Ի՞նչ է կատարվում Քաղավիացիայի շուրջ. տեղեկություններ, հերքում, պարզաբանում (upd.)

Տեղեկություն էր տարածվել, որ ՀՀ Քաղավիացիայի կոմիտեն լիցենզիայից զրկվել է: Կառույցը պաշտոնապես հերքեց այդ տեղեկությունը, պարզաբանում ներկայացրեց նաև Տաթևիկ Ռևազյանը, սակայն մատնանշվող զեկույցը դեռևս չի հրապարակվել, ինչը կասկածների տեղիք է տալիս:

Ապրիլի 3-ին մամուլում հրապարակումներ էին տարածվել, ըստ որոնց՝ Միջազգային ավիացիոն կազմակերպությունը փետրվար ամսին կատարված ստուգումների արդյունքում Հայաստանի Քաղավիացիայի պետական կոմիտեին զրկել է լիցենզիայից:

Տեղեկության զուգահեռ՝ այդ երևույթը Հայաստանի համար լրջագույն խնդիր է համարվում՝ նշելով, որ Հայաստանն այսուհետ մոտ մեկ տարի չի կարողանալու լիցենզիա տրամադրել որևէ փոխադրողի՝ դեպի Եվրոպա չվեթներ իրականացնելու համար: Խոսքը վերաբերում է ինչպես չարթերներին, այնպես էլ բեռնափոխադրումներին։

Բազմաթիվ օգտատերեր շարունակեցին տարածել այդ տեղեկությունը՝ դրան ավելացնելով իրենց հիմնավորումներն ու եզրակացությունները՝ ՀՀ Քաղավիացիային և ընդհանրապես՝ Կառավարությանը մեղադրելով թերացումների մեջ:

Ավելի ուշ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն հանդես եկավ հայտարարությամբ՝ նշելով, որ տարածված տեղեկությունն իրականությանը չի համապատասխանում: Նշվում է, որ որևէ կառույց չի կարող ՀՀ օրենքով գործող պետական կառույցին զրկել իր լիազորությունները կատարելու իրավունքից:

Հայտարարությունում նշվում է, որ 2020թ. փետրվարի 3-7-ը Թռիչքային անվտանգության եվրոպական գործակալության և Եվրոպական Միության մասնագետների կողմից Կոմիտեի և թվով երկու ավիաընկերությունների գնահատման այց է իրականացվել: 2020թ. մարտի 6-ին Կոմիտեն և գնահատում անցած երկու ընկերությունները ստացել են Գործակալության կողմից նախնական գնահատման արդյունքները, որի վերաբերյալ Գործակալությունն ակնկալում է ստանալ Կոմիտեի կարծիքը գնահատման արդյունքների վերաբերյալ զեկույցը վերջնական տեսքի բերելու նպատակով:

Նշվում է, որ Կոմիտեն նախկինում արդեն բազմիցս տեղեկացրել է, որ առկա են լուրջ խնդիրներ, որոնք ունեն շատ երկար տարիների պատմություն, նոր չեն, պահանջում են ժամանակ և ռեսուրսներ՝ կառույցն արդիականացնելու համար:

Տաթևիկ Ռևազյանը մանրամասներ է ներկայացնում / © Լուրեր

Հաղորդվում է, որ կոմերցիոն թռիչքներ իրականացնող երկու ավիաընկերություններ ժամանակավորապես զրկվել են երրորդ երկրի շահագործման վկայականներից, միայն եվրոպական ուղղություններով կատարվող չվերթների իրավունքից և կարող են իրենց թռիչքները շարունակել այլ պետություններ: Շեշտվում է, այս որոշումը որևէ ազդեցություն չի ունենա այլ միջազգային ընկերությունների կողմից իրականացվող թռիչքների վրա:

Կից ներկայացվել է նաև Քաղավիացիայի միջազգային կազմակերպության Տարածաշրջանային պատասխանատու, օդային երթևեկության կառավարման/գլխավոր աուդիտոր Լեոնարդ Վիքսի բաց նամակը Հայաստանի հասարակությանը։

Տաթևիկ Ռևազյանը նշել է, որ զեկույցի վերաբերյալ ՀՀ Քաղավիացիայի կոմիտեն իր դիրքորոշումն ու բողոքը ներկայացնելու է ապրիլի 6-ին:

Պաշտոնական հայտարարությանը հաջորդեցին նաև ոլորտի՝ նախկինում առկա իրավիճակի որոշ մանրամասների հիշեցումները. 2000-ականներին «հայկական ավիափոխադրողների» կողմից զենքի տեղափոխումից մինչև ադամանդի հանքարդյունաբերություն ու արտահանում: Վերջիններս կապ ունեին նաև Հասարակածային Գվիենայում իշխանափոխության փորձի հետ, որտեղ հայ օդաչուներ էին ձերբակալվել՝ ապօրինի զենք տեղափոխելու համար:

ՀՀ Քաղավիացիայի վարչության նախկին պետ Շահեն Պետրոսյանը հայտնել է, որ պատմությունը նոր չէ. նման զգուշացումներ նախկինում էլ եղել են։ Նրա խոսքով՝ տեղեկություններ են եղել, որ քաղավիացիան կաշառակերությամբ է զբաղված, կեղծ ավիաընկերություններ է գրանցել, օդաչուներին արտոնագիր տրամադրելու համար։ Պետրոսյանը նշել է, որ ձևականորեն գրանցված «ավիաընկերությունները» որոշ դեպքերում զբաղվել են ապօրինի գործունեությամբ՝ զենք, թմրանյութ:

Այսպիսով՝ տարածված տեղեկությունը պաշտոնապես հերքվեց: Սակայն մամուլում ու սոցցանցերում շարունակվում են քննարկումները: Խնդիրն այն է, որ այն զեկույցը, որի մասին խոսվում է, ամբողջությամբ չի հրապարակվել, ինչը շարունակում է կասկածների տեղիք տալ մի շարք օգտատերերի և հետաքրքրվող անձանց համար:

UPD. Հաղորդվում է, որ Արմենիա ավիաընկերության ներկայացուցիչ Գևորգ Խաչատրյանը հայտնել է, որ ոչ թե ավիաընկերություններն են զրկվել լիցենզիայից, այլ Կոմիտեն չի անցել Թռիչքային անվտանգության եվրոպական գործակալության (EASA) աուդիտը: Նրա խոսքով՝ այդ է պատճառը, որ 2 ավիաընկերությունները չեն կարող թռիչքներ իրականացնել դեպի Եվրոպա:

Սակայն պետք է նշել, որ խնդրի մասին Տաթևիկ Ռևազյանը հայտնել է դեռևս 2019թ. վերջերին, երբ «սև ցուցակում» հայտնվելու վտանգ է եղել, սակայն պայմանավորվածություն է ձեռք բերվել՝ փետրվար ամսին հավելյալ ստուգում իրականացնելու և մայիսին վերջնական որոշումը կայացնելու վերաբերյալ:

Ռևազյանը մանրամասներ է ներկայացնում, դեկտեմբեր, 2019թ. / © Ազատություն

Կոմիտեի ղեկավարը դեռևս դեկտեմբեր ամսին հայտնել էր, որ Տարոն-Ավիա, Արմենիա և Ատլանտիս Յուրոփեան Էյրվեյզ ավիաընկերությունները դիմել են դեպի Եվրամիություն թռիչքներ իրականացնելու համար: Վերջինը ստացել է թույլտվություն, Արմենիան նույնպես, բայց որոշ խնդիրների կարգավորումից հետո, իսկ Տարոնը չի ստացել, քանի որ խնդիրներն այդ ընկերությունում առավել շատ են եղել:

Ռևազյանը նշել էր, որ Կոմիտեն կարող էր հայտնվել «սև ցուցակում», քանի որ պատշաճ վերահսկողություն չի իրականացրել, որպեսզի ավիաընկերությունում խնդիրները վերացվեն: Մինչդեռ Կոմիտեն այդ հնարավորությունն ու միջոցները չի ունեցել: Սակայն տեղում Պետական վերահսկողական ծառայությունը նույնպես ստուգումներ է իրականացրել՝ հայտնաբերելով բազմաթիվ խախտումներ:

Հաղորդվում է նաև, որ ավելի վաղ քրեական գործ է հարուցվել ՊՎԾ տեղեկությունների հիման վրա. Գլխավոր դատախազության հաղորդագրությունում նշվել է, որ «… ստուգումների արդյունքները պաշտոնական գրությամբ ուղարկվել են ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի էլեկտրոնային փոստին, սակայն կոմիտեի համապատասխան աշխատակիցները, խախտելով ներքին գործավարության կարգով սահմանված պահանջները, այն չեն մուտքագրել «Mulberry» էլեկտրոնային համակարգ, դրանց համապատասխան ընթացք չեն տվել: Իսկ կոմիտեի նախագահին զեկուցվել է, որ աուդիտի մասով առանձնահատուկ խնդիրներ առկա չեն եղել։ Արդյունքում միջազգային կազմակերպությունում կասկածի տակ է դրվել ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի հեղինակությունը, մասնավորապես՝ կոմիտեի կողմից իր գործառույթների պատշաճ կատարման հանգամանքը, վտանգ է ստեղծվել, որ առհասարակ արգելվեն ՀՀ-ում գրանցված օդանավերի թռիչքները ԵՄ տարածքում…»։

Վերջին տվյալներով՝ Կոմիտեն պատրաստվում է նամակ հղել հայտնաբերված խնդիրների և զեկույցի վերաբերյալ, որից հետո սպասվում է հանդիպում Բրյուսելում: Այսպիսով՝ վերջնական որոշումները կստացվեն ու իրավիճակն ավելի պարզ կդառնա մայիսին:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021