Կա՞ արդյոք Լեռնային Ղարաբաղ. Ադրբեջանը փորձում է դուրս մղել Արցախի կարգավիճակի հարցը

Ադրբեջանի նախագահն ամեն կերպ փորձում է Արցախի կարգավիճակի հարցը դուրս բերել միջազգային օրակարգից` հայտարարելով, թե «Լեռնային Ղարաբաղ չկա»: Վերլուծաբան Ռուբեն Մարգարյանի խոսքով` դա Ալիևի դիրքորոշումն է, սակայն մի շարք հանգամանքներ ի ցույց են դնում, որ դա բնավ այդպես չէ:

Ադրբեջանի նախագահն ամեն կերպ փորձում է Արցախի կարգավիճակի հարցը դուրս բերել միջազգային օրակարգից և, ինչպես նշում է վերլուծաբան Ռուբեն Մարգարյանը, հաճախ ցանկալին ներկայացնում է իրականության փոխարեն: Ալիևը նաև հայտարարել է, թե «Լեռնային Ղարաբաղ» վարչատարածքային միավոր Ադրբեջանի կազմում գոյություն չունի, հետևաբար կարգավիճակի հարց էլ չկա, հատկապես, երբ, նրա խոսքով, այնտեղ «ընդամենը 25 հազար մարդ է բնակվում»:

Ադրբեջանի նախագահն օրերս հայտարարել էր, թե Ռուսաստանի նախագահը նույնպես համակարծիք է, թե հակամարտությունը լուծված է, իսկ Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը Բաքվում չէր հիշատակել Ղարաբաղի և նրա կարգավիճակի մասին: Ալիևը, վերլուծաբանի խոսքով, դա որակել էր որպես «իմաստուն մոտեցում»:

Ռուբեն Մարգարյանը նշում է, թե այդպիսին է Իլհամ Ալիևի դիրքորոշումը, սակայն մի շարք հանգամանքներ ի ցույց են դնում, որ դա բնավ այդպես չէ:

Նախ, ինչպես նշում է վերլուծաբանը, Արցախում բնակվողների թիվը հինգ անգամ փոքր է ներկայացվում Բաքվի կողմից, չհաշված փախստականները, ովքեր դեռևս Հայաստանում են: Շեշտվում է, որ նմանատիպ հարցերում բնակչության թիվը որոշիչ դերակատարում չունի, ինչպես Ալանդական կղզիների, Ֆինլանդիայի կազմում գտնվող շվեդական ինքնավարության դեպքում: Վերջինի օրինակով, որտեղ ընդամենը 26 հազար մարդ է բնակվում, նաև առաջարկվել է կարգավորել Լեռնային Ղարաբաղի հարցը:

Երկրորդ շեշտադրումը, որ անում է Մարգարյանը, այն է, որ Շառլ Միշելն իսկապես Բաքվում չի հիշատակել «Ղարաբաղը», սակայն Երևանում նա ակնհայտ կերպով բարձրաձայնել է կարգավիճակի հստակեցման անհրաժեշտության մասին:

Անդրադառնալով Մոսկվայի դիրքորոշմանը` վերլուծաբանը նշում է, որ նա բազմիցս հայտարարել է, որ հարցը պետք է համաձայնեցնել Մինսկի խմբի համանախագահների` ԱՄՆ-ի և Ֆրանսիայի մասնակցությամբ: Հնարավոր է համարում, որ Ռուսաստանը կարգավիճակի քննարկման համար սպասում է առավել նպատակահարմար ժամանակահատվածի` առաջնային համարելով տարածաշրջանում խաղաղության ամրապնդումը, հաղորդակցության ուղիների ապաշրջափակումը: Այսինքն, իրականացնել նոյեմբերի 9-ի համատեղ հայտարարության դրույթները, այդ թվում` բոլոր գերիների և պահվող այլ անձանց վերադարձը:

Վերլուծաբանը նաև հիշեցնում է, որ Մոսկվայում Պուտին-Ալիև հանդիպման ժամանակ Ռուսաստանի նախագահն ընդգծել է. «Բոլոր նրանք, ովքեր խափանում են հայտարարության կետերի իրագործումը, պետք է հստակ հասկանան, որ այլընտրանքը պատերազմն է»: Պուտինի խոսքով` եթե դա տեղի ունենա, ապա «արյունն այդ մարդկանց ձեռքերին է լինելու»:

Մարգարյանը շեշտում է, որ Վլադիմիր Պուտինը և Էմանուել Մակրոնը Լեռնային Ղարաբաղի հարցով մշտական կապի մեջ են: Այդ խորհրդակցությունները, նրա խոսքով, զայրացնում են Բաքվին: Ֆրանսիայի խորհրդարանի երկու պալատները, ի դեպ, բանաձև են ընդունել, որում նշվում է Արցախի անկախության ճանաչման անհրաժեշտության մասին:

Հայաստանի ԱԳՆ-ից պատասխանել են Ալիևի հայտարարություններին` նշելով, որ Լեռնային Ղարաբաղը որպես տարածքային միավոր ճանաչված է բազմաթիվ միջազգային փաստաթղթերով, որոնց մեծ մասին Ադրբեջանը կամ միացել է, կամ իր համաձայնությունն է հայտնել: Ընդգծվել է, որ պարտականությունների վերանայումը և ուժի կիրառումը չեն կարող միջազգային հարթակից հեռացնել Լեռնային Ղարաբաղը:

Ռուբեն Մարգարյանը հավելում է, որ չնայած Իլհամ Ալիևի` հակամարտության լուծման մասին հռետորաբանությանը, Հայաստանի և Ադրբեջանի սահմանին վերջինի սադրիչ գործողություններն ու կրակոցները շարունակվում են: Բաքուն պարբերաբար նաև «Երևանը վերադարձնելու» սպառնալիքներ է հնչեցնում:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021