Ինչո՞վ է հայտնի հավաքականի մարզչի թեկնածուն. բազմաթիվ հաջողություններ, կոնֆլիկտներ ու հեռացումներ. (upd.)

Ներկայացնում ենք հիմնականում կանանց ֆուտբոլի ակումբներ ղեկավարած Ալեքսանդր Գրիգորյանի անցած ուղին. նա ցանկանում է ղեկավարել Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը:

Ավելի վաղ հաղորդել էինք, որ «Տամբովի» նախկին մարզիչ, հայազգի Ալեքսանդր Գրիգորյանը ցանկություն է հայտնել ղեկավարել Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը: Նման մտադրություն ռուսաստանաբնակ մարզիչը հայտնել էր Արմեն Գյուլբուդաղյանցի հրաժարականից հետո:

Ի՞նչ ուղի է անցել Գրիգորյանը

6 տարեկանից Ռուսաստանում բնակվող Ալեքսանդր Գրիգորյանը մարզչական գործունեությունը սկսել է 1994թ.-ից: Սկզբում մարզել է Կիսլովոդսկի «Մանկապատանեկան մարզադպրոցը», ապա՝ «Օլիմպը», «Սվոբոդնիյ տրուդը»:

1999-2009թթ. աշխատել է կանանց ակումբների հետ՝ արձանագրելով առավելագույն արդյունքներ: 2002թ.-ից «Լադա» ակումբի գլխավոր մարզիչն է դարձել: 2004թ. ակումբը դարձել է Ռուսաստանի չեմպիոն, եռակի գավաթակիր: 2007-ից Պերմի «Զվյոզդի-2005» ակումբի գլխավոր մարզիչն է եղել: Վերջինս կանանց ֆուտբոլի առաջնությունում Գրիգորյանի շնորհիվ Ռուսաստանում լավագույններից է դարձել՝ հասելով մինչև ՈՒԵՖԱ 2009 գավաթի եզրափակիչ: Այստեղ «Զվյոզդի-2005»-ը սեփական հարկի տակ 0:6 հաշվով պարտվել է գերմանական «Դույսբուրգ-2001»-ին, ինչի պատճառով հեռացվել է մարզչի պաշտոնից:

Ալեքսանդր Գրիգորյան / ©yuga.ru

2009թ.-ից մարզել է «Նիժնի Նովգորոդը», սակայն անհրաժեշտ մարզչական լիցենզիա չունենալու պատճառով գլխավոր մարզիչ չի համարվել: Գրիգորյանի պատասխանատվությամբ ակումբն արձանագրել է իր պատմության առաջին նշանակալից հաջողությունը` 2010թ. Ֆուտբոլի լիգայի առաջնությունում զբաղեցնելով 3-րդ հորիզոնականը: 2011թ. հուլիս-հոկտեմբեր ամիսներին ղեկավարել է «Խիմկին»:

2011թ. հոկտեմբեր-2012թ. դեկտեմբերին եղել է «ԲՄԱ-Էներգիա» ակումբի գլխավոր մարզիչը: Ակումբի ղեկավարության հետ ունեցած կոնֆլիկտի պատճառով հրաժարական է ներկայացրել: Չնայած արձանագրած հաջողություններին՝ դիմումն ընդունվել է: 2013թ. փետրվար-հունիս ամիսներին Ալեքսանդր Գրիգորյանը եղել է «Մաշուկ-ԿՄՎ»-ն:

2013թ. հունիսի 7-ից ղեկավարել է «Լուչ-Էներգիան»: Ակումբը Գրիգորյանի գլխավորությամբ դարձել է 2014թ. Ֆուտբոլի առաջնության լիգայի (ՖԱԼ) հաղթող և դուրս է եկել Ռուսաստանի առաջնություն: Նոյեմբերի 7-ին Գրիգորյանը վերակնքել է պայմանագիրը, սակայն մեկ շաբաթ անց հայտարարել է ակումբի ֆինանսական խնդիրների մասին: Դեկտեմբերի 1-ին Ալեքսանդր Գրիգորյանը «Լուչի» ղեկավարությանը հայտնել է հեռանալու մասին: Հաղորդվում է, որ նա, դրժելով խոստումը՝ ակումբը մարզել 2014-15թթ. և հասցնել Պրեմիեր լիգա, հայազգի մարզիչը տեղափոխվել է «Տոսնո»: Այստեղից Գրիգորյանը հեռացել 2015թ.՝ է մոր հիվանդության պատճառով: Մինչ այդ ակումբը զբաղեցրել էր 16-րդ հորիզոնականը:

2015թ. մի քանի ամիս մարզիչ-խորհրդատու է աշխատել ուզբեկական «Պախտակորում»: Տարվա վերջին վերադարձել է «ԲՄԱ-Էներգիա»: Այստեղ նա հասցրել է ճանաչվել 15-րդ տուրի լավագույն մարզիչ: 2017թ. ղեկավարել է «Անժին»: Գրիգորյանը նշել է, որ այդ օրվան սպասել է 20 տարի: Սակայն առաջին սեզոնում 5 անընդմեջ պարտություններից հետո ուղիղ եթերում հրաժարական ներկայացրել:

Անհաշտություն՝ երկրպագուների հետ

Ալեքսանդր Գրիգորյանը բազմիցս աչքի է ընկել երկրպագուների նկատմամբ ոչ բարեհամբույր վերաբերմունքով: 2015թ. հոկտեմբերին 5 պարտություններից հետո առաջին անգամ հաղթելով՝ երկրպագուներին անվանել է «որդեր»:

2017թ. օգոստոսի 16-ին 3 տարվա պայմանագիր է կնքել Մոսկվայի «Արարատի» հետ, սակայն 3 ամիսը չլրացած հեռացվել է: Պատճառներից մեկը, ենթադրվում է, հարցազրույցներից մեկի ժամանակ արած հայտարարությունն է, թե ակումբը փակվելու է շուտով (ինը հետո ղեկավարությունը կատակ համարեց), իսկ մյուս պատճառը ֆուտբոլիստների նկատմամբ անբարեխիղճ վերաբերմունքն է (նրանցից մի քանիսը հերքել են այդ վարկածը):

2017թ. սեպտեմբերի 21-ին Ռուսաստանի գավաթի «Արարատ»-«ԲՄԱ-Խաբարովսկ» հանդիպման ժամանակ երկրպագուներին միջնամատ է ցույց տվել (հայհոյանք): Նույնը կրկնել է նաև հաջորդ` «Տորպեդոյի» հետ խաղի ժամանակ: Արդյունքում՝ Ալեքսանդր Գրիգորյանը որակազրկվել է Ռուսաստանի առաջնության օրացույցային և Ռուսաստանի գավաթի երկուական խաղերով: Եվս 6 տնային հանդիպում ակումբն անցկացրել է առանց երկրպագուների:

Դեկտեմբերի 26-ից կրկին ղեկավարել է «Լուչ-Էներգիան»: Նախկին մարզչի անհիմն հեռացումը և Գրիգորյանի վերադարձն ակումբ առաջացրել է երգրպագուների զայրույթը: Նրանք պատրաստել են հատուկ կպչուն թռուցիկներ՝ մարզչին ուղղված վիրավորական արտահայտություններով: 2018թ. մարտի 10-ին «Օրենբուրգի» դարպասին արված առաջին գոլից հետո Գրիգորյանը փորձել է հարձակվել «Լուչի» երկրպագուների վրա, որոնք մինչ այդ սադրիչ հայտարարություններ են արել նրա հասցեին:

Ապրիլի 15-ին Վորոնեժում «Ֆակելի» հետ հանդիպման ժամանակ երկրպագուներից մեկը մարզադաշտ է բերել և Գրիգորյանի ակումբի պահեստայինների տարածքում բաց թողել աքլորի: Տեսարանը հրապարակվել է մի շարք համաշխարհային լրատվականներում: Գրիգորյանը հայտարարել է, որ հաղորդում է ներկայացրել հանցագործության մասին: Նրա խոսքով` իր դեմ կազմակերպված արշավ է տեղի ունենում, որը հովանավորում են մրցակից մասնագետները:

Աքլորը` մարզադաշտում / ©Buffet36

Հետագայում Գրիգորյանը բազմիցս իշխանություններից պահանջել է խստորեն պատժել երկրպագուներին: Հանդիպումներից մի քանիսի ժամանակ երկրպագուների հատվածը փակ է եղել, սեփական հարկի տակ ևս մեկ հանդիպման ժամանակ նրանց մուտքն արգելվել է: 8 խաղից միայն 2-ում տարած հաղթանակը չի գոհացրել ակումբի ղեկավարությանը. 2018թ. ապրիլի 20-ին Գրիգորյանը հեռացվել է՝ երկրպագուների հետ ունեցած խնդիրների պատճառով խաղի վրա կենտրոնանալ չկարողանալու պատճառաբանությամբ:

Շարունակում է փոխել ակումբները

Ալեքսանդր Գրիգորյանը հանդես է եկել նաև փորձագիտական գործունեությամբ: 2017թ. նոյեմբերից նա «Բուքմեյքերների վարկանիշ» ընկերության փորձագետներից մեկն է: «Матч ТВ» հեռուստաալիքի կողմից պարբերաբար հրավիրվում է որպես փորձագետ:

2018թ. օգոստոսի 15-ից Գրիգորյանը ղեկավարել է «ԲԿՄԱ»-յի կանանց ակումբը: Այս տարվա ապրիլի 22-ին նշանակվել է «Տամբովի» գլխավոր մարզիչ: Պայմանագիրը նախատեսված է մինչև 2019/20 սեզոնի ավարտը: Ակումբը հասցրել է դուրս գալ ՌԱԼ: Հոկտեմբերի 19-ին, «Ուրալից» կրած պարտությունից հետո, Ալեքսանդր Գրիգորյանը հրաժարական է ներկայացրել:

Եվ չնայած հաճախակի ակումբից ակումբ տեղափոխվելուն, երկրպագուների ու ակումբների ղեկավարության հետ անհաշտություններին, շատ մասնագետներ նրան համարում են լավագույնը՝ որպես մասնագետ:

UPD 1. Լրատվամիջոցների հաղորդմամբ՝ ամենայն հավանականությամբ Ալեքսանդր Գրիգորյանն էլ հենց կղեկավարի Հայաստանի ֆուտբոլի հավաքականը: Տեղեկություններ կան, որ Գրիգորյանի թեկնածությունն առաջադրել է «Ուրարտուի» սեփականատեր Ջևան Չելոյանցը: Վերջինս պատրաստակամություն է հայտնել նաև իր հաշվին վճարել հավաքականի մարզչի աշխատավարձը:

Ալեքսանդր Գրիգորյանի թեկնածությանը, ինչպես հաղորդվում է, կողմ է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ, ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանը: ՀՖՖ-ում շատերը, սակայն, կողմնակից են, որպեսզի հավաքականը մարզի եվրոպացի մասնագետը:

UPD 2. Ալեքսանդր Գրիգորյանը կղեկավարի Հայաստանի հավաքականը: Հաղորդվում է, որ ռուսաստանաբնակ մարզիչը ժամանել է Երևան և պայմանագիր կնքել ՀՖՖ-ի հետ:

Առաջիկայում Հայաստանի հավաքականը նրա ղեկավարությամբ սեփական հարկի տակ կընդունի Հունաստանի հավաքականին, ապա ուժերը կփորձի Իտալիայում:

UPD 3. Նոր տեղեկություններ են հաղորդվում հավաքականի գլխավոր մարզչի հետ պայմանագրի կնքման վերաբերյալ: Այսպես՝ ավելի վաղ մամուլին հայտնի էր դարձել, որ Ալեքսանդր Գրիգորյանը Երևան է ժամանել և պայմանագիր կնքել: Սակայն այժմ հաղորդվում է, որ պայմանավորվածությունները չեղյալ են արվել, պայմանագիրը չի կնքվել:

Լրագրող Անդրեյ Պանկովը տեղի ունեցածը համարել է կրկես Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայում:

UPD 4. Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ է նշանակվել «Ալաշկերտը» գլխավորող Աբրահամ Խաշմանյանը: Պաշտոնապես հաստատված տեղեկությամբ՝ նրա հետ պայմանագիրը կնքվել է մոտ 1 տարով. այն նախատեսված է մինչև 2020 թ. նոյեմբերի 30-ը:

Ֆուտբոլի ֆեդերացիայի տարածած հայտարարության համաձայն` ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանը նշել է, որ նախապատվությունը տվել է հայաստանցի փորձառու մարզչին: Շրջանառվում են տեղեկություններ, որ Վանեցյանը կողմնակից է եղել Ալեքսանդր Գրիգորյանի թեկնածությանը, սակայն ՀՖՖ-ում, ինչպես նաև մասնագետների ու ԶԼՄ-ների կողմից ճնշումների արդյունքում է վերջին պահին փոխել որոշումը:

Աբրահամ Խաշմանյան / ©norlur.am

1967թ. նոյեմբերի 11-ին Երևանում ծնված Աբրահամ Միքայելի Խաշմանյանը 1984թ.-ից որպես ֆուտբոլիստ խաղացել է հայկական ակումբներում: Մարզչական գործունեությունը սկսել է 2008թ.-ից: Ղեկավարել է «Կիլիկիա», «Գանձասար», «Արարատ», «Ալաշկերտ» ակումբները, Հայաստանի Մ-19 և Մ-21 հավաքականները:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021