Ի՞նչ նշանակություն ունի Հայաստանի համար «ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը»

Համաձայնագիրն ուժի մեջ կմտնի 2021թ. մարտի 1-ից: Ներկայացնում ենք Հայաստանի համար կարևորություն ունեցող այն հնարավորությունները, որոնք կարող է ապահովել փաստաթուղթը` առևտրի, ծառայությունների, էներգետիկայի, աշխատատեղերի, միջուկային անվտանգության և մի շարք այլ ուղղություններով:

ՀՀ ԱԳՆ հաղորդմամբ` 2021թ. փետրվարի 10-ին Եվրոպական միությունը Հայաստանի Հանրապետությանը ծանուցել է Եվրամիության և Եվրամիության անդամ երկրների կողմից ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ, CEPA) վավերացման գործընթացի ավարտի մասին։ Համաձայնագիրը լիարժեքորեն ուժի մեջ կմտնի 2021թ. մարտի 1-ից:

Նշվում է, որ 2017թ. նոյեմբերի 24-ին Բրյուսելում կայացած Արևելյան գործընկերության գագաթաժողովի շրջանակներում ստորագրված Համաձայնագիրը նոր՝ գործընկերային մակարդակի է բարձրացնում ՀՀ-ԵՄ երկկողմ հարաբերությունները, կանոնակարգում է ոլորտային համագործակցությունը, առևտրային հարաբերությունները, երկխոսությունը քաղաքական և տնտեսական բնագավառներում:

Ինչի՞ մասին է Համաձայնագիրը

Համաձայնագիրը ենթադրում է համագործակցություն տարբեր ոլորտներում` արդարադատություն, անվտանգություն, տնտեսություն, գյուղատնտեսություն, ենթակառուցվածքներ, շրջակա միջավայր և կլիմա, կրթություն և գիտություն, մշակույթ, առողջապահություն և այլն։

Համաձայնագիրն ուղղված է ԵՄ-Հայաստան համագործակցության մակարդակի բարձրացմանն ու շրջանակի ընդլայնմանը։ Առևտրի համաշխարհային կազմակերպության շրջանակի, ինչպես նաև Համագործակցության ու Գործընկերության համաձայնագրի համեմատությամբ` ՀԸԳՀ-ն էլ ավելի է բարելավում երկկողմ առևտրի պայմանները։

ԱԳՆ մեկնաբանությամբ` Համաձայնագրի արդյունավետ կիրարկումը ժամանակի ընթացքում իր ազդեցությունն է ունենալու ՀՀ քաղաքացիների բարեկեցության և կենսակերպի վրա, շոշափելի արդյունքներ կապահովի և կխթանի Հայաստանում ժողովրդավարության,  քաղաքական, տնտեսական և սոցիալական կայունության ամրապնդմանը:

ՀՀ արտաքին գերատեսչությունն ընդգծում է, որ Համաձայնագրում խոսվում է նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման մասին: Վերահաստատվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին ու մոտեցումներին աջակցելու հանձնառությունը, շեշտվում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության հանգուցալուծման անհրաժեշտությունը ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման իրավունքի հիման վրա։

Ավելի պարզ. ի՞նչ հնարավորություններ է Համաձայնագիրը նախատեսում

Համաձայնագրի կարևորությունը գնահատելու համար ներկայացնենք այն հիմնական ուղղությունները, որոնց անդրադառնում է փաստաթուղթը:

Այսպես, այն նախատեսում է օրենսդրության կատարելագործում` բարելավելու գործարար միջավայրն ու ներդրումային հնարավորությունները: Խոսքն ինչպես հայկական ընկերությունների կողմից եվրոպական շուկայում վաճառվող ապրանքների և ծառայությունների ծավալների մեծացման մասին է, այնպես էլ` Հայաստանում ԵՄ ընկերությունների կողմից դուստր ձեռնարկությունների հիմնման հնարավորության: Ակնկալվող արդյունքը տնտեսական աճի խթանմանումն է և նոր աշխատատեղերի ստեղծումը:

