Հայաստանի քաղաքացիների անձնական տվյալները բաց են. ինչո՞ւ որևէ քայլ չի ձեռնարկվում

Յուրաքանչյուր ոք կարող է մուտք գործել ԿԸՀ կայք և ըստ անուն-ազգանվան գտնել անձի հաշվառման հասցեն: Մասնագետներն առաջարկում են կարգավորել այս հարցը, հատկապես ընտրությունների նկատմամբ վերաբերմունքի փոփոխությունից հետո։

ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշմամբ՝ ընտրողների սկանավորված ցուցակները տեղադրվում են ԿԸՀ կայքում՝ դրանցում ներառված տվյալները հասանելի դարձնելով բոլորին:

Որոշման համաձայն՝ սկանավորված ցուցակներում տեսանելի են լինում ընտրողի հերթական համարը, ազգանունը, անունը, հայրանունը, ծննդյան ամսաթիվը, հաշվառման վայրի հասցեն, ինչպես նաև ընտրողի ստորագրությունը:

Անձնական ի՞նչ տվյալներ և ինչպե՞ս են հրապարակվում

Ինչպես տեսանք, ԿԸՀ որոշմամբ՝ յուրաքանչյուր ոք կարող է տեսնել ընտրողի անձնական տվյալները՝ անուն-ազգանունը, հաշվառման հասցեն, ինչպես նաև ստորագրությունը:

Եղել են նաև դեպքեր, երբ տեսանելի են եղել ընտրողների անձնագրային տվյալները: Վերջիններս համարվում են կենսաչափական տվյալներ և հրապարակման ենթակա չեն:

ԿԸՀ կայք. Անուն-ազգանունը գրելով՝ մյուս տվյալները ներմուծում է ծրագիրը / ©elections.am

Օրինակ, 2017թ. ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրություններից հետո Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը ԿԸՀ-ից պահանջել էր կայքից հեռացնել 4000 ընտրողի անձնագրային տվյալները, քանի որ դրանց հրապարակումը խախտում էր Անձնական տվյալների պաշտպանության մասին օրենքը:

Օրենքի համաձայն՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կարող է հրապարակել անունը, ազգանունը և հաշվառման հասցեն: Այս տվյալները միշտ են հասանելի. ցանկացած ոք կարող է մուտք գործել ԿԸՀ պաշտոնական կայք և ըստ անուն-ազգանվան գտնել անձի հաշվառման հասցեն և ծննդյան ամսաթիվը:

Ինչո՞ւ են հրապարակվում մեր տվյալները

Այս հարցը բազմիցս բարձրացվել է քաղաքացիների, շահագրգիռ մարմինների և կազմակերպությունների կողմից, սակայն ընտրություններից առաջ և ընտրական ողջ գործընթացում անձնական տվյալների (ընտրողի անուն, ազգանուն, հայրանուն, ծննդյան ամսաթիվ և հաշվառման հասցե) հրապարակումը համարվում է ընտրությունների սահմանադրական գործընթացի երաշխավորման, կեղծարարության կանխման անհրաժեշտ միջոց:

Քվեարկությանը մասնակցած ընտրողների ցուցակ / ©panorama.am

Ընտրությունների ավարտից հետո հաջորդ օրը ժամը 12:00-ից քվեարկությանը մասնակցած ընտրողների ցուցակների սկանավորվում են: Դրանք ամենաուշը 24 ժամ հետո հրապարակվում են: Այստեղ արդեն, բացի վերոնշյալ տվյալներից, տեսանելի է նաև ընտրողի ստորագրությունը: Սահմանված կարգի հիմնավորումն այն է, որ ընտրական գործընթացում ընտրողի տվյալների հրապարակման միջոցով հնարավոր է դառնում շտկել անճշտությունները, բացառել ուրիշի փոխարեն քվեարկելու հնարավորությունը և իրականացնել վերահսկողական մի շարք գործառույթներ:

Բազմաթիվ մասնագետների կարծիքով՝ տեղեկությունների հասանելիությունը թեև խախտում է անձնական տվյալների գաղտնիությունը, ինչ-որ առումով հակասում համապատասխան օրենքին, սակայն Հայաստանում ընտրական գործընթացի նկատմամբ վստահություն նախկինում չկար, ուստի անձնական տվյալների հրապարակումն ինչ-որ չափով վերահսկողական մեխանիզմ էր։

Վտանգներ, մասնագիտական կարծիքներ

Դեռևս 2017թ. ԱԺ ընտրություններից հետո Մարդու իրավունքների պաշտպանի կողմից Արդարադատության նախարարությանը գրություն էր հասցեագրվել ԿԸՀ կողմից անձնական տվյալների հրապարակման կարգի խախտման վերաբերյալ:

Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը ՄԻՊ-ի գրության հիման վրա կայացրել էր որոշում՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովից պահանջելով 3 աշխատանքային օրվա ընթացքում փակել ընտրություններին մասնակցած քաղաքացիների անձնագրային տվյալները:

Սակայն ներկայումս ցանկացած պահի հնարավոր է այդ կայքից, իմանալով միայն անուն-ազգանունը, տեղեկանալ քաղաքացու հաշվառման հասցեի և ծննդյան ամսաթվի տվյալներին:

Անձնական տեղեկությունները խոցելի են դարձնում քաղաքացուն, հատկապես քիչ հանդիպող անուն-ազգանունով անձին: Կենսաչափական տվյալները, մասնագետների կարծիքով, հեշտությամբ կարող են այլ նպատակներով օգտագործվել պոտենցիալ հանցագործների, անձնական հաշվեհարդար ունեցողների, հաքերների և ընդհանրապես տվյալների հրապարակայնությունը շահադիտական նպատակներով կիրառել ցանկացողների կողմից:

Այս թեմային անդրադարձել է նաև տեղեկատվության անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը: Նա առաջարկել է ընտրությունների ժամանակ ընտրողների անձնական տվյալները պարունակող ցուցակները տրամադրել կուսակցություններին, կամ հասանելիության համար սահմանել որոշակի ժամանակահատված, ընդ որում՝ միայն հայկական IP-ների համար։

Նույն կարծիքին է նաև Ինֆորմացիայի ազատության կենտրոնի հիմնադիր Շուշան Դոյդոյանը: Նրա խոսքով՝ ԿԸՀ կայքում տվյալների հրապարակումը անձնական տվյալների պաշտպանության խախտում է՝ հատկապես երկարաժամկետ տեղադրման դեպքում, երբ կարելի է ներբեռնել, պահպանել դրանք:

Սակայն այլ կարծիքի են լրագրողները: Նրանց համար այդ տվյալները համարվում են տեղեկատվության բաց աղբյուր: Այդ տեղեկությունների միջոցով են լրագրողները հաճախ ճշտում պաշտոնյաների, նրանց հարազատների հասցեները և անհրաժեշտ այլ տվյալներ:

Նոր իշխանությունները և Հեղափոխությունից հետո տեղի ունեցած ընտրությունները որոշակի հույս են արթնացրել թեմայով մտահոգ շրջանակների մոտ: Վերջիններս արդեն բարձրաձայնում են այս ոլորտում համապատասխան փոփոխությունների անհրաժեշտությունը՝ լրագրողների համար առաջարկելով օրենսդրական այլ լուծումներ գտնել:

Անձնական տվյալների պահպանման միջազգային փորձը

Եվրոպական երկրներում, օրինակ, անձնական տվյալների պաշտպանությունը բավականին բարձր մակարդակի վրա է: Այնտեղ տվյալների արտահոսքը կարող է խնդիրներ լուրջ առաջացնել։

Եվրոպայում անձնական տվյալների գաղտնիությանը մեծ նշանակություն են տալիս հատկապես երիտասարդները: Նախընտրական քարոզչության ընթացքում եվրոպացի պաշտոնյաներն իրենց խոստումներում շեշտում են անձնական տվյալների պաշտպանության ուղղությամբ նախատեսվող աշխատանքներին, իսկ ընտրողները մեծ կարևորություն են տալիս այդ հարցում ամենախիստ դիրքորոշումներին:

Եվրամիությունը 2018թ. մայիսին խստացրել է ընտրություններից առաջ կուսակցությունների և ֆոնդերի կողմից ընտրողների անձնական տվյալների հավաքագրման համար նախատեսված պատժաչափը՝ դրանով կանխարգելելով նաև տվյալների հավաքագրումը:

Դիտարկել ենք, օրինակ, Ուկրաինայում և Ռուսաստանում ընտրական գործընթացների հետ կապված անձնական տվյալների հրապարակայնությունը: Երկու երկրներում էլ Ընտրական հանձնաժողովների կայքերում յուրաքանչյուր ընտրողի համար առանձին բաժին է հատկացված, որտեղ տվյալները կարող է տեսնել միայն այդ տվյալների սեփականատերը: Ի տարբերություն ՀՀ ԿԸՀ կայքի, այդ երկրներում օգտատերն ինքն է մուտքագրում իր բոլոր տվյալները, որից հետո միայն սահմանափակ ժամանակով կարող է տեսնել ընտրության հետ կապված տեղեկություններ՝ իր համարը, ընտրատեղամասը:

Իսկ օրինակ ԱՄՆ-ում քաղաքական գործիչները հաճախ են դիմում ընտրողների վերաբերյալ տվյալների հավաքագրման միջոցով ձայներ ստանալու տարբերակին: Այս առումով հիշենք ամերիկացիների մեղադրանքները ռուսական ծառայություններին՝ ընտրություններին միջամտելու համար:

Հետաքրքրական է Օբամայի երկրորդ ժամկետի ընտրությունը, երբ հատուկ ծրագրի միջոցով մի քանի ամսում յուրաքանչյուր ընտրողի վերաբերյալ հավաքվել է 800 միավոր տեղեկություն, որոնք Օբամայի վարչակազմի կողմից կրկին հաղթելու լավ միջոց են հանդիսացել: Այս երևույթն ԱՄՆ-ում արդեն լուրջ սպառնալիք է դարձել, և իշխանությունները որոշել են պայքարել քաղաքացիների անձնական տվյալների պաշտպանության համար:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021