«Կարանտի՞ն. չէ, չենք լսել»

Կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով Հայաստանում Արտակարգ դրությունը ևս մեկ ամսով երկարաձգվեց, սակայն Երևանի մի շարք թաղամասերում ու մարզերում քաղաքացիներն այն այդպես էլ չզգացին. նույնիսկ տուգանվելը չազդեց:

Դեռևս ապրիլի սկզբներին նման լուսանկարները համացանցում շատ էին: Երևում է, թե ինչպես են քաղաքացիները կուտակվում հերթերում՝ չպահպանելով արտակարգ դրության շրջանակներում ընդունված որոշումները:

Ընդ որում՝ Երևանից դուրս, գյուղերում, կարանտինն ընդհանրապես իրեն զգացնել չի տվել. ավելացել են միայն հարևանի բակում նարդի խաղացող, Երևանի իրենց աշխատավայր չգնացող քաղաքացիները: Այս օրերին տեղացող անձրևը, թերևս, «ոստիկանական պատշաճ գործողություններ» իրականացրեց:

Տուգանվիր, որ չվարակվես

Մարտ ամսվա երկրորդ կեսին՝ Արտակարգ դրություն հայտարարելուց և որոշակի սահմանափակումներ մտցնելուց հետո, Երևան քաղաքի փողոցներում մարդկանց ու մեքենաների հոսքը համեմատաբար քիչ էր, սակայն շենքերի բակերում ու առանձին վայրերում չնչին տարբերություն էր նկատվում:

Արտակարգ դրություն, մարտի 26 / © Ani Aslanyan

Ապրիլի կեսերից արդեն քաղաքացիների ու մենեքենաների հոսքը շատացավ: Այդ մասին բարձրաձայնեցին ինչպես օգտատերերը, այնպես էլ պաշտոնյաները:

Քաղաքացիներին ուղղված բազմաթիվ կոչեր հնչեցին, ոստիկանությանը հորդորեցին խստացնել միջոցառումները: Արդյունքում՝ ապրիլի 20-ի դրությամբ ազատ տեղաշարժվելու իրավունքի սահմանափակումները խախտելու փաստերով 10269 անձի նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն։

«Տուգանելը ճիշտ է» / © Ազատություն

Ինքնամեկուսացման կամ մեկուսացման կանոնները խախտելու փաստերով արձանագրություն է կազմվել 26 անձի նկատմամբ։ Այսինքն, ավելի քան 10 հազար քաղաքացի տուգանվել է առնվազն 100 հազար դրամով: Շատերը պահանջեցին խստացնել պահանջները և ավելի շատ տուգանել:

Ֆեյսբուքյան մեկնաբանություն

Այստեղ պետք է առանձնացնել երկու դրվագ՝ 1. ինչպե՞ս կգանձվեն տուգանքները, 2. ինչո՞ւ են տուգանվում:

1. Տուգանքների վերաբերյալ քաղաքացիներն ունեն հակասական մոտեցումներ. մի մասի համոզմամբ՝ կարանտինային պայմանների պահպանման համար խիստ միջոցներ պետք է կիրառվեն, իսկ մյուս մասն անթույլատրելի է համարում ստեղծված իրավիճակում քաղաքացիների ֆինանսական վիճակը վատթարացնող պատիժները:

Բնականաբար, բազմաթիվ են քաղաքացիները, ովքեր ի վիճակի չեն լինելու վճարել այդ տուգանքները` արդյունքում հայտնվելով ավելի վատ վիճակում: Ի վերջո նրանց թիվը մեծ է լինելու, և հասունանալու է պահանջ՝ վարչական իրավախախտումների համաներման: Այս պարագայում ստացվում է, որ համաճարակի զսպման «տուգանային» մեխանիզմը չի գործում և իրեն չի արդարացրել:

2. Սակայն առկա է նաև մյուս հարցը՝ ինչո՞ւ են տուգանվում: Թերևս՝ քիչ կլինեն քաղաքացիներ, ովքեր իսկապես տեղյակ չեն լինի սահմանված կարգի վերաբերյալ: Մասնավորապես՝ ազգաբնակչության մեծամասնությունը տեղյակ է, որ տանից դուրս գալիս պետք է լրացնել տեղաշարժման թերթիկ և ունենալ անձնագիր: Աշխատանքի գնալիս պետք է ունենալ գործատուի կողմից համապատասխան տեղեկանք: Նմանապես՝ մեքենայով երթևեկելիս պետք է պահպանել ուղևորների քանակի վերաբերյալ ցուցումները:

