Իրանական թերթը նշել է Երևան-Բաքու համաձայնության թերությունները

Մասնավորապես՝ խոսվում է Լեռնային Ղարաբաղի իշխանությունների և Մինսկի խմբի համանախագահ մյուս երկրների դիրքորոշումները հաշվի չառնելու, Ռուսաստանի կողմից խնդիրը միանձնյա լուծելու, Իրանի հետաքրքրությունները չներառելու, Հայաստանում ստեղծված իրավիճակի, ԼՂ քաղիրավական կարգավիճակի և օտարերկրյա վարձկանների մասին:

Իրանական Etemad թերթում հրապարակված հոդվածում անդրադարձ է կատարվել Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ պայմանավորվածություններին: Կողմերի միջև Ռուսաստանի միջնորդությամբ ստորագրված հայտարարությունն իրանական աղբյուրը դրական է գնահատել: Սակայն, ինչպես նշում է իրանցի միջազգային լրագրող Հայալ Մուազզինը, գործնականում ընդունված դրույթները կյանքի կոչելիս կարող են ծագել բարդ խնդիրներ. հայտարարությունը կարող է բախվել բազմաթիվ խոչընդոտների և ունենալ լուրջ ու հիմնավոր թերություններ: Մասնավորապես.

1. Լեռնային Ղարաբաղի բացակայությունը գործընթացում

Գործընթացին Արցախի ինքնահռչակ կառավարությունը չի մասնակցում: Հայտարարությունը ստորագրված է Բաքվի և Երևանի միջև: Մուազզինի փոխանցմամբ՝ իրանական թերթում նշվու է, որ նախկինում Մինսկի խումբը բազմիցս առաջարկներ է ներկայացրել հակամարտության կարգավորման վերաբերյալ, սակայն դրանք Լեռնային Ղարաբաղի (Արցախի) ինքնահռչակ Հանրապետության կողմից չեն ընդունվել: Ներկայումս նույնպես ԼՂ իշխանությունները, ըստ Etemad-ի, հրադադարի պայմանները չեն ընդունում:

2. Հայաստանում ստեղծված փխրուն իրավիճակը

Նիկոլ Փաշինյանը համաձայնություն է ստորագրել, իսկ նրա կառավարությունը գտնվում է փխրուն և անկայուն վիճակում: Նշվում է, որ հասարակական կարծիքը ցնցված է կառավարության անհաջողությունից, և նույնիսկ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն է հայտարարել, որ տեղյակ չի եղել բանակցություններից: Թերթում, լրագրողի փոխանցմամբ, շեշտվում է, որ, հաշվի առնելով Ջո Բայդենի հաղթանակն ԱՄՆ նախագահական ընտրություններում և նրա մտերիմ հարաբերությունները Կոնգրեսում հայկական լոբբիի հետ, բացառված չէ, որ Վաշինգտոնը կառավարության փոփոխությամբ կաջակցի հայ ազգայնականներին և կփոխի իրավիճակը Ղարաբաղում:

3. Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը

Ստորագրված համաձայնության (Հայտարարության, խմբ.) թերություններից մեկը Լեռնային Ղարաբաղի քաղաքական կարգավիճակը չհիշատակելն է: Ադրբեջանի կազմում այն ինքնավար կարգավիճակ ուներ: Այն պետք է ունենա իրավական որոշակի կարգավիճակ: Etemad-ում ընդգծվում է, որ կարգավիճակի չլուծված հարցը կարող է հանգեցնել հակամարտության վերսկսմանը:

4. Ռուսաստանի երաշխիքները

Մոսկվան իր վրա է վերցրել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման երաշխավորությունը: Սակայն, ինչպես նշվում է, կարգավորումը և Կովկասում անվտանգության խնդիրները պահանջում են տարածաշրջանի պետությունների մասնակցությունը: Ռուսաստանը միակողմանիորեն չի կարող անվտանգության հարցը լուծել: «Հաշվի առնելով Իրանի սահմանների ընդհանրությունը Կովկասի երկրների հետ, ինչպես նաև Թուրքիայի հետաքրքրություններն Ադրբեջանում՝ Թեհրանի և Անկարայի դիրքորոշումները պետք է հաշվի առնվեն երկարատև համաձայնությունում»:

5. Օտարերկրյա վարձկանները

Համաձայնությունում չհիշատակված հարցերից է օտարերկրյա վարձկանների, ծայրահեղական գրոհայինների ներկայությունը: Ադրբեջանը հերքել է նրանց ներգրավումը, սակայն, իրանական թերթի հաստատմամբ, առկա են բազմաթիվ ապացույցներ: Նշվում է, որ սիրիացի ահաբեկիչները լրջագույն խնդիր կարող են հանդիսանալ տարածաշրջանի երկրների անվտանգության համար:

6. Մինսկի խումբը

Մինսկի խումբը նոր համաձայնությունում դերակատարում չունի: Կովկասյան տարածաշրջանը կարևոր դերակատարում ունի Եվրոպայի համար. ԱՄՆ-ը, Ֆրանսիան և այլ երկրներ համաձայն չեն բացառապես ռուսական ծրագրի հետ: Նրանք հետաքրքրված են, որ իրենց հետաքրքրությունները նույնպես հաշվի առնվեն:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021