Ներդրումային միջավայրի բարելավման կարևոր ուղղություններից է համարվում էներգիայի մաքուր, այլընտրանքային աղբյուրների ստեղծումը: Համաձայնագիրը ենթադրում է կանաչ կամ վերականգնվող էներգիայի ոլորտում նոր աշխատատեղերի ստեղծում: Բարձրանալու է էլեկտրաէներգիայի ոլորտի մրցակցությունը: Շուկայի ազատականացման արդյունքում հնարավոր է համարվում Հայաստանում էլեկտրաէներգիայի գնի նվազումը:

ՀԸԳՀ-ն նախատեսում է գործարար միջավայրի կանխատեսելիության և կայունության ապահովում: Փոքր և միջին ձեռնարկություններին Համաձայնագրի դրույթների իրականացման մասին տեղեկատվության և խորհրդատվության տրամադրումը կարող է նպաստել մասնավոր հատվածին վերաբերող օրենսդրական դաշտի թափանցիկության բարձրացմանը:

Համաձայնագիրը ծառայությունների մատուցման ոլորտում ԵՄ-ՀՀ առևտրի ազատականացման արդյունքում հայկական ընկերություններին իրավունք կվերապահի ծառայություններ մատուցել ԵՄ-ում: Դրանց շարքում են վարձակալության և լիզինգի ծառայությունները, խորհրդատվական, ինժեներական, լուսանկարչական, փաթեթավորման, փոստային, ֆինանսական, տրանսպորտային ծառայությունների մատուցումը և այլն:

ՀԸԳՀ-ն նախատեսում է, որ հայ գործարարները կկարողանան մասնակցել ԵՄ-ում իրականացվող պետական գնումներին և հակառակը: Պետական գնումների գործընթացների թափանցիկությունը բարձրացվելու է: Տրամադրվելու են լրացուցիչ թույլտվություններ, օրինակ` ջրամատակարարման և հանրային ծառայությունների մատուցման այլ ոլորտներում: Շեշտվում է գերիշխող դիրքի չարաշահման, ձեռնարկությունների միջև համաձայնությունների և մրցակցության այլ խոչընդոտների բացառումը: Հայկական և եվրոպական ընկերությունները կկարողանան դիմել անկախ մրցակցային մարմնին:

Համաձայնագիրը ենթադրում է առևտրի համար ոչ անհրաժեշտ խոչընդոտների նվազեցում: Օրինակ, պիտակավորման բարդ պահանջները կհանվեն: Արդյունքում ավելի շատ ընկերություններ կկարողանան իրենց արտադրանքը ներկայացնել հայկական և ԵՄ շուկաներում` մրցունակ գներով:

ՀԸԳՀ-ում շեշտվում է, որ ԵՄ-ն հաստատում է Հայաստանի միջուկային անվտանգության բարձրագույն մակարդակի ապահովման իր հանձնառությունը: Համաձայնագիրը նախատեսում է նաև ԵՄ-ի և ՀՀ-ի միջև համագործակցության հզորացում` հանցագործությունների կանխարգելման, կազմակերպված հանցավորության և ահաբեկչության դեմ պայքարի ուղղությամբ:

ՀԸԳՀ-ն Հայաստանին կօգնի տնտեսական աճ գրանցել և բարելավել շրջակա միջավայրը: Հայաստանի կողմից նախատեսվում է միջազգային չափանիշներին և համաձայնագրերի պահանջներին համապատասխանող՝ շրջակա միջավայրի պաշտպանությանն ուղղված միջոցառումների ընդունում և իրականացում: ԵՄ-ն և Հայաստանը կհամագործակցեն բնական ռեսուրսների կայուն օգտագործման մակարդակի բարձրացման եւ կենսաբազմազանության պահպանման ուղղությամբ:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021