Սոլեյմանիի սպանությունը — գլխավորն այս ժամին

Իրանը «Վրեժի դրոշը» բարձրացրել է և չի իջեցնի, մինչև չպատժի ԱՄՆ-ին: Մերձավոր Արևելքում նոր բախում է սպասվում, ինչը մեծագույն վտանգ է ամբողջ տարածաշրջանի համար:

Հունվարի 3-ին Բաղդադում իրանցի գեներալ է սպանվել: Այն միջազգային մեծ արձագանք է ստեղծել և մերձավորարևելյան տարածաշրջանում լարվածության նոր առիթ է դարձել: Ամերիկյան անօդաչու թռչող սարքերից արձակված հրթիռների պայթյուններից հետո Իրանն ու ԱՄՆ-ը փոխադարձ մեղադրանքներ են հնչեցրել, իսկ Իրանի իշխանությունները խոստացել են վրեժխնդիր լինել: Տեսնենք, թե ինչ է տեղի ունեցել և ինչով է վտանգավոր տարածաշրջանի ու, մասնավորապես, Հայաստանի համար:

Ի՞նչ է պատահել

Հունվարի 3-ին, Երևանի ժամանակով 00:35-ին Բաղդադի միջազգային օդանավակայանի հարևանությամբ ամերիկյան զինուժի անօդաչու թռչող սարքերը հարձակում են գործել իրանական բարձրաստիճան զինվորականների տեղափոխող շարասյունը: Նախնական տվյալներով՝ զոհվել է 7 մարդ:

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հրամանով արձակված հրթիռների թիրախում Իրանի էլիտար զորքերի՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսում գործող Ղոդս հատուկ նշանակության ստորաբաժանման հրամանատար Ղասեմ Սոլեյմանին էր:

Գեներալ Սոլեյմանիից բացի, զոհվել է նաև Իրաքում շիաական Ալ-Հաշդ աշ-Շահաբի աշխարհազորայինների հրամանատարի տեղակալ Աբու Մախդի ալ Մուխանդիսը:

Ինչո՞ւ է սպանվել Սոլեյմանին

Ղասեմ Սոլեյմանիի ղեկավարած Ղոդս ստորաբաժանումը ԻՀՊԿ-ի ամենամարտունակ ստորաբաժանումներից է: Արաբագետ Արմեն Պետրոսյանի խոսքով՝ Ղոդսը (թարգմանաբար՝ Երուսաղեմ) ԻՀՊԿ-ի ամենագաղտնի՝ հիմնականում արտաքին ուղղվածություն ունեցող հատուկ ստորաբաժանում է, որի բովանդակության մասին տեղեկատվությունը խիստ սահմանափակ է:

Համարվում է, որ այս ստորաբաժանման արդյունավետությունը մեծապես պայմանավորված է գեներալ Սոլեյմանիի հրամանատարական ունակություններով: Այն ակտիվորեն մասնակցել է Սիրիայի և Իրաքի զինված հակամարտություններին: Տեղեկություններ կան նաև, որ իրանցի զինվորականները Բաղդադ են ժամանել Լիբանանից, որտեղ վերջին շրջանում թեժ ներքաղաքական իրավիճակ է:

Դեռևս ապրիլին ԱՄՆ-ը Իսլամական հեղափոխության պահապանների կորուսը, ներառյալ նրա կազմում գործող Ղոդսը, հայտարարել է օտարերկրյա ահաբեկչական կազմակերպություն: Ամերիկյան կողմը Սոլեյմանիին մեղադրել է Իրաքում և տարածաշրջանի այլ երկրներում ամերիկյան դիվանագետների վրա հարձակման ծրագրերի մշակման աշխատանքները համակարգելու մեջ: 2019թ. դեկտեմբերի 31-ին Բաղդադում ԱՄՆ-ի դեսպանատան վրա հարձակումը նույնպես վերագրվում է Սոլեյմանիին:

Սոլեյմանին սպանել է ամերիկացի 603 պետծառայողների, կազմակերպել դեսպանատան վրա հարձակումը և այլ մեղադրանքներ

Հայտնի է, որ ամերիկյան վարչակազմում Սոլեյմանիի ֆիզիկական ոչնչացման վերաբերյալ հակասական կարծիքներ են հնչել: Ղոդսի հրամանատարի սպանության հարցում վերապահում են ունեցել նաև մի շարք դեմոկրատ սենատորներ՝ Կոնգրեսից և Ներկայացուցիչների պալատից: Դեմ արտահայտվողների հիմնական մտավախությունը մերձավորարևելյան տարածաշրջանում նոր լարվածությունն ու անկանխատեսելի հետևանքներն են:

ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ Սոլեյմանիի սպանությունը Իրանի կողմից հարձակումների հետագա ծրագրերի խափանում էր և բխում էր ինքնապաշտպանության շահերից: Նրա խոսքով՝ Ղոդսի հրամանատարի սպանությամբ խոշոր պատերազմ է կանխվել:

