Օր 8. Պատերազմը շարունակվում է. ԹԱՐՄԱՑՎՈՂ

Գյանջայի ռազմական օդանավակայանը ոչնչացված է: ՀՀ ՊՆ-ն պաշտոնապես տեղեկացնում է, որ Հայաստանի տարածքից Ադրբեջանի ուղղությամբ որևէ տիպի կրակ չի վարվում։

23:40 ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել՝ պաշտոնապես տեղեկացնելով, որ Ադրբեջանի ղեկավարության հայտարարությունները, թե, իբր, Հայաստանի Հանրապետության տարածքից հարձակում է իրականացվել Մինգեչաուրի ուղղությամբ, հերթական կեղծիքն է։

«Հայաստանից Ադրբեջանի ուղղությամբ որևէ տիպի կրակ չի վարվել։ Սա ադրբեջանական կողմի հուսահատական ջղաձգումների հերթական արգասիք է»,- նշված է հայտարարությունում:

20:00 Պաշտպանության բանակի հաղորդմամբ՝ արցախա-ադրբեջանական հակամարտության գոտու ողջ երկայնքով մարտական գործողությունները շարունակվում են: Առավել համառ մարտեր են ընթանում հյուսիսային և հարավային ուղղություններում: Հակառակորդն անընդհատ ձեռնարկում է հարձակման փորձեր, որոնք ՊԲ ստորաբաժանումների վճռական գործողությունների արդյունքում մատնվում են անհաջողության:

19:20 Եթե միջազգային հանրությունն այս փաստը պատշաճ արձագանքի չարժանացնի, ուրեմն անհրաժեշտ է Թուրքիային սպասել Վիեննայի մոտակայքում. Նիկոլ Փաշինյան:

17:53 Փախուստ Մատաղիսից. Շուշան Ստեփանյանը խոստացված տեսանյութն է հրապարակել:

Փախուստ Մատաղիսից / © ԶԻՆՈՒԺ MEDIA

17:40 Հակառակորդը հարվածում է Շուշիին. այստեղ նույնպես թիրախավորվել են քաղաքացիական ենթակառուցվածքները։

17:13 Արծրուն Հովհաննիսյանը և Շուշան Ստեփանյանը հաղորդում են, որ Ջաբրայիլի նկատմամբ վերահսկողություն հաստատել վերաբերյալ Ալիևի հայտարարությունը հերյուրանք է: «Ադրբեջանի և Թուրքիայի պաշտոնյաների թվիթերյան էջերը, իրար հերթ չտալով, հիմա էլ Ջաբրայիլի ազատագրումն են տոնում, ինչը հերթական կեղծիքն է». նշում է Շուշանը։

ՊՆ մամուլի քարտուղարը խոստացել է քիչ անց կներկայացնել «փախուստ Մատաղիսից վավերագրությունը»։

13:34 Արայիկ Հարությունյանը կրկին տեսաուղերձ է հրապարակել. «Ստեղծված իրավիճակի, թշնամու կողմից Արցախի նկատմամբ շարունակվող ահաբեկչության և մեր պատասխան գործողությունների մասին:

Հաղթանակն անկասկած մերն է լինելու»:

Արցախի նախագահի տեսաուղերձը / © Արայիկ Հարությունյան

13:20 «Ադրբեջանի համար սարսափելի հետևանքներ են լինելու, սարսափելի». Դավիթ Տոնոյան:

Դավիթ Տոնոյանը՝ ստեղծված իրավիճակի մասին / © ԶԻՆՈՒԺ MEDIA

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը նշել է, որ կեղծիք են Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության պնդումները, թե Հայաստանի Հանրապետության տարածքից Ադրբեջանի բնակավայրերի հրթիռակոծություն է իրականացվել։ Նրա խոսքով՝ Հայաստանի Հանրապետության տարածքից Ադրբեջանի ուղղությամբ հրթիռ ԴԵՌԵՎՍ չի արձակվել:

13:00 Արցախի նախագահը Գյանջայի ռազմաբազային հարվածելու վերաբերյալ նոր հայտարարություն է արել՝ նշելով, որ այս պահի դրությամբ հանձնարարել է դադարեցնել կրակը՝ քաղաքացիական բնակչության շրջանում անմեղ զոհերից խուսափելու համար:

«Շատերդ հիշում եք թե՛ այս կադրը, թե՛ այդ առիթով արված իմ հայտարարությունը: Եթե որևէ մեկի մոտ այն ընկալելու խնդիր է եղել, վերահաստատում եմ, որ դա ամենևին կատակ չէր: Իմ հրամանով այսօր Պաշտպանության բանակը Գյանջա քաղաքում տեղակայված ռազմական օբյեկտների վնասազերծման նպատակով հասցրել է մի քանի հրթիռային հարված: Այս պահի դրությամբ հանձնարարել եմ դադարեցնել կրակը՝ քաղաքացիական բնակչության շրջանում անմեղ զոհերից խուսափելու համար:

Թշնամու կողմից համապատասխան հետևություններ չանելու պարագայում մենք շարունակելու ենք համաչափ ու հուժկու հարվածները՝ կազմալուծելով և կազմաքանդելով թշնամու բանակը և թիկունքը:
Մենք մինչև վերջ վճռական ենք մեր գործողություններում:
Կա՛նգ առեք, քանի դեռ ուշ չէ»:

12:40 Հարավում մարտերը շարունակվում են։ Ժամը 12:00-ի սահմանում ՊԲ ստորաբաժանումները հարավային ուղղությամբ խոցել են հակառակորդի երեք ինքնաթիռ, երկու տանկ։

12:09 Ստեփանակերտին նորից հարվածներ են հասցվում, կան ավերածություններ, քաղաքացիական տուժածներ. հաղորդում է Արծրուն Հովհաննիսյանը:

11:40 ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել՝ նշելով. «Ադրբեջանը Թուրքիայի հետ համատեղ և Մերձավոր Արևելքից փոխադրված օտարերկրյա վարձկանների զանգվածային ներգրավմամբ շարունակում է լայնամասշտաբ պատերազմական գործողություններն Արցախի Հանրապետության դեմ։

Հեռահար հրթիռների և օդուժի կիրառմամբ հարվածներ են հասցվում Ստեփանակերտ և Մարտակերտ քաղաքներին:

Ադրբեջանական ռազմաքաղաքական ղեկավարության կողմից Արցախի քաղաքացիական բնակչության և քաղաքացիական ենթակառուցվածքների միտումնավոր թիրախավորումը միջազգային հումանիտար իրավունքի կոպտագույն խախտում է, և այն լիարժեք պատասխանատվություն է կրելու պատերազմի այս հանցագործության համար»:

11:00 Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը հաղորդում է, որ Գյանջայի ռազմական օդանավակայանը ոչնչացված է: ՀՀ ՊՆ-ն պաշտոնապես տեղեկացնում է, որ Հայաստանի տարածքից Ադրբեջանի ուղղությամբ որևէ տիպի կրակ չի վարվում։

10:44 Արայիկ Հարությունյանը հրատապ հայտարարություն է արել.

«Չնայած բազմաթիվ նախազգուշացումներին՝ Ադրբեջանի ահաբեկչական բանակը շարունակում է թիրախավորել Ստեփանակերտի խաղաղ բնակչությանը՝ օգտագործելով Պոլոնեզ և Սմերչ համակարգեր:

Ադրբեջանի խոշոր քաղաքներում մշտական տեղակայված զինվորական խոշոր օբյեկտները այսուհետ դարձան պաշտպանության բանակի թիրախները: Ադրբեջանի բնակչությանը կոչ եմ անում արագ լքել այդ քաղաքները՝ հնարավոր կորուստներից խուսափելու համար:

Այս ամենի ամբողջ պատասխանատվությունը կրում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը»:

10:23 Արծրուն Հովհաննիսյանը հայտնում է, որ այս պահին կրկին Ստեփանակերտում թիրախավորվում են քաղաքացիական օբյեկտները։

9:44 Արցախի ՊԲ-ն հաղորդում է, որ գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում իրադրությունը եղել է հարաբերական կայուն-լարված: Հատկապես լարված է եղել հարավային ուղղությամբ: Հակառակորդի գործողությունների վերլուծությունը ցույց է տալիս, որ վերջինս պատրաստվում է անցնել հարձակման:
ՊԲ-ն հետևում է հակառակորդի բոլոր զորաշարժերին և պատրաստ է վճռականորեն ճնշել հակառակորդի բոլոր գործողությունները:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021