Տուգանվող քաղաքացիները, միանշանակ, չեն պահպանել նշված պահանջները: Ստացվում է՝ նրանք միտումնավոր չեն պահպանել կարանտինային նորմերը և չեն վստահել կորոնավիրուսի տարածման վերաբերյալ տեղեկություններին՝ անտեսելով նաև գերատեսչությունների հորդորները:

Սահմանափակումներն աստիճանաբար վերացվում են

Վերոնշյալ երևույթը դիտարկվել է դեռևս ապրիլի առաջին տասնօրյակում՝ երբ սահմանափակումները դեռևս բավականին խիստ էին: Այդ ժամանակ արդեն կարանտինային պահանջները չէին պահպանվում մի կողմից՝ քաղաքացիների անպատասխանատվության, մյուս կողմից՝ համապատասխան մարմինների (հատկապես՝ ոստիկանության) անգործության կամ առնվազն ոչ պատշաճ աշխատանքի պատճառով:

Ապրիլի կեսերից թույլատրվեց որոշակի տեսակների տնտեսվարողների գործունեությունը, և փողոցները, որոնք այդպես էլ ըստ արժանվույնս չէին դատարկվել, կրկին դարձան մարդաշատ, ճանապարհներին վերսկսվեցին խցանումները, որոնք մինչ այդ միայն առանձին հատվածներում էին տեղի ունենում:

Արտակարգ դրության կարանտինային նշանակությունը, այսպիսով, կորցրեց իր արդյունավետությունը: Քաղաքի տարբեր հատվածներում նկատելի է նույն մարդաշատությունը, ինչ միշտ է եղել, մեքենաների հոսքը գրեթե նույնն է. պակասում են միայն երթուղային «գազելները»:

Սահմանափակումներն աստիճանաբար վերացվում են: Սակայն ընդգծենք, որ նույնիսկ խիստ կարանտինի օրերին տեղաշարժը չի դադարել, ինչի պատճառով էլ վարակվածության դեպքերը շարունակել են աճել:

Կուտակումներ բանկի մոտ / © Armradio

Բազմիցս նշվում է, որ արտակարգ դրության շրջանակներում իրականացվող միջոցառումների արդյունքում է, որ կորոնավիրուսի համաճարակի հետ կապված վիճակը Հայաստանում մինչ օրս ավելի վատ չէ: Սակայն այստեղ ուշադրություն պետք է դարձնենք վարակվածության թվին, այլ քաղաքացիների կողմից այդ միջոցառումներին արձագանքին: Մասնավորապես՝ խոշոր առևտրի կենտրոններում մարդաշատությունն ավելացել է, քանի որ փակվել են ավելի փոքր տնտեսական խանութները՝ առաջացնելով բազմաթիվ տնտեսվարողների դժգոհությունը:

Բազմաթիվ տնտեսվարողներ ու հասարակական գործիչներ նշում են, որ կարանտինը վերաբերում է միայն տնտեսությանը, բայց ոչ՝ քաղաքացիներին:

Հնարավոր է՝ Պարետատանն էլ այս ամենը գիտակցեցին՝ ապրիլի 23-ից ընդլայնելով թույլատրվող ոլորտների գործունեությունը: Իսկ թույլատրված գործունեությունն աշխատակիցներ է պահանջում, ովքեր կարող են աշխատանքի գնալ միայն տաքսիներով: Ուստի ենթադրվում է, որ շուտով հանրային տրանսպորտը կվերսկսի իր աշխատանքը` Երևանին վերադարձնելով իր նախկին խցանումները:

Այսպիսով՝ Հայաստանում կարանտինն իր արդյունավետությունը դրսևորել է միայն պատասխանատու քաղաքացիների շնորհիվ՝ ի հեճուկս դրա կարևորությունն արհամարհողների ու իրենց պարտականությունների կատարման հարցում թերացողների:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021