Ոստիկանությունը նույնպես կկարողանա գաղտնալսել

Օրենքի փոփոխությամբ նախատեսվում է, որ, ԱԱԾ-ից բացի, Ոստիկանությունը նույնպես կարող է իրականացնել գաղտնալսում: Դրա համար կստեղծվի առանձին ստորաբաժանում: Ներկայացնում ենք մանրամասներ:

ՀՀ Ազգային ժողովը դեկտեմբերի 9-ի նիստում 80 կողմ, 19 դեմ և 0 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ առաջին ընթերցմամբ ընդունել է «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ նախագիծը: Դրանով նախատեսվում է, որ Ոստիկանությունը նույնպես կկարողանա գաղտնալսում իրականացնել:

Ի՞նչ է փոխվելու

Ներկայումս գործող իրավակարգավորումներով գաղտնալսման գործառույթը վերապահված է Ազգային անվտանգության ծառայության համապատասխան ստորաբաժանմանը: Փոփոխության արդյունքում Ոստիկանությունում նույնպես ստեղծվելու է նույնատիպ ստորաբաժանում: Դրանով, ըստ հեղինակի, կխնայվի Ոստիկանության կողմից գաղտնալսում իրականացնելու համար ԱԱԾ-ին դիմելու հետ կապված ժամանակը:

Պատգամավոր Արմեն Խաչատրյան / ©shantnews.am

Նախագծի հեղինակ, ԱԺ պատգամավոր Արմեն Խաչատրյանի հիմնավորմամբ` փոփոխության արդյունքում կբարձրանա օպերատիվ-հետախուզական միջոցառման արդյունավետությունը: Սա իր հերթին կնպաստի հանցագործությունների ավելի արագ բացահայտմանը:

Հիմնավորման մեջ նշված է, որ ոչ ակնհայտ պայմաններում կատարված հանցագործությունների մեծ մասի բացահայտման նպատակով Ոստիկանությունն օգտվում է ԱԱԾ-ի հեռախոսային խոսակցությունների վերահսկման գործառույթից: Այդ նպատակով յուրաքանչյուր դեպքի համար Ոստիկանությունը միջնորդություն է ներկայացնում ԱԱԾ: Փոփոխության արդյունքում Ոստիկանությունում ստեղծվող օպերատիվ-հետախուզական ստորաբաժանումն ինքնուրույն է իրականացնելու այդ ՀԽՎ գործառույթը:

Գաղտնալսում՝ նաև ինտերնետում

Հեռախոսային խոսակցությունների վերահսկողության միջոցառումը, նախագծի համաձայն, տարածվում է հեռախոսային ֆիքսված ցանցի, բջջային հեռախոսային ցանցի և ինտերնետային հաղորդակցության նկատմամբ:

Դրանք ներառում են խոսակցության ձայնագրում կամ բովանդակության այլ ձևով ամրագրում, հեռախոսահամարի հետ ուղիղ և անուղղակի կապ ունեցած հեռախոսահամարների (այդ թվում` վերահասցեավորված) ճշտում, ժամկետներ, աշխարհագրական վայրը, IP-ն, օգտատերերի անունները, sms-հաղորդագրությունները:

Ազգային ժողովի նիստի ժամանակ հարցը քննարկելիս պատգամավոր Միքայել Մելքումյանը նույնիսկ կատակ-հարց հղեց` նշելով, թե կա՞ն այնպիսի հավելվածներ, օրինակ՝ Viber-ը կամ WhatsApp-ը, որոնց դեպքում տեխնիկապես հնարավոր չէ գաղտնալսել: Նախագծի հեղինակը պատասխանել է, որ նախատեսված է ինտերնետ տիրույթում գաղտնալսում, այդ թվում Messenger-ի և մյուս հավելվածների, ինչը տեխնիկապես հնարավոր է:

Ի՞նչ հիմքով է իրականացվելու գաղտնալսումը

Նախատեսվող փոփոխությունները ՀԽՎ միջոցառումների կամ լիազորությունների ավելացում չեն սահմանում: Այսինքն, գաղտնալսող ստորաբաժանումն այն իրականացնելու համար պարտադիր պետք է ունենար դատարանի որոշումը: Այժմ այդ որոշումը պարտադիր կլինի նաև ոստիկանական համակարգում կատարվող գաղտնալսման համար:

