Հայաստանում հայտնաբերված սիբիրախտի պատճառով Ռուսաստանում վերահսկողությունն ուժեղացվել է

Գետաշեն համայնքում սիբիրախտով վարակված քաղաքացին հայտնվել է Ռուսաստանի տարածքում, ինչի պատճառով Կոլցովո օդանավակայանում ուժեղացվել է սանիտարակարանտինային հսկողությունը:

Սվերդլովսկի մարզի «Ռոսսելխոզնադզոր»-ի մամուլի ծառայությունը հայտնել է, որ Հայաստանում օրերս արձանագրված սիբիրախտի դեպքերի պատճառով Կոլցովոյի միջազգային օդանավակայանում ուժեղացվել է սանիտարակարանտինային վերահսկողությունը ՀՀ-ից Ուրալներ ժամանող տրանսպորտային միջոցների և ուղևորների համար:

Սիբիրախտի երկու օջախ գրանցվել էր ՀՀ Մարտունու շրջանի Գեղհովիտ և Արմավիրի շրջանի Գետաշեն գյուղերի բնակիչների շրջանում: Վարակվածների ընդհանուր թիվը կազմում է 13 մարդ է:

Գետաշեն համայնքում վարակվածներից մեկը հայտնաբերվել է Ռուսաստանի Դաշնության տարածքում: Նա նշել է, որ մասնակցել է մասնավոր անձից ձեռք բերված մսի բաժանմանը: Հաղորդվում է, որ այսօրվա դրությամբ բժշկական հսկողության ներքո է գտնվում 60 մարդ, ովքեր ինչ-որ կերպ շփում են ունեցել հիվանդների հետ։

Հիշեցնենք, որ Հայաստանի նշված համայնքներում սիբիրախտի դեպքերն արձանագրվել էին օգոստոս ամսվա վերջին տասնօրյակում:

Ի՞նչ է սիբիրախտը. մատչելի բացատրություն

Սիբիրախտը սուր ընթացքով վարակիչ հիվանդություն է, որը նկատմամբ առավել զգայունակ են եղջերուները, ոչխարները, այծերը, խոշոր եղջերավոր անասունները, ձիերը, բիզոնները, այծեղջյուրները, գոմեշները, խոզերը, ուղտերը: Գիշատիչ կենդանիներից հատկապես զգայունակ են սամույրները, ջրաքիսները, ջրարջերը, համեմատաբար թույլ զգայունակությամբ են օժտված կատուները, շները, գայլերը, աղվեսները, բևեռաղվեսները:

Հաղորդվել է նաև արջերի, փղերի, առյուծների, վագրերի անկումների մասին: Սիբիրախտի նկատմամբ զգայունակ են նաև մարդիկ: Հիվանդ կենդանիների մահացությունը հասնում է 80 – 100%-ի:

Սիբիրյան խոցի սպորներ / ©eem.ru.net

Հիվանդության գաղտնի շրջանը տևում է 1-3 օր, որի ընթացքում հյուսվածքներում հարուցիչը հարմարվում, բազմանում և արտադրում է թույներ, այնուհետև ռետիկուլա-էնդոթելային համակարգի բջիջներից բացիլներն ազատվում են և առաջացնում ինֆեկցիայի երկրորդային օջախներ: Մասնագետների խոսքով՝ սիբիրախտը նաև ունենում է կայծակնային մահվան հետևանքներ, երբ կենդանին, օրինակ, խոտն ուտելիս կարող է միանգամից ընկնել ու սատկել:

Ինչպե՞ս է տարածվում ու փոխանցվում

Հարուցիչի փոխանցման կարևոր գործոնը սիբիրախտից սատկած կենդանիների դիակն է, որի օրգան-համակարգերը, ներքին հեղուկ միջավայրը պարունակում են մեծ քանակությամբ բացիլներ:

Հարուցիչները կարող են տարածվել նաև սիբիրախտով հիվանդ կենդանիների հարկադիր մորթվածների մսի, կաշվի, բրդի, ոսկորների միջոցով: Մեծ տարածությունների վրա կարող է տարածվել վարակված կերերի տեղափոխման ժամանակ:

Կովեր / ©shantnews.am

Հաղորդվում է, որ սիբիրյան խոցի հարուցիչները կարող են շրջակա միջավայրում (հողում)  պահպանվել մինչև 100 տարի: Այն մարդուց մարդուն չի փոխանցվում:

Վարակված մսամթերքն ուտե՞լ, թե՞…

Սիբիրախտով վարակված մսամթերքը ենթակա է ոչնչացման (այրման): Որոշ մասնագետներ, ֆերմերներ, տնտեսվարողներ Հայաստանում նախկինում արձանագրված դեպքերի ժամանակ նշում էին, որ այն վտանգավոր չէ. պարզապես կարելի է լավ եփել և օգտագործել:

Սակայն ոլորտի պատասխանատու մասնագետները վստահեցնում են, որ եթե հայտնաբերվել է այդ հիվանդությունը, ապա այն միանշանակ ենթակա ոչնչացման: Եռացման (եփման) դեպքում վարակը չի վերանում, քանի որ այն բավականին ջերմադիմացկուն է:

Մսամթերքի վաճառակետ / ©jam-news.net

Կա տարբերակ՝ սպառման համար: Այս դեպքում պետք է մորթից անմիջապես հետո՝ մոտ երկու ժամվա ընթացքում, երբ բացիլները ձեռք չեն բերել ջերմադիմացկունություն, միսը կտրատել ոչ մեծ կտորների, մոտ 6 սմ հաստությամբ, եփել 2,5-3 ժամ: Սակայն մորթից հետո 8-10 ժամն անցնելուն պես այն այլև օգտագործել չի կարելի:

Ինչպե՞ս է ազդում մարդու վրա

Սիբիրյան խոցով մարդը վարակվում է երեք ճանապարհով՝ մաշկային, աղիքային և թոքային: Առաջին դեպքում հիվանդությունը մարդուն փոխանցվում է հիվանդ մսին դիպչելիս, այդ թվում և՝ մորթելիս: Մաշկային ձևի ժամանակ մաշկի վրա առաջանում է կարմրակապտավուն բիծ, որը մի քանի ժամվա ընթացքում վերափոխվում է բշտի: Վերջինս քորելիս ինքնաբերաբար պայթում է` առաջացնելով մուգ շագանակագույն հատակով խոց:

Մաշկային վարակումը մահացու չէ, եթե իհարկե, ըստ մասնագետների, վարակվածը դիմի բժշկի և ժամանակին բուժում սկսվի դրա դեմ:

Աղիքայինի դեպքում մահվան ելք ունենալու հավանականությունը մեծ է: Այսպիսով մարդը վարակվում է սնվելիս: Մասնագետները խորհուրդ են տալիս մսամթերք գնել ոչ պատահական վայրերից, այլ անասնաբույժների ու պատկան մարմինների կողմից վերահսկվող վաճառակետերից:

Սիբիրախտ՝ մաշկային վարակ / ©wikipedia.org

Թոքային վարակման տարբերակը նույնպես կարող է մահացու լինել: Այս դեպքում վարակված ու չորացած արյան փոշին կարող է թափանցել մարդու թոքեր և վարակել: Խորհուրդ է տրվում խուսափել բակային մորթերից, դրա համար չնախատեսված վայրերում կատարվող մորթից, ինչպես մյուս դեպքերում, այս դեպքում էլ վստահել վերահսկվող վայրերին:

Ի՞նչ են խորհուրդ տալիս պատկան մարմինները

Սիբիրյան խոցով չհիվանդանալու, ինչպես նաև դրա բարդություններից ու հետևանքներից խուսափելու նպատակով ոլորտի պատասխանատու գերատեսչությունը բազմիցս հորդորում է պատահական վայրերից մսամթերք չգնել, վստահել միայն վերահսկվող վաճառակետերին, չմոտենալ սատկած կենդանիներին և ձեռք չտալ դրանց:

Ֆերմերներին և տնտեսվարողներին խորհուրդ է տրվում կենդանիների շրջանում առողջական խնդիրներ նկատելուն պես անհապաղ դիմել անասնաբույժին, իսկ մաշկային ծածկույթների վրա խոցոտված վերքեր, բշտեր, կարմրակապտավուն բծեր նկատելու դեպքում չզբաղվել ինքնաբուժությամբ և դիմել բժշկական օգնության:

Մասնագիտացված սպանդանոց / ©snund.am

Մասնագետները բազմիցս հորդորում են կենդանիների մորթը կատարել սպանդանոցներում՝ հատուկ պայմաններում: Սակայն այդպիսիք Հանրապետությունում շատ չեն և բազմաթիվ համայնքներ բավականին հեռու են այդպիսի վայրերից: Այս կապակցությամբ Կառավարությունն աշխատանքներ է տանում սպանդանոցների թիվն ավելացնելու ուղղությամբ:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021