Լուսանկարներում հայկական Սու-30-ներն են` հրթիռներով. ի՞նչ հրթիռներ են

Հայտարարվել է, որ Սու-30ՍՄ-ներն առանց հրթիռների են ձեռք բերվել. այդ դեպքում` ի՞նչ հրթիռներ են լուսանկարներում, ինչո՞ւ է հայտարարվել, թե հրթիռներ ձեռք չեն բերվել: Շեշտենք, որ լուսանկարներն արվել են 2020թ. հոկտեմբերին:

Համացանցում 2020թ. հոկտեմբերին արված լուսանկարներ են հրապարակվել, որտեղ երևում են ՀՀ ԶՈւ-երում գտնվող Սու-30ՍՄ կործանիչները` Ռ-73 և Ռ-27 երկինք-երկինք դասի հրթիռներով:

ՀՀ ԶՈՒ Սու-30ՍՄ կործանիչները` հրթիռներով / © SisMasis

Այս օրերին քննարկվող թեմաներից մեկը վերաբերում է Սու-երի հրթիռներին. առանցքում են վարչապետի հայտարարությունը կործանիչներն առանց հրթիռների գնելու մասին, ՊԲ նախկին հրամանատար Մովսես Հակոբյանի պնդումը, թե Ռուսաստանը չի վաճառում 130 կմ հեռահարությամբ հրթիռներ Սու-30-երի համար:

Սու-30ՍՄ, հրթիռներով, Գյումրու ավիաբազա / © Google

Հնչում են հարցադրումներ. ի՞նչ հրթիռներ են երևում լուսանկարներում, ինչո՞ւ է հայտարարվում, թե կործանիչներն առանց հրթիռների են ձեռք բերվել, և այդ դեպքում` ինչո՞ւ էր Նիկոլ Փաշինյանը նախորդ տարվա ամռանը խոսում «մարտական կրակով փորձարկման» մասին:

Ռ-73 և Ռ-27 հրթիռները

Ռ-73-ը խորհրդային արտադրության երկինք-երկինք դասի փոքր հեռահարությամբ կառավարվող հրթիռ է` ինֆրակարմիր ինքնանշանառման համակարգով:

Այս հրթիռի հեռահարությունը, ըստ բաց աղբյուրների, առավելագույնը 40 կմ է: Թիրախը կարող է խոցել մինչև 20 կմ բարձրության վրա:

Ռ-73 հրթիռ / © ՌԴ ՊՆ

Ռ-27-ը նույնպես խորհրդային արտադրության է, նույն դասի, միջին հեռահարությամբ, կառավարվող: Առավելագույն հեռահարությունը 50 կմ է (թեև որոշ մոդիֆիկացիաներով մինչև 110 կմ է, սակայն հայտնի չէ, թե հայկական ինքնաթիռի վրա որ մոդելն է):

Վարչապետի և գեներալի հայտարարությունները

Դեռևս նախորդ տարվա ամռանը Նիկոլ Փաշինյանն իր գրառմամբ նշել էր, որ Սու-30ՍՄ-ները «մարտական կրակով» (չակերտները` վարչապետի) վարժանք են իրականացրել: Օրերս Արագածոտնի մարզում քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ Փաշինյանը հայտարարել էր, որ կործանիչների համար հրթիռները չեն հասցրել ձեռք բերել:

Գեներալ Մովսես Հակոբյանն իր հերթին պնդել էր, որ Հայաստանը չէր կարող Սու-30-ների համար հրթիռներ ձեռք բերել, քանի որ ՌԴ կառավարության որոշումն արգելում է դրանց վաճառքն այլ պետությունների:

Փորձենք հասկանալ` համադրելով տեղեկությունները

Շրջանառվող տեղեկությունների համաձայն` Սու-30ՍՄ կործանիչներն Արցախի տարածքում չեն կիրառվել: Պատճառ է համարվում, ըստ որոշ կարծիքների, այն, որ դրանք նախատեսված են բացառապես Հայաստանի Հանրապետության տարածքի պաշտպանության համար: Մինչդեռ Ադրբեջանի տարածքում կամ նույնիսկ Ադրբեջանի` միջազգայնորեն ճանաչված տարածքներում դրանց կիրառությունը կարող էր համարվել «Հայաստանի կողմից ագրեսիա»` իր բոլոր հետևանքներով (Թուրքիայի կողմից անմիջական ներգրավվածություն և այլն):

Բացի այդ` ունենալով փոքր և միջին հեռահարությամբ հրթիռներ` հայկական կործանիչները չէին կարող խոցել ավելի մեծ հեռավորության վրա գործող թուրքական (ամերիկյան) F-16-երի, անօդաչուների կամ հրթիռային համակարգերի դեմ: Չկարողանալով մուտք գործել Արցախի օդային տարածք` դրանք Հայաստանի տարածքից չէին կարող խոցել նաև Մարտակերտն ու Մարտունին ռմբակոծող ադրբեջանական ինքնաթիռներին:

Ինչ վերաբերում է հրթիռներով նկարներին և «հրթիռ չունենալու մասին» հայտարարություններին. վարչապետը չորեքշաբթի օրն Ազգային ժողովում մեկնաբանեց` նշելով, որ «մարտական կրակի» և «հրթիռ չունենալու» մասին հայտարարություններում հակասություն չկա. խոսքը, ըստ Փաշինյանի, Սու-30ՍՄ-ին համապատասխան հրթիռների բացակայության մասին է, մինչդեռ վարժանքներին կիրառվել են զինված ուժերում առկա հրթիռներ, որոնք անհրաժեշտ արդյունավետությունն ունենալ չէին կարող (հավանաբար նկատի ունի խորհրդային արտադրության հրթիռների և գերժամանակակից կործանիչների համադրության խնդիրները):

Չպարզաբանված հարցեր

Այդուհանդերձ` բաց են մնում մի շարք հարցեր: Դրանցից է, օրինակ, «անհրաժեշտ հրթիռներ չունենալու» մասին տեղեկությունը. արդյո՞ք ճիշտ է գեներալը, երբ նշում է, թե Հայաստանը Սու-30-ի հրթիռ չի կարող գնել ՌԴ-ից: Այդ դեպքում` ինչո՞ւ են ձեռք բերվել Սու-երը:

Հաջորդ հարցը. կործանիչներն, ի վերջո, կարող էին/են կիրառվել Արցախի տարածքում կամ նրա պաշտպանության համար: Եթե այո, ապա ինչո՞ւ չեն կիրառվել տվյալ պահին առկա հրթիռային միջոցներով:

3-րդ հարցը. Հայաստանն ունի՞ այնքան փորձառու օդաչուներ, որոնք կարող են ապահովել գործող ավիացիայի պատշաճ կիրառությունը: Հիշեցնենք, որ ավելի վաղ զրուցել ենք ոլորտի մասնագետներից մեկի հետ, ով ընդգծել էր, որ հայկական ավիացիայում մասնագետների խնդիր կա:

Հիշեցնենք նաև դեռևս 2019թ. դեկտեմբերին տեղեկություն էր տարածվել, թե Հայաստանը ձեռք է բերել Խ-31ՊԴ հակառադիոտեղորոշման հրթիռներ, որոնք, իբր, Սու-30ՍՄ-ների համար են: Հրթիռների առավելագույն հեռահարությունը մոտ 250 կմ է: Տեղեկությունը, սակայն, այդպես էլ չհաստատվեց:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021