Կան բացառություններ. առանց դատարանի որոշման ՀԽՎ հնարավոր է իրականացնել միայն այն դեպքում, երբ դրա հապաղումը կարող է պետության համար առաջացնել տնտեսական, ռազմական, բնապահպանական և ահաբեկչական վտանգներ: Սակայն այս դեպքում, ինչպես նախկինում, տվյալ ստորաբաժանումը 48 ժամվա ընթացքում դատարան պետք է ներկայացնի գաղտնալսման վերաբերյալ հիմնավորում:

Դատարանի կողից արտակարգ դեպքերի համար գաղտնալսման թույլտվություն տալու դեպքում ՀԽՎ-ն շարունակվելու է, իսկ մերժման դեպքում արդեն իսկ ձեռք բերված ամբողջ տեղեկատվությունը ոչնչացվում է անմիջապես: Պատգամավորի խոսքով՝ գաղտնալսման վերաբերյալ դատարանի վճիռը կայացվում է միայն ծանր կամ առանձնապես ծանր հանցագործությունների դեպքում:

Պատգամավորների հարցերին ի պատասխան՝ Խաչատրյանը նշել է, որ գաղտնալսումը համապատասխան ստորաբաժանման կողմից քննության ժամանակ իրականացվող ամենավերջին գործառույթն է: Դրա կարիքն առաջանում է այն դեպքում, երբ օպերատիվ-հետախուզական բոլոր միջոցառումները սպառվել են և այլ տարբերակ չկա: Գաղտնալսումը, նրա խոսքով, իրավապահ կառույցներն իրականացնում են ամենավերջում, երբ առանց դրա հնարավոր չէ բացահայտել հանցագործությունը:

Ինչո՞ւ տալ նաև Ոստիկանությանը. միջազգային փորձ

Նախագծի հեղինակ Արմեն Խաչատրյանը նշել է, որ ՀԽՎ միջոցառման իրականացումը վերապահվել է ԱԱԾ-ին դեռևս 2007թ.: Այն ժամանակ, ընդունելով «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքը, ժամանակի Ոստիկանության նկատմամբ անվստահությամբ պայմանավորված է գործառույթը տրվել ԱԱԾ-ին:

Արմեն Խաչատրյանը ներկայացնում է օրենքի փոփոխության նախագիծը /
factor.am

Նրա խոսքով` ներկայումս առաջացել է խնդիր՝ գերատեսչությունների կողմից միմյանց հակակշռելու անհրաժեշտության առումով: Այսինքն, Ոստիկանության կողմից իրականացվող օպերատիվ միջոցառումների դեպքում ԱԱԾ-ն ինքնըստինքյան տեղեկանում է Ոստիկանության գործունեությանը: Մինչդեռ անհրաժեշտ է հնարավորություն ընձեռել նաև Ոստիկանությանը` իր աշխատանքն ինքնուրույն իրականացնելու:

«Իմ Քայլը» խմբակցության պատգամավորի հիմնավորմամբ՝ հեռախոսային խոսակցությունների վերահսկողության գործառույթ, բացի Ազգային անվտանգության մարմիններից, վերապահված է նաև Ոստիկանությանը կամ Ներքին գործերի նախարարությանը Ուկրաինայում, ԱՊՀ մի շարք երկրներում: Դրանցից են Ռուսաստանը, Բելառուսը, Տաջիկստանը:

Հավելենք, որ գաղտնալսում իրականացնելու իրավունք ներկայումս ունեն միայն ԱԱԾ-ն և քրեակատարողական հիմնարկները՝ իրենց տարածքում: Նոր նախագիծը դեկտեմբերի 6-ին է քննարկվել Ազգային ժողովում, դեկտեմբերի 9-ի նիստում ընդունվել է առաջին ընթերցմամբ: Մինչև երկրորդ ընթերցումն ու վերջնական ընդունումը հնարավոր են փոփոխություններ: Դրանք կարող են ներկայացվել պատգամավորների, խմբակցությունների կողմից:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021