«Մեռիր կամ խոստովանիր». ադրբեջանական բանակում խոշտանգման միջոցով հայկական լրտեսների որոնման մասին

Անմարդկային խոշտանգումներ, դավաճանության մեջ մեղադրվող 25 և տանջանքներից զոհված 9 մարդ. «Թարթառի գործի» բացահայտումները. BBC-ի ռուսական ծառայությունը զրուցել է տուժածների հարազատների հետ: Այն ներկայացնում ենք մեր ընթերցողին:

Նասիրը Բաքու է տեղափոխվել Խաչմազի իր հայրենի գյուղերից մեկից այն բանից հետո, երբ որդուն ձերբակալել են պետական դավաճանության մեղադրանքով: Քաղաքի մերձակայքում հայրը վարձել է փոքր բնակարան, մեսենջերում խումբ է ստեղծել, շփվում է այլ զինվորների հարազատների հետ, հավաքում է փաստաթղթերը, հանդիպում է իրավապաշտպանների և օտարերկրյա դիվանագետների հետ:

Ամեն անգամ նա հանդիպմանը փաստաթղթերով լի պայուսակ է բերում: Նրանցում դատական որոշումներն են, հանձնաժողովների եզրակացությունները և այլ թղթեր ավելի քան հարյուր զինծառայողի մասին, ովքեր ադրբեջանական բանակում խոշտանգումների զոհ են դարձել: Այս պատմության մասին գրեթե ոչինչ հայտնի չի եղել, քանի որ դատական նիստերն անցել են փակ դռների ետևում:

2017թ. մայիսին Ադրբեջանի Գլխավոր դատախազությունը, Պետանվտանգության ծառայությունը, Պաշտպանության և ներքին գործերի նախարարությունները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որում հաղորդվել է Հայաստանի համար լրտեսություն անող զինծառայողների ձերբակալության մասին: Սա ամբողջ պաշտոնական տեղեկատվությունն էր: 2017թ. մայիս-հունիս ամիսներին կատարված խոշտանգումների մասին հանրությունը տեղեկացել է միայն 2019թ., երբ աստիճանաբար բացվեցին գործի մանրամասները:

Իրավապաշտպանների տվյալներով՝ բռնարարքների են ենթարկվել ավելի քան 100 զինծառայող ու սպա, 25-ը դատապարտվել է երկարատև դատապարտման, առնվազն 9-ը զոհվել է տանջանքներից: Ներկայումս Ադրբեջանում այն կոչվում է «Թարթառի գործ». այն շրջանի անունով, ուր զինծառայողների տեղափոխել են հետաքննության համար:

©Մահերամ Զեյնալով

«Եթե խոստովաներ, ողջ կմնար»

Իրավապաշտպան Օքթայ Գյուլալիևի խոսքով՝ զոհվել է 9 մարդ՝ չդիմանալով խոշտանգումներին: Ընդ որում՝ նրանցից հինգի վերաբերյալ քրգործ չի հարուցվել:

Սպանվածներից մեկը ենթասպա Ռուսլան Օջաղվերդիևն է: Նրա կնոջ՝ Ռավանայի հաղորդմամբ, 2017թ. հունիսի 15-ի առավոտյան ամուսինը մեկնել է զորամաս, ինչից հետո չի պատասխանել հեռախոսազանգերին: Մինչև երեկո փորձել է զանգել, չի հաջողվել: Այնուհետև հարևաններին պատմել է անհանգստության մասին: Ավելի ուշ զինվորականները նրան հաղորդել են, որ ամուսնուն տարել են, բայց թե ինչ ուղղությամբ ու ինչու՝ չեն նշել:

Ռավանան հիշում է, որ նույն օրը երեկոյան իրենց զորամասում ասել են, որ ամուսինը վիրավոր է, այլ մանրամասներ չեն հաղորդել: Խորհուրդ են տվել սպասել մինչև հաջորդ օրը:

Առավոտյան սկեսրայրը զանգել է և ասել, որ զորամասում իրեն հայտնել են, որ Ռուսլանը մահացել է: Պատճառ են նշել մարզումների ժամանակ սրտի աշխատանքի դադարումը: Այդ ժամանակ կինը դուրս է եկել փողոց, տեսել՝ հարևաններն արդեն հավաքվել են: Նրանք արդեն տեղեկացված են եղել: Հարևաններն օգնել են ստանալ ամուսնու դին և կատարել թաղման արարողությունը (Ադրբեջանում սովորաբար մահվան օրն են թաղում):

