դեռևս հուլիս ամսին վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել էր, որ տուգանելու քաղաքականությունը ոչ մի էֆեկտի չի բերում, և Ոստիկանությունից պահանջել է անհանդուրժողականություն դրսևորել ու կոշտ միջոցներ ձեռնարկել անբարեխիղճ վարորդների նկատմամբ։

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021