Իրանի արձագանքը

Իրանի նախագահ Հասան Ռոհանին և հոգևոր առաջնորդ Այաթոլլահ Ալի Խամենեին հայտարարել են, որ Իրանը և տարածաշրջանի այլ երկրներ վրեժ են լուծելու Ամերիկայից: Ռոհանիի խոսքով՝ գեներալ Սոլեյմանիի սպանությունը կրկնապատկում է Իրանի վճռականությունը՝ ԱՄՆ-ին դիմակայելու և իսլամական արժեքները պաշտպանելու հարցում:

Գեներալ Սոլեյմանիի դրոշը կբարձրացվի հանուն տարածքային ամբողջականության, ահաբեկչության և էքստրեմիզմի դեմ պայքարի: ԱՄՆ-ի նկատմամբ դիմակայությունը կուժեղանա, Իրանի հզոր ժողովուրդը կլուծի իր վրեժը
Դիմակայության պայքարը կշարունակվի ավելի մեծ թափով՝ հասնելով հաղթանակի: Հանցագործներին ավելի մեծ վիշտ է սպասվում
Գեներալ Սոլեյմանին սպանվել է ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից. նրանց դաժան վրեժ է սպասվում. Իրանի հոգևոր առաջնորդի խոսքերը՝ ՀՀ-ում Իրանի դեսպանության թվիթերյան էջում

Իրանի արտգործնախարարությունը Շվեյցարիայի դեսպանին, ով ներկայացնում է ԱՄՆ-ի շահերը, կանչել է Թեհրան: Իրանի ԱԳ նախարար Ջավադ Զարիֆը Սոլեյմանիի սպանությունը որակել է ԱՄՆ-ի կողմից միջազգային ահաբեկչական ակտ: Իրանական արտաքին գերատեսչությունը հիշեցրել է, որ գեներալ Սոլեյմանին է արդյունավետ պայքար մղել «Իսլամական պետություն», «Ջեբհաթ ան Նուսրա», «Ալ-Քայիդա» և այլ ահաբեկչական խմբավորումների դեմ:

Սոլեյմանիի ծննդավայր Քերմանում բողոքի ցույցեր են

Իրանի հոգևոր առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեին եռօրյա սուգ է հայտարարել: Սոլեյմանիի ծննդավայր Քերմանում զանգվածային ցույցեր են: Բողոքի ալիքը տարածվել է ամբողջ երկրով. ժողովուրդը պահանջում է պատժել հրամանատարին սպանողներին:

Հայաստանի դիրքորոշումը

ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը տարածաշրջանում հավատարմագրված ՀՀ դեսպանների մասնակցությամբ խորհրդակցություն է հրավիրել՝ Մերձավոր Արևելքում ծավալվող իրադարձությունների կապակցությամբ:

Այնուհետև Հայաստանի արտաքին գերատեսչությունը հանդես է եկել հայտարարությամբ՝ հանդես գալով բացառապես խաղաղ միջոցներով իրադրության լիցքաթափման դիրքերից:

Հայտարարություն է տարածել նաև Արցախի Արտաքին գործերի նախարարությունը:

Մինչ պաշտոնական հայտարարությունը՝ սոցցանցերում քննարկվել է Հայաստանի նպատակահարմար դիրքորոշման հարցը, քանի որ երկու կողմն էլ կարևոր գործընկերներ են՝ իրենց յուրահատկություններով:

Հնչել են նաև այլ կարծիքներ: Մի տարբերակի դեպքում պաշտպանվում է Իրանի հավանական վրեժը, իսկ մյուսում՝ ԱՄՆ-ի կողմից արժանի գործողություն իրականացումը: Սակայն, ինչպես մասնագետներն են նշում, այստեղ անձնական տեսակետները կարող են սխալվել ու անտեղի լինել:

Հայտարարությամբ է հանդես եկել նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ոչ մասնագիտական շրջանակներին կոչ անելով խուճապ չտարածել:

Մտահոգիչ զարգացումներ. ի՞նչ սպասել

Մինչ տարածաշրջանի և հակամարտող կողմերի մտադրություններին անդրադառնալը նշենք, որ Հայաստաի ՊՆ-ում խորհրդակցություն է հրավիրվել, որի ընթացքում քննարկվել է նաև Մերձավորարևելյան տարածաշրջանում վերջին օրերին ստեղծված իրավիճակը: ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանի հաղորդմամբ՝ տրվել են հատուկ ցուցումներ։

Թեև մասնագետները համոզմունք են հայտնել, որ Իրանի խոստացած վրեժը Հայաստանի տարածքում չի լինելու, բայց, ամեն դեպքում, հետագա առճակատումը համարում են վտանգավոր՝ ամբողջ տարածաշրջանի համար: Այն, որ այդ վրեժխնդրությունն անպայման լինելու է, իրանագետներն ու արաբագետները դրանում համոզված են:

Հարց է, թե որտեղ և ինչպես: Հավանական տարբերակներն են Լիբանանը, Պաղեստինը, Սիրիան, Իրաքը, Եմենը, Բահրեյնը, Իսրայելը, Պարսից ծոցը:

Արդեն իսկ Իրանում բարձրացվել է «վրեժի դրոշը». այն կիջեցվի միայն վրեժը լուծելուց հետո:

Բարձրացվում է «վրեժի դրոշը», Ջամքարան մզկիթ, Կում / ©Kai khor

Իրանագետ Արմեն Վարդանյանի խոսքով՝ Իրանը անպատասխան չի թողնի։ Նրա կարծիքով՝ ուղիղ առճակատում հավանաբար չի լինի, կփորձի երրորդ երկրի տարածքում վրեժ լուծել ԱՄՆ-ից՝ բարձրաստիճան դիվանագետների, պաշտոնատար անձանց սպանության տեսքով կամ էլ երրորդ երկրի տարածքում ամերիկյան բազայի վրա հարձակմամբ։ Այդպիսի նախադեպեր, Վարդանյանի հաղորդմամբ, արդեն եղել են։

Դեկտեմբերի 31-ին Բաղդադում ԱՄՆ դեսպանատան դիմաց կազմակերպված ցույցը Վաշինգտոնը համարել էր կազմակերպված հարձակում և հայտարարել, որ դրա հետևում կանգնած են Իրանի դաշնակիցներն ու ահաբեկիչները՝ Սոլեյմանիի գլխավորությամբ: Դեսպանության անվտանգությունն ավելացվել է 100 հոգանոց ծովային հետևակով:

Ղոդսի հրամանատարի սպանությունից հետո ամերիկյան 750 զինվորական է գործուղվել Իրաք, իսկ տարածաշրջանում ամերիկյան ռազմական ներկայությունն ավելացվում է 3 հազարով: Բաղդադում ԱՄՆ դեսպանությունը հայրենակիցներին կոչ է արել օպերատիվ կերպով լքել Իրաքը:

Հաղորդվում է, որ ԱՄՆ նախագահի վարչակազմը չի բացառում գործողությունների հետագա զարգացման ոչ մի տարբերակ: ԱՄՆ-ի նախկին փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը համոզմունք է հայտնել, որ Իրանն անպայման կպատասխանի: Թրամփն իր հերթին նշել է, որ Իրանը երբեք չի հաղթել պատերազմներում, բայց և չի պարտվել բանակցություններում. կարծիք կա, որ սա բանակցության հրավեր է ամերիկյան կողմից: Սակայն, ինչպես երևում է, իրանական կողմից ստացվող արձագանքը միայն վրեժխնդրություն է:

Հայաստանում անհանգստությունը պայմանավորված է նաև նրանով, որ սահմաններին մոտ որևէ թեժացումը կարող է վերաճել ՀՀ և Արցախի անվտանգությանը սպառնացող ռազմական գործողությունների: Մինչդեռ ԱՄՆ-ը և Իրանը Հայաստանի ու Արցախի հարցում կարևոր դերակատարում ունեն:

Ի՞նչ իրավիճակ է ներկայումս

Վերջին ժամերին ստացված տեղեկությունների համաձայն՝ Բաղդադի հյուսիսում, Մոսուլում և Սինջարում ամերիկյան ուժերը շարունակել են մերձիրանական խմբավորումների ու առաջնորդների դեմ գործողությունները: Իրաքի իշխանությունները և ամերիկյան կողմը հերքել են այս տեղեկությունները:

Իրաքյան որոշ ուժեր տոնում են Սոլեյմանիի սպանությունը:

Իրաքցիները պարում են Սոլեյմանիի սպանությունից հետո ձեռք բերած ազատության համար

Իսկ Իրանում համընդհանուր ցույցեր են՝ «Մահ Ամերիկային» կարգախոսով:

Իրանում զանգվածային ցույցեր են՝ «Մահ Ամերիկային» կարգախոսով

Սպանությունների մասին լուրերի տարածմանը զուգահեռ՝ մոտ 4%-ով բարձրացել նավթի գինը:

ԱՄՆ-ը և եվրոպական երկրներն իրենց քաղաքացիներին հորդորել են հեռանալ Իրաքից: Հայկական քաղաքագիտական շրջանակներում, այնուամենայնիվ, հույս են հայտնում, որ իրավիճակը դեռ հնարավոր է կարգավորել խաղաղ ճանապարհով:

ԱՄՆ պետքարտուղար Պոմպեոն իր հերթին նշել է, որ Միացյալ Նահանգները, Իսրայելը և Պարսից ծոցի ամերիկյան դաշնակիցները կոալիցիա են կազմում՝ դիմագրավելու Իրանի հնարավոր պատասխանին:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021