Ռավանային զարմացրել է, որ այդ օրը մզկիթ եկած զինվորականները թույլ չեն տվել լվանալ հանգուցյալի մարմինը, ինչը պահանջում է մուսուլմանական սովորույթը: Իսկ դին արդեն սավանով փաթաթված էր և ծածկված դրոշով: Սրտի նոպայի, վատանալու, Բաքվից շտապօգնության ուղղաթիռ կանչելու մասին պատմությանը Ռավանան չի հավատացել:

Հինգ օր անց Ռուսլանի դին էքսգումացիա են արել և ուղարկել Բաքու՝ փորձաքննության: Պարզվել է, որ մահը վրա է հասել «կրծքավանդակին հարվածից»: Փորձաքննության մյուս մանրամասների մասին կինն իմացել է հետաքննողների նկատմամբ դատական գործընթացի ընթացքում:

Ռավանան այն տասնյակ տուժածներից մեկն է, որ զինդատարանի դեմ հայց է ներկայացրել: Այլ զինծառայողների ելույթներից տեղեկացել է, թե ինչպես են ամուսնուն խոշտանգել: Նրա բերանը փակել են շապիկով, խեղդել, պահանջել են խոստովանել, որ լրտես է: Առաջարկել են ընտրել՝ կամ մահ, կամ խոստովանություն: Ռավանան դատարանում տեղեկացել է, որ իր ամուսինը դարձել է այլ զինծառայողի կողմից խոշտանգումներով կորզված կեղծ մատնության զոհը:

Ռավանան պատմել է, որ ամուսնու խոշտանգման մեջ մեղադրվող Ֆուադ Աղաևին դատարանում հարցրել է, թե ինչու է սպանել, պատասխանել է, որ հրամայել են. կամ ինքը պիտի սպաներ, կամ իրեն պիտի սպանեին:

Ռավանայի խոսքով՝ ամուսնուն մերկացրել են, կապկպել ու խոշտանգել: Այդ ամենը տեղի է ունեցել բժշկի ներկայությամբ, ով պետք է հետևեր, որ մահը վրա չհասնի: Այդ ամենը փաստում են ինչպես վկաների ցուցմունքները, այնպես էլ դատափորձաքննությունը: Ռավանան Ֆուադին հարցրել է հրամայողի անունը, բայց նա չի ասել: Հարցրել է, թե ամուսինը խոստովանե՞լ է, որ հայկական լրտես է: Ֆուադը պատասխանել է, որ ոչ, եթե խոստովաներ, ողջ կմնար:

Դատախազությունում նրան տեղեկացրել են, որ ամուսնու դեմ ոչ մի գործ նույնիսկ հարուցված չէ: Այդ ժամանակ Ռավանան հարցրել է, թե իր ամուսինն իրենց համար կո՞վ է, ոչխա՞ր է, հա՞վ է, ինչպե՞ս և ինչի՞ համար են Ռուսլանին սպանել մի օրվա մեջ: Իսկ սպանվածը 32 տարեկան էր, ուներ երկու որդի:

Թաղումներ՝ ոստիկանների ուղեկցությամբ

39-ամյա, զորացրված գնդապետ-լեյտենանտ Սալեհ Գաֆարովը նույնպես երկու որդի ուներ: Նրա կինը՝ Նատավանը, պատմել է, որ ոստիկանությունն ամուսնուն առևանգել է տանից, առանց բացատրության: Կինը երկու շաբաթ նրա գտնվելու վայրի մասին տեղեկություն չի ունեցել: Ապա ուղղակի փոխանցել են նրա մարմինը:

Գերեզմանը շրջապատած ոստիկանները թույլ չեն տվել բացել դագաղը, չեն հայտնել մահվան պատճառը և շտապել են հնարավորինս շուտ ավարտել: Միայն դատական գործընթացում է Նատավանն իմացել, որ ամուսինը փաստացի մահացել է առևանգման հենց հաջորդ օրը՝ խոշտանգման հետևանքով:

Դատարանում պարզվել է, որ նրան տարել են խոշտանգման ենթարկված զինվորներից մեկի մատնությամբ: Մայիսի 4-ին նրան տարել են, ամսի 6-ին ընկել է կոմայի մեջ: Տեղափոխել են Բաքու՝ զինհոսպիտալ, որտեղ ամսի 13-ին մահացել է: Սալեհի ձեռքերն ու ոտքերը կապել են, խեղդել ջրում, հոսանքահարել, քաշել եղունգները, կոտրել են ծնոտը և գցել երկրորդ հարկից: Դրանից հետո էլ շարունակել են խոշտանգել, մինչև ընկել է կոմայի մեջ:

Կնոջ խոսքերը հաստատում են վկաների ցուցմունքները, դատաբժշկական փորձաքննության արդյունքները: Վերջինս մանրամասն նկարագրում է առկա վնասվածքները, կոտրվածքները և եղունգների բացակայությունը:

©Մահերամ Զեյնալով

Հարազատների ըմբոստությունը

Ներկայումս ավելի քան 25 մարդ բանտարկված է տարբեր հոդվածներով՝ պետական դավաճանություն, բարձր կոչում ունեցողների վրա հարձակում և այլն: Նրանց մտերիմները դատարաններում են, պատմում են խոշտանգումների մասին և Բաքվում բողոքի ակցիաներ են իրականացնում:

Նրանցից մեկն Էլբրուսն է՝ ժամկետային զինծառայող Նատիք Գուլուզադեի հայրը: 2017թ. մայիսին նրա որդին արձակուրդ չի եկել: Ծնողներն անհանգստացել են և մեկնել զորամաս: Նրանց տեղեկացել են, որ իրենց որդին հոսպիտալում է: Այստեղ հանդիպել են նաև այլ ծնողների, որոնց որդիները նույնպես կորել են: Պարզվել է, որ Նատիկը հոսպիտալում չէ:

Մի քանի ծնողներ համատեղ մեկնել են շրջանի զինղեկավարի մոտ: Նրանց վրա նետվել է մոտ 50 սպա, հետները խոսել են ինչպես թշնամիների և վռնդել: Ծնողները սպառնացել են ինքնասպանություն գործել, ինչից հետո խոստացել են լսել նրանց: Գրառել են անուն-ազգանունները՝ խոստանալով երեք օրից հայտնել երեխաների գտնվելու վայրը:

Երեք օր անց Էլբրուսին հաջողվել է խոսել որդու հետ հեռախոսով: Համոզվելու, որ իր որդին է, հայրը հարցրել է խալերի տեղը: Իսկապես որդին է եղել: Հինգ օր անց Նատիքը և հարևան գյուղից մի զինվոր վերադարձել են տուն: Նատիքն այդ ժամանակ էլ պատմել է իր հետ տեղի ունեցածը. նրա մեջքին են հարվածել, հոսանքահարել են, ինչից հետո նա ընկել է կոմայի մեջ: Թեև այս կապակցությամբ բժշկական փորձաքննություն չկա, բայց զինվորի հայրը լուսանկարել է հարվածների հետքերը որդու մարմնի վրա: Էլբրուսը պատմել է, որ Նատիքը հաջորդ օրը վերադարձել է զորամաս և շարունակել ծառայությունը:

Սեպտեմբերին Էլբրուսին զանգահարել են զինդատախազությունից, ասել են, որ որդին գնա, ինչ-որ բացատրագիր գրի և վերադառնա տուն: Նատիքը եղբոր՝ Նահիդի հետ մեկնել է Բաքու՝ զինվորական դատախազություն: Կեսգիշերին մոտ եղբայրը զանգել է հորը և հայտնել, որ Նատիքին ձերբակալել են:

Էլբրուսը փորձել է հանդիպել որդուն: Սկզբում նա տեղեկություն չի ունեցել, թե ինչու են որդուն ձերբակալել: Երբ վերջապես հանդիպել են, Նատիքը պատմել է, որ իրենից պահանջել են խոստովանել հայկական հետախուզության հետ ունեցած կապը: Նրան ասել են, թե ծնողներին թմրանյութի առքուվաճառքի համար ձերբակալել են, և որ ինքը պետք է խոստովանի, որպեսզի ծնողներին ազատ արձակեն: Բայց հիմա տեսնում է, որ ծնողներն ազատության մեջ են:

Ներկայումս Նատիքը 18 տարվա ազատազրման է դատապարտված՝ պետական դավաճանության մեղադրանքով: Նրա և մյուսների ընտանիքները փորձում են բողոքարկել վճիռը: Նրանց գործն անցել է դատական բոլոր փուլերը, այդ թվում և Ադրբեջանի Բարձրագույն դատարանով, որի միակ նիստը, Էլբրուսի խոսքով, տևել է 20 րոպե: Այժմ հայրը պատրաստ է բողոքարկել Մարդու իրավունքի եվրոպական դատարանում, քանզի տեղի դատարանը նույնիսկ չի դիտարկել գործը:

Խոշտանգումների մասին պատմել է նաև զինվոր Ֆայիք Ահմեդովի հայր Ալիբեյը: Նրա որդին դատապարտվել է 20 տարվա ազատազրկման: Նրա խոսքով՝ չի կարողացել դատարանում հասնել խոստովանության, որ որդուն խոշտանգել են: Իսկ դատարանը փաստերը չի դիտարկել:

©Մահերամ Զեյնալով

Փրկվածները՝ ազատության մեջ

Տուժածների մեծ մասին հաջողվել է խուսափել բանտից: Շատերը երջանիկ են նրանով, որ ողջ են մնացել: Որոշ դեպքերում դատարանը պատասխանատվության է ենթարկել խոշտանգմամբ հարցաքննություն իրականացրածներից մի քանիսին: Վերոնշյալ Ֆուադ Աղաևը 10 տարի է ստացել, ևս 7 հոգի՝ ավելի քիչ:

Զինդատախազությունը հաղորդել է, որ բոլոր մասնակիցները ենթարկվել են պատասխանատվության: Սակայն Վագիֆ Աբդուլաևը (կապիտան, վաշտի նախկին հրամանատար) դժգոհ է դատական գործընթացներից:

Նրան սովի են ենթարկել, մերկացրել են, սառը ջուր լցրել վրան, ծեծել մետաղով, հոսանքահարել: Խոշտանգումից հետո պահանջել են հանձնել քննություն, ինչը, բնականաբար, չի հաջողվել սպային: «Վատ արդյունքի պատճառով» նրան հեռացրել են բանակից: Դատարանում նա ճանաչվել է որպես տուժող: Նրա խոսքով՝ մեղավորներից շատերն իրենց ծանոթների շնորհիվ պատասխանատվության չեն ենթարկվել:

©Մահերամ Զեյնալով

«Մարդիկ այլևս չեն վախենում խոսել»

Իրավապաշտպան Օքթայ Գյուլալիևը պատմել է, որ սկզբում ոչ ոք տեղեկություն չի ունեցել խոշտանգումների մասին: Հետո հայտնվել են շշուկներ տանջանքների ու սպանությունների մասին: Հայտարարվել է, որ բոլոր ձերբակալվածները համագործակցել են հայերի հետ. ծնողները վախեցել են դուրս գալ բողոքի: Իրավապաշտպանների գործողությունների արդյունքում տուժող է ճանաչվել ավելի քան 101 մարդ: Նրանցից 9-ը մահացել է խոշտանգումներից:

Ուշագրավ է, որ 2019թ. հոկտեմբերի 29-ին Օքթայ Գյուլալիևին Բաքվի կենտրոնում հետիոտնային անցման վրա մեքենա է հարվածել: Հոդվածի հրապարակման պահին նա դեռ գտնվում է ծանր վիճակում, հիվանդանոցում պառկած:

BBC-ի ռուսական ծառայության հոդվածը նկարագրում է ադրբեջանական բանակում բռնությունների նաև այլ դեպքեր՝ սկսած 1990-ականներից: Պատմվում է այնտեղ տիրող կոռուպցիայի՝ ահռելի հասնող չափերի պատճառով: Ընդ որում՝ 2016թ. Ապրիլյան պատերազմի ժամանակ կրած հսկայական կորուստների պատճառը նախկին զինվորականները համարում են հենց կոռուպցիան:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021