Եվրոպական երկրները դադարեցնում են զենքի մատակարարումը Թուրքիա. Կիպրոսի հարցն առաջ է մղվել. (upd.)

Եվրոպական երկրների ԱԳ նախարարները կհանդիպեն Լյուսքեմբուրգում՝ քննարկելու ոչ միայն Սիրիայի քրդերի դեմ Թուրքիայի կատարած ռազմագործողության դադարեցմանն ուղղված միջոցառումների, այլև Կիպրոսում տեղանքահետախուզական գործունեության հարցը:

Այսօր՝ հոկտեմբերի 14-ին, Լյուքսեմբուրգում կայանալու է Եվրամիության անդամ-երկրների արտաքին գործերի նախարարների հանդիպումը: Օրակարգում է Թուրքիայի վարքագիծը՝ կապված սիրիացի քրդերի դեմ հարձակման հետ:

Մինչ այդ արդեն ԵՄ երկրներն արտահայտել են իրենց առանձին դիրքորոշումներն այս հարցով: Մասնավորապես Գերմանիան, Իտալիան, Ֆրանսիան և Ֆինլանդիան հայտարարել են, որ դադարեցնում են ռազմամթերքի մատակարարումը Թուրքիա:

ԵՄ երկրների դիրքորոշումը

Նիդերլանդների ԱԳ նախարար Ստեֆ Բլոկը հայտարարել է, որ քննադատում են Թուրքիայի գործողությունները և արգելք են դնում զենքի մատակարարման վրա՝ Եվրամիությանը կոչ անելով նույնկերպ վարվել:

Իռլանդիայի ԱԳ նախարար Սայմոն Քոուվենին նշել է, որ հնարավոր է ԵՄ-ը Թուրքիայի նկատմամբ սահմանափակման միջոցներ ձեռնարկի:

Լատվիայի արտգործնախարար Էդգարս Ռինկևիչսը հայտարարել է, որ Լատվիան սպառազինություն չի մատակարարում Թուրքիային, ուստի անհրաժեշտ է այլ սահմանափակումներ ձեռնարկել ընդդեմ Անկարայի:

Պաշտոնական Մադրիդը նույնպես մտադիր է միանալ զենքի մատակարարման արգելքին: Իսպանիայի ԱԳՆ պաշտոնակատար Ժոզեփ Բորրելը նշել է, որ բոլորի մտայնությունը հետևյալն է՝ Թուրքիայի հետ հարաբերություններում գրավել խստապահանջ դիրքեր: Նրա խոսքով՝ Իսպանիան կքննարկի մատակարարման արգելքի հարցը: Բորրելը հիշեցրել է, որ էմբարգոն ԵՄ շրջանակներում չի լուծվում, այլ առանձին պետությունների և հավելել, որ Իսպանիայի կառավարությունը կողմ է զենքի մատակարարման ամբողջությամբ դադարեցմանը:

Խնդիր՝ ՆԱՏՕ-ի համար

Ավստրայի ԱԳՆ Ալեքսանդր Շալլենբերգը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի անդամ-երկրները պետք է Թուրքիայի նկատմամբ զենքի մատակարարման արգելք սահմանեն: Նախարարը նշել է, որ այսօր սպասում է ԵՄ կողմից թուրքական ռազմագործողության վերաբերյալ հստակ դիրքորոշման արտահայտում, որը կվերաբերի նաև զենքի մատակարարման արգելքին: Շալլենբերգի կարծիքով՝ ՆԱՏՕ-ն պետք է հստակ ազդակ հղի իր դաշնակից Թուրքիային:

Նախարարը նշել է, որ Ավստրիան նախկինի նման կոչ է անում սառեցնել ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության հարցը: Նա Բրյուսելին հորդորել է չտրվել Անկարայի սպառնալիքներին՝ սահմանը բացելու և դեպի Եվրոպա փախստականների ալիք թույլատրելու վերաբերյալ:

Բելգիայի ԱԳՆ Դիդիյե Ռեյնդերսի խոսքով՝ ԵՄ երկրների մտադիր են դիտարկել նաև Անկարայի հետ հարաբերություններում նոր պատժամիջոցներ ձեռնարկելու հարցը: Նրա կարծիքով՝ զենքի մատակարարման հարցում անհրաժեշտ է հասնել կոնսենսուսի, բացի այդ՝ կիրառել նաև ճնշման այլ միջոցներ: Ռեյնդերսի խոսքով՝ միջազգային հանրությունը փորձում ճնշում գործադրել Անկարայի վրա՝ դադարեցնելու ռազմագործողությունը Սիրիայում:

Լյուքսեմբուրգի արտգործնախարար Ժան Ասսելբորնն իր հերթին հավելել է, որ եթե քրդերն ու Դամասկոսը համատեղ գործողություններ ձեռնարկեն ընդդեմ Անկարայի ռազմագործողությանը, ապա ՆԱՏՕ-ի երկրների անվտանգության համար սպառնալիք կառաջանա:

