ՉԺՀ Առողջապահության հարցերով պետական հանձնաժողովի տվյալներով՝ նոր տեսակի կորոնավիրուսի տարածման արագությունը մեծանում է: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը բոլոր երկրներին կոչ է արել նախապատրաստվել 2019-nCoV-ի դեմ պայքարի համար:
Չինաստանի Առողջապահության ազգային հանձնաժողովի ղեկավար Մա Սյաովեյը հայտարարել է, որ, չնայած երկրում տիրող համաճարակի դեմ պայքարում իշխանությունների ձեռնարկած միջոցառումներին, վարակի տարածումը միայն ուժգնանում է:
Նախարարի խոսքով` կորոնավիրուսն արդեն անցել է կենդանուց մարդուն փոխանցվելու փուլը և վերածվել մարդուց մարդուն փոխանցվողի: Սյաովեյը տեղեկացրել է, որ նոր կորոնավիրուսի վարակի աղբյուրը հայտնաբերված չէ, պարզ չէ, թե այն ինչպիսի մուտացիայի կարող է ենթարկվել: Առաջիկա օրերին կամ շաբաթներին կարող են տեղի ունենալ փոփոխություններ, այդ թվում և՝ վտանգավորության առումով:
Գերատեսչության ղեկավարը նշել է, որ կորոնավիրուսն ունակ է փոխանցվելու նաև ինկուբացիոն շրջանում (1-14 օր): Բացի այդ՝ վտանգ կա, որ սքրինինգը կարող է չբացահայտել արդեն հիվանդներին. բժիշկների խոսքով՝ սուր շնչառական վարակների նմանվող ախտանիշները՝ հազ, տենդ, բարձր ջերմություն, թուլություն, կարող են արտահայտվել միայն ուշ շրջաններում:
Յուրաքանչյուր օր 2019-nCoV-ի մասին լուրերը դառնում են ավելի տագնապալից: Հունվարի 26-ի դրությամբ մահացել է 80 մարդ, վիրավորների թիվը մոտ է 3 հազարի: Դեկտեմբերի 31-ին պաշտոնապես հայտարարված կորոնավիրուսն արդեն տարածվել է ավելի քան 10 երկրներում՝ Սինգապուր, Նեպալ, Վյետնամ, Մալայզիա, Թայլանդ, Ֆրանսիա, ԱՄՆ, Ավստրալիա, Կանադա, Հարավային Կորեա և Ճապոնիա:
Ու թեև այս շաբաթվա սկզբին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը որոշել էր միջազգային մակարդակի արտակարգ դրություն չհայտարարել, բոլոր երկրների կառավարություններին կոչ արեց նախապատրաստվել նոր հիվանդության դեմ պայքարին:
ՉԺՀ-ի իշխանությունները հայտարարել են մի շարք միջոցառումների մասին, ներառյալ կարանտինն ամբողջ Հուբեյ նահանգում, ստուգումներ անցակետերում, Պեկինում, Շանհայում, ինչպես նաև 100 միլիոնանոց Շանդուն նահանգում միջքաղաքային ավտոբուսների դադարեցում: Փակ են Պեկինի դպրոցներն ու համալսարանները:
Հունվարի 27-ից Չինաստանում ուժի մեջ է մտել առևտրի կետերում, ռեստորաններում և համացանցում վայրի կենդանիների վաճառքի արգելքը: Առողջապահության փորձագետները վաղուց են ահազանգում չինական մի շարք շուկաներում սանիտարական պայմանների անբավարարության մասին: Ընդունված տարբերակի համաձայն՝ 2019-nCoV կորոնավիրուսը Յուհան քաղաքի ծովամթերքի շուկայում է բռնկվել:
Ավելի վաղ գիտնականները հետազոտությունների արդյունքում հաստատել են, որ 2019-nCoV-ի ՌՆԹ-ն 96%-ով ավելի մոտ է տարիներ առաջ արձանագրված չղջիկների (ասիական հարթաքիթ՝ Rhinolophus affinis) վիրուսին և 79 և բարձր տոկոսով նման է SARS-CoV ատիպիկ թոքաբորբին, որը 2000-ականներին արձանագրվել էր Չինաստանի հարավում՝ Գուանդուն նահանգում, և դարձել 813 մարդու մահվան պատճառ: Միաժամանակ, նոր կորոնավիրուսի՝ օձերից ծագելու վարկածը մասնագետները հերքել են:
Քանզի արդեն հաջողվել է առանձնացնել 2019-nCoV-ի շտամը, գիտնականները փնտրում են պատվաստանյութը: Միևնույն ժամանակ, Չինաստանի հիվանդությունների վերահսկման և պրոֆիլակտիկայի կենտրոնը դեղամիջոցների սքրինինգ է իրականացնում, որոնք կարող են արդյունավետ լինել նոր կորոնավիրուսով թոքաբորբի դեմ:
Իսկ այն մասին, թե արդյո՞ք պետք է վախենալ 2019-nCoV-ի համաշխարհային համաճարակից և թե ինչպե՞ս նվազեցնել նոր վիրուսով վարակվելու վտանգը, մենք արդեն անդրադարձել ենք:
Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…
Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…
Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…
Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…
Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…
Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…