Հայտնի բլոգեր Լապշինը քննադատել է Հայաստանի իշխանություններին՝ վատ էկոլոգիայի համար. որքանո՞վ է իրավացի

Մեքենաների արտանետումներ, աղբ, քիչ կանաչ տարածքներ և հանքեր. դիտարկել ենք Ալեքսանդր Լապշինի մատնանշած խնդիրները. նա պնդում է, որ Հայաստանում ավելի շատ է հիվանդացել, քանի Եվրոպայում:

Ազգությամբ հրեա, Բաքվի բանտից վերջերս ազատ արձակված, այնուհետև Հայաստանում բնակված և այստեղից գոհունակությամբ հեռացած բլոգեր Ալեքսանդր Լապշինն իր ֆեյսբուքյան էջում քննադատել է ՀՀ իշխանություններին՝ վատ էկոլոգիա ունենալու և դրա դեմ անհրաժեշտ միջոցներ չձեռնարկելու պատճառով:

Բլոգերը նշել է, որ Երևանում շուրջ 4 ամիս բնակվելուց հետո զգացել է, որ առողջական խնդիրներ համեմատաբար շատ է ունենում, շուտ է հոգնում, անքնություն է նկատվում: Նա այս ամենի պատճառ է համարել Երևանում (և ընդհանրապես՝ Հայաստանում) էկոլոգիան ծանր իրավիճակի: Լապշինն առանձնացրել է այն պատճառները, որոնք մեծ թվով մահացությունների են հանգեցնում: Նրա խոսքով՝ մթնոլորտի աղտոտվածությունն այս 28 տարիների ընթացքում ավելի շատ մարդ է սպանել Հայաստանում, քան Արցախյան պատերազմը:

Հերթով անդրադառնանք բլոգերի մատնանշած խնդիրներին. արդյո՞ք նա ճիշտ է.

1. Մեքենաներից արտանետումներ

Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Լապշինը գտնում է, որ Երևանում օդի աղտոտվածությունը հիմնականում պայմանավորված է ներմուծված հին մեքենաների արտանետումներով: Նրա խոսքով՝ ոչ մի կերպ չեն վերահսկվում դրանց տեխնիկական վիճակը, արտանետումները: Վերջիններս, ըստ բլոգերի, դառնում են քաղցկեղի ու սրտի կաթվածի պատճառ:

Անշուշտ, Երևանը հատկապես վերջին 1-1,5 տարում «լցվել» է մեքենաներով: Այս տարի արդեն ներմուծվել է շուրջ 135 հազար մեքենա: Մինչև տարեվերջ այդ թիվը կարող է հասնել 200 հազարի: Մինչդեռ նախորդ տարի ընդամենը մոտ 50 հազար մեքենա է ներկրվել: Սա պայմանավորված է 2020թ. հունվարի 1-ից մաքսատուրքի բարձրացմամբ (ԵԱՏՄ շրջանակներում):

Սակայն այդ խնդիրն առկա էր դեռևս տարիներ առաջ, երբ Հայաստան էր ներկրվում տարեկան մոտ 40 հազար մեքենա: Օրինակ՝ 2010-2013թթ. ուսումնասիրությունների համաձայն՝ Երևանում օդի աղտոտվածությունը թույլատրելիից բարձր էր: Մասնագետները դեռ այն ժամանակ խնդիրը պայմանավորում էին մեքենաների արտանետումներով, մայրաքաղաքի և հարակից տարածքներում հանքերի առկայությամբ, նաև 2000-ականներին իրականացված բաց շինարարությամբ: Այս ամենն, ըստ մասնագետների, խախտել են Երևանի օդափոխության համակարգը՝ առաջացնելով փոշու մեծ զանգված:

Փոշի (Կարմիր գիծը՝ ՍԹԿ — Սահմանված թույլատրելի կոնցենտրացիա) / ©armmonitoring.am

Ի՞նչ են անում իշխանությունները. նախ՝ մեքենաների ներմուծման վերաբերյալ: Հունվարի 1-ից էականորեն նվազելու է մեքենաների ներմուծումը: Այդ մասին արդեն հաղորդել ենք: Բացի այդ՝ զարկ է տրվելու առավելապես նոր, քիչ արտանետող մեքենաների ներմուծմանը: Ընդգծենք, որ մինչև 2022թ. ԱԱՀ-ից ազատված են ներկրվող էլեկտրոմոբիլները, ինչը նույնպես էկոլոգիայի կարգավորմանն է միտված:

Հարկային օրենսգրքում կատարված փոփոխությունները նույնպես նպատակ ունեն խթանել քիչ արտանետող մեքենաների ներմուծումը: Օրինակ՝ բարձր (301+) ձիաուժ ունեցող մեքենաների բնապահպանական հարկը կրկնապատկվել է` 50-ից դառնալով 100 դրամ՝ 1 ՁՈՒ-ի համար տարեկան: Մյուս կողմից, ԵԱՏՄ պայմանագրի համաձայն, հունվարի 1-ից ներկրվող մեքենաների համար սահմանված են հատուկ տեխնիկական պահանջներ, որոնք նույնպես զսպող մեխանիզմ են հանդիսանալու:

Ընդհանրապես, կատարված ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ Երևանում հաշվառված մեքենաների մոտ 70%-ը գազով են աշխատում, ինչը, մեքենաների թվի աճին զուգահեռ, զսպում է աղտոտվածության աճը: Այսպես, իրավիճակն աղետալի չէ՝ շնորհիվ գազաբալոնների: Իսկ ընդհանուր առմամբ՝ մեքենաների արտանետումների խնդիրը նախատեսվում է կարգավորել օրենսդրորեն, ԵԱՏՄ պայմանագրի և էլեկտրոմոբիլների խթանման միջոցով:

2. Աղբավերամշակման գործարանի բացակայություն

Բլոգերը Երևանում օդի աղտոտվածության և դրանով պայմանավորված բազմաթիվ հիվանդությունների պատճառ է համարել աղբավերամշակման գործարանների բացակայությունը Երևանում և ամբողջ Հայաստանում: Նա մատնանշել է մայրաքաղաքի հարավում գտնվող խոշոր աղբավայրերը՝ Նուբարաշեն, Շենգավիթ, Մալաթիա-Սեբաստիա վարչական միավորների տարածքում: Լապշինի խոսքով՝ այդտեղից թունավոր նյութերը տարածվում են նաև մյուս շրջաններ:

Նուբարաշենի աղբավայր / ©ampop.am

Ալեքսանդր Լապշինը նշել է, որ իրեն լավ է զգում Իսլայելում և Եվրոպայում: Ուշագրավ է, որ ամենաաղտոտված երկրների ցանկում Հայաստանից բացի առաջին տասնյակում են նաև եվրոպական երկրներից Բուլղարիան, Էստոնիան, Ֆինլանդիան, Շվեդիան, Լյուքսեմբուրգը, Ուկրաինան և Սերբիան:

Թեև բլոգերը բարձրաձայնում է իրականությունը՝ օդի աղտոտվածության մասին, սակայն փաստենք, որ Հայաստանում կան բազմաթիվ վերամշակող գործարաններ: Առկա է նույնիսկ քարտեզ: Այստեղ, ինչպես շատ բնապահպաններ են նշում, խնդիրը մեծապես կապված է քաղաքացիների իրավագիտակցության հետ:

Աղբի ընդունման կենտրոնները Հայաստանում / ©recycling.am

Հայաստանում շատ են հատկապես թղթի և պլաստիկի վերամշակման գործարանները: Պարզապես դրանք մեծ հզորություն չունեն, որպեսզի բավարարեն ամբողջ աղբի վերամշակման պահանջը: Ներկայումս շարունակվում է վերամշակող նոր գործարանների կառուցումը: Կառավարման առումով, ինչպես մասնագետներն են նշում, առկա է օրենսդրական որոշակի թերություն, որին վերջին շրջանում սկսել են ավելի մեծ ուշադրություն դարձնել:

Ներկայումս աղբի շուրջ ստեղծված հարցի լուծման ուղղությամբ Հայաստանում գործում են հիմնականում միջազգային կազմակերպությունները, որոնց աջակցությամբ էլ Երևանի քաղաքապետարանը նախատեսում է նոր աղբավայրերի կառուցում, հների փակում: Նախատեսվում է նաև քաղաքում տեղադրել 500-700 աղբամաններ՝ թղթի և պլաստիկի տեսակավորված հավաքագրման համար: Սպասվում է քաղաքային ընկերության ստեղծում, որը պատասխանատու կլինի կոշտ կենցաղային թափոնների հավաքման համար: Բայց դրանք տարիների ընթացքում կիրականացվեն:

3. Հանքարդյունաբերություն

Ալեքսանդր Լապշինը Հայաստանում առողջական խնդիրների պատճառներից է համարում նաև Ալավերդիի, Ախթալայի, Քաջարանի և Ագարակի մետաղական հանքերը և պղնձաձուլական կոմբինատները: Նրա խոսքով՝ հանքարդյունահանումն իրականացվում է հնացած սարքավորումներով, չափորոշիչների կոպտագույն խախտմամբ:

Անշարժ աղբյուրներից արտանետումներ, տոննա / ©mnp.am

Բլոգերն ասում է այն, ինչ Հայաստանի քաղաքական օրակարգում է: Խնդրի մասին խոսվում է ամեն օր՝ նաև բարձր ամբիոններից: Ներկայումս Ազգային ժողովում ձևավորվել է հանձնաժողով՝ մետաղական հանքերն ուսումնասիրելու կապակցությամբ: Կատարվում են նաև օրենսդրական փոփոխություններ՝ մթնոլորտի և շրջակայքի վրա ազդեցության նվազեցմանը նպաստելու ուղղությամբ:

Հանքերի հետ կապված ամենամեծ խնդիրը Հայաստանում պոչամբարներն են: Բայց ներկայումս մոտեցումը փոխվել է: Եթե նախկինում դրանք պարտավորություն չէին առաջացնում հանքարդյունահանողի համար, միան պետությանն էր փոխանցվում հետագա մշակումը, ներկայումս պահանջներն ավելի խիստ են, և «աղտոտողը վճարում է»:

Թեև վերոնշյալ խնդիրն արդիական է, սակայն կան նաև հակափաստարկներ, որ հանքարդյունաբերությունը հիվանդությունների առաջացման հարցում առաջին տեղում չէ: Առողջապահության նախարարության տվյալներով՝ քաղցկեղով ավելի շատ հիվանդանում են Կոտայքի մարզում, որտեղ խոշոր հանքեր չկան: Ամենաքիչը հենց Սյունիքի մարզում են հիվանդանում, որտեղ ամենամեծ հանքերն են:

Քաղցկեղով հիվանդությունները՝ ըստ մարզերի, 2018թ., ըստ Առողջապահության նախարարության տվյալների / ©b4b.am

Ըստ պաշտոնական վարկածի՝ քաղաքացիներն ավելի շատ հիվանդանում են ծխելու, անառողջ սննդի, ցածր ֆիզակտիվության, ալկոհոլի պատճառով, ինչը նույնպես տարածված է Հայաստանում: Ազդեցիկ պատճառ են նաև քաղցկեղածին վիրուսները, առողջապահական ծառայությունների անմատչելիությունը:

4. Կանաչապատ տարածքների պակաս

Բլոգերի խոսքով՝ դժվարին տարիներին Երևանում հատվել են բազմաթիվ ծառեր, կրճատվել են կանաչ տարածքները: Նա իրավացիորեն հիշատակում է մութ ու ցուրտ տարիները՝ նշելով, որ այժմ արդեն 2019թ.-ն է: Պարոն Լապշինը, ամիսներ շարունակ բնակվելով Երևանում, հավանաբար չի նկատել այս թեմայով ընթացող քննարկումները, իրականացվող աշխատանքներն ինչպես մայրաքաղաքում, այնպես էլ մարզերում:

Ազատության հրապարակի հարակից տարածքի կանաչապատման նախագիծ (ընթացքում է) / ©yerevan.am

Նշենք, որ ներկայումս շարունակվում է Երևանի կանաչ տարածքների «վերադարձման» ծրագիրը: Մոտ ապագայում նախատեսվում է խոշոր ծառատունկ իրականացնել քաղաքի մի շարք հատվածներում:

Սարալանջի հատվածի անտառվերականգնման նախագիծ (ընթացքում է) / ©yerevan.am

Իսկ 2020թ. ամբողջ հանրապետությունում նախատեսվում է տնկել 10 մլն ծառ: Այս միջոցառումներում անմիջականորեն ներգրավված են պետական բոլոր կառույցներն ու կամավորները:

Սարալանջի հատված / ©yerevan.am

Իսկ ինչ վերաբերում է կանաչ տարածքների պատճառով առողջական խնդիրներին, նշենք, որ այդ մասին երևանցիները նույնպես բարձրաձայնում են: Սակայն հարկ է նշել այն ավանդույթները, որ առկա է երևանցիների մոտ՝ «քաղաքից դուրս», «մաքուր օդի» գնալու, որն ամռանը պարտադիր բնույթ է կրում:

Նոր զբոսայգի Երևանում / ©gov.am

Թեև հստակ հաշվարկներ չկան, թե կանաչ տարածքների սակավությունն ինչքանով է ազդում երևանցիների առողջության վրա, այնուամենայնիվ, 2020թ. նախատեսվում է կանաչ տարածքների ավելացմամբ չեզոքացնել հանքերից, շինհրապարակներից ու մեքենաներից արտանետվող աղտոտման ծավալները:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021