Նրա խոսքով՝ Թուրքիան ՆԱՏՕ անդամ է, իսկ այսօր առավոտվանից Սիրիայի նախագահի և քրդերի միջև կոալիցիա է ձևավորվել: Վաշինգտոնյան պայմանագրի հինգերորդ կետի համաձայն՝ ՆԱՏՕ անդամի վրա հարձակման դեպքում մյուս պետությունները պարտավոր են աջակցել: Նախարարը նշել է, որ Թուրքիայի վրա հակահարձակման դեպքում ՆԱՏՕ անդամ-երկրների անվտանգության համար նոր խնդիր է առաջանալու:

Իսլամիստների ակտիվացման վտանգ

Կա նաև օտարերկրյա իսլամիստ-զինյալների լրջագույն խնդիրը: Նախարարի խոսքով՝ նախկինում նրանք քրդերի մոտ բանտարկված էին, իսկ այժմ, թուրքական ուժերի կողմից քրդերին չեզոքացնելու դեպքում, իսլամականները կտարածվեն ամբողջ երկրում, իսկ նրանց թիվը բավականին մեծ է. մի մասը կարող է հայտնվել Եվրոպայում:

Ասսելբորնն ընդգծել է, որ ԵՄ-ի համար դժվար է հասկանալ Թուրքիայի գործողությունները. մտադիր է ստեղծել չեզոք գոտի՝ 500կմ երկարությամբ և 30կմ խորությամբ, որպեսզի ահաբեկիչներից պաշտպանի իր տարածքը: Սակայն Թուրքիան երբեք Սիրիայի տարածքից ահաբեկչական հարձակումների չի ենթարկվել: Անկարան նշում է, որ ոչնչացնում է ահաբեկիչներին, բայց հարձակման են ենթարկվել 130 հազարից ավելի քրդեր, հարյուրավոր խաղաղ բնակիչներ զոհվել ու վիրավորվել են, տեղի են ունեցել ռազմական հանցագործություններ: Լյուքսեմբուրգի ԱԳՆ-ը ամբողջ Եվրոպային է կոչ արել դատապարտել և գործել միասնական:

Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Իվ Լե Դրիանը նշել է, որ Թուրքիայի կողմից Սիրիայի հյուսիսում ձեռնարկած հարձակումը կարող է վերակենդանացնել Իսլամական պետություն խմբավորմանը: Նրա համոզմամբ՝ այս հարձակումը կհանգեցնի իսկական հումանիտար աղետի:

Լյուքսեմբուրգում կայանալիք հանդիպմանը, նախարարի խոսքով, Ֆրանսիան հասնելու է նրան, որ ամբողջությամբ դադարեցվի զենքի մատակարարումը Թուրքիա: ԵՄ անունից նախատեսվում է առաջին հերթին՝ հարձակման դատապարտում, կոչ դադարեցմանը և մատակարարման արգելք:

Թուրքական ոտնձգությունները Կիպրոսում

Եվրոպական նախարարների քննարկման օրակարգում է ոչ միայն Թուրքիայի կողմից Սիրիայի քրդերի դեմ ուղղված գործողությունների հարցը, այլև Անկարայի կողմից Կիպրոսում իրականացվող տեղանքահետախուզական միջոցառումների իրականացումը, քանի որ Կիպրոսը հանդիսանում է Եվրամիության անդամ և այդ խնդրի կապակցությամբ արդեն ահազանգել է Բրյուսելին:

Հիշեցնենք, որ Թուրքիան գրավել է Կիպրոսի հյուսիսային շրջանները՝ ստեղծելով Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետություն: Ներկայումս նաև Կիպրոսի մյուս շրջանների նկատմամբ որոշակի նկրտումներ կան. մասնավորապես՝ սահմանամերձ հատվածում թուրքական կազմակերպություններն իրականացնում են բնական պաշարների՝ նավթ, գազ, որոնողական աշխատանքներ:

Խաղաղության ակունք

Հոկտեմբերի 9-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրամանով թուրքական զինված ուժերը հարձակվեցին Սիրիայի հյուսիս-արևելքի վրա: Ռազմագործողությունը կրում է Խաղաղության ակունք անվանումը և, ըստ թուրքական վարկածի, նպատակ ունի չեզոք գոտի ստեղծել թուրք-սիրիական սահմանի երկայնքով և այնտեղ բնակեցնել սիրիացի փախստականներին՝ մոտ երկու միլիոն մարդ:

Օդուժի ռմբակոծությանը հետևել է հրանոթային արկակոծությունը, ինչից հետո Սիրիա են մտել ցամաքային զորքերը: Հիմնական գործողությունները ծավալվում են Եփրատ գետի աջ ափին:

UPD. Լյուքսեմբուրգում Եվրամիության երկրների արտգործնախարարների մասնակցությամբ կայացել է ԵՄ արտաքին հարաբերությունների կոմիտեի նիստը, որի օրակարգում Թուրքիայի կողմից Սիրիայի վրա հարձակումն է: Քննարկման արդյունքում ԵՄ անդամ 28 երկրների կողմից ընդունվել է որոշում, որը նախատեսում է զենքի վաճառքի արգելքի (էմբարգո) սահմանում Թուրքիայի նկատմամբ։

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021