Էդմոն Մարուքյանն առաջարկում է Սյունիքում ռուսական նոր ռազմաբազա ստեղծելու վերաբերյալ հրատապ բանակցություններ սկսել

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավարը կենսական անհրաժեշտություն է համարում Սյունիքի մարզում ռուսական նոր ռազմաբազայի տեղակայման վերաբերյալ հրատապ բանակցություններ սկսելը՝ անհրաժեշտ համարելով անվտանգային բնույթի նոր պայմանագիր կնքել Ռուսաստանի Դաշնության հետ:

«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանի հայտարարություն է տարածել` անդրադառնալով Սյունիքի մարզում ստեղծված անվտանգային իրավիճակին։

Մարուքյանը հիշեցրել է, որ դեռևս դեկտեմբերի 5-ին հայտարարել էր, որ անհրաժեշտ է անվտանգային բնույթի նոր պայմանագիր կնքել Ռուսաստանի Դաշնության հետ: Սյունիքի մարզում ի հայտ եկած նոր մարտահրավերներով պայմանավորված՝ Էդմոն Մարուքյանն անդրադարձել է այն հարցին, թե ինչպիսի՞ն պետք է լինի Ռուսաստանի հետ անվտանգային նոր պայմանագիրը կամ ռուսական նոր ռազմաբազան ինչպե՞ս կապահովի Սյունիքի անվտանգությունը։

Նրա խոսքով՝ Արցախյան 2-րդ պատերազմն էականորեն փոխել է Հարավային Կովկասում առկա աշխարհաքաղաքական դրվածքները, կոտրել Հայաստանի՝ վերջին 26 տարիների ընթացքում ունեցած անվտանգության համակարգը։ Մարուքյանը հիշեցրել է նախորդ տասնամյակներում գոյություն ունեցած ռազմաքաղաքական զսպումների և հակակշիռների մեխանիզմները, որոնք թուրք-ադրբեջանական կործանիչ հարվածի տակ հայտնվեցին՝ խլելով հազարավոր մարդկային կյանքեր, խեղելով տասնյակ հազարավոր զինծառայողների և քաղաքացիական անձանց առողջությունը, անօթևան թողնելով տասնյակ հազարավոր խաղաղ բնակիչների, սպառնալիքի տակ թողնելով նոր քաղաքներ ու այլ տարածքներ։

Մարուքյանն ընդգծել է ռազմական գործողությունները դադարեցնելու գործում Ռուսաստանի Դաշնության որոշիչ դերակատարումը: «Հայ ժողովուրդը գնահատում է ու խորապես շնորհակալ է նրա համար, թե ինչ հաստատուն կերպով ռուս խաղաղապահը կանգնեց մեր զինվորների և բնակչության կողքին». նշված է հայտարարությունում։

Էդմոն Մարուքյանը շեշտել է, որ Հայաստանի Հանրապետությունը և Ռուսաստանի Դաշնությունը գտնվում են միևնույն անվտանգային գոտում: Լուսավոր Հայաստան կուսակցությունն առաջարկում է Հայաստանի և Ռուսաստանի միջև խորացված ռազմաքաղաքական փոխգործակցության մեկ լայն պայմանագրում միավորել հետևյալ միջպետական պայմանագրերը՝ ժամանակակից ռիսկերի և սպառնալիքների վերագնահատմամբ.

— Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող Ռուսաստանի Դաշնության սահմանապահ զորքերի կարգավիճակի ու նրանց գործունեության պայմանների մասին պայմանագիր (1992թ.),

— Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության մասին պայմանագիր (1997թ.),

— Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև համատեղ անվտանգության ապահովման նպատակով զորքերի (ուժերի) կիրառման համատեղ պլանավորման հարցերի մասին համաձայնագիր (2000թ.),

— Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգ ստեղծելու մասին համաձայնագիր (2015թ.),

— Հայաստանի Հանրապետության զինված ուժերի և Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի զորքերի (ուժերի) Միացյալ խմբավորման մասին համաձայնագիր (2016թ.)։

Մարուքյանն առաջարկում է նոր պայմանագրում հատուկ տեղ հատկացնել Սյունիքի մարզի անվտանգությանը։ Նշվում է, որ Արցախում ռազմական-ռազմավարական դիրքերի փոփոխությունները Սյունիքում խաղաղ և անվտանգ կյանքի համար մի շարք սպառնալիքներ է ստեղծել: Մարուքյանն այստեղ ընդգծում է Մեղրի քաղաքը և հարակից բնակավայրերը, Կապան քաղաքի շրջանի վարչական և տնտեսական կենտրոնի սահմանային դիրքերը, Գորիս քաղաքը և և մի շարք հարակից համայնքներ (մասնավորապես՝ Շուռնուխ, Որոտան, Տեղ, Խնձորեսկ, Ներքին Խնձորեսկ, Դավիթ Բեկ), ինչպես նաև ԵԱՏՄ երկրներն Իրանին կապող Գորիս-Կապան միջպետական ավտոմայրուղին, որոնք հայտնվել են ադրբեջանական ուժերի անմիջական դիտարկման գոտում:

Այս կապակցությամբ կուսակցության ղեկավարը կենսական անհրաժեշտություն է համարում Սյունիքի մարզում ռուսական նոր ռազմաբազայի տեղակայման վերաբերյալ հրատապ բանակցություններ սկսելը։ «Ռազմաբազան կդառնա մի կողմից՝ Արցախում ռուսական խաղաղապահ ուժերի արդյունավետ, արագ և շարժուն գործունեության հենարան, մյուս կողմից՝ տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության և անվտանգության երաշխավոր»:

Հայտարարությունում նշվում է, որ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը սկսել է առաջարկվող պայմանագրի և Սյունիքում ռուսական նոր ռազմաբազայի տեղակայման վերաբերյալ հիմնական դրույթների մշակումը, և պատրաստվում են ակտիվորեն առաջ մղել տվյալ մեխանիզմի իրագործումը՝ քաղաքացիների անվտանգ կյանքի ապահովումն առաջնային խնդիր գնահատելով:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021