Անտառային հրդեհները «միջուկային ձմռան» վտանգ են ստեղծում
Անտառային հրդեհների ծուխն ու մոխիրը կարող են հասնել մինչև վերնոլորտ՝ ծածկելով արևի լույսն ու առաջացնելով միջուկային պատերազմի հետևանքով փոփոխված կլիմայի իրական պատկեր:
Գլոբալ տաքացմանը զուգահեռ՝ անտառային հրդեհներն ահագնանում են: Բարձր կրակը մթնոլորտ է արձակում մուր և ծուխ՝ նպաստելով կլիմայի հետագա փոփոխությանը: Այդպիսի հրդեհներն իսկական լաբորատորիա են դարձել Բոուլդերում գտնվող Կոլորադոյի համալսարանի գիտնականների համար՝ ուսումնասիրելու ավելի դաժան երևույթ՝ «միջուկային ձմեռը»:
«Միջուկային ձմռան» մասին պատկերացումները ծագել են 1980-ականներին, երբ փորձաքննությունները ցույց են տվել, որ ԽՍՀՄ-ի և ԱՄՆ-ի կողմից ատոմային զենքի մեծամասշտաբ կիրառումն անուղղակի հետևանքներ կարող է ունենալ՝ բերելով կլիմայի լուրջ ու վտանգավոր փոփոխությունների: Այդպիսի աղետալի սցենարների դեպքում ծուխն ու մոխրի մասնիկների բարձրացումն օդ կթուլացնեն արևային էներգիայի ներթափանցումը դեպի Երկրի մակերես: Վերջինս կտրուկ կսառչի, բուսականության աճը կդադարի, կսկսվի սով՝ սպառնալով մարդկության գոյությանը:
Հետագայում ավելի ժամանակակից և հստակ հաշվարկները որոշակիորեն թուլացրեցին այդ հիպոթեզի ուժգնությունը: Այսօր գիտնականներն ավելի շատ խոսում են «միջուկային աշնան» մասին՝ պայմանավորված համեմատաբար նվազող ջերմաստիճանով, ընդ որում՝ ընդամենը 1-2 աստիճանով: Այդուհանդերձ, այդպիսի տվյալները մարդկությանն ազդարարում են դժվարին ժամանակների մասին: Ավելին, համարվում է, որ այն կարող է իրականանալ նույնիսկ տարածաշրջանային բախումների ժամանակ միջուկային զենքի թեկուզեւ սահմանափակ կիրառման դեպքում:
Փորձաքննությունը ցույց է տալիս, որ վեր բարձրացող մոխրի մասնիկները պետք է արագ տաքանան Արևից՝ ուժեղացնելով դրանց հոսքը և թույլ տալով հասնել վերնոլորտին: Այդ բարձրության վրա օդը գործնականում զուրկ է խոնավությունից, և մասնիկները կարող են երկար ժամանակ մնալ այդտեղ՝ ծածկելով արևային լույսը: Հենց այդ գործընթացն էլ ուսումնասիրել են ամերիկյան կլիմայագետները: Գիտնականները 2017թ. օգոստոսին Կանադայի արևմուտքում բռնկված հրդեհների ժամանակ ստացված տվյալների համեմատությամբ երզակացրել են, որ վերոնշյալ գործընթացները ծավալվում են նաև անտառային խոշոր հրդեհների ժամանակ:
Ինչպես և կանխատեսել էին գիտնականները, ենթադրություններն ու դիտարկումները համընկել են: Կանադական հրդեհներին հետևած արբանյակներն արձանագրել են 5 խոշոր «հրդեհային ամպեր» (Cumulonimbus Flammagenitus), որոնք շուրջ 300 հազար տոննա մոխիր։ Դրանից 6 հազար տոննան հասել է վերնոլորտ։ Մի քանի ամիս անց մոտ 23 կմ բարձրության վրա արձանագրվել են բազմաթիվ մասնիկներ։ Դրանք ծավալվել են հյուսիսային կիսագնդում՝ դեռ մի քանի ամիս էլ մնալով վերնոլորտի ստորին շերտերում։
Այդուհանդերձ, հաղորդվում է, որ մթնոլորտի աղտոտման այս ծավալները համեմատելի չեն նույնիսկ տեղային միջուկային պատերազմների հետեւանքների հետ։ Գիտնականները նշում են, որ Հնդկաստանի եւ Պակիստանի միջեւ բախման պատճառով մթնոլորտ կարող է հասնել տասնյակ միլիոնավոր տոննաների մոխիր, իսկ Ռուսաստան — ԱՄՆ առճակատումը, նրանց զինանոցի միջուկային ռումբերի կիրառմամբ, այդ թիվը կհասցնի 150 մլն-ի։
Մեկնաբանությունները