Ինչո՞ւ Իրանը որոշեց զորավարժություն անել Արաքսի ափին

Մեծ քանակությամբ զրահամեքենաներ, ռազմական ուղղաթիռներ, կործանիչներ, անօդաչու թռչող սարքեր ու զինծառայողներ են տեղակայվել Խուդաֆերինի կամրջի հատվածում ու Ասլանդուզում: Համարվում է, որ սա պատասխան է Թուրքիայի ու Ադրբեջանի պահվածքին, Արցախի գրավմանը մասնակից Իսրայելին:

Մամուլում և փորձագիտական շրջանակներում վերջին օրերին քննարկման կարևոր թեմաներից է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի և բանակի ստորաբաժանումների լայնածավալ զորավարժության համար զինտեխնիկայի տեղափոխումը դեպի երկրի հյուսիս՝ Արաքս գետի ափը:

Որտե՞ղ են անցկացվելու զորավարժությունները

Զորավարժությունների հիմնական վայրը, ըստ պարսկական աղբյուրների, Ադրբեջանի հետ սահմանակից շրջանն է: Զինտեխնիկայի տեղաշարժի լուսանկարների մեծ մասն արված են Ասլանդուզ քաղաքի մոտակայքում:

Իրանցի փորձագետի տեղեկություններով՝ մեծ քանակությամբ զրահամեքենաներ, ռազմական ուղղաթիռներ, կործանիչներ, անօդաչու թռչող սարքեր ու զինծառայողներ են տեղակայվել նաև Խուդաֆերինի կամրջի հատվածում (Արցախի հարավ, 44-օրյա պատերազմի հետևանքով օկուպացվել է Ադրբեջանի կողմից, խմբ.):

«Պատասխան» Թուրքիային, Ադրբեջանին ու Պակիստանին

Իրանի զինված ուժերի լայնավածավալ զորավարժությունների մեկնարկի կապակցությամբ հնչող կարծիքներից հիմնականը վերաբերում է թուրք-ադրբեջանա-պակիստանյան համատեղ զորավարժությանը Թեհրանի պատասխանին: Նշվում է, որ Իրանին մտագոհում է այդ երկրների վարքագիծը՝ անհասկանալի համարելով, թե ում դեմ են նրանց գործողություններն ուղղված:

Արդաբիլում Իրանի հոգևոր առաջնորդի ներկայացուցիչ Այաթոլլա Սեյեդ Հասան Ամիլին հայտարարել է, որ Իրանն այդ զորավարժությանը չի կարող անտարբեր լինել: Նրա խոսքով՝ թեև ինքնիշխան պետություններն իրավունք ունեն ցանկացած գործընկերոջ հետ վարժանքներ իրականացնել, սակայն հարց է առաջանում, թե ի՞նչ համատեքստում են կազմակերպվում դրանք:

Նշենք, որ Իրանի նկատմամբ թուրք-ադրբեջանական քաղաքականությունը Թեհրանում արդեն լուրջ անհանգստություն է առաջացնում. եթե նախկինում, օրինակ՝ Բաքվում Էրդողանի արտասանությանը, Թեհրանն արձագանքում էր դիվանագիտական ուղերձներով, ապա այժմ գործի է դնում ռազմական «պատասխանը», ինչի մասին խոսել է Ամիլին:

Հոգևոր առաջնորդի ներկայացուցիչն ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ թուրքական պարբերականներից մեկը հոդված է հրապարակել՝ «Իրանը ջնջվելու է երկրի երեսից» վերտառությամբ: Ամիլիի խոսքով՝ սա ցույց է տալիս, որ Թուրքիան և Ադրբեջանը չեն կատարում հարևանության իրենց պարտականությունները, այդ պատճառով «Արաքսի ափին պետք է ռազմական ուժ գործի դրվի»:

Նախազգուշացում Իսրայելին

Ադրբեջանի հետ սահմանին խոշոր զորավարժությունների անցկացման նպատակներից մեկը համարվում է նախազգուշացումն Իսրայելին (իսրայելական սպառազինությունն ու մասնագետներն ակտիվորեն մասնակցել են Արցախի դեմ պատերազմին, խմբ.): Այս առումով ուշագրավ է տեղեկությունը, որ իրանական ռազմատեխնիկայի վրա գրառում է փակցվել. «Իսրայելը չի տեսնի հաջորդ 25 տարին»:

Ի՞նչ կապ ունեն թալիշները

Իրանագետ Վարդան Ոսկանյանի դիտարկմամբ՝ Իրանի ԶՈՒ զորավարժություններն ընթանալու են տարածքում, որը սահմանակից է Ադրբեջանի թալիշաբնակ շրջաններին:

Ոսկանյանը հիշեցնում է, որ վերջին շրջանում Ադրբեջանում կրկին սրվել է թալիշական խնդիրը: Մեր կողմից հիշեցնենք ավելի վաղ հրապարակված տեղեկությունը, ըստ որի՝ թալիշ առաջնորդ, հասարակական գործիչ Աբոսզոդայի ձերբակալությունն ու սպանությունը որոշակի կապ կարող են ունենալ Արցախի դեմ պատերազմի սանձազերծման հետ (Աբոսզոդան սպանվել է Բաքվի բանտում՝ 2020թ. նոյեմբերի 9-